2010–2019 թթ․
Մահացածների փրկագնման տեսիլքը
Հոկտեմբեր 2018


Մահացածների փրկագնման տեսիլքը

Ես վկայում եմ, որ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ստացած տեսիլքը ճշմարիտ է: Ես բերում եմ վկայություն, որ բոլոր մարդիկ կարող են հասկանալ, որ այն ճշմարիտ է:

Եղբայրնե՛ր և Քույրե՛ր, իմ ելույթը պատրաստվել էր իմ սիրելի կնոջ՝ Բարբարայի մահից որոշ ժամանակ առաջ: Ես և իմ ընտանիքը շնորհակալ ենք ձեզ՝ ձեր սիրո ու բարության համար: Ես աղոթում եմ, որ Տերն օրհնի ինձ, երբ ես ելույթ ունենամ այս առավոտ:

1918թ.-ի հոկտեմբերին՝ 100 տարի առաջ, Ջոզեֆ Ֆ. Սմիթը մի փառահեղ երազ տեսավ: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Տիրոջը նվիրված 65-ամյա ծառայությունից հետո և իր մահից ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 1918թ.-ի նոյեմբերի 19-ին, նա նստած էր սենյակում և խորհում էր Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին և կարդում էր Պետրոս Առաքյալի նկարագրությունը Փրկիչի ծառայության վերաբերյալ, որը Նա կատարել է հոգիների աշխարհում Իր Խաչելությունից հետո:

Նա գրել է. «Երբ ես կարդում էի, մեծապես տպավորված էի: … Մինչ ես խորհում էի այս բաների շուրջ … , իմ հասկացողության աչքերը բացվեցին, և Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա, և ես տեսա մեռելների բազմությունը՝ և՛ փոքր, և՛ մեծ»:1 Տեսիլքի ամբողջական տեքստը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 138-րդ բաժնում:

Թույլ տվեք ներկայացնել որոշակի պատմական տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք լիովին գնահատել Ջոզեֆ Ֆ. Սմիթի պատրաստությունը կյանքի ընթացքում այս նշանավոր հայտնությունը հասկանալու համար:

Նկար
Ջոզեֆ և Հայրում Սմիթները ձիու թամբին։

1906թ.-ին, երբ նա Եկեղեցու Նախագահն էր, այցելեց Նավու և հիշեց մի դեպք, երբ ինքը ընդամենը հինգ տարեկան էր: Նա ասաց. «Սա հենց այն տեղն է, որտեղ ես կանգնած էի, երբ [իմ հորեղբայր Ջոզեֆը և իմ հայր Հայրումը] եկան ձիերի վրա նստած՝ դեպի Քարթիջ գնալիս: Առանց ձիուց իջնելու, հայրս առաջ թեքվեց թամբի վրայից և ինձ բարձրացրեց գետնից: Նա համբուրեց ինձ, հրաժեշտ տվեց ու նորից դրեց գետնին, և ես տեսա, թե նա ինչպես ձին քշեց հեռացավ»:2

Հաջորդ անգամ Ջոզեֆ Ֆիլդինգը տեսավ նրանց, երբ մայրը՝ Մերի Ֆիլդինգը, բարձրացրեց նրան, որ տեսնի նահատակվածներին, որոնց դրել էին կողք կողքի 1844թ.-ի հունիսի 27-ի դաժան սպանությունից հետո:

Երկու տարի անց, Ջոզեֆ Ֆիլդինգը իր ընտանիքի և հավատարիմ մոր՝ Մերի Ֆիլդինգ Սմիթի հետ հեռացավ Նավուի իրենց տնից և մեկնեց Ուինթեր Քվորթերս: Չնայած 8 տարին դեռ չէր լրացել, Ջոզեֆ Ֆիլդինգից պահանջեցին քշել ցուլերի հոտերից մեկը Մոնտրոսից (Այովա) դեպի Ուինթեր Քվորթերս, իսկ հետո շարունակել ճանապարհը դեպի Սոլթ Լեյքի Հովիտ: Երբ տեղ հասան, նա համարյա 10 տարեկան էր: Տղանե՛ր և պատանինե՛ր, հուսով եմ, դուք լսում եք և կհասկանաք, թե ինչ մեծ պատասխանատվություն էր դրված Ջոզեֆ Ֆիլդինգի վրա իր պատանեկության տարիներին:

Ընդամենը չորս տարի անց, 1852թ.-ին, երբ նա 13 տարեկան էր, նրա սիրելի մայրը մահացավ՝ որբ թողնելով Ջոզեֆին և նրա եղբայրներին ու քույրերին:3

1854թ.-ին, երբ Ջոզեֆը Ֆիլդինգը 15 տարեկան էր, կանչվեց ծառայելու լիաժամկետ միսիա Հավայան կղզիներում: Այս միսիան, որը տևեց ավելի քան երեք տարի, Եկեղեցում նրա ծառայության սկիզբն էր:

Յուտա վերադառնալուն պես, Ջոզեֆ Ֆիլդինգն ամուսնացավ 1859թ.-ին:4 Հաջորդ մի քանի տարիներին նրա կյանքը ծանրաբեռնված էր աշխատանքով, ընտանեկան պարտականություններով և երկու լրացուցիչ միսիաներով: 1866թ.-ի հուլիսի 1-ին, 27 տարեկանում Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքը ընդմիշտ փոխվեց, երբ նա Առաքյալ կարգվեց Նախագահ Բրիգամ Յանգի կողմից: Հաջորդ տարի հոկտեմբերին նա լրացրեց Տասներկուսի Խորհրդի ազատ տեղը:5 Նա ծառայեց որպես Բրիգամ Յանգի, Ջոն Թեյլորի, Վիլֆորդ Վուդրուֆի և Լորենզո Սնոուի խորհրդական, նախքան ինքը կդառնար Նախագահ 1901թ.-ին:6

Ջոզեֆ Ֆիլդինգը և նրա կինը՝ Ջուլինան, ողջունեցին իրենց առաջին զավակի՝ Մերսի Ջոզեֆինի ծնունդը ընտանիքում:7 Աղջիկը մահացավ, երբ ընդամենը երկուս ու կես տարեկան էր: Կարճ ժամանակ անց Ջոզեֆ Ֆիլդինգը գրառեց. «Երեկ լրացավ իմ … իմ սիրելի Ջոզեֆինի մահվան մեկ ամիսը»: Օ՜, եթե միայն կարողանայի փրկել նրան, որ ապրեր, մեծանար ու չափահաս կին դառնար: Ես կարոտում եմ նրան ամեն օր և ես մենակ եմ: … Աստված, ներիր իմ թուլությունը, եթե սխալ է սիրել իմ փոքրիկներին այնպես, ինչպես սիրում եմ նրանց»:8

Իր կյանքի ընթացքում Նախագահ Սմիթը կորցրել է իր հորը, մորը, մի եղբորը, երկու քրոջը, երկու կանանց և 13 զավակներին: Նա լավ գիտեր, թե ինչ է վիշտը և սիրելիների կորուստը:

Երբ նրա որդի Ալբերտ Ջեսսին մահացավ, Ջոզեֆ Ֆիլդինգը գրեց իր քույր Մարթա Էնին, որ ինքն աղերսել էր Տիրոջից փրկել որդուն, ապա հարցրել էր. «Ինչո՞ւ է այդպես: Օ, Աստված, ինչո՞ւ պետք է այսպես լիներ»:9

Չնայած իր աղոթքներին, Ջոզեֆ Ֆիլդինգն այս անգամ այդ հարցի վերաբերյալ պատասխան չստացավ:10 Նա ասաց Մարթա Էնին, որ «[թվում էր] երկինքները փակ էին մեր գլխավերևում» մահացածներին և հոգևոր աշխարհին վերաբերող թեմայի համար: Այնուամենայնիվ, նրա հավատքը հաստատուն ու անսասան էր Տիրոջ հավերժական խոստումների հանդեպ:

Լրացուցիչ պատասխանները, սփոփանքը և հասկացողությունը հոգևոր աշխարհի մասին, որ Նախագահ Սմիթը փնտրում էր, եկան Տիրոջ ժամանակին մի սքանչելի տեսիլքի միջոցով, որը նա ստացավ 1918թ.-ի հոկտեմբերին:

Այդ տարին հատկապես ծանր էր նրա համար: Նա սգում էր Առաջին Համաշխարհային Պատերազմի զոհերի մահը, որոնց թիվը հասնում էր 20 միլիոնի: Ի լրումն դրա, գրիպի համաճարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, խլելով ավելի քան 100 միլիոն մարդու կյանք:

Նկար
Երեց Հայրում Մաք Սմիթ

Տարվա ընթացքում Նախագահ Սմիթը կորցրեց իր համար շատ թանկ իր ընտանիքի ևս երեք անդամների: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Հայրում Մաք Սմիթը՝ նրա անդրանիկ որդին, նաև իմ պապիկը, հանկարծակի մահացավ կույր աղիքի սուր բորբոքումից:

Նախագահ Սմիթը գրել է. «Ես կարկամել և [անզգայացել] եմ վշտից: … Սիրտս կոտրված է, և կյանքը մեռել է իմ մեջ: O՜, Ես սիրում էի նրան: … Ես ավելի շատ կսիրեմ նրան ընդմիշտ: Եվ այդպես է ու այդպես կլինի իմ բոլոր որդիների ու դուստրերի հետ, բայց նա իմ անդրանիկ որդին է, ով առաջինը ինձ բերեց ուրախություն և անմահ ու պատվարժան անվան հույս՝ մարդկանց մեջ: … Իմ հոգու խորքում ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար: Բայց … ավա՜ղ: Ես ունեի նրա կարիքը: Մենք բոլորս ունեինք նրա կարիքը: Նա շատ օգտակար էր Եկեղեցուն: … Իսկ հիմա, … Օ՜, ես ինչ, կարող եմ անել: … O՜, Աստվա՛ծ, օգնիր ինձ»:11

Հաջորդ ամիս Նախագահ Սմիթի փեսան՝ Ալոնզո Կեսլերը, մահացավ ողբերգական վթարի հետևանքով:12 Նախագահ Սմիթը գրեց իր օրագրում. «Այս սարսափելի և ողբերգական պատահարը մեծ վիշտ պատճառեց իմ ընտանիքին»:13

Յոթ ամիս անց, 1918թ. սեպտեմբերին, Նախագահ Սմիթի հարսը և իմ տատիկը՝ Իդա Բոուման Սմիթը, մահացավ հինգերորդ երեխայի՝ իմ հորեղբայր Հայրումի ծննդաբերության ժամանակ:14

Եվ այսպիսով, խորը վիշտ զգալով միլիոնավոր մարդկանց մահվան պատճառով, ովքեր մահացել էին պատերազմի ընթացքում և հիվանդություններից, ինչպես նաև իր ընտանիքի անդամների կորստից հետո, 1918թ.-ի հոկտեմբերի 3-ին Նախագահ Սմիթը երկնային հայտնություն ստացավ, որը հայտնի է որպես «մահացածների փրկագնման տեսիլքը»:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Հաջորդ օրը կայացած հոկտեմբերի գերագույն համաժողովի բացման նիստին նա վկայակոչեց այս տեսիլքը: Նախագահ Սմիթը վատառողջ էր, սակայն նա համառոտ ելույթ ունեցավ. «Ես չեմ փորձի ասել այն ամենը, ինչի շուրջ մտածել եմ այս առավոտ և կհետաձգեմ ապագայում որևէ ժամանակի համար, երբ Տերը կամենա, բայց կփորձեմ պատմել ձեզ մի քանի բաների մասին, որոնք իմ մտքում են, և ես զգում եմ սրտով: Վերջին հինգ ամիսների ընթացքում ես մենակ չեմ ապրել: Ինձ հետ միշտ եղել է աղոթքի, խնդրանքի, վճռականության ոգին, և ես միշտ հաղորդակցվել եմ Տիրոջ Հոգու հետ»:15

Հայտնությունը, որը նա ստացել էր հոկտեմբերի 3-ին, հանգստություն բերեց նրա սրտին և տվեց շատ հարցերի պատասխանները: Մենք նույնպես կարող ենք հանգստություն գտնել և ավելի շատ բան սովորել մեր սեփական ապագայի մասին, երբ մենք և մեր սիրելիները մահանան և գնան հոգիների աշխարհ, ուսումնասիրելով այս հայտնությունը և խորհելով դրա նշանակության մասին այնպիսի ձևով, որով մենք ապրում ենք մեր կյանքն ամեն օր:

Այդ բոլոր բաների թվում Նախագահ Սմիթը տեսավ, թե հոգիների աշխարհում Փրկիչն ինչպես է այցելում հավատարիմներին Իր Խաչելությունից հետո: Մեջբերում եմ տեսիլքից.

«Այլ ահա, արդարների թվից նա կազմավորեց իր ուժերը և նշանակեց սուրհանդակներ, որոնք հանդերձավորված էին զորությամբ ու իշխանությամբ, և լիազորեց նրանց՝ առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ էին, այսինքն՝ բոլոր մարդկային16 հոգիներին. և այդպես ավետարանը քարոզվեց մեռելներին: …

Նրանց ուսուցանվել էր հավատք առ Աստված, մեղքերից ապաշխարություն, փոխարինող մկրտություն՝ մեղքերի թողության համար, Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ,

Եվ ավետարանի բոլոր մյուս սկզբունքները, որոնք նրանց անհրաժեշտ էր իմանալ, որ պատրաստվեին, որպեսզի դատվեին, ինչպես մարդիկ մարմնի մեջ, բայց կենդանի լինեին հոգով՝ Աստծո կամքի համաձայն: …

Քանզի մահացածները գերություն էին համարում իրենց հոգիների երկար բացակայությունն իրենց մարմիններից:

Տերը նրանց ուսուցանեց, և նրանց զորություն տվեց, որ առաջ գան, մեռելներից իր հարությունից հետո, և մտնեն իր Հոր արքայությունը, որպեսզի այնտեղ անմահությամբ ու հավերժական կյանքով պսակվեն,

Եվ դրանից հետո շարունակեն իրենց գործը, ինչպես խոստացել էր Տերը, և ճաշակողներ լինեն բոլոր օրհնությունների, որոնք պահպանվել էին նրանց համար, ովքեր սիրում են նրան»:17

Նկար
Ջոզեֆ և Հայրում Սմիթների արձանը

Տեսիլքում Նախագահ Սմիթը տեսավ իր հորը՝ Հայրումին, և Նախագահ Ջոզեֆ Սմիթին: 74 տարի էր անցել այն օրից, երբ նա վերջին անգամ տեսավ նրանց Նավուում, երբ փոքր տղա էր: Մենք միայն կարող ենք պատկերացնել նրա ուրախությունը, երբ տեսավ իր սիրելի հորն ու հորեղբորը: Նա գուցե ոգեշնչված էր և սփոփված՝ իմանալով, որ բոլոր հոգիները պահպանում են իրենց մահկանացու մարմնի նմանությունը, և որ նրանք անհամբեր սպասում են իրենց խոստացված հարության օրվան: Տեսիլքը լիովին բացահայտեց Իր զավակների համար ունեցած Երկնային Հոր ծրագրի մանրամասները, Քրիստոսի փրկագնող սերը և Նրա Քավության անսահման զորությունը:18

Այս հատուկ 100-րդ տարեդարձին ես հրավիրում եմ ձեզ ուշադիր կարդալ այս հայտնությունը: Երբ այդպես վարվեք, Տերը թող օրհնի ձեզ, որպեսզի լիովին հասկանաք ու գնահատեք Աստծո սերը և Նրա փրկության ու երջանկության ծրագիրը Իր զավակների համար:

Ես վկայում եմ, որ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ստացած տեսիլքը ճշմարիտ է: Ես բերում եմ վկայություն, որ բոլոր մարդիկ կարող են կարդալ այն և հասկանալ, որ այն ճշմարիտ է: Նրանք, ովքեր չեն ստանում այս գիտելիքն այս կյանքում, անշուշտ կճանաչեն դրա ճշմարտացիությունը, երբ բոլորը հասնեն հոգիների աշխարհ: Այնտեղ բոլորը կսիրեն և կգովերգեն Աստծուն ու Տեր Հիսուս Քրիստոսին փրկության մեծ ծրագրի և խոստացված հարության օրհնության համար, երբ մարմինն ու հոգին կրկին կմիավորվեն այլևս երբեք չբաժանվելու համար:19

Նկար
Քույր Բարբարա Բալլարդ

Որքա՜ն երախտապարտ եմ ես, որ գիտեմ, թե որտեղ է իմ թանկագին Բարբարան և, որ մենք կրկին միասին կլինենք մեր ընտանիքի հետ ընդմիշտ: Թող Տիրոջ ուրախությունը և խաղաղությունը մնա յուրաքանչյուրիս հետ, սա իմ խոնարհ աղոթքն է Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 138․6, 11

  2. Տես Joseph F. Smith, in Preston Nibley, The Presidents of the Church (1959), 228:

  3. Տես Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith (1938), 13:

  4. Նա ամուսնացել է Լեվիրա Քլարկի հետ 1859թ., Ջուլինա Լամբսոնի հետ 1866թ., Սառա Ռիչարդսի հետ 1868, Էդնա Լամբսոնի հետ 1871, Ալիս Քիմբալի հետ 1883թ. և Մերի Շվարցի հետ 1884թ.:

  5. Ջոզեֆ Ֆ. Սմիթը, որպես լրացուցիչ խորհրդական, կանչվել է Առաջին Նախագահություն (Բրիգամ Յանգ, Հեբեր Ս. Քիմբալ և Դանիել Հ. Վելս): Նա նաև ծառայել է որպես երկրորդ խորհրդական Առաջին Նախագահությունում Եկեղեցու երեք Նախագահների հետ, ներառյալ՝ Նախագահներ Ջոն Թեյլորը, Վիլֆորդ Վուդրուֆը և Լորենզո Սնոուն:

  6. Ջոզեֆ Ֆ. Սմիթը ծառայել է որպես խորհրդական Առաջին Նախագահությունում Բրիգամ Յանգի ղեկավարության ժամանակ և որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական՝ Ջոն Թեյլորի, Վիլֆորդ Վուդրուֆի և Լորենզո Սնոուի ղեկավարության ժամանակ: Նա Եկեղեցու առաջին Նախագահն է, ով ծառայել է Առաջին Նախագահությունում, նախքան որպես Նախագահ կանչվելը:

  7. Մերսի Ջոզեֆինը՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթի անդրանիկ զավակը, ծնվել է 1867թ. օգոստոսի 14-ին և մահացել է 1870թ. հունիսի 6-ին:

  8. Joseph F. Smith, journal, July 7, 1870, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  9. See Richard Neitzel Holzapfel and David M. Whitchurch, My Dear Sister: The Letters between Joseph F. Smith and His Sister Martha Ann (2018), 290–91.

  10. Շատ դեպքերում Տերն առաջնորդում էր Ջոզեֆ Ֆ. Սմիթին նրա անձնական կյանքում և որպես Առաքյալ և Եկեղեցու Նախագահ իր կոչումներում՝ ոգեշնչված երազների, հայտնությունների և տեսիլքների միջոցով: Տիրոջ այս թանկարժեք պարգևները հաճախ գրանցվում էին նրա օրագրերում, քարոզներում, հուշերում և Եկեղեցու պաշտոնական փաստաթղթերում:

  11. Joseph F. Smith, journal, Jan. 23, 1918, Church History Library; spelling and capitalization modernized; see Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith, 473–74.

  12. “A. [P.] Kesler Is Killed in Fall from a Building,” Ogden Standard, Feb. 5, 1918, 5.

  13. Joseph F. Smith, journal, Feb. 4, 1918, Church History Library.

  14. “Ida Bowman Smith,” Salt Lake Herald-Republican, Sept. 26, 1918, 4.

  15. Joseph F. Smith, in Conference Report,Oct. 1918, 2:

  16. Տես հղումը «մեր փառահեղ Մայր Եվան» և «իր հավատարիմ դուստրերից շատերի հետ, որոնք … երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն» (Վարդապետություն և Ուխտեր 138.39):

  17. Վարդապետություն և Ուխտեր 138:30, 33–34, 50–52

  18. The text of the vision first appeared in the November 30, 1918, edition of the Deseret News, 11 days after the passing of President Smith, on November 19. It was printed in the December Improvement Era and in January 1919 editions of the Relief Society Magazine, the Utah Genealogical and Historical Magazine, the Young Women’s Journal, and the Millennial Star.

  19. Չնայած կորստի որդիները հարություն կառնեն, նրանք չեն կարող սիրել ու գովաբանել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, ինչպես նրանք, ովքեր ստանում են փառքի արքայությունը: Տես Ալմա 11.41, Վարդապետություն և Ուխտեր 88․32-35։