2010–2019 թթ․
Բոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից
նախորդ հաջորդ

Բոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից

Փրկիչի անունը եզակի և էական ուժ ունի։ Այն միակ անունն է, որի միջոցով փրկությունը հնարավոր է։

Մի քանի շաբաթ առաջ ես մասնակցեցի ութ տարեկան մի քանի երեխաների մկրտությանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանը նրանք սկսել էին սովորել իրենց ծնողներից և ուսուցիչներից։ Նրա հանդեպ հավատքի սերմը սկսել էր աճել։ Եվ այժմ նրանք ցանկություն ունեին հետևել Նրան, մտնելով մկրտության ջրերը, որպեսզի դառնան Նրա վերականգնված Եկեղեցու անդամները։ Նկատելով նրանց հետաքրքրությունը, ես սկսեցի մտածել, թե որքանով էին նրանք հասկանում իրենց մկրտության ուխտի կարևոր գործոններից մեկը՝ Հիսուս Քրիստոսի անունը իրենց վրա վերցնելու պարտավորությունը։

Աստված ի սկզբանե հայտարարել է Հիսուս Քրիստոսի անվան գերակայությունը Իր ծրագրում։ Հրեշտակը մեր առաջին հորը՝ Ադամին ուսուցանել է․ «Դու պետք է ամեն ինչ անես Որդու անունով, և դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով»:1

Մորմոնի գրքի մարգարե Բենիամին թագավորը ուսուցանել է իր ժողովրդին․ «Տրված չի լինի ո՛չ ուրիշ անուն, ո՛չ ուրիշ ճանապարհ, ո՛չ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ»:2

Տերը այս ճշմարտությունը կրկնել է մարգարե Ջոզեֆ Սմիթին․ «Ահա, Հիսուս Քրիստոսն այն անունն է, որը տրված է Հորից, և ուրիշ անուն չկա տրված, որով մարդ կարողանա փրկվել»։3

Մեր օրերում՝ նախագահ Դալլին Հ․ Օուքսը ուսուցանել է, որ «նրանք, ովքեր հավատք են գործադրում Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ … և ուխտի մեջ են մտնում …կարող են հայցել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը»։4

Մեր Երկնային Հայրը ցանկանում է բացարձակապես պարզ դարձնել, որ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունը բազմաթիվ անուններից պարզապես մեկը չէ։ Փրկիչի անունը եզակի և էական ուժ ունի։ Այն միակ անունն է, որի միջոցով փրկությունը հնարավոր է։ Յուրաքանչյուր տնտեսության ժամանակ այդ ճշմարտությունը շեշտելով՝ մեր սիրառատ Հայրը Իր բոլոր զավակներին հավաստիացնում է, որ Իր մոտ վերադառնալու ուղի կա։ Սակայն երաշխավորված ուղու առկայությունը չի նշանակում, որ մեր վերադարձը ինքնաբերաբար ապահովված է։ Աստված մեզ ասում է, որ մեզանից գործողություն է պահանջվում․ «Ուստի, բոլոր մարդիկ պետք է իրենց վրա վերցնեն անունը, որը տրված է Հորից»:5

Միայն Քրիստոսի անունով եկող փրկիչ զորությանը հասու լինելու համար մենք պետք է «[մեզ] խոնարհեցնենք Աստծո առաջ … և առաջ գանք կոտրված սրտով և փշրված հոգով … և հոժար լինենք [մեզ] վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» և այդպիսով, արժանի լինենք, ինչպես իմ ութ տարեկան ընկերները, որպեսզի «մկրտությամբ ընդունվենք իր եկեղեցին»:6

Բոլորը, ովքեր անկեղծորեն փափագում են իրենց վրա վերցնել Փրկիչի անունը, պետք է արժանի լինեն և ստանան մկրտության արարողությունը՝ որպես իրենց որոշման ֆիզիկական վկայություն Աստծո առաջ։7 Սակայն մկրտությունը միայն սկիզբն է։

Վերցնել բառը պասիվ բառ չէ։ Այն գործողություն արտահայտող բառ է՝ բազմակի սահմանումներով։8 Նմանապես, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու պարտավորությունը պահանջում է գործողություն և ունի բազում չափորոշիչներ:

Օրինակ, վերցնել բառի իմաստներից մեկն էօգտագործել, կամ յուրացնել, ինչպես օրինակ, երբ մենք ջուր ենք օգտագործում։ Քրիստոսի անունը վերցնելով, մենք պարտավորվում ենք օգտագործել Նրա ուսմունքները, Նրա հատկանիշները և, ի վերջո, Նրա սերը, յուրացնելով այն մեր մեջ այնպես, որ դրանք մեր մասն են դառնում: Ուստի, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի՝ չափահաս երիտասարդներին ուղղած հրավերը շատ կարևոր է՝ «աղոթքով ու ջանասիրաբար [փնտրել], որպեսզի հասկանալ, թե [Փրկիչի] տարբեր կոչումներից ու անուններից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի անձամբ [իրենց] համար»9 և սնվել Քրիստոսի խոսքերով սուրբ գրություններում, հատկապես Մորմոնի Գրքում:10

Վերցնել բառի մեկ այլ իմաստ մարդուն իր դերում ընդունելն է կամ գաղափարի և սկզբունքի ճշմարտության ընդունումը։ Երբ մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը, մենք ընդունում ենք Նրան՝ որպես մեր Փրկիչ և մշտապես ընդունում ենք Նրա ուսմունքները՝ որպես մեր կյանքի ուղեցույց: Յուրաքանչյուր իմաստալից որոշմամբ մենք կարող ենք ընդունել Նրա ավետարանի ճշմարտացիությունը և ապրել նրանով հնազանդորեն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

Վերցնել բառը կարող է նշանակել նաև կոչումը ստանձնել կամ գործը հանձն առնել։ Շատերս պատասխանատվություն ստանձնելու կամ գործը, նախաձեռնությունը հանձն առնելու փորձ ունենք աշխատանքի ընթացքում: Երբ վերցնում ենք Քրիստոսի անունը, մենք ստանձնում ենք ճշմարիտ հետևորդի պարտականությունները, մենք պաշտպանում ենք Նրա գործը՝ «կանգնելու որպես [Նրա] վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք»։11 Նախագահ Ռասսել Նելսոնը յուրաքանչյուր երիտասարդ կնոջ և յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու … կոչ է արել ընդգրկվել Իսրայելը հավաքելու Տիրոջ երիտասարդների գումարտակում»։12 Եվ բոլորս երախտապարտ ենք հետևել մարգարեական կոչին՝ վերականգնված Եկեղեցու անունն արտահայտել այնպես, ինչպես ինքը Փրկիչն է հայտնի դարձրել՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։13

Փրկիչի անունը մեզ վրա վերցնելիս, պետք է գիտակցենք, որ Քրիստոսի և Նրա Եկեղեցու գործը մեկ և անբաժան գործ է: Նրանց հնարավոր չէ առանձնացնել: Նմանապես անբաժան են նաև Փրկչին հետևելու մեր անձնական աշակերտությունը և Նրա Եկեղեցու ակտիվ անդամակցությունը: Ճիշտ ինչպես գիշերվան հաջորդում է ցերեկը, եթե մենք թերանում ենք մեկի հանդեպ մեր նվիրվածության մեջ, մյուսի հանդեպ մեր նվիրվածությունը նույնպես նվազում է:

Ոմանք դժկամությամբ են ընդունում Հիսուս Քրիստոսի անունը և Նրա գործը, քանի որ համարում են չափազանց նեղ, չափավորված ու սահմանափակ: Իրականում, Քրիստոսի անունը վերցնելը ազատագրող է և ընդարձակող: Այն արթնացնում է այն ցանկությունը, որ մենք զգացինք, երբ Փրկիչի հանդեպ հավատքի միջոցով ընդունեցինք Աստծո ծրագիրը: Երբ այդ ցանկությունը արթուն է մեր սրտերում, մենք կարող ենք բացահայտել Աստծո կողմից տրված պարգևների ու շնորհների իրական նպատակը, զգալ Նրա զորացնող սերը և զարգացնել մեր մտահոգությունը մարդկանց բարօրության համար: Երբ մեզ վրա ենք վերցնում Փրկիչի անունը, մենք իսկապես կառչած ենք մնում ամեն բարի բանից և նմանվում ենք Նրան:14

Կարևոր է հիշել, որ Փրկիչի անունը մեզ վրա վերցնելը ուխտի հանձնառություն է, որը սկսվում է մկրտության ժամանակ կապած մեր ուխտով: Նախագահ Նելսոնը ուսուցանել է․ «Փրկչին հետևելու [մեր] պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։15 Մկրտության միջոցով Փրկիչի անունը վերցնելու գերաշնորհ արտոնություններից մեկը ուխտի ճանապարհին հանդիպող հաջորդ արարողությունն է՝ մեր հաստատումը: Երբ ութամյա իմ այդ ընկերներից մեկին հարցրի, թե իր համար Քրիստոսի անունը վերցնելը ինչ է նշանակում, նա պարզապես պատասխանեց. «Դա նշանակում է, որ կարող եմ ունենալ Սուրբ Հոգին»: Նա ճիշտ էր։

Սուրբ Հոգու պարգևը ստանում ենք հաստատման ձեռնադրությամբ՝ մկրտության արարողությունը ստանալուց հետո: Այդ պարգևը Սուրբ Հոգին որպես մշտական ուղեկից ունենալու իրավունք է և հնարավորություն: Եթե լսենք ու հնազանդվենք Նրա մեղմ, բարակ ձայնին, Նա կպահի մեզ մկրտության միջոցով ընդունած ուխտի ճանապարհին, կզգուշացնի մեզ, երբ մեզ փորձեն հեռացնել ուղուց, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կխրախուսի մեզ ապաշխարել ու փոխվել: Մկրտությունից հետո մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա Սուրբ Հոգին միշտ մեզ հետ պահելու վրա, որպեսզի կարողանանք շարունակել առաջխաղացումը ուխտի ճանապարհով: Սուրբ Հոգին կարող է մեզ հետ լինել միայն այն չափով, ինչ չափով մենք պահում ենք մեր կյանքը մաքուր և մեղքից զերծ:

Այդ պատճառով է Տերը մեզ հնարավորություն տվել մշտապես թարմացնել մեր մկրտության մաքրող ազդեցությունը մեկ այլ արարողության՝ հաղորդության միջոցով: Ամեն շաբաթ մենք կարող ենք «վկայել…․ որ հոժար ենք [մեր] վրա վերցնել անունը … Որդու»16 ձեռք մեկնելով և, կրկին, վերցնելով Տիրոջ մարմնի և արյան խորհրդանիշները` հացն ու ջուրը, և ընդունելով դրանք մեր հոգում: Փոխարենը, Փրկիչը կատարում է մեզ մաքրելու հրաշքը ևս մեկ անգամ և մեզ արժանի է դարձնում շարունակ վայելելու Սուրբ Հոգու ազդեցությունը: Մի՞թե դա անսահման ողորմության ապացույց չէ, որ կարելի է գտնել միայն Հիսուս Քրիստոսի անունով: Ճիշտ ինչպես մենք ենք վերցնում Նրա անունը մեզ վրա, նմանապես Նա մեր մեղքերն ու տառապանքները վերցնում է Իր վրա, և Նրա «ողորմության բազուկը մեկնված է»,17 որ օղակի մեզ Իր սիրո բազուկներում:18

Հաղորդությունը շաբաթական հիշեցում է, որ Հիսուս Քրիստոսի անունը մեր վրա վերցնելը կենդանի և շարունակական պարտավորություն է, ոչ թե մի իրադարձություն, որը տեղի է ունենում միայն մեկ անգամ՝ մեր մկրտության օրը:19 Մենք կարող ենք շարունակաբար, կրկին ու կրկին վայելել այն «սուրբ զոհաբերությունը սրբազան, որ քիչ ենք հասկանում, մեր մեղքերի թողության համար նրա մարմինն ու արյունը ճաշակում»։20 Ուստի, զարմանալի չէ, որ երբ Աստծո զավակները հասկանում են հզոր, հոգևոր օրհնությունները, որոնք կարող են գալ իրենց վրա Քրիստոսի անունը վերցնելուց, նրանք միշտ ուրախության զգացում են ապրում և միշտ ցանկություն են զգում ուխտի մեջ մտնել իրենց Աստծո հետ:21

Երբ հետևենք աստվածային այս ուխտի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու հանձնառությունը և ջանքերը մեզ ուժ կտան «պահել [Նրա] անունը միշտ գրված [մեր] սրտերում»:22 Մենք կսիրենք Աստծուն և մեր մերձավորներին և ցանկություն կզգանք ծառայել նրանց: Մենք կպահենք Նրա պատվիրանները և կձգտենք ավելի շատ մոտենալ նրան՝ լրացուցիչ ուխտեր կապելով Նրա հետ։ Եվ երբ զգանք, թե թուլացել ենք ու կորցրել ենք մեր արդար ցանկությունների համաձայն գործելու ունակությունը, մենք ուժ կխնդրենք, որը գալիս է միայն Նրա անունով, և Նա կգա մեզ օգնության: Երբ հավատարմությամբ համբերենք, օրը կգա, որ մենք կտեսնենք Նրան և Նրա հետ կլինենք, և կտեսնենք, որ նմանվել ենք Նրան, այդպիսով արժանի լինելով վերադառնալ Հոր ներկայության մեջ:

Քանզի Փրկիչի խոստումը հավաստի է․ ովքեր «հավատան Հիսուս Քրիստոսի անվանը և երկրպագեն Հորը՝ նրա անունով, և հավատքով առ նրա անունը համբերեն մինչև վերջ»,23 կփրկվեն Աստծո արքայությունում: Ձեզ հետ միասին ես ուրախանում եմ, որ այս անզուգական օրհնությունները հնարավոր են դարձել Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու շնորհիվ, ում մասին և ում անունով ես վկայություն եմ բերում, ամեն:

Հղումներ

  1. Մովսես 5․8

  2. Մոսիա 3.17

  3. Վարդապետություն և Ուխտեր 18․23

  4. Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 82.

  5. Վարդապետություն և Ուխտեր 18․24, շեշտադրումն ավելացված է։

  6. Վարդապետություն և Ուխտեր 20․37, շեշտադրումն ավելացված է։

  7. Նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է. «Մենք վերցնում ենք մեր Փրկիչի անունը, երբ մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: … Որպես Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներ՝ որպես քրիստոնյաներ, մենք ուրախությամբ ենք մեր վրա վերցրել նրա անունը» («Taking upon Us the Name of Jesus Christ», 80)։

  8. The Merriam-Webster online dictionary lists 20 meanings of the transitive form of the verb take, which is the form in which the verb is used in the phrase “take upon us the name of Jesus Christ” (see merriam-webster.com/dictionary/take).

  9. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, Հունվ 8, 2017):

  10. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա»։Լիահոնա, նոյեմբեր 2017, 60–63:

  11. Մոսիա 18․9:

  12. Russell M. Nelson, “Hope of Israel” (worldwide youth devotional, June 3, 2018), HopeofIsrael.lds.org.

  13. «Տերը ինձ հուշում է տվել անվանման կարևորության մասին, որը Նա հայտնությամբ տվել է Իր Եկեղեցու համար, այն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Մեր առջև աշխատանք է դրված՝ ներդաշնակել մեր կամքը Նրա կամքի հետ» (Russell M. Nelson, in “The Name of the Church” [official statement, Aug. 16, 2018], mormonnewsroom.org):

  14. Տես Մորոնի 7․19:

  15. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։

  16. Վարդապետություն և Ուխտեր 20․77, շեշտադրումն ավելացված է:

  17. 3 Նեփի 9․14, տես նաև Ալմա 5․33–34։

  18. Տես 2 Նեփի 1.15:

  19. «Երբ մենք ցույց ենք տալիս Հիսուս Քրիստոսի անունը մեր վրա վերցնելու պատրաստակամությունը, մենք հայտնում ենք մեր նվիրվածությունը՝ անել այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք մեր Հոր արքայությունում: Մենք արտահայտում ենք մեր թեկնածությունը` մեր վճռականությունը, որ ձգտում ենք վեհացման սելեստիալ արքայությունում…․

    Մենք ցույց չենք տալիս, որ մեզ վրա ենքվերցնում նրա անունը, այլ որ պատրաստ ենք դա անել: Այս իմաստով մեր վկայությունը վերաբերում է ապագա իրադարձությանը կամ կարգավիճակին, որի ձեռքբերումը ինքնաբերաբար չէ, այլ կախված է Փրկիչի իշխանության կամ նախաձեռնության վրա» (Դալլին Հ. Օուքս, «Taking upon Us the Name of Jesus Christ», 82–83)։

  20. «Ով հայր հավիտենական», Հիմներ և մանկական երգեր, էջ 18:

  21. Տես Մոսիա 5, 6, 18, 3 Նեփի 19։

  22. Մոսիա 5.12

  23. Վարդապետություն և Ուխտեր 20․29: