2010–2019 թթ․
Վեհացնող դժգոհություն
Հոկտեմբեր 2018


Սուրբ դժգոհություն

Սուրբ դժգոհությունը մղում է մեզ գործել հավատքով, հետևել բարի գործեր անելու Փրկիչի հրավերներին և մեր կյանքը խոնարհաբար տալ Իրեն:

Երբ ես տարրական դպրոցի աշակերտուհի էի, մենք տուն էինք վերադառնում մի սալապատ ճանապարհով, որն անցնում էր լեռնալանջով: Կար նաև մի ուրիշ ճանապարհ, որը սալապատ չէր և կոչվում էր «տղաների ճանապարհ»: Տղաների ճանապարհն անցնում էր ցեխերի միջով և ուղիղ բարձրանում էր դեպի բլուրը: Այն ավելի կարճ էր, բայց շատ ավելի զառիթափ: Ես փոքր աղջիկ էի և գիտեի, որ կարող եմ ցանկացած ճանապարհ անցնել, որն անցնում են տղաները: Ավելի կարևոր էր այն, որ ես գիտեի, որ ապրում էի վերջին օրերում և պետք է դժվար բաներ անեի, ինչպես ռահվիրաները, և ցանկանում էի պատրաստ լինել: Այդպիսով, ես երբեմն հետ էի մնում սալապատ ճանապարհով քայլող իմ ընկերների խմբից, հանում էի կոշիկներս և ոտաբոբիկ բարձրանում տղաների ճանապարհով: Ես փորձում էի ուժեղացնել ոտքերս:

Որպես Երեխաների Միություն հաճախող աղջնակ, ես մտածում էի, որ այդպես կարող եմ պատրաստվել: Այժմ ես այլ կերպ եմ մտածում: Ոտաբոբիկ սարն ի վեր տանող ճանապարհով բարձրանալու փոխարեն, ես գիտեմ, որ կարող եմ պատրաստել իմ ոտքերը քայլել ուխտի ճանապարհով, արձագանքելով Սուրբ Հոգու հրավերներին: Տերն Իր մարգարեի միջոցով կոչ է անում յուրաքանչյուրիս ապրել և հոգ տանել մարդկանց մասին «ավելի բարձր և ավելի սուրբ եղանակով» և «մի քայլ վեր անել»:1

Գործողության դրդող այս մարգարեական կոչերը, զուգորդվելով մեր բնածին զգացումով, որ կարող ենք ավելին անել, երբեմն մեր մեջ առաջացնում են Երեց Նիլ Ա. Մաքսվելի ասած «սուրբ դժգոհություն»:2 Սուրբ դժգոհությունն առաջանում է այն ժամանակ, երբ մենք համեմատում ենք, թե «ով ենք մենք և ինչպիսին դառնալու ներուժ ունենք»:3 Յուրաքանչյուրս, եթե ազնիվ ենք, մի անդունդ ենք տեսնում այս մտքերի միջև՝ որտեղ ենք և ով ենք մենք, և որտեղ ու ով ենք ցանկանում դառնալ: Մենք ձգտում ենք ավելի մեծ անձնական ունակության:: Մենք ունենք այս զգացումները, քանի որ Աստծո դուստրերն ու որդիներն ենք, ծնված Քրիստոսի Լույսով, թեպետ ապրում ենք ընկած աշխարհում: Այս զգացումները աստվածատուր են և գործելու շտապողականություն են առաջացնում:

Մենք պետք է ողջունենք սուրբ դժգոհության զգացումները, որոնք մեզ կանչում են դեպի ավելի բարձր ուղի, միևնույն ժամանակ ճանաչելով և խուսափելով սատանայի կեղծիքից՝ որն է կաթվածահար անող հուսահատությունը: Սա թանկագին տարածք է, որի մեջ սատանան ձգտում է ցատկել: Մենք կարող ենք ընտրել ավելի բարձր արահետը, որը տանում է մեզ փնտրելու Աստծուն, Նրա խաղաղությունն ու շնորհը, կամ կարող ենք լսել սատանային, ով ռմբակոծում է մեզ ուղերձներով այն մասին, որ մենք երբեք հաջողակ չենք լինի, հարուստ չենք լինի, խելացի չենք լինի, գեղեցիկ չենք լինի և այլն: Մեր դժգոհությունը կարող է լինել կամ սուրբ, կամ կործանող:

Գործեք հավատքով

Սուրբ դժգոհությունը սատանայի կեղծիքից տարբերելու եղականներից մեկն այն է, որ այն դրդում է մեզ հավատքից բխող գործողությունների: Սուրբ դժգոհությունը հրավեր չէ մնալու մեր հարմարավետության գոտում, ոչ էլ այն կտանի մեզ հուսահատության: Ես հասկացել եմ, որ երբ տարվում եմ այն մտքերով, թե ինչ ես չեմ կարող, ապա չեմ առաջադիմում և շատ ավելի դժվար է լինում ինձ համար զգալ և հետևել Հոգուն:4

Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը քաջատեղյակ էր իր թերություններից և անհանգստանում էր «մահկանացու [իր] հոգու բարօրության մասին»: Նրա խոսքերն են. «միտքս չափազանց դառնացած էր, քանի որ ես սկսում էի գիտակցել իմ մեղքերը, և … ես վշտացած էի թե՛ իմ մեղքերի համար, և թե՛ աշխարհի մեղքերի համար»:5 Սա մղեց նրան «լուրջ մտախոհության ու մեծ անհանգստության»:6 Ծանո՞թ է հնչում: Արդյո՞ք դուք ծանրության զգացում ունեք կամ մտահոգված եք ձեր թերություններով:

Եվ, Ջոզեֆն ինչ-որ բան արեց: Նա ասել է. «Ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ի՞նչ անել»:7 Ջոզեֆը հավատքով գործեց: Նա բացեց սուրբ գրությունները, կարդաց Հակոբոս 1.5-ում պարունակվող հրավերը և դիմեց Աստծուն օգնության համար: Արդյունքում ստացված տեսիլքը վերածվեց Վերականգնման: Որքան երախտապարտ եմ ես, որ Ջոզեֆի այս սուրբ դժգոհությունը, դժվարության ու շփոթության պահերը, դրդեցին նրան հավատքով գործելու:

Հետևեք հուշումներին՝ բարի գործեր կատարեք

Աշխարհը հաճախ օգտագործում է դժգոհության զգացումը որպես ինքնամփոփության արդարացում, մեր մտքերը հետ ու առաջ մղելու և անհատապես ապրելու այն պահերը, թե ով եմ ես, ով չեմ ես և ինչ եմ ես ուզում: Սուրբ դժգոհությունը մղում է մեզ հետևել Փրկիչի օրինակին, ով «ման եկավ բարի անելով»:8 Քայլելով աշակերտության ճանապարհով, մենք կստանանք հոգևոր հուշումներ, որպեսզի օգնենք ուրիշներին:

Տարիներ առաջ իմ լսած պատմությունն օգնել է ինձ ճանաչել Սուրբ Հոգու հուշումները և ապա գործել ըստ դրանց: Քույր Բոննի Դ. Փարքինը՝ Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, կիսվել էր հետևյալ պատմությամբ.

«Սյուզանը … հրաշալի դերձակ էր: Նախագահ [Սպենսեր Վ․] Քիմբալը ապրում էր նրա հետ նույն ծխում: Մի կիրակի օր Սյուզանը նկատեց, որ նա նոր կոստյում է հագել: Սյուզանի հայրը վերջերս … նրան բերել էր մի նուրբ մետաքսե գործվածք: Սյուզանը մտածեց, որ այդ գործվածքից գեղեցիկ փողկապ կստացվի, որը հարմար կլինի նախագահ Քիմբալի նոր կոստյումին: Այդպես, երկուշաբթի նա կարեց փողկապը: Նա փաթաթեց այն փաթեթավորման թղթով և գնաց Նախագահ Քիմբալի տուն:

Շքամուտքին մոտենալով, նա հանկարծ կանգ առավ ու մտածեց. «Ո՞վ եմ ես, որ մարգարեի համար փողկապ կարեմ: Նա, հավանաբար, մի կույտ փողկապներ ունի»: Որոշելով, որ սխալվել է, Սյուզանը շրջվեց, որ հեռանա:

Հենց այդ պահին Քույր Քիմբալը բացեց դուռը և ողջունեց. «Օհ՜, Սյուզան»:

Շփոթված Սյուզանն ասաց. «Կիրակի օրը ես նախագահ Քիմբալին տեսա նոր կոստյումով: Հայրս մետաքսե կտոր էր բերել Նյու Յորքից … և ես որոշեցի փողկապ կարել նրա համար»:

Մինչ Սյուզանը կշարունակեր, Քույր Քիմբալը կանգնեցրեց նրան, գրկեց նրա ուսերը և ասաց. «Սյուզան, երբեք մի զսպիր մեծահոգի միտքը»:9

Ի՜նչ լավ է ասված: «Երբեք մի զսպիր մեծահոգի միտքը»: Երբեմն, երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անելու ցանկություն եմ ունենում, ես մտածում եմ՝ արդյո՞ք դա հուշում է, թե պարզապես իմ սեփական մտքերն են: Սակայն ինձ հիշեցվում է. «Այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց»:10

Անկախ նրանից՝ դրանք ուղղակի հուշումներ են, թե օգնելու ազդակներ, բարի գործը երբեք անտեղի չէ, քանի որ «գթությունը երբեք չի խափանվում»11, և երբեք սխալ չէ արձագանքելը:

Ժամանակի սղության պատճառով մենք հազվադեպ ենք իմանում, թե ծառայության մեր փոքրիկ գործն ինչ արդյունք ունեցավ: Սակայն երբևիցե մենք կգիտակցենք, որ գործիք ենք եղել Աստծո ձեռքերում և երախտապարտ կլինենք իմանալ, որ երբ Սուրբ Հոգին գործում է մեր միջոցով, դա Աստծո հավանության դրսևորումն է:

Քույրեր, դուք և ես կարող ենք խնդրել, որ Սուրբ Հոգին ցույց տա մեզ «բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք»12, նույնիսկ, երբ մեր անելիքների ցուցակն արդեն լցված է: Երբ հուշում ենք ստանում, կարող ենք թողնել սպասքը լվացարանում կամ հրատապ նամակները էլեկտրոնային փոստում, որպեսզի որևէ բան կարդանք երեխայի համար, այցելենք ընկերներից մեկին, պահենք հարևանի երեխաներին կամ ծառայենք տաճարում: Սխալ չհասկանաք ինձ, ես սիրում եմ ցուցակներ կազմել և նշել դրանցում, երբ գործերը կատարված են: Սակայն խաղաղությունը գալիս է իմանալուց, որ լավ մարդ լինելը պարտադիր չէ, որ հավասար լինի շատ գործեր անելուն: Երբ դժգոհությանն արձագանքում եմ՝ հետևելով հուշումներին, փոխվում է իմ կարծիքը ժամանակիս մասին, և ես մարդկանց նայում եմ ոչ թե որպես գործերս ընդհատողների, այլ որպես կյանքիս նպատակների:

Սուրբ դժգոհությունը տանում է մեզ դեպի Քրիստոսը

Սուրբ դժգոհությունը տանում է խոնարհության, ոչ թե խղճահարության կամ հուսահատության, որոնք գալիս են համեմատություններ անելուց, երբ մենք միշտ պարտվող ենք դուրս գալիս: Ուխտերը պահող կանայք շատ տարբեր են ամեն ինչով, տարբեր են նրանց ընտանիքները, կյանքի փորձը և նրանց հանգամանքները:

Իհարկե, յուրաքանչյուրս կթերանա մեր աստվածային ներուժն իրականացնելիս, և դրա մեջ որոշ ճշմարտություն կա, որ մենակ մենք չենք կարող դա անել: Սակայն ավետարանի լավ նորությունը նրանում է, որ Աստծո շնորհով մենքկկարողանանք: Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք անել բոլոր բաները:13 Սուրբ գրությունները խոստանում են, որ մենք «շնորհք կգտնենք պատշաճ ժամանակին օգնելու»:14

Զարմանալի ճշմարտությունն այն է, որ մեր թերությունները կարող են օրհնություն լինել, երբ խոնարհեցնում են մեզ և շրջում են դեպի Քրիստոսը:15 Դժգոհությունը դառնում է սուրբ, երբ մենք խոնարհաբար մոտենում ենք Հիսուս Քրիստոսին մեր ցանկություններով, այլ ոչ թե հեռանում, ինքներս մեր հանդեպ խղճահարություն զգալով:

Իրականում, Հիսուսի հրաշքները հաճախ սկսվել են այն ժամանակ, երբ հասկացվել է ցանկությունը, կարիքը, ձախողումը կամ անհամապատասխանությունը: Հիշո՞ւմ եք հացի ու ձկների պատմությունը: Ավետարանիչներից յուրաքանչյուրը պատմում է, թե Հիսուսն ինչպես հրաշքով կերակրեց հազարավորներին, ովքեր հետևեցին Նրան:16 Բայց պատմությունը սկսվում է աշակերտների կողմից իրենց անզորության գիտակցմամբ. նրանք գիտակցեցին, որ ունեն ընդամենը «հինգ գարիէ հաց և երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար»:17 Աշակերտները ճիշտ էին՝ նրանք չունեին բավականաչափ ուտելիք, սակայն նրանք տվեցին Հիսուսին այն, ինչ ունեին և ապա Նա հրաշք գործեց:

Դուք ունեցե՞լ եք երբևէ այնպիսի զգացում, որ ձեր տաղանդներն ու պարգևները շատ քիչ են ստացած հանձնարարությունը կատարելու համար: Ես ունեցել եմ: Բայց ես և դուք կարող ենք տալ Քրիստոսին այն, ինչ ունենք, և Նա կբազմապատկի մեր ջանքերը: Այն, ինչ դուք կարող եք տալ, ավելի քան բավարար է, նույնիսկ ձեր մարդկային գործոնով և թույլ կողմերով հանդերձ, եթե ապավինեք Աստծո շնորհին:

Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուրս Աստծո սերունդն ենք, Աստծո զավակը:18 Եվ ինչպես Նա վարվել է մարգարեների կամ սովորական տղամարդկանց ու կանանց հետ դարեր շարունակ, Երկնային Հայրը մտադիր է նույն կերպ փոխակերպել մեզ:

Ք. Ս. Լյուիսը Աստծո փոխակերպող զորությունը բացատրել է այսպես. «Պատկերացրեք, թե դուք մի կենդանի տուն եք: Աստված գալիս է, որպեսզի վերակառուցի այդ տունը: Սկզբում, դուք գուցե հասկանում եք, թե Նա ինչ է անում: Նա վերանորոգում է ջրատար խողովակները, փակում կտուրի ճեղքերը, և այլն. դուք գիտեիք, որ տան այդ գործերը պիտի արվեին, և չեք զարմանում: Սակայն Նա սկսում է հարվածել տան չորս բոլորը և դա խիստ անհանգստացնում է: … [Տեսեք,] Նա կառուցում է մի այլ տուն, այն մեկից, որի մասին դուք մտածում էիք: … Դուք կարծում էիք, թե ձեզ դարձրեցին մի փոքր ամուր տնակ, սակայն Նա պալատ է կառուցում: Նա մտադիր է գալ և անձամբ այդտեղ ապրել»:19

Մեր Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք կատարել մեզ տրվող առաջադրանքները: Մարգարեները սովորեցրել են, որ բարձրանալով աշակերտության ճանապարհով, մենք կարող ենք սրբագործվել Քրիստոսի շնորհով: Սուրբ դժգոհությունը դրդում է մեզ գործել հավատքով, հետևել բարի գործեր անելու Փրկիչի հրավերներին և մեր կյանքը խոնարհաբար տալ Իրեն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Russell M. Nelson, in Tad Walch, “‘The Lord’s Message Is for Everyone’: President Nelson Talks about Global Tour,” Deseret News, Apr. 12, 2018, deseretnews.com.

  2. Neal A. Maxwell, “Becoming a Disciple,” Ensign, June 1996, 18.

  3. Neal A. Maxwell, “Becoming a Disciple,” 16; emphasis added.

  4. «Հուսահատությունը կթուլացնի ձեր հավատը: Եթե դուք նվազեցնում եք ձեր ակնկալիքները, ձեր արդյունավետությունը կնվազի, ձեր ցանկությունը կթուլանա, և դուք ավելի կդժվարանաք հետևել Հոգուն» («Ո՞րն է իմ նպատակը որպես միսիոներ»: Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց, rev. ed. [2018], lds.org/manual/missionary).

  5. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 28

  6. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8

  7. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10, շեշտադրումն ավելացված է:

  8. Գործք 10.38

  9. Bonnie D. Parkin, “Personal Ministry: Sacred and Precious” (Brigham Young University devotional, Feb. 13, 2007), 1, speeches.byu.edu.

  10. Մորոնի 7.13

  11. 1 Կորնթացիս 13.8

  12. 2 Նեփի 32.5

  13. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13)

  14. Եբրայեցիս 4.16

  15. «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը. Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. Եվ իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27, շեշտադրումն ավելացված է):

  16. Տես Մատթեոս 14.13–21, Մարկոս 6.31–44, Ղուկաս 9.10–17, Հովհաննես 6.1–14

  17. Հովհաննես 6․9

  18. Նախագահ Բոյդ Ք Փաքերն ուսուցանել է. «Անկախ նրանից, թե ձեր մահկանացու ծագումնաբանության մեջ որքան շատ են սերունդները, անկախ այն բանից, թե ինչ ռասա կամ ժողովուրդ եք դուք ներկայացնում, ձեր հոգու տոհմաբանությունը կարող է գրվել մեկ տողով։ Դուք Աստծո զավակն եք»:(“To Young Women and Men,” Ensign, May 1989, 54).

  19. C. S. Lewis, Mere Christianity (1960), 160.