2010–2019 թթ․
Խոցվածը
նախորդ հաջորդ

Խոցվածը

Երկրային փորձությունների խաչմերուկում համբերությամբ առաջ գնացեք և Փրկիչի բուժիչ ուժը կբերի լույս, հասկացողություն, խաղաղություն և հույս:

2016թ․ մարտի 22-ին՝ առավոտյան ժամը ութի սահմաններում, ահաբեկչական երկու ռումբ պայթեց Բրյուսելի օդանավակայանում։ Քույր Ֆանի Քլեյնին պատրաստվում էր միսիայի ծառայություն իր թռիչքին՝ դեպի Քլիվլենդ (Օհայո), և երեց Ռիչարդ Նորբին, երեց Մեյսոն Ուելսը և երեց Ջոզեֆ Էմփին ուղեկցել էին նրան Բրյուսելի օդանավակայան։ Պայթյունը երեսուներկու մարդու կյանք խլեց և բոլոր միսիոներները վիրավորեցին։

Ամենալուրջ վնասվածքը ստացել էր 66-ամյա Երեց Ռիչարդ Նորբին, որը իր կնոջ՝ քույր Պամ Նորբիի հետ ծառայության մեջ էր։

Երեց Նորբին հիշում է այդ պահը․

«Ես, իսկույն, գլխի ընկա, թե ինչ է կատարվել։

Փորձեցի մի անվտանգ տեղ վազել, բայց անմիջապես վայր ընկա…․ Նկատեցի, որ ձախ ոտքս խիստվնասվել էլ։ [Նկատեցի], որ ձեռքերիս վրա սև սարդոստայնի պես՝ խեժանման մի բան սկսեց դուրս գալ։ Նրբորեն փորձեցի մաքրել այն, սակայն հասկացա, որ խեժ չէր, այլ այրված մաշկս էր։ Մեջքս նույնպես վնասվել էր և սպիտակ վերնաշապիկս կամաց-կամաց կարմրում էր։

Երբ տեղի ունեցածի գիտակցությունը լցրեց միտքս, ես շատ ուժեղ զգացում ունեցա, որ…․ Փրկիչը գիտի թե որտեղ եմ ես, ինչ էր հենց նոր տեղի ունեցել, և թե ինչ էի զգում այդ պահին»։1

Առջևում դժվար օրեր էին Ռիչարդ Նորբիի և նրա կնոջ՝ Փամի համար։ Նրան բուժական թմբիրի մեջ գցեցին, որին հետևեցին վիրահատություններ, վարակներ և մեծ անորոշության վիճակ:

Ռիչարդ Նորբին կենդանի մնաց, սակայն նրա կյանքը այլևս նույնը չի լինի։ Երկու և կես տարի անց, նրա վերքերը դեռ բուժվում են. ոտքի բացակայող մասին երկաթակապ է փոխարինում. ամեն քայլ տարբերվում է նրանից, ինչ Բրյուսելի օդանավակայանի այդ պահից առաջ էր:

Ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ Ռիչարդ և Փամ Նորբիների հետ։2 Նրանք հավատարիմ էին եղել իրենց ուխտերին, ևս մեկ միսիա էին ծառայել՝ Կոտ դ’Իվուարում, և հրաշալի ընտանիք էին մեծացրել։ Ինչ-որ մեկը տրամաբանելով՝ կասի, «Արդար չէ: Պարզապես արդար չէ։ Նրանք իրենց կյանքը նվիրել էին Հիսուս Քրիստոսի ավետարանին. ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ»։

Սա մահկանացու կյանք է

Մանրամասները տարբերվում են, բայց ողբերգությունները, անակնկալ ստուգարքներն ու փորձությունները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր, պատահում են յուրաքանչյուրիս հետ, քանի որ սա մահկանացու կյանք է:

Մտածելով համաժողովի միայն այս առավոտվա խոսնակների մասին, ես հասկացա, որ նրանցից երկուսի զավակներն ու երեքի թոռները անսպասելիորեն իրենց երկնային տուն են վերադարձել։ Ոչ ոք զերծ չի մնացել հիվանդությունից ու տխրությունից, և ինչպես ասվեց, հենց այս շաբաթ, երկրային հրեշտակներից մեկը, ում բոլորս սիրում ենք՝ Քույր Բարբարա Բալլարդը, մեղմորեն անցավ վարագույրի մյուս կողմը: Նախագահ Բալլարդ, մենք երբեք չենք մոռանա այս առավոտվա ձեր վկայությունը։

Մենք երջանկություն ենք որոնում։ Մենք խաղաղություն ենք փափագում։ Մենք սիրո հույս ունենք։ Եվ Տերը զարմանահրաշ օրհնություններ է առատորեն թափում մեզ վրա։ Բայց ուրախությանն ու երջանկությանը միահյուսված մի բան կա․ կլինեն պահեր, ժամեր, օրեր, երբեմն տարիներ, երբ ձեր հոգին վիրավորանք կզգա:

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք ճաշակելու ենք և՛ դառնություն, և՛ քաղցրություն,3 և որ լինելու է «հակադրություն բոլոր բաներում»:4 Հիսուսն ասել է․ «[Հայրը] իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վերայ, և անձրև է բերում արդարների և անիրաւների վերայ»:5

Հոգու վերքերը չեն գալիս հարստության կամ աղքատության հետ, բնորոշ չեն որևէ մշակույթի, ոչ էլ ազգի կամ սերնդի։ Նրանք հասնում են բոլորին ու այն դասերի մասն են, որ սովորում ենք այս մահկանացու փորձառության ընթացքում:

Արդարները անխոցելի չեն

Իմ այսօրվա ուղերձը հատկապես այն մարդկանց համար է, ովքեր պահում են Աստծո պատվիրանները, պահում են Աստծուն տված խոստումները և Նորբիների նման ու աշխարհասփյուռ այս լսարանի ուրիշ շատ տղամարդկանց, կանանց ու երեխաների նման, դիմակայում են անսպասելի ու ցավոտ փորձությունների ու մարտահրավերների:

Մեր վերքերը կարող են լինել բնական աղետի կամ դժբախտ պատահարի հետևանք։ Նրանք կարող են գալ անհավատարիմ ամուսնուց կամ կնոջից՝ տակնուվրա անելով արդար կողակցի ու երեխաների կյանքը: Վերքեր կարող են հասցնել ընկճախտի խավարն ու մռայլությունը, անսպասելի հիվանդությունը, հարազատի տառապանքը կամ վաղաժամ մահը, հավատը մերժող ընտանիքի անդամի համար եկող տխրությունը, հանգամանքների բերումով հավերժական զուգընկեր չունենալու միայնակությունը կամ հարյուրավոր այլ տանջող, ցավալի «[վշտեր], որ աչքը չի տեսել»6:

Բոլորս հասկանում ենք, որ դժվարությունները կյանքի մի մասն են, բայց երբ անձամբ մեզ է հասնում, կարծես մեզ շնչակտուր է անում: Առանց տագնապի՝ մենք պետք է պատրաստ լինենք։ Պետրոս առաքյալն ասել է. «Օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ»:7 Մեր Հոր ծրագրում երջանկության և ուրախության վառ գույնի թելերին միահյուսված են նաև փորձությունների և ողբերգության մուգ գույները: Հաղթահարելը դժվար է, բայց մեր ամենամեծ դասերը հաճախ սովորում ենք հենց այդ ջանքերից։8

Հելամանի 2060 պատանի մարտիկների զարմանահրաշ պատմությունը հիշատակելիս, մենք սիրով վկայակոչում ենք հետևյալ սուրբ գրությունը․ «Համաձայն Աստծո բարության և ի մեծ զարմանս մեզ, և նաև ի ուրախություն մեր ողջ բանակի, չկար նրանցից մեկ հոգի, որ մեռած լիներ»:

Ապա նախադասությունը շարունակվում է․ «Եվ ոչ էլ կար մի հոգի նրանց մեջ, որ ստացած չլիներ շատ վերքեր»։9 2060 պատանիներից յուրաքանչյուրը ինչ-որ ձևով վիրավորվել էր, և յուրաքանչյուրս էլ կյանքի ճակատամարտում ինչ-որ կերպ վիրավորանք կստանանք՝ ֆիզիկական, թե հոգևոր, թե երկուսից էլ։

Հիսուս Քրիստոսը մեր բարի Սամարացին է:

Երբեք մի հանձնվեք, որքան էլ խորը լինեն ձեր հոգու վերքերը, ինչպիսին էլ լինի դրանց աղբյուրը, որտեղ և երբ էլ հասցված լինեն ձեզ, որքան էլ դրանք կարճ կամ երկար տևեն, դուք մատնված չեք հոգևոր կորստյան: Ձեզ համար նախատեսված է հոգեպես գոյատևել և ծաղկել Աստծո հանդեպ ձեր հավատքով ու վստահությամբ։

Աստված այնպես չի ստեղծել մեր հոգիները, որ Իրենից անկախ ապրենք: Մեր Տերը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր Քավության անզուգական պարգևի շնորհիվ, ոչ միայն փրկում է մեզ մահից և, ապաշխարության միջոցով մեզ առաջարկում է ներում մեր մեղքերի համար, այլ նաև պատրաստ է փրկել մեզ մեր վիրավոր հոգու ցավերից ու վերքերից։10

Փրկիչը մեր Բարի Սամարացին է,11 ով ուղարկված է «սրտով կոտրուածներին բժշկելու»։12 Նա մոտենում է մեզ այն ժամանակ, երբ մյուսները անցնում են կողքով։ Կարեկից ձևով Նա բուժիչ բալասան է քսում ու փաթաթում է մեր խոցերը։ Նա տանում է մեզ: Նա հոգում է մեր մասին։ Նա մեզ հրավիրում է․ «Եկեք ինձ մոտ…․ և ես կբժշկեմ ձեզ»։13

«Եվ [Հիսուսը] պիտի…. [տանի] ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի…․ որպեսզի…․ վեր առնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները…․ [Իր վրա] վեր կառնի [մեր] թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ»։14

Եկեք անմխիթար սրտեր, որ պապակում եք․

Ողորմության գահի մոտ ջերմեռանդ աղոթեք:

Վիրավոր սիրտը բացեք, ցավերը ձեր հայտնեք:

Երկրային բոլոր վշտերը երկնային սիրով բուժեք:15

Մարգարե Ջոզեֆի մեծ տառապանքի ժամին Տերը նրան ասաց. «Այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»։16 Ինչպե՞ս կարող են ցավոտ վերքերը մեր բարիքի համար լինել։ Երկրային փորձությունների խաչմերուկում, համբերությամբ առաջ գնացեք և Փրկիչի բուժիչ ուժը կբերի լույս, հասկացողություն, խաղաղություն և հույս:17

Երբեք անձնատուր մի եղեք

Աղոթեք ձեր ողջ սրտով: Ամրացրեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի, Նրա իրականության՝ Նրա շնորհի հանդեպ: Կառչեք նրա խոսքերից. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զօրությունը տկարության մեջ է կատարվում»18:

Հիշե՛ք, ապաշխարությունը զորավոր հոգևոր դեղամիջոց է։19 Պահեք պատվիրանները և արժանի եղեք Մխիթարիչին, հիշելով, որ Փրկիչը խոստացել է. «Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մոտ»:20

Տաճարի խաղաղությունը բալասան է վիրավոր հոգու համար: Որքան հնարավոր է, հաճախ Տիրոջ տուն վերադարձեք վիրավոր հոգով ու ձեր տոհմածառի անուններով։ Տաճարը մահկանացու կյանքի մեր կարճ ակնթարթը ներկայացնում է հավերժության լայն էկրանին։21

Նայեք հետ, հիշելով, որ նախաերկրային ձեր գոյավիճակում դուք ապացուցել եք ձեր արժանավորությունը: Դուք Աստծո քաջարի զավակն եք և Նրա օգնությամբ կարող եք հաղթել այս ընկած աշխարհի մարտերում: Դուք արել եք դա նախկինում և հիմա ևս կարող եք անել այդ։

Առաջ նայեք։ Ձեր անհանգստություններն ու վշտերը շատ իրական են, սակայն նրանք հավերժ չեն տևի։22 Մութ գիշերը կանցնի, քանի որ ձեր համար պիտի «Որդին բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն»23

Նորբիները ինձ ասացին․ «Ժամանակ առ ժամանակ հիասթափությունը հյուր է գալիս, բայց մենք երբեք թույլ չենք տալիս, որ այն մնա»:24 Պողոս Առաքյալը այսպես է ասել․ «Նեղուած ենք, բայց չենք ճնշուած. կարօտ ենք, բայց չենք տարակուսել. Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած»։25 Ձեր ուժերը հնարավոր է սպառվում են, բայց մի հանձնվեք։26

Նույնիսկ ձեր ցավոտ վերքերի մեջ, բնազդաբար, դուք օգնության ձեռք կմեկնեք ուրիշներին, վստահելով Տիրոջ խոստմանը․ «Որովհետեւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կ’գտնէ նորան»:27 Ուրիշների խոցերը փաթաթող վիրավոր մարդիկ Աստծո հրեշտակներն են երկրի վրա:

Ընդամենը մի քանի րոպեից մենք կլսենք մեր սիրելի մարգարեին՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, մի մարդ, որը անկոտրում հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ, հույսի և խաղաղության մարդ է՝ Աստծո կողմից սիրված, բայց հոգու խոցերից զերծ չմնացած։

1995 թվականին նրա դստեր՝ Էմիլիի մոտ հղիության ժամանակ քաղցկեղ հայտնաբերեցին։ Երբ նրա երեխան առողջ ծնվեց, հույսի ու երջանկության օրեր եղան։ Սակայն քաղցկեղը վերադարձավ և նրա սիրելի Էմիլին հրաժեշտ տվեց այս կյանքին իր 37-րդ տարեդարձից միայն երկու շաբաթ անց՝ թողնելով իր սիրելի ամուսնուն և հինգ երեխաներին։

Նրա մահից կարճ ժամանակ անց Նախագահ Նելսոնը վստահեցրեց․ «Ցավի արցունքներս հոսում էին, ցանկությունների հետ միասին, որ գուցե ավելին կարողանայի անել մեր աղջկա համար…․ Եթե ինձ հարության զորություն տրված լիներ, գուցե ես ցանկանայի նրան ետ վերադարձնել…․ [Բայց] այդ բանալիները տրված են Հիսուս Քրիստոսին և նա կօգտագործի այն Էմիլիի համար…․ ինչպեսև մյուս բոլոր մարդկանց համար՝ Տիրոջ ժամանակին»։28

Անցյալ ամիս Պուերտո Ռիկոյի Սրբերին այցելելիս, հիշելով անցյալ տարվա կործանարար փոթորիկը, Նախագահ Նելսոնը սիրո ու կարեկցանքի խոսքեր ասաց.

«[Սա] կյանքի մասն է կազմում։ Մենք դրա համար ենք այստեղ։ Մենք այստեղ ենք մարմին ունենալու, փորձվելու և ստուգարք անցնելու համար։ Այդ ստուգարքներից մի քանիսը ֆիզիկական են. մի քանիսը հոգևոր են․ այստեղ ձեր անցած փորձությունները թե՛ ֆիզիկական են եղել և թե՛ հոգևոր»։29

«Դուք չեք հանձնվել։ Մենք [մեծապես] հպարտանում ենք ձեզանով։ Դո՛ւք, հավատարիմ Սրբեր, շատ բան եք կորցրել, բայց այդ ամենով անցնելը խթանել է ձեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ»:30

«Աստծո պատվիրանները պահելով, մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ մեր ամենավատ հանգամանքներում»:31

Բոլորի արտասուքը կջնջվի

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, խոստանում եմ ձեզ, որ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ավելացումը ձեզ ուժ ու ավելի մեծ հույս կհաղորդի: Մեր հոգիների բժիշկը, Իր ժամանակին և Իր ձևով կբժշկի ձեր՝ արդարներիդ վերքերը։32 Ոչ մի անարդարություն, ոչ մի հալածանք, ոչ մի փորձություն, ոչ մի կսկիծ, ոչ մի ցավ, ոչ մի տառապանք, ոչ մի վերք՝ որքան խորը, որքան էլ ցավոտ լինի, ոչ մեկը դուրս չի մնա մխիթարությունից, խաղաղությունից և տևական հույսից Նրա, ում բաց ձեռքերն ու խոցված ձեռքերը կընդունեն մեզ Իր ներկայության մեջ: Հովհաննես Առաքյալը վկայում է, որ այն օրը արդարները, «որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը»33 կկանգնեն «սպիտակ հանդերձներ հագած…․ Աստուծոյ աթոռի առաջին»։ Գառը կբնակվե «[մեր] մեջ և Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը [մեր] աչքերիցը»։34 Այդ օրը գալու է։ Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Անձնական զրույց, հունվ. 26, 2018:

  2. Այս տարվա սկզբին մեր զրույցում Ռիչարդ Նորբին ասաց ինձ. «Մենք պատրաստ ենք մեզ տրվածին ճիշտ արձագանքել»: Նա կիսվել է իր հուշատետրից. «Ստուգարքներն ու փորձությունները, որ գալիս են յուրաքանչյուրիս, հնարավորություն և արտոնություն են տալիս՝ ավելի լավ ճանաչելու Փրկչին և ավելի խորությամբ հասկանալ նրա քավիչ զոհաբերությունը: Նրա վրա ենք հենվում։ Նրան ենք փնտրում։ Նրան ենք ապավինում։ Նրան ենք վստահում։ Նրան ենք ողջ սրտով սիրում՝ առանց վերապահումների։ Փրկիչը ծածկել է ֆիզիկական և էմոցիոնալ բոլոր ցավերը, որոնք մահկանացու կյանքի մասն են: Նա տանում է մեր ցավերը։ Մեր վշտերը կուլ են գնում նրանում»։

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 29․39:

  4. 2 Նեփի 2.11

  5. Մատթեոս 5.45

  6. “Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220.

  7. Ա Պետրոս 4.12

  8. «Մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»։ (Աբրահամ 3․25, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101․4–5

  9. Ալմա 57․25։

  10. Ընկերներիցս մեկը գրել է ինձ. «Զգացմունքային «խավարի ու մշուշի» դեմ գրեթե հինգ տարի տևած պայքարը տարբեր աստիճանով ձեզ մոտեցնում է ձեր ունակությունների՝ վճռականության, հավատքի ու համբերության գագաթնակետին: «Տառապանքի» օրերից հետո հոգնում ես: «Տառապանքի» շաբաթներից հետո ուժերդ սպառվում են: «Տառապանքի» ամիսներից հետո գետինը փախչում է ոտքիդ տակից: «Տառապանքի» տարիներից հետո, տրվում ես այն մտքին, հնարավոր է, երբեք այլևս լավ չես զգա: Հույսը դառնում է ամենաթանկարժեք ու գրավիչ պարգևը: Կարճ ասած, վստահ չեմ, որ գիտեմ, թե ինչպես կանցնեի այս փորձության միջով, եթե չլիներ [Փրկիչը]: Դա միակ բացատրությունն է: Չեմ կարող բացատրել, թե ինչպես եմ եկել այդ հասկացողությանը, բայց եկել եմ: Նրա շնորհիվ ես հաղթահարեցի այս ամենը»:

  11. Տես Ղուկաս 10.30–35

  12. Ղուկաս 4.18․ տես նաև Եսայիա 61․1

  13. 3 Նեփի 18.32

  14. Ալմա 7.11–12 «Նա, ով վեր ելավ բարձր, ինչպես և, վայր իջավ բոլոր բաներից ցած, որով և ըմբռնեց բոլոր բաները» (Վարդապետություն և Ուխտեր 88.6):

  15. “Come, Ye Disconsolate,” Hymns, no. 115.

  16. Վարդապետություն և Ուխտեր 122․7

  17. «Դու գիտես Աստծո մեծությունը. և նա կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար»: (2 Նեփի 2․2)։ «Ես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»: (Ալմա 36․3

  18. Բ Կորնթացիս 12.9

  19. See Neil L. Andersen, “The Joy of Becoming Clean,” Ensign, Apr. 1995, 50–53.

  20. Հովհաննես 14.18

  21. «Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք» (Ա Կորնթացիս ԺԵ.19):

  22. Մորմոնի գրքի այս հատվածում Նեփին բացատրել է, որ տեսել է․ «շատ չարչարանքներ [իր] օրերի ընթացքում» (1 Նեփի 1․1)։ Ավելի ուշ, Նեփին ասել է․ «Այնուամենայնիվ, իմ Աստծուն էի նայում ես և ողջ օրը գովք էի անում նրան. և չէի տրտնջում Տիրոջ դեմ՝ իմ չարչարանքների պատճառով»: (1 Նեփի 18․16

  23. 3 Նեփի 25․2

  24. Անձնական զրույց, հունվ. 26, 2018:

  25. Բ Կորնթացիս 4․8–9

  26. Նախագահ Հյու Բ․ Բրաունին Իսրայել այցելելու ժամանակ հարց տվեցին, թե ինչու էր Աբրահամին պատվիրվել զոհաբերել իր որդուն։ Նա պատասխանել էր. «Աբրահամը պետք է ճանաչեր, թե ով է Աբրահամը» (in Truman G. Madsen, Joseph Smith the Prophet [1989], 93)։

  27. Մատթեոս 16․25

  28. Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 32.

  29. Russell M. Nelson, in Jason Swensen, “Better Days Are Ahead for the People of Puerto Rico,” Church News, Sept. 9, 2018, 4.

  30. Russell M. Nelson, in Swensen, “Better Days Are Ahead,” 3.

  31. Russell M. Nelson, in Swensen, “Better Days Are Ahead,” 4.

  32. See Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 85–88.

  33. Հայտնություն 7․14

  34. Տես Հայտնություն 7․13, 15, 17։