2010–2019 թթ․
Փորձիր, փորձիր, փորձիր
Հոկտեմբեր 2018


Փորձիր, փորձիր, փորձիր

Փրկիչն Իր անունը դնում է ձեր սրտերում: Եվ դուք զգում եք Քրիստոսի մաքուր սերը ձեր և մյուսների հանդեպ:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ այս համաժողովին ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Այս համաժողովը ոգեշնչող էր և դաստիարակչական ինձ համար: Հնչած երաժշտությունը և ասված խոսքերը Սուրբ Հոգու միջոցով հասցվեցին մեր սրտերին: Աղոթում եմ, որ ինչ որ ասեմ, հաղորդվի ձեզ այդ նույն Հոգու կողմից:

Շատ տարիներ առաջ ես Միացյալ Նահանգների արևելյան մի շրջանի նախագահի խորհրդական էի։ Ամեն անգամ, երբ մենք վարում էինք մեքենան դեպի մեր փոքրիկ ճյուղերը, նա ասում էր ինձ. «Հալ, երբ հանդիպեք մեկին, վարվեք նրա հետ այնպես, կարծես նա խորը վշտի մեջ է և դու հիմնականում ճիշտ կլինես»: Նա ճիշտ էր, և ես տարիների ընթացքում հասկացա, որ նա խիստ ցածր էր իր գնահատականի մեջ: Այսօր ես կամենում եմ քաջալերել ձեզ այն դժվարությունների մեջ, որոնց դիմակայում եք:

Մեր մահկանացու կյանքը նախագծված է սիրառատ Աստծո կողմից, որպեսզի այն լինի ստուգարք և զարգացման աղբյուր մեզանից յուրաքանչյուրի համար: Դուք հիշում եք Աստծո խոսքերը, որոնք վերաբերում են Իր զավակներին աշխարհի ստեղծման ժամանակ. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:1

Սկզբից ի վեր ստուգարքները հեշտ չեն եղել։ Մենք փորձությունների ենք դիմակայում, որոնք գալիս են մահկանացու մարմիններ ունենալուց: Մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, որտեղ սատանայի պատերազմը ճշմարտության դեմ և մեր անձնական երջանկության դեմ դառնում է ավելի լարված: Աշխարհը և ձեր կյանքը կարող է թվալ ձեզ աhագնացող ցնցումների մեջ:

Իմ համոզմունքն այն է, որ սիրառատ Աստված, ով թույլ է տվել այդ ստուգարքները ձեզ համար, նախատեսել է մի ապահով ուղի դրանց միջով անցնելու համար: Երկնային Հայրն այնքան սիրեց աշխարհը, որ Նա ուղարկեց Իր Սիրելի Որդուն օգնելու մեզ:2 Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, տվեց Իր կյանքը մեզ համար: Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում ու խաչի վրա կրեց մեր բոլոր մեղքերի ծանրությունը: Նա տարավ բոլոր վշտերն ու ցավերը և մեր մեղքերի հետևանքները, որպեսզի կարողանար մխիթարել և զորացնել մեզ կյանքի յուրաքանչյուր ստուգարքի ընթացքում:3

Դուք հիշում եք, որ Տերն ասաց Իր ծառաներին.

«Հայրը և ես մեկ ենք: Ես Հոր մեջ եմ և Հայրը՝ իմ մեջ. և որքան որ դուք ընդունել եք ինձ, դուք իմ մեջ եք, և ես՝ ձեր մեջ:

Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ բարի հովիվը և Իսրայելի քարը: Նա, ով կառուցում է այդ վեմի վրա, երբեք չի ընկնի»:4

Մեր մարգարեն՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, նույնպես տվել է այդ նույն հավաստիացումը: Ավելին, Նա նկարագրել է մի ուղի, որով մենք կարող ենք կառուցել այդ վեմի վրա և դնել Տիրոջ անունը մեր սրտերում՝ ուղղորդելու մեզ մեր փորձությունների ժամանակ:

Նա ասել է. «Դուք, որ, հնարավոր է, վայրկենապես հուսալքվեք, հիշեք՝ նախատեսված չէ, որ կյանքը հեշտ կլինի: Փորձությունները պետք է կրել և վշտին դիմանալ ճանապարհի ընթացքում: Երբ դուք հիշեք, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։» (Ղուկաս 1.37), իմացեք, որ Նա ձեր Հայրն է: Դուք Նրա պատկերով ստեղծված որդի եք կամ դուստր, իրավազոր՝ ձեր արժանավորությամբ ստանալու հայտնություն, ձեր արդար ձգտումներին օգնելու համար: Դուք կարող եք ձեզ վրա վերցնել Տիրոջ սուրբ անունը: Դուք կարող եք արժանանալ Աստծո սրբազան անունով խոսելու պատվին (տես ՎևՈւ 1.20)»:5

Նախագահ Նելսոնի խոսքերը հիշեցնում են մեզ այն խոստման մասին, որը գտնվում է հաղորդության աղոթքում, մի խոստում, որը մեր Երկնային Հայրը կատարում է, երբ մենք անում ենք այն, ինչ փոխարենըխոստանում ենք:

Լսեք խոսքերը. «Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն»:6

Ամեն անգամ, երբ մենք ասում ենք ամեն բառը, երբ այդ աղոթքը մատուցվում է մեր անունից, մենք խոստանում ենք, որ ճաշակելով հացը, մենք հոժար ենք մեր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի սուրբ անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Իր հերթին, մեզ խոստացվում է, որ մենք կարող ենք միշտ նրա Հոգին մեզ հետ ունենալ: Այս խոստումների շնորհիվ Փրկիչն է վեմը, որի վրա մենք կարող ենք կանգնել ապահով և առանց վախի ամեն փոթորիկի ժամանակ, որին մենք դիմակայում ենք:

Երբ ես խորհում էի ուխտի խոսքերի մասին և խոստացված համապատասխան օրհնությունների մասին, ես մտորում էի, թե ինչ է նշանակում հոժարակամ մեր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Կարևոր է, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք չենք վկայում, որ մենք վերցնում ենք մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը: Մենք վկայում ենք, որ հոժարակամ ենք այդպես վարվել: (Տես ՎևՈւ 20․77:) Փաստը, որ մենք վկայում ենք միայն մեր հոժարակամության մասին, հուշում է, որ մեկ ուրիշ բան պիտի տեղի ունենա, նախքան մենք փաստացի վերցնենք այդ սրբազան անունը մեզ վրա կարևորագույն իմաստով»:7

Հայտարարությունը, որ մենք «հոժար [ենք մեզ] վրա վերցնել» Նրա անունը, ասում է մեզ, որ երբ մենք առաջին անգամ մկրտվելիս վերցրեցինք Փրկիչի անունը, չի նշանակում, որ Նրա անուն վերցնելը ավարտվում է մկրտությամբ: Մենք պետք է շարունակաբար աշխատենք վերցնել Նրա անունը ողջ կյանքի ընթացքում, ներառյալ, երբ նորոգում ենք ուխտերը հաղորդության սեղանի մոտ և ուխտեր կապում Տիրոջ սուրբ տաճարներում:

Այսպիսով մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է դառնում երկու հարց. «Ի՞նչ պետք է անեմ Նրա անունը ինձ վրա վերցնելու համար» և «Ինչպե՞ս կիմանամ, երբ եմ առաջընթաց ունենում»:

Նախագահ Նելսոնի հայտարարությունը հուշում է մի օգտակար խորհուրդ: Նա ասել է, որ մենք կարող ենք վերցնել Փրկիչի անունը մեզ վրա և որպեսզի կարողանանք խոսել Նրա համար: Երբ մենք խոսում ենք Նրա համար, մենք ծառայում ենք Նրան։ «Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից»:8

Նրա համար խոսելը պահանջում է հավատքի աղոթք: Ջերմեռանդ աղոթք է պահանջվում՝ ուղղված Երկնային Հորը, որ իմանանք, թե ինչ խոսքերով խոսենք, որպեսզի Փրկիչին օգնենք Իր աշխատանքում: Մենք պետք է որակավորվենք այդ խոստման համար․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով` միևնույն է»:9

Այնուամենայնիվ, ավելի շատ բան է պահանջվում, քան խոսելը Նրա համար, որպեսզի վերցնենք Նրա անունը մեզ վրա: Կան զգացմունքներ մեր սրտերում, որոնց համար մենք պետք է որակավորվենք՝ որպես Նրա ծառաներ:

Մորմոն մարգարեն նկարագրում է այն զգացմունքները, որոնք որակավորում են մեզ և հնարավորություն տալիս մեզ վերցնելու Նրա անունը մեզ վրա: Այդ զգացմունքները ներառում են հավատքը, հույսը և գթությունը, որը Քրիստոսի մաքուր սերն է:

Մորմոնը բացատրել է.

«Բայց, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես դատում եմ ձեր մասին ավելի լավ բաներ, քանզի ես դատում եմ, որ դուք ունեք հավատք առ Քրիստոս, ձեր հեզության պատճառով. քանզի եթե դուք չունենաք հավատք առ նա, ապա դուք պիտանի չեք՝ համարվելու նրա եկեղեցու ժողովրդի թվում:

Եվ բացի դրանից, իմ սիրելի եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ հույսի վերաբերյալ: Ի՞նչպես կարող եք դուք ձեռք բերել հավատք, եթե դուք չունենաք հույս:

Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն:

Ուստի, եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս. քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս:

Եվ դարձյալ, ահա ես ասում եմ ձեզ, որ նա չի կարող ունենալ հավատք և հույս, եթե նա չլինի հեզ և սրտով խոնարհ:

Եթե այդպես է, նրա հավատքը և հույսը զուր է, քանզի ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից. և եթե մարդ հեզ է ու սրտով խոնարհ, և խոստովանում է Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է, նա անպայման պետք է ունենա գթություն. քանզի եթե նա չունի գթություն, նա ոչինչ է. ուստի, նա անպայման պետք է ունենա գթություն»:

Գթությունը նկարագրելուց հետո Մորմոնը շարունակում է՝ ասելով.

«Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի:

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր: Ամեն»:10

Ես վկայում եմ, որ Փրկիչը դնում է Իր անունը ձեր սրտերում: Ձեզանից շատերի հավատքը Նրա հանդեպ մեծանում է: Դուք ավելի շատ հույս և լավատեսություն եք զգում: Եվ դուք զգում եք Քրիստոսի մաքուր սերը մյուսների և ձեր հանդեպ:

Ես տեսնում եմ դա միսիոներների մեջ, ովքեր ծառայում են ամբողջ աշխարհում: Ես տեսնում եմ դա անդամների մեջ, ովքեր խոսում են իրենց ընկերների և ընտանիքի անդամների հետ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Տղամարդիկ, կանայք, երիտասարդները և նույնիսկ երեխաները սպասավորում են Փրկիչի հանդեպ և իրենց մերձավորների հանդեպ սիրուց ելնելով:

Անդամները, աշխարհի տարբեր անկյուններից աղետների հաղորդագրություններ ստանալով, երբեմն օվկիանոսն անցնելով, առանց խնդրանք ստանալու, ծրագրեր են կազմում գնալ փրկելու: Նրանք երբեմն դժվարանում են սպասել, մինչև ավերված տարածքները կարողանան իրենց ընդունել:

Ես հասկանում եմ, որ ձեզանից ոմանք, ովքեր լսում են այսօր, գուցե զգաք, որ ձեր դժվարությունները հաղթում են ձեր հավատքն ու հույսը: Եվ դուք, գուցե, ձգտում եք սեր զգալ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Տերը հնարավորություններ ունի ձեր կողքին լինել, որպեսզի զգաք և կիսվեք Նրա սիրով: Դուք կարող եք աղոթել վստահությամբ, որպեսզի Տերն առաջնորդի ձեզ սիրել որևէ մեկին հանուն Նրա: Նա պատասխանում է այնպիսի հեզ կամավորների աղոթքներին, ինչպիսին դուք եք: Դուք կզգաք Աստծո սերը ձեր հանդեպ և այն անձնավորության հանդեպ, ում դուք ծառայում եք հանուն Նրա: Երբ դուք օգնեք Աստծո զավակներին իրենց դժվարություններում, ձեր դժվարություններն ավելի թեթև կթվան: Ձեր հավատքն ու ձեր հույսը կամրանան:

Ես ականատեսն եմ այդ ճշմարտության: Ողջ կյանքի ընթացքում կինս խոսել է հանուն Տիրոջ և ծառայել մարդկանց հանուն Նրա: Ինչպես արդեն նշեցի, մեր Եպիսկոպոսներից մեկը մի անգամ ասաց ինձ. «Զարմանում եմ: Ամեն անգամ, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկին դժբախտություն է պատահել, շտապում եմ օգնության: Սակայն մինչև իմ ժամանելը, միշտ թվում է, ձեր կինն արդեն այնտեղ եղել է»: Դա վերաբերում է այն բոլոր վայրերին, որտեղ մենք ապրել ենք 56 տարիների ընթացքում:

Հիմա նա կարողանում է խոսել ընդամենը մի քանի բառ օրվա ընթացքում: Նրան այցելում են մարդիկ, ում նա սիրել է հանուն Տիրոջ: Ամեն գիշեր և առավոտյան ես հիմներ եմ երգում նրա հետ և մենք աղոթում ենք: Ես ստիպված եմ լինել ձայն աղոթքներում և երգելիս: Երբեմն ես տեսնում եմ, թե ինչպես է նա արտաբերում օրհներգերի բառերը: Նա նախընտրում է երեխաների երգերը: Զգացումը, որը նա, կարծես, ամենաշատն է սիրում, ամփոփված է «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» երգում:11

Նախորդ օրը, «Սիրեք միմյանց, ինչպես Հիսուսն է սիրում ձեզ» կրկներգի խոսքերը երգելուց հետո, «Փորձիր բարություն ցույց տալ բոլոր բաներում, որ դու անում ես»,- ասաց նա մեղմ, բայց հստակ,- «Փորձիր, փորձիր, փորձիր»: Կարծում եմ, երբ կինս տեսնի Նրան, կպարզի, որ մեր Փրկիչը դրել է Իր անունը նրա սրտում, և ինքը դարձել է Նրա նման: Այժմ Նա տանում է նրան իր դժվարությունների միջով, ինչպես Նա կտանի ձեզ` ձեր դժվարությունների միջով:

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ Փրկիչը ճանաչում և սիրում է ձեզ: Նա գիտի ձեր անունը և դուք գիտեք Նրանը: Նա գիտի ձեր դժվարությունները: Նա անցել է այդ փորձառություններով: Իր Քավությամբ Նա հաղթել է աշխարհին: Նրա անունը ձեր վրա վերցնելու ձեր հոժարակամությամբ, դուք կբարձրացնեք անհամար մարդկանց բեռները: Եվ ժամանակի ընթացքում դուք կպարզեք, որ դուք ավելի լավ եք ճանաչում Փրկիչին և ավելի շատ եք սիրում Նրան: Նրա անունը կլինի ձեր սրտում և ամրագրված ձեր հիշողության մեջ: Դա է այն անունը, որով դուք կկոչվեք: Այսպես եմ ես վկայում, երախտագիտությամբ` իմ հանդեպ, իմ սիրելիների հանդեպ և ձեր հանդեպ Նրա սիրառատ բարության համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։