2010–2019 թթ․
Բարձրացրու գլուխդ և ուրախացիր
Հոկտեմբեր 2018


Բարձրացրու գլուխդ և ուրախացիր

Անցնելով դժվարությունների միջով Տիրոջ ձևով, եկեք բարձրացնենք մեր գլուխը և ուրախանանք:

1981 թվականին ես, հայրս և մեր երկու մտերիմ ընկերները նախաձեռնեցինք արշավ դեպի Ալյասկա: Մենք պետք է վայրէջք կատարեինք մի հեռավոր լճում, ապա բարձրանայինք մի գեղեցիկ բարձրադիր տեղանք: Որպեսզի թեթևացնեինք այն բեռը, որն ամեն մեկս պետք է կրեր, մենք տեղավորեցինք մեր պարագաները արկղերում, փրփուրով փակեցինք դրանք, տուփերի վրա փակցրեցինք գունավոր մեծ ժապավեններ և մեր փոքր ինքնաթիռի պատուհանից նետեցինք դեպի մեր վայրէջքի վայրը:

Տեղ հասնելուց հետո փնտրեցինք ու փնտրեցինք, սակայն ցավոք, չկարողացանք գտնել այդ արկղերից ոչ մեկը: Վերջապես գտնվեց մի արկղ: Այն պարունակում էր փոքրիկ գազի վառարան, դանակ, մի բուռ կոնֆետ և մի քանի փաթեթ համեմունք՝ «համբուրգերի օգնական», բայց ոչ համբուրգերներ: Մենք ոչ մի կերպ չէինք կարող շփվել արտաքին աշխարհի հետ, իսկ մեր բարձրանալու պլանավորած օրը մի շաբաթ հետո էր:

Այս փորձառությունից ես երկու կարևոր դաս սովորեցի: Առաջինը, մի՛ շպրտեք ձեր ուտելիքը պատուհանից դուրս: Երկրորդ՝ երբեմն մենք պետք է կանգնենք դժվարությունների առաջ:

Հաճախ դժվարությունների հանդիպելիս, մեր առաջին արձագանքը հետևյալն է՝ «Ինչո՞ւ ես»: Սակայն «ինչո՞ւ» հարցը տալով դժվարությունը չի անցնում: Տերը պատվիրում է մեզ հաղթահարել դժվարությունները, ուստի Նա ասել է, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան [մեզ] և կլինեն [մեր] օգտի համար»:1

Երբեմն Տերն է խնդրում է մեզ դժվար բան անել, երբեմն էլ մարտահրավերները ստեղծվում են մեր սեփական կամ ուրիշների ազատ կամքի դրսևորումից: Նեփին այս երկու իրավիճակներում էլ հայտնվել է: Երբ Լեքին խնդրեց իր որդիներին վերադառնալ և Լաբանից վերցնել թիթեղները, նա ասաց. «ահա քո եղբայրները տրտնջում են՝ ասելով, որ այն, ինչ պահանջում եմ նրանցից, դժվար բան է. բայց ահա, ես չեմ պահանջում դա նրանցից, այլ դա պատվիրան է Տիրոջից»:2 Մեկ ուրիշ անգամ Նեփիի եղբայրները օգտագործեցին իրենց ազատ կամքը՝ սահմանափակելով նրա կամքը. «Նրանք ձեռք բարձրացրեցին ինձ վրա, քանզի ահա, նրանք չափազանց զայրացած էին, և կապեցին ինձ պարաններով, քանի որ ջանում էին զրկել ինձ կյանքից»:3

Ջոզեֆ Սմիթը դժվարության հանդիպեց Լիբերթի բանտում: Օգնություն չստանալով և հուսահատվելով, նա աղաղակեց. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու»:4 Անկասկած, ոմանք զգացել են նույն բանը, ինչ Ջոզեֆն էր զգում:

Յուրաքանչյուրն է հայտնվում դժվարին իրավիճակում` սիրելիի մահվան, ամուսնալուծության, քմահաճ երեխայի, հիվանդության, հավատի փորձությունների, աշխատանքի կորստի կամ այլ դժվարությունների:

Ես անվերադարձ փոխվեցի, երբ լսեցի Տասներկուսի Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի այս խոսքերը, որոնք նա արտաբերել էր այն ժամանակ, երբ պայքարում էր լեյկեմիա հիվանդության դեմ: Նա ասել է. «Ես խորը մտորումների մեջ էի, երբ մտքիս եկան այս հրահանգող և հուսադրող 13 բառերը. «Ես քեզ լեյկեմիա եմ տվել, որ դու կարողանաս ուսուցանել իմ ժողովրդին հավաստի կերպով»: Այնուհետև նա շարունակեց պատմել, թե ինչպես է այդ փորձությունն օրհնել իրեն «հավերժության մեծ իրողությունների հեռանկարով… Հավերժության վերաբերյալ այդպիսի ակնթարթները օգնում են մեզ անցնել հաջորդ 100 յարդ ճանապարհը, որը կարող է շատ դժվար լինել»:5

Որպես օգնություն, որ ճամփորդենք դժվար ժամանակների միջով և հաղթահարենք դրանք հավերժության այդպիսի ակնթարթներով, թույլ տվեք առաջարկել երկու բան: Մենք պետք է դիմավորենք դժվարությունները, նախ՝ ներելով ուրիշներին, և, երկրորդ, տալով մեր անձը Երկնային Հորը:

Շատ դժվար է ներել մարդկանց, ովքեր, գուցե, պատճառել են մեզ այդ դժվարությունները և հաշտվել «Աստծո կամքի հետ»:6 Ամենացավոտն այն է, երբ դժվարությունը պատճառել է ընտանիքի անդամը, մտերիմ ընկերը կամ ինքներս ենք մեզ պատճառել:

Երբ երիտասարդ եպիսկոպոս էի, ես հասկացա, թե ինչ է ներողամտությունը, երբ իմ ցցի նախագահը՝ Բրյուս Մ. Քուքը, կիսվեց հետևյալ պատմությամբ: Նա ասաց.

«1970-ականների վերջին ես և մի քանի գործընկերներ ձեռնարկեցինք մի գործ: Թեև մենք անօրինական ոչինչ չէինք արել, բայց մի քանի սխալ որոշումներ, զուգակցվելով տնտեսական ծանր ժամանակաշրջանի հետ, հանգեցրին մեր ձախողմանը:

Որոշ ներդրողներ դատական գործ սկսեցին մեր դեմ՝ իրենց վնասները վերականգնելու համար: Նրանց փաստաբանը պատահաբար իմ ընտանիքի եպիսկոպոսության խորհրդականն էր: Ինձ համար շատ դժվար էր աջակցել մեկին, ով կարծես ուզում էր ոչնչացնել ինձ: Նրա հանդեպ ես թշնամությամբ լցվեցի և նրան համարում էի իմ թշնամին: Հինգ տարի իրավական պատերազմներից հետո մենք կորցրինք մեր ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ մեր տունը:

2002 թվականին ես ու կինս ականատես եղանք, թե ինչպես է վերակազմավորվում ցցի նախագահությունը, որտեղ ես ծառայում էի որպես խորհրդական: Այդ ժամանակ կոչումից հետ կանչվելուց առաջ արձակուրդում էինք և երբ ճամփորդում էինք, կինս ինձ հարցրեց, թե ում կընտրեմ որպես խորհրդականներ, եթե նոր ցցում կանչվեմ որպես նախագահ: Ես չէի ցանկանում խոսել այդ մասին, բայց նա համառեց: Վերջապես, մի անուն եկավ միտքս: Ապա նա տվեց փաստաբանի անունը, որի հետ կապված էր 20 տարի առաջ մեր դժվարությունների կենտրոնում գտնվելու փաստը: Երբ կինս խոսեց նրա մասին, Հոգին հաստատեց, որ նա էր լինելու մյուս խորհրդականը: Կարողացե՞լ էի ես ներել նրան:

Երբ Երեց Դեյվիդ Ս. Սորենսենը ինձ առաջարկեց ծառայել որպես ցցի նախագահ, նա ինձ մեկ ժամ ժամանակ տվեց ընտրելու խորհրդականներ: Արցունքներն աչքերիս ես նշեցի, որ Տերն արդեն տվել է ինձ այդ հայտնությունը: Երբ ես տվեցի այդ մարդու անունը, որին համարել էի իմ թշնամին, նրա հանդեպ զայրույթը, թշնամանքն ու ատելությունը անհետացան: Այդ պահին ես զգացի այն խաղաղությունը, որը գալիս է ներման հետ Քրիստոսի Քավության միջոցով:

Այլ կերպ ասած, իմ ցցի նախագահը «անկեղծորեն ներեց» նրան, ինչպես հնում՝ Նեփին:7 Ես գիտեի Նախագահ Քուքին և նրա խորհրդականին որպես երկու արդար քահանայություն կրողներ, ովքեր սիրում էին միմյանց: Ես որոշեցի լինել նրանց նման:

Տարիներ առաջ, Ալյասկայում մեր ձախողված արշավի ժամանակ ես շատ արագ հասկացել էի, որ մեր հանգամանքների համար ուրիշներին մեղադրելը լուծում չէ՝ օրինակ, օդաչուին, որ մեր սնունդը դուրս էր նետել մթագնող լույսի պայմաններում: Այնուամենայնիվ, երբ մենք ֆիզիկապես տանջվեցինք սննդի պակասից, հիվանդությունից և գետնին քնեցինք ուժգին փոթորիկի ժամանակ, ունենալով միայն բրեզենտե ծածկ, ես հասկացա, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»:8

Երիտասարդնե՛ր, Աստված ձեզանից դժվար բաներ է ակնկալում: Մի 14-ամյա աղջիկ մասնակցեց բասկետբոլի մրցումներին: Նա երազում էր խաղալ ավագ դպրոցի բասկետբոլի թիմում իր ավագ քրոջ նման: Այնուհետև նա իմացավ, որ իր ծնողներին կանչել են նախագահելու Գվատեմալայի միսիաներից մեկը:

Երբ նրա ընտանիքը ժամանեց նոր վայր, աղջիկը պարզեց, որ իր դասերից մի քանիսն իսպաներեն լեզվով են լինելու, որին նա դեռևս ծանոթ չէր: Եվ այդ դպրոցում չկար աղջիկների որևէ սպորտային թիմ: Նա ապրում էր շենքի 14-րդ հարկում, որի անվտանգությունն ապահովված էր: Եվ այդ ամենից բացի, նա չէր կարող մենակ դուրս իջնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ծնողներն ամիսներ շարունակ լսում էին նրա հեկեկոցի ձայները քնելուց առաջ: Դա կոտրում էր նրանց սիրտը: Վերջապես նրանք որոշեցին տուն ուղարկել իրենց դստերը՝ տատիկի մոտ, որ այնտեղ գնա ավագ դպրոց:

Երբ կինս մտավ դստերս սենյակ, որպեսզի հայտնի նրան մեր որոշման մասին, նա տեսավ մեր աղջկան աղոթքով ծնկի եկած, իսկ Մորմոնի Գիրքը բաց դրված էր մահճակալին: Հոգին շշնջաց կնոջս. «Նա լավ կլինի» և կինս հանգիստ հեռացավ սենյակից:

Մենք այլևս չլսեցինք նրա լացի ձայնը քնելուց առաջ: Վճռականությամբ և Տիրոջ օգնությամբ նա քաջաբար դիմացավ այդ երեք տարիներին:

Մեր միսիայի ավարտին, ես հարցրեցի իմ դստերը, թե արդյոք մտադրություն ունի՞ միսիայում ծառայելու: Նա պատասխանեց. «Ո՛չ, հայրիկ, ես արդեն ծառայել եմ»:

Ինձ բավարարեց այդ պատասխանը: Սակայն վեց ամիս անց, Հոգին ինձ արթնացրեց գիշերվա կեսին այս մտքով. «Ես կանչել եմ քո դստերը միսիայում ծառայելու»:

Իմ արձագանքն էր՝ «Երկնային Հա՜յր, նա շատ բան է տվել»: Հոգին արագորեն շտկեց ինձ և հասկացա, որ նրա միսիոներական ծառայությունը պահանջվում էր Տիրոջից:

Ես շուտով վերցրի աղջկաս, որ միասին նախաճաշենք: Սեղանի շուրջ ես նրան ասացի. «Գանզի, դու գիտե՞ս, թե մենք ինչու ենք այստեղ»:

Նա ասաց. «Այո, հայրիկ: Գիտե՞ս, ես պետք է միսիայում ծառայեմ: Ես չեմ ուզում գնալ, բայց գնում եմ»:

Քանի որ նա ենթարկեց իր կամքը Երկնային Հորը, նա ծառայեց Նրան իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Աղջիկս սովորեցրեց իր հորը, թե ինչպես է պետք անել դժվար բանը:

Երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկոյի ժամանակ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը երիտասարդներին որոշ դժվար բաների մասին խնդրեց: Նախագահ Նելսոնն ասաց. «Իմ հինգերորդ հրավերն է ձեզ՝ առանձնացեք, տարբերվեք աշխարհից: … Տերը ցանկանում է, որ դուք նմանվեք, խոսեք, գործեք և հագնվեք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտի պես»:9 Դա դժվար է լինելու, սակայն ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել ուրախությամբ:

Հիշեք, որ «մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:10 Այն ամենից հետո, ինչի հանդիպել էր Լեքին, նա դեռ ուրախություն էր գտնում: Հիշո՞ւմ եք այն պահը, երբ Ալման «կքած [էր] վշտից»11 Ամմոնիայի ժողովրդի պատճառով: Հրեշտակը ասաց նրան. «Օրհնվա՛ծ ես դու, Ալմա. հետևաբար, բարձրացրու գլուխդ և ուրախացիր… քանի որ դու հավատարիմ եղար Աստծո պատվիրանները պահելիս»:12 Ալման մեծ ճշմարտություն սովորեց. մենք միշտ կարող ենք ուրախանալ, երբ պահում ենք պատվիրանները: Հիշենք, որ Զորավար Մորոնիի օրոք, այդ պատերազմների ու մարտահրավերների ընթացքում «երբեք չէր եղել ավելի երջանիկ ժամանակ Նեփիի ժողովրդի մեջ»:13 Մենք կարող ենք և պետք է ուրախություն գտնենք այն ժամանակ, երբ դժվար իրավիճակներում ենք:

Փրկիչը տեսել է դժվարություններ. «Եվ աշխարհը … կդատի նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի. ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա. և նրանք կզարկեն նրան, և նա կտանի դա: Այո, նրանք կթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության պատճառով»:14

Իր այդ ողորմության շնորհիվ Հիսուս Քրիստոսը տարավ Քավությունը: Արդյունքում, Նա ասում է յուրաքանչյուրիս. «Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:15 Քրիստոսի շնորհիվ, մենք նույնպես կարող ենք հաղթել աշխարհին:

Անցնելով դժվարությունների միջով Տիրոջ ձևով, եկեք բարձրացնենք մեր գլուխը և ուրախանանք: Աշխարհին վկայելու այս սուրբ հնարավորությամբ, ես հայտարարում եմ, որ մեր Փրկիչն ապրում է և առաջնորդում է Իր Եկեղեցին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: