2010–2019 թթ․
Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում
նախորդ հաջորդ

Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում

Քրիստոսի հավատքում կայուն և հաստատուն լինելու համար անհրաժեշտ է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ներթափանցի մարդու սիրտը և հոգին:

Հին Կտակարանի պատմության մեջ կարդում ենք հաջորդող ժամանակաշրջանների մասին, երբ Իսրայելի զավակները պատվում էին Եհովայի հետ կապած իրենց ուխտը և երկրպագում էին Նրան, իսկ ուրիշ ժամանակներում անտեսում էին այդ ուխտը և երկրպագում էին կուռքերին կամ Բահաղին։1

Աքաաբի թագավորությունը Իսրայելի հյուսիսային թագավորությունում ուրացության ժամանակաշրջաններից մեկն էր։ Մի անգամ մարգարե Եղիան Թագավոր Աքաաբին պատվիրեց Իսրայելի ժողովրդին և Բահաղի մարգարեներին ու քահանաներին հավաքել Կարմեղոս սարի վրա։ Երբ մարդիկ հավաքվեցին, Եղիան ասաց նրանց․ «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա։ [կամ այլ կերպ ասած, «Ե՞րբ կորոշեք մեկնդմիշտ»], եթե Տերն է Աստված, հետևեք նրան, բայց եթե Բահաղն է, ապա հետևեք նրան։ Եվ ժողովուրդը նրան մի բան պատասխան չտվավ»։2 Այսպիսով, Եղիան ասաց, որ ինքը և Բահաղի մարգարեները մորթեն մի մատղաշ ցուլ և դնեն իրենց զոհասեղանների փայտերի վրա, բայց «կրակ չդնեն»։3 Ապա, «դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ ես կկանչեմ Եհովայի անունը. Եւ կլինի՝ այն աստուածը, որ կրակով պատասխան կտայ, նա է Աստուածը։ Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց՝ եւ ասեցին. Լաւ խօսք է»։4

Դուք հիշում եք, որ Բահաղի քահանաները իրենց աներևույթ աստծուն ժամերով կանչում էին, որ կրակ ուղարկի, բայց «Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող և ոչ լսող»։5 Երբ հերթը հասավ Եղիային,նա վերականգնեց Տիրոջ կոտրված զոհասեղանը, փայտը և զոհը դրեց դրա վրա, այնուհետև հրամայեց, որ դրանց վրա ջուր լցնեն և ոչ թե մեկ, այլ՝ երեք անգամ: Կասկածից վեր էր, որ նա, կամ որևէ այլ մարդկային ուժ կարող էր կրակը վառել։

«Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ …

Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։

Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած»։6

Այսօր, Եղիան կարող է ասել․

  • Կամ մեր Երկնային Հայրն ապրում է, կամ չի ապրում, բայց եթե Նա ապրում է՝ երկրպագեք Նրան։

  • Կամ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է՝ մարդկության հարություն առած Փրկիչը, կամ դա այդպես չէ, բայց եթե դա այդպես է՝ հետևեք Նրան։

  • Կամ էլ, Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, կամ ոչ, բայց եթե այն Աստծո խոսքն է, ապա «ապրելով ըստ դրա ցուցումների [և ուսումնասիրելով այն] ավելի շատ մոտեցեք Աստծուն»։7

  • Կամ Ջոզեֆ Սմիթը 1820 թվականի այդ գարնան օրը տեսավ և հաղորդակցվեց Հոր և Որդու հետ, կամ ոչ, բայց եթե դա տեղի ունեցավ, ապա հետևեք մարգարեական թիկնոցին, այդ թվում՝ կնքման բանալիներին, որոնք ես՝ Եղիաս, շնորհեցի նրան։

Վերջին գերագույն համաժողովի ժամանակ Մարգարե Ռասսել Մ․ Նելսոնը հայտարարեց․ «Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է [տես Մորոնի 10․5]։ Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է»։8

Երբ Հակոբոսը խոստացավ, որ Աստված «տալիս է առատությամբ» այն մարդկանց, ովքեր փնտրում են Նրա իմաստությունը,9 նա նաև զգուշացրեց․

«Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին:

Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ:

Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը»:10

Մյուս կողմից, մեր Փրկիչը կայունության կատարյալ օրինակ էր: Նա ասել է․ «Ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում»։11 Սուրբ գրություններից դիտարկեք տղամարդկանց և կանանց այս նկարագրությունները, ովքեր Փրկիչի նման կայուն ու հաստատուն էին․

Նրանք «դարձի էին բերվել ճշմարիտ հավատքի. և նրանք չկամեցան հեռանալ դրանից, քանզի նրանք կայուն էին և հաստատուն և անսասան, հոժար լինելով ողջ ջանասիրությամբ պահելու Տիրոջ պատվիրանները»:12

«Նրանց միտքն անսասան է, և նրանք շարունակ դնում են իրենց վստահությունը Աստծո վրա»:13

«Եվ ահա, դուք ինքներդ գիտեք, քանզի դուք ականատես եք եղել դրան, որ բոլոր նրանք, ովքեր բերվել են ճշմարտության իմացությանը … կայուն ու հաստատուն են հավատքում, և այն բանում, որի միջոցով իրենք դարձել են ազատ»։14

«Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին»։15

Քրիստոսի հավատքում կայուն և հաստատուն լինելու համար անհրաժեշտ է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ներթափանցի մարդու սիրտը և հոգին, որը նշանակում է, որ ավետարանը ոչ միայն պիտի դառնա այդ մարդու կյանքի ազդակներից մեկը, այլև նրա կյանքի ու բնավորության որոշիչ կիզակետը։ Տերն ասում է.

«Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը։

Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք։

«Եվ … դուք իմ ժողովուրդը լինեք, և ես ձեր Աստվածը լինեմ»։16

Այդ ուխտն ենք մենք կապում մեր մկրտության և տաճարային արարողությունների ժամանակ։ Սակայն, ոմանք, դեռևս ամբողջովին չեն ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանն իրենց կյանքում։ Թեև, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, նրանք «Մկրտությունով [Քրիստոսի] հետ թաղվեցան», նրանց մոտ դեռևս բացակայում է նմանատիպ մի մաս, որ «ինչպես Քրիստոսը … մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք»։17 Ավետարանը դեռևս չի բնորոշում նրանց։ Նրանք դեռ կենտրոնացած չեն Քրիստոսի վրա։ Նրանք խտրականությամբ են հետևում վարդապետություններին և պատվիրաններին և այն հարցին, թե երբ և որ կոչման մեջ կծառայեն Եկեղեցում։ Ի տարբերություն նրանց, ովքեր «ընտրված են ուխտի համաձայն»18 և ճշգրտությամբ պահում են ուխտերը, խուսափում են խաբեությունից և մնում կայուն Քրիստոսի հավատքում։

Մեզանից շատերն այս պահին գտնվում են երկու ծայրահեղ բևեռների միջև․ մի կողմից՝ սոցիալական դրդապատճառներից ելնելով՝ մասնակցում են ավետարանին առնչվող գործերին, իսկ մյուս կողմից՝ լիովին հասունացած Քրիստոսանման հանձնառությամբ կատարում են Աստծո կամքը։ Ինչ-որ մի տեղ այդ միջանկյալ դիրքում Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը թափանցում է մեր սիրտը և տիրում մեր հոգուն։ Հնարավոր է, դա տեղի չունենա մի ակնթարթում, բայց մենք բոլորս պիտի շարժվենք այդ օրհնված վիճակի ուղղությամբ։

Դժվար է կայուն ու հաստատուն մնալ, երբ զտվում ենք «չարչարանքի վառարանում»,19 մի բան, որ վաղ թե ուշ պատահում է բոլորիս հետ այս մահկանացու կյանքում։ Առանց Աստծո, այդ դժգույն փորձառությունները հակված են վհատության, հուսահատության և նույնիսկ դառնության: Աստծո հետ, սփոփանքը փոխարինում է ցավին, խաղաղությունը փոխարինում է խառնաշփոթին և հույսը փոխարինում է վշտին։ Մնալով կայուն Քրիստոսի հավատքում, մենք կստանանք Նրա անսպառ շնորհն ու աջակցությունը։20 Նա փորձությունը կդարձնի օրհնություն և Եսայիայի խոսքերով՝ «փառք տրվի մոխրի տեղ»։21

Թույլ տվեք իմ անձնական փորձից կիսվել երեք օրինակով․

Կա մի կին, ով տառապում է թուլացնող, խրոնիկ հիվանդությամբ, և չնայած բժշկական ուշադրությանը, քահանայության օրհնություններին, ծոմապահությանը և աղոթքին, հիվանդությունը չի նահանջում: Այնուամենայնիվ, աղոթքի զորության և իր հանդեպ Աստծո սիրո իսկության մասին նրա հավատքը չի նվազում։ Նա առաջ է շարժվում օր-օրի (իսկ երբեմն էլ ժամ-առ-ժամ), ծառայելով Եկեղեցում իր կոչման մեջ և ամուսնու հետ միասին հոգ է տանում իր երիտասարդ ընտանիքի մասին՝ ժպտալով այնքան, որքան ինքը կարող է: Ուրիշների հանդեպ նրա կարեկցանքը շատ խորն է և զտված է իր տառապանքների գնով, և նա, երբեմն, ինքնամոռաց սպասավորում է ուրիշներին։ Նա հաստատուն կերպով առաջ է շարժվում և մարդիկ երջանիկ են զգում նրա կողքին։

Մի մարդ, ով մեծացել է Եկեղեցում, ծառայել է լիաժամկետ միսիա և ամուսնացել մի գեղեցիկ կնոջ հետ, զարմանում է, երբ իր հարազատ եղբայրներից ու քույրերից ոմանք սկսում են քննադատաբար խոսել Եկեղեցու և Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Ժամանակի ընթացքում նրանք հեռացան Եկեղեցուց և փորձեցին համոզել նրան նույնպես հեռանալ։ Ինչպես հաճախ է նման դեպքերում պատահում, նրանց վրա սկսեց նամակների, հեռարձակումների ու տեսանյութերի տարափ տեղալ քննադատների կողմից, որոնց մեծ մասը Եկեղեցու նախկին դժգոհ անդամներ էին։ Նրա հարազատ եղբայրներն ու քույրերը ծաղրում էին նրա հավատքը և ասում, որ նա դյուրահավատ է ու խաբված։ Նա պատասխան չուներ բոլոր նրանց պնդումների համար, և նրա հավատքը սկսեց տատանվել անողոք ընդդիմության ներքո: Նա մտածում էր Եկեղեցի չգնալու մասին։ Նա խոսեց իր կնոջ հետ։ Նա խոսեց իր վստահելի մարդկանց հետ։ Նա աղոթեց։ Երբ խորհում էր այդ մտահոգ վիճակում, նա հիշեց պահեր, երբ զգացել էր Սուրբ Հոգին և Հոգու կողմից վկայություն ստացել։ Նա եզրափակեց․ «Եթե ազնիվ լինեմ ինքս ինձ հետ, պետք է խոստովանեմ, որ Հոգին շատ անգամներ է դիպչել ինձ և Հոգու վկայությունը ճշմարիտ է»։ Նա ունի երջանկության և խաղաղության նորացված զգացում, որը կիսում են իր կինն ու երեխաները:

Ամուսինն ու կինը, ովքեր հետևողականորեն և երջանիկ հետևել են Եղբայրների խորհուրդներին իրենց կյանքում, վշտացած էին երեխաներ ունենալու դժվարության պատճառով: Նրանք էական միջոցներ էին ծախսել բանիմաց բժշկական մասնագետների հետ աշխատելիս, և մի որոշ ժամանակ անց որդի ունեցան։ Բայց, ցավոք, մեկ տարի անց երեխան դարձավ դժբախտ պատահարի զոհ, որտեղ ոչ-ոք մեղավոր չէր, բայց այն թողեց նրան անգիտակից վիճակում՝ ուղեղի զգալի վնասվածքով։ Նա լավագույն խնամքն էր ստացել, բայց բժիշկները չէին կարող կանխագուշակել, թե բուժումն ինչպես կընթանա։ Այդ երեխայի լույս աշխարհ գալու համար զույգըերկար էր աշխատել և աղոթել, որոշ իմաստով երեխային վերցրել էին նրանցից, և վերջիններս չգիտեին՝արդյոք հետ կստանային։ Այժմ, իրենց պարտականությունների հետ մեկտեղ, նրանք պայքարում են հոգ տանել իրենց երեխայի կենսական կարիքների մասին։ Այդ ամենադժվար պահին նրանք դիմում են Տիրոջը։ Նրանք ապավինում են Տիրոջից ստացած «օրվա հացին»։ Նրանց օգնում են կարեկից ընկերներն ու ընտանիքի անդամները, և նրանք ամրապնդվում են քահանայության օրհնությունների շնորհիվ։ Ամուսիններն ավելի են մոտեցել իրար, նրանց միասնությունը, թերևս, այժմ ավելի խորն ու ավելի ամբողջական է, քան երբևէ։

1837 թվականի հուլիսի 23-ին Տերը հայտնություն տվեց այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Թոմաս Բ․ Մարշին։ Այն պարունակում էր հետևյալը.

«Եվ աղոթիր Տասներկուսի քո եղբայրների համար: Խստորեն խրատիր նրանց՝ հանուն իմ անվան, և թող նրանք խրատվեն իրենց բոլոր մեղքերի համար, և հավատարիմ եղիր իմ առաջ՝ իմ անվան համար:

Եվ նրանց գայթակղություններից և շատ նեղությունից հետո, ահա, ես՝ Տերս, կփնտրեմ նրանց, և եթե նրանք կարծրացրած չլինեն իրենց սրտերը և խստացրած չլինեն իրենց պարանոցներն իմ դեմ, նրանք դարձի կգան, և ես կբժշկեմ նրանց»։22

Հավատացած եմ, որ այս հատվածներում արտահայտված սկզբունքները վերաբերում են մեզ բոլորիս։ Մեր գայթակղությունները և նեղությունները, ինչպես նաև բոլոր այն փորձությունները, որոնք Տերը նպատակահարմար է գտնում մեզ համար, կարող է ամբողջովին դարձի բերել և բուժել մեզ։ Բայց դա տեղի է ունենում, եթե չենք կարծրացնում մեր սրտերը կամ խստացնում մեր պարանոցները Նրա դեմ: Եթե մնանք կայուն ու հաստատուն, անկախ նրանից՝ ինչ կպատահի, մենք ձեռք կբերենք այն դարձը, որի մասին Փրկիչն ասաց Պետրոսին, «դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»,23 մի ամբողջական դարձ, որը հնարավոր չէ կործանել։ Խոստացված բուժումը մեղքից վիրավոր մեր հոգիների մաքրումն ու սրբագործումն է, որը դարձնում է մեզ սուրբ:

Հիշում եմ մեր մայրիկների խորհուրդը․ «Կեր բանջարեղենը, այն քեզ համար օգտակար է»։ Մեր մայրերը ճշմարիտ են և հավատքի հաստատակամության համատեքստում «կեր բանջարեղենը» նշանակում է՝ շարունակ աղոթել, ամեն օր սնվել սուրբ գրություններով, Եկեղեցում ծառայել ու երկրպագել, յուրաքանչյուր շաբաթ արժանի հաղորդություն ընդունել, սիրել ձեր մերձավորին և կրել ձեր խաչը՝ ամեն օր հնազանդվելով Աստծուն։24

Միշտ հիշեք այն խոստումը, որ թե՛ հիմա, թե՛ դրանից հետո, լավ բաներ են ստանում նրանք, ովքեր ամուր են և հաստատուն Քրիստոսի հավատքում: Հիշեք «հավերժական կյանքի և սրբերի ուրախության» մասին։25 «Ո՜վ դուք, բոլորդ, որ մաքուր եք սրտով, բարձրացրեք ձեր գլուխները և ընդունեք Աստծո հաճելի խոսքը և վայելեք նրա սերը. քանզի ձեզ թույլ է տրված, եթե ձեր մտքերը կայուն են հավիտյան»։26 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: