2010–2019 թթ․
Կամենու՞մ ես առողջ լինել։
Հոկտեմբեր 2018


Կամենու՞մ ես առողջ լինել:

Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ, եթե մենք ապաշխարենք և մեր սրտերը լիովին դարձնենք դեպի Փրկիչը, նա հոգևորապես կբուժի մեզ:

Մի քանի ամիս գտնվելով իր միսիայում, մեր կրտսեր որդին և նրա միսիոներական զուգընկերը ավարտում էին իրենց ուսումնասիրությունը, երբ մեր որդին մի բութ ցավ զգաց գլխում։ Նա տարօրինակ էր զգում իրեն․ սկզբում ձախ թևը չզգաց, իսկ հետո լեզուն անզգայացավ։ Նրա դեմքի ձախ կողմը սկսեց թուլանալ: Նա դժվարանում էր խոսել։ Նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր: Բայց նա չգիտեր, որ իր ուղեղի երեք մասը կաթվածահար էր եղել։ Վախը սկսեց պատել նրան, երբ նա մասամբ անզգայացավ։ Կաթվածի ենթարկված մարդը որքան արագ է բուժում ստանում, այնքան զգալիորեն արդյունավետ է լինում նրա ապաքինումը։ Նրա հավատարիմ միսիոներական զուգընկերը վճռականորեն գործեց: 911 զանգելուց հետո նա քահանայության օրհնություն տվեց նրան: Հրաշքով շտապօգնությունը ընդամենը հինգ րոպե հեռավորության վրա էր:

Երբ մեր որդուն արագ հասցրին հիվանդանոց, բժշկական անձնակազմը արագ գնահատեց իրավիճակը և որոշեց, որ նա պետք է մի դեղահաբ ընդուներ, որը կարող է հնարավորինս և աստիճանաբար փոխել կաթվածի անշարժացնող հետևանքները։1 Սակայն, եթե մեր որդու մոտ կաթված չլիներ, այդ դեղահաբը կարող էր ծանր հետևանքներ թողնել, օրինակ՝ ուղեղի արյունահոսություն։ Մեր որդին ստիպված էր ընտրություն կատարել։ Նա որոշում կայացրեց ընդունել դեղահաբը։ Թեև լիարժեք վերականգնումը պահանջում էր ավելի շատ վիրահատություններ և շատ ամիսներ, մեր որդին, ի վերջո, վերադարձավ և ավարտեց իր միսիան, երբ կաթվածի հետևանքները զգալիորեն վերականգնվեցին:

Մեր Երկնային Հայրն ամենակարողն ու ամենագիտակն է։ Նա տեղյակ է մեր ֆիզիկական մաքառումների մասին։ Նա տեղյակ է հիվանդության, տարիքի, դժբախտ պատահարների կամ ծննդաբերության խանգարումերի ժամանակ առաջացած մեր ֆիզիկական ցավերից։ Նա տեղյակ է անհանգստության, մենակության, ընկճախտի կամ հոգեկան հիվանդության հետ կապված զգացմունքային մաքառումների մասին: Նա ճանաչում է յուրաքանչյուր մարդու, ով տառապել է անարդարության կամ չարաշահումների պատճառով: Նա գիտի մեր թուլությունները, հակումներն ու գայթակղությունները:

Մահկանացու կյանքում մենք փորձվում ենք, որպեսզի պարզվի, թե արդյոք նախընտրում ենք բարին չարից։ Նրանք, ովքեր պահում են Նրա պատվիրանները, կապրեն Նրա հետ «երբեք չվերջացող երջանկության վիճակում»։2 Որպեսզի օգնի մեզ նմանվել Իրեն, Երկնային Հայրը տվել է ողջ զորությունը և գիտելիքներն Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Չկա որևէ ֆիզիկական, զգացմունքային կամ հոգևոր հիվանդություն, որը Քրիստոսը չի կարող բուժել։3

Փրկիչի մահկանացու ծառայությունից սուրբ գրությունները պատմում են բազմաթիվ հրաշքների մասին, որտեղ Հիսուս Քրիստոսն Իր աստվածային զորության շնորհիվ բուժել է նրանց, ովքեր տառապել են ֆիզիկապես։

Հովհաննեսի ավետարանը պատմում է մի մարդու մասին, ով 38 տարի շարունակ տառապել էր անբուժելի հիվանդությամբ։

«Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ»։

Տկար մարդը պատասխանեց, որ ոչ ոք չուներ, որ օգներ իրեն կարիքի պահին։

«Հիսուսը նորան ասաց. «Վեր կաց, մահիճդ առ և ման եկ։

«Եվ մարդն իսկոյն ողջացավ, և վեր առավ իր մահիճը և ման էր գալիս»։4

Ուշադրություն դարձրեք այն զուգադրմանը, թե որքան երկար էր այդ մարդը ինքնուրույն տառապել, 38 տարի, և որքան արագ բուժվեց Փրկիչի մասնակցությամբ։ Բուժումն «իսկույն էր»։

Մեկ այլ օրինակում, մի կին, ով 12 տարի արյան խնդիր էր ունեցել, ով «իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով , … Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ և իսկույն նրա արյունի վազելը [կանգնեց]։ …

Եւ Յիսուսը ասեց, … Մեկը դպաւ ինձ. որովհետեւ ես իմացայ` որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից:

Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չմնաց, … եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, … թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ:5

Իր ծառայության ժամանակ Քրիստոսն ուսուցանում էր, որ զորություն ուներ ֆիզիկական մարմնի դեմ։ Մենք չենք կարող վերահսկել այն ժամանակը, թե Քրիստոսը երբ կբուժի մեր ֆիզիկական հիվանդությունները։ Ապաքինումը տեղի է ունենում Նրա կամքով և իմաստությամբ։ Սուրբ գրություններում ոմանք տասնամյակներ շարունակ տառապել են, մյուսները՝ ամբողջ մահկանացու կյանքը: Մահկանացու տկարությունները կարող են մաքրել մեզ և մեծացնել մեր կախվածությունն Աստծուց: Բայց երբ մենք թույլ տանք Քրիստոսը մասնակցի, Նա միշտ հոգևորապես կուժեղացնի մեզ, որպեսզի ավելի շատ ունակություն ունենանք՝ մեր բեռները տանելու համար։

Ի վերջո, մենք գիտենք, որ ամեն ֆիզիկական հիվանդություն, տկարություն կամ անկատարություն կբժշկվի Հարության մեջ: Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ դա պարգև է բոլոր մարդկանց։6

Հիսուս Քրիստոսը կարող է ավելին բուժել, քան մեր ֆիզիկական մարմիններն են։ Նա կարող է բուժել նաև մեր հոգին։ Սուրբ գրություններից մենք սովորում ենք, թե ինչպես Քրիստոսն օգնեց նրանց, ում հոգիները թույլ էին և առողջացրեց նրանց։7 Երբ մտածում ենք այդ փորձառությունների մասին, մեր հույսն ու հավատը մեծանում է մեր կյանքն օրհնելու Փրկիչի զորության հանդեպ։ Հիսուս Քրիստոսը կարող է փոխել մեր սրտերը, բուժել մեզ անարդարության կամ չարաշահման հետևանքներից, ավելի մեծ ուժ տալ կրելու մեր կորուստը և խոր վիշտը, և տալ մեզ խաղաղություն՝ օգնելով դիմանալ մեր կյանքի փորձություններին և բժշկել մեր զգացմունքները:

Քրիստոսը կարող է բուժել մեզ, երբ մեղք ենք գործում։ Մենք մեղք ենք գործում, երբ գիտակցաբար խախտում ենք Աստծո օրենքներից մեկը։8 Երբ մեղք ենք գործում, մեր հոգին դառնում է անմաքուր։ Ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո ներկայության մեջ:9 «Մեղքից մաքրվելը հոգևորապես բժշկվելն է»։10

Հայր Աստված գիտի, որ մենք մեղք կգործենք, բայց նա ուղի է պատրաստել մեր փրկագնման համար։ Երեց Լին Գ. Ռոբբինսն ուսուցանել է․ «Ապաշխարությունը [Աստծո] պահուստային ծրագիրը չէ այն դեպքերի համար, երբ հնարավոր է, ձախողվենք: Ապաշխարությունը Նրա ծրագիրն է, իմանալով հանդերձ, որ մենք ձախողվելու ենք»։11 Երբ մենք մեղք ենք գործում, մենք հնարավորություն ունենք տարբերել բարին չարից։ Մեղքից հետո մենք բարին ենք ընտրում, երբ ապաշխարում ենք։ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ կարող ենք փրկագնվել մեր մեղքերից և վերադառնալ Հայր Աստծո ներկայությունը, եթե մենք ապաշխարենք: Հոգևոր ապաքինումը միակողմանի չէ, այն պահանջում է Փրկիչի փրկագնող զորությունն ու անկեղծ ապաշխարությունը մեղավորի կողմից: Նրանք, ովքեր չեն ընտրում ապաշխարության ճանապարհը, մերժում են բժշկելու Քրիստոսի առաջարկը։ Նրանց համար, կարծես, ոչ մի փրկագնում չէր արվել։12

Ուրիշներին ապաշխարելու խորհուրդ տալիս, ես միշտ զարմացել եմ, որ մեղքի մեջ ապրող մարդիկ դժվարանում են ճիշտ որոշումներ կայացնել: Սուրբ Հոգին լքում էր նրանց, և նրանք հաճախ դժվարանում էին այնպիսի ընտրություններ կատարել, որոնք նրանց ավելի կմոտեցնեին Աստծուն: Նրանք ամիսներ կամ տարիներ շարունակ պայքարում էին՝ ամաչելով կամ վախենալով իրենց մեղքերի հետևանքներից: Հաճախ նրանք զգում էին, որ երբեք չեն կարող փոխվել կամ ներվել: Հաճախ ինձ պատմել են, որ վախենում են նրանից, որ եթե իրենց սիրելիները բացահայտեն իրենց արարքը, նրանք կդադարեն սիրել կամ կհեռանան: Երբ նրանք այդպես էին մտածում, որոշում էին կայացնում պարզապես լռել և հետաձգել իրենց ապաշխարությունը: Նրանք սխալմամբ կարծում էին, որ ավելի լավ է չապաշխարել հիմա, որպեսզի այլևս ցավ չպատճառեն իրենց սիրելիներին: Իրենց մտքում ավելի լավ էր տառապել այս կյանքից հետո, քան հիմա՝ ապաշխարության ընթացքի միջոցով: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ձեր ապաշխարության հետաձգումը երբեք լավ գաղափար չէ։ Հակառակորդը հաճախ օգտագործում է վախը, որպեսզի խանգարի մեզ անմիջապես կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը:

Երբ սիրելիները լսում են մեղավոր վարքի մասին ճշմարտությունը, թեև նրանք կարող են խորապես վիրավորվել, նրանք հաճախ ցանկանում են օգնել անկեղծորեն ապաշխարող մեղավորին փոխվել և հաշտվել Աստծո հետ: Անշուշտ, հոգևոր ապաքինումն արագանում է, երբ մեղավորը խոստովանում է և շրջապատված է նրանց կողմից, ովքեր սիրում և օգնում են նրան՝ թողնելու իր մեղքերը: Խնդրում ենք հիշել, որ Հիսուս Քրիստոսը զորեղ է և նաև բուժում է անմեղ զոհերին, ովքեր դիմում են Նրա օգնությանը։13

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է․ «Մեր հոգիները վնասվում են, երբ մենք կատարում ենք սխալներ և գործում մեղքեր: Բայց ի տարբերություն մեր մահկանացու մարմինների, երբ ապաշխարության գործընթացն ավարտվում է, ոչ մի սպի չի մնում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Սա է խոստումը. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» [Վարդապետություն և Ուխտեր 58․42]»։14

Երբ ապաշխարում եք «սրտի ողջ նվիրվածությամբ»,15 ձեր կյանքում «փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»։16 Փրկիչը կբուժի մեզ։

Կաթվածից տուժած մեր որդուն օգնություն ցուցաբերած միսիայի զուգընկերը և մասնագիտական բժշկական անձնակազմը արագ արձագանքեցին։ Մեր որդին ստացավ կաթվածը վերականգնող դեղահաբը։ Վերկանգնվեցին անշարժացնող հետևանքները, որոնք կարող էին նրան ուղեկցել իր ողջ մահկանացու կյանքի ընթացքում։ Նմանապես, որքան շուտ ապաշխարենք և Հիսուս Քրիստոսի Քավությունը մեր կյանք բերենք, այդքան շուտ կարող ենք բուժվել մեղքի հետևանքներից:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հետևյալ հրավերն է հղել․ «Եթե դուք դուրս եք եկել այդ ուղուց, թույլ տվեք հրավիրել՝ … ետ վերադարձեք։ Անկախ ձեր մտահոգություններից, անկախ ձեր խնդիրներից, Տիրոջ այս Եկեղեցում ձեզ համար տեղ կա։ Դուք և դեռ չծնված սերունդները կօրհնվեք, եթե դուք այժմ վերադառնաք ուխտի ուղու վրա»։17

Մեր հոգևոր ապաքինման համար անհրաժեշտ է ընդունել այն պայմանները, որոնք մեր Փրկիչն է կարևորել։ Մենք չպիտի հետաձգենք: Մենք պիտի այսօր գործենք։ Գործեք հիմա, որպեսզի հոգևոր կաթվածը չխանգարի ձեր հավերժական առաջընթացին: Իմ ելույթի ժամանակ, եթե զգացել եք, որ պետք է ներողություն խնդրեք ինչ-որ մեկից, ապա ես հրավիրում եմ ձեզ գործել: Նրանց պատմեք, թե ինչ եք արել: Հայցեք նրանց ներումը։ Եթե որևէ մեղք եք գործել, որն ազդում է ձեր տաճարային արժանավորության վրա, ես հրավիրում եմ այսօր ևեթ խորհուրդ անել ձեր եպիսկոպոսի հետ։ Մի հետաձգեք:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված մեր սիրող Երկնային Հայրն է։ Նա ողջ զորությունը և գիտելիքները տվել է Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նրա շնորհիվ ամբողջ մարդկությունը մի օր կապաքինվի բոլոր ֆիզիկական հիվանդություններից: Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ, եթե մենք ապաշխարենք և մեր սրտերը լիովին դարձնենք դեպի Փրկիչը, նա հոգևորապես կբուժի մեզ: Այդ ապաքինումը կարող է սկսվել անմիջապես։ Ընտրությունը՝ մերն է։ Կամենո՞ւմ ենք առողջ լինել։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը վճարեց գինը, որ մենք կարողանանք առողջ լինել։ Բայց մենք պիտի որոշում կայացնենք՝ ընդունելու Նրա ապաքինող դեղահաբը։ Ընդունե՛ք այն այսօ՛ր։ Մի հետաձգեք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Այդ դեղահաբը կոչվում է tPA (հյուսվածքի պլազմինոգեն ակտիվատոր)։

  2. Մոսիա 2.41

  3. Տես Մատթեոս 4․24։ Քրիստոսը բուժեց բոլոր հիվանդներին, նույնիսկ «ամեն հիվանդներին», «կերպ կերպ ցավերով», «դիվահարներին» և «լուսնոտներին»։

  4. Տես Հովհաննես 5․5–9, շեշտադրումն ավելացված է։

  5. Տես Ղուկաս 8․43–47, շեշտադրումն ավելացված է։

  6. Տես Ալմա 40.23, Հելաման 14.17։

  7. Տես Ղուկաս 5․20, 23–25, տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 5․23 (Ղուկաս 5․23, տողատակի գրառում ա)․ «Մեղքեր ներելը արդյո՞ք ավելի ուժ է պահանջում, քան հիվանդին ստիպելը վեր կենալ և քայլել»:

  8. Տես Ա Հովհաննես 3․4։:

  9. Տես 3 Նեփի 27․19։

  10. «Հիսուս Քրիստոսի ավետարանը», Քարոզիր իմ ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց, փոփ. հրտ. (2018), lds.org/manual/missionary։

  11. ԼԻն Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Լիահոնա, մայիս 2018, 22։

  12. Sես Մոսիա 16․5:

  13. Շատ դեպքերում ես ականատես եմ եղել այն անձանց արագացված ապաքինմանը, երբ ընտանիքի անդամները հավաքվել են այն մարդու շուրջ, ով խախտել է հավատարմության և վստահության խոստումները, և օգնել են նրան լիարժեք դառնալ դեպի Փրկիչը իր կյանքում Նրա բժշկող զորությունը ստանալու համար։ Եթե իսկապես ապաշխարող հոգին անկեղծորեն ձգտում է փոխվել, ընտանիքի անդամները, օգնելով նրան ավետարանի ուսումնասիրության, անկեղծ աղոթքի և Քրիստոսանման ծառայության մեջ, ոչ միայն օգնում են մեղավորին փոխվել, այլև բացում են դուռն իրենց կյանքում Փրկիչից ավելի լիարժեք ապաքինում ստանալու համար։ Անհրաժեշտության դեպքում, անմեղ զոհերը կարող են օգնել մոլորված մեղավորին՝ փնտրելով երկնային առաջնորդություն, թե ինչ ուսումնասիրել, ինչպես ծառայել և ներգրավել ընտանիքի անդամներին՝ աջակցելու և ամրապնդելու ապաշխարող հոգուն, որպեսզի փոխվի և օգտվի Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությունից:

  14. Բոյդ Ք.Փաքեր, «Երջանկության Ծրագիրը», Լիահոնա, մայիս 2015, 2628:

  15. 3 Նեփի 18.32

  16. Ալմա 34.31, շեշտադրումն ավելացված է:

  17. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։