2010–2019 թթ․
Եկ, լսիր ձայնը մարգարեի
նախորդ հաջորդ

Եկ, լսիր ձայնը մարգարեի

Երբ մենք մեր կյանքում հաստատենք ապրող մարգարեներին լսելու և նրանց ձայնին ականջ դնելու սովորությունը, մենք կստանաքհավերժական օրհնությունները։

Խոսելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի մասին՝ Տերը հայտարարել է․

«Եվ բացի այդ, Բարձրագույն Քահանայության պաշտոնի Նախագահի պարտականությունն է՝ նախագահել ողջ եկեղեցու վրա և լինել Մովսեսի պես,–

… Այո, լինել տեսանող, հայտնող, թարգմանիչ և մարգարե, ունենալով Աստծո բոլոր պարգևները, որոնք նա շնորհում է եկեղեցու գլխավորին» (Վարդապետություն և Ուխտեր 107․91-92, շղագրերն ավելացված են)։

Ես օրհնվել եմ ականատեսը լինել Աստծո որոշ պարգևների, որոնք տրվում են Նրա մարգարեներին։ Թույլ տվեք կիսվել ձեզ հետ նման մի սրբազան փորձառությամբ։ Նախքան իմ ներկայիս կոչում ստանալը, ես աջակցում էի տաճարների համար տարածքներ գտնելու և առաջարկելու ծրագրին։ ԱՄՆ սահմանն անցնելը 2001թ․ սեպտեմբերի 11-ից հետո ավելի վերահսկելի դարձավ։ Արդյունքում Եկեղեցու շատ անդամներից պահանջվում էր երկուսից երեք ժամ, որպեսզի կարողանային անցնել Վանկուվերը (Կանադա), մինչ գնում էին Սիեթլ Վաշինգտոն Տաճարը։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին, ով այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր, առաջարկեց, որ Վանկուվերում տաճար ունենալը կօրհներ Եկեղեցու անդամներին։ Տարածք փնտրելու թույլտվություն տրվեց և Եկեղեցուն պատկանող մի քանի տարածքներ քննելուց հետո ուսումնասիրվեցին նաև Եկեղեցուն չպատկանող այլ տարածքներ։

Կրոնական շինությունների համար նախատեղված մի գեղեցիկ տարածք գտնվեց Կանադայի հիմնական մայրուղու մոտ։ Տարածք կարելի էր հեշտությամբ մուտք գործել, որը լի էր կանադական գեղեցիկ սոճիներով և գտնվում էր այնպիսի մի վայրում, որը տեսանելի էր այդտեղով անցնող հազարավոր վարորդների համար։

Տարածքի նկարները և քարտեզները մենք ներկայացրինք Տաճարների տարածքների կոմիտեի ամենամսյա ժողովի ժամանակ։ Նախագահ Հինքլին լիազորեց մեզ կնքել պայմանագրերը և ավարտել անհրաժեշտ ուսումնասիրությունները։ Այդ տարի դեկտեմբերին մենք զեկուցեցինք կոմիտեին, որ ուսումնասիրություններն ավարտված էին, և մենք թույլտվություն խնդրեցինք վճարումներ կատարելու համար։ Մեր զեկույցը լսելուց հետո Նախագահ Հինքլին ասաց․ «Զգում եմ, որ պիտի տեսնեմ այդ տարածքը»։

Այդ ամսվա վերջին՝ Սուրբ Ծննդից երկու օր անց, մենք մեկնեցինք Վանկուվեր Նախագահ Հինքլիի, Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի և Բիլ Վիլյամսի՝ տաճարի ճարտարապետի հետ։ Մեզ դիմավորեց Պոլ Քրիսթենսենը՝ տեղի ցցի նախագահը, ով տարավ մեզ այդ տարածքը։ Այդ օրը մի փոքր խոնավ ու մռայլ էր, սակայն Նախագահ Հինքլին արագ դուրս եկավ մեքենայից ու սկսեց քայլել այդ տարածքով մեկ։

Որոշ ժամանակ այդ տարածքում անցկացնելուց հետո ես հարցրի Նախագահ Հինքլիին, թե արդյոք նա կցանկանար տեսնել քննարկվող մի քանի այլ տարածքներ։ Նրան դուր եկավ այդ առաջարկը, և նա դրական պատասխան տվեց։ Մյուս տարածքները դիտելու արդյունքում մենք կարողացանք համեմատել դրանք։

Մենք մեծ պտույտ կատարեցինք Վանկուվերի շուրջը, դիտելով այլ տարածքներ, և ի վերջո վերադարձանք առաջին տարածքը։ Նախագահ Հինքլին ասաց․ «Սա գեղեցիկ վայր է»։ Ապա նա հարցրեց․ «Կարո՞ղ ենք գնալ եկեղեցուն պատկանող ժողովատունը, որը գտնվում է մեկ քառորդ մղոն (0.4 կմ) հեռավորության վրա»։

«Իհարկե, Նախագահ»,- պատասխանեցինք մենք։

Մենք նորից նստեցինք մեքենա և մեկնեցինք մոտակա հավաքատուն։ Տեղ հասնելուն պես, Նախագահ Հինքլին ասաց․ «Աստեղից թեքվեք ձախ»։ Մենք թեքվեցինք և հրահանգի համաձայն շարունակեցինք այդ փողոցով։ Փողոցը գնալով բարձրանում էր։

Ամենաբարձր կետին հասնելուն պես, Նախագահ Հինքլին ասաց․ «Կանգնեցրո՛ւ մեքենան, կանգնեցրո՛ւ մեքենան»։ Ապա նա ցույց տվեց աջ կողմում գտնվող հողակտորը և ասաց․ «Ի՞նչ կասեք այս տարածքի մասին։ Սա այն վայրն է, որտեղ պիտի կառուցվի տաճարը։ Սա այն վայրն է, որը Տերը նախատեսել է տաճարի համար։ Կարո՞ղ եք ձեռք բերել այն: Կարո՞ղ եք ձեռք բերել այն»:

Մենք ուշադրություն չէինք դարձրել այդ տարածքին։ Այն մայրուղուց բավականին հեռու էր և նշված չէր վաճառվող հողատարածքների ցանկում։ Երբ անորոշ պատասխան տվեցինք, Նախագահ Հինքլին ցույց տվեց տարածքը և կրկին ասաց․ «Սա այն վայրն է, որտեղ պիտի կառուցվի տաճարը»։ Մի քանի րոպե անց մենք մեկնեցինք օդանավակայան, որպեսզի տուն վերադառնանք։

Հաջորդ օրը Եղբայր Վիլյամսին և ինձ կանչեցին Նախագահ Հինքլիի գրասենյակ։ Նա թղթի վրա գծագրել էր ամեն բան․ ճանապարհները, հավաքատունը, դեպի ձախ թեքվելու տեղ, տաճարի վայրը՝ նշված X-երով։ Նա հարցրեց, թե ինչ նորություններ ունենք։ Մենք ասացինք նրան, որ նա չէր կարող ավելի դժվար մի տարածք ընտրել։ Այն պատկանում էր երեք անձնավորությունների․ մեկը Կանադայից էր, մյուսը՝ Հնդկաստանից, իսկ երրորդը՝ Չինաստանից։ Եվ այն նախատեսված չէր կրոնական շինությունների համար։

«Գործի դրեք ձեր հնարավորությունները»,- ասաց նա։

Ապա հրաշքներ տեղի ունեցան: Մի քանի ամիսների ընթացքում մենք ձեռք բերեցինք այդ սեփականությունը, իսկ ավելի ուշ Լանգլեյ (Բրիտանական Կոլումբիա) քաղաքում մենք թույլտվություն ստացանք կառուցել տաճարը։

Այս փորձառության շուրջ խորհելն ինձ խոնարհեցնում է, երբ գիտակցում եմ, որ չնայած ես ու Եղբայր Վիլյամսն ունեինք համապատասխան կրթություն և տարիների փորձ անշարժ գույքի ու տաճարաշինության ոլորտում, իսկ Նախագահ Հինքլին չուներ համապատասխան կրթություն, սակայն նա ուներ շատ ավելի կարևոր մի բան՝ տեսանողի մարգարեական պարգևը։ Նա կարողացավ տեսնել, թե որտեղ պիտի կառուցվեր տաճարը։

Երբ Տերը պատվիրեց այս տնտեսության վաղ օրերի Սրբերին տաճար կառուցել, Նա հայտարարեց․

«Այլ թող իմ անվան համար տունը կառուցվի այն օրինակով, որը ես ցույց կտամ նրանց:

Եվ եթե իմ ժողովուրդը չկառուցի այն օրինակով, որը ես ցույց կտամ … , ես այն չեմ ընդունի նրանց ձեռքից» (Վարդապետություն և Ուխտեր 115․14-15

Ինչպես վաղ շրջանի Սրբերի ժամանակներում, այնպես էլ հիմա, Տերը հայտնել է և շարունակում է հայտնել Եկեղեցու Նախագահին, թե ինչպես պետք է առաջնորդվի Աստծո թագավորությունը մեր օրերում։ Եվ նա անհատապես առաջնորդում է, թե ինչպես պետք է մեզանից յուրաքանչյուրն ապրի իր կյանքը, որ մեր արարքները նույնպես ընդունելի լինեն Տիրոջ համար։

2013թ․ ապրիլին ես խոսեցի յուրաքանչյուր տաճարի հիմքի նախապատրաստման ժամանակ ներդրվող ջանքերի մասին, համոզվելու համար, որ այն կարող է դիմակայել գալիք փոթորիկներին ու աղետներին։ Սակայն հիմքը միայն սկիզբն է։ Տաճարը կազմված է բազում աղյուսներից, որոնք միացվում են ըստ նախատեսված օրինաչափության։ Եթե մեր կյանքը պիտի լինի տաճարի պես, որ մեզանից յուրաքանչյուրը ձգտում է կառուցել համաձայն Տիրոջ ուսմունքների (տես Ա Կորնթացիս 3․16-17), մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ․ «Ի՞նչ աղյուսներ պետք է օգտագործենք, որպեսզի մեր կյանքը դարձնենք գեղեցիկ, վեհ և դիմակայուն աշխարհի փոթորիկների դեմ»։

Այս հարցի պատասխանը մենք կարող ենք գտնել Մորմոնի Գրքում։ Մորմոնի Գրքի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Մորմոնի Գրքի նախաբան)։ Մորմոնի Գրքի նախաբանում մեզ ուսուցանվում է, որ «նրանք, ովքեր ձեռք են բերում աստվածային վկայություն Սուրբ Հոգուց, [որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է,] կգան նաև իմացության, նույն զորությամբ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը Նրա հայտնողն ու [մարգարեն է Վերականգնման տնտեսությունում,] և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրկին վերահաստատված Տիրոջ թագավորությունն է երկրի վրա»։

Ուստի, ահա մեր անձնական հավատքի և վկայության որոշ հիմնական աղյուսները․

  1. Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է:

  2. Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է:

  3. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։

  4. Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և մենք այսօր երկրի վրա ունենք ապրող մարգարեներ։

Վերջին ամիսների ընթացքում ես լսել եմ գերագույն համաժողովի յուրաքանչյուր ելույթ, որ Նախագահ Նելսոնը տվել է Առաքյալ կանչվելու օրվանից։ Այդ փորձառությունը փոխել է իմ կյանքը։ Մինչ ես ուսումնասիրում և խորհում էի Նախագահ Նելսոնի 34 տարիների իմաստության շուրջ, պարզ ու հետևողական թեմաներ ի հայտ եկան նրա ուսմունքներում։ Այդ թեմաներից յուրաքանչյուրը կապված է այն աղյուսների հետ, որոնք ես նոր նշեցի, կամ մեկ այլ կարևոր աղյուս է մեր անձնական տաճարների համար։ Դրանք ներառում էին հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն մեղքերի թողության համար, Սուրբ Հոգու պարգևը, մահացածների փրկագնումը և տաճարային աշխատանքը, Հանգստության օրը սուրբ պահելը, նպատակասլաց լինելը, ուխտի արահետից չշեղվելը։ Նախագահ Նելսոնը խոսել է այդ թեմաների շուրջ սիրով ու նվիրվածությամբ։

Եկեղեցու և մեր կյանքի պորտաքարը և կարևորագույն աղյուսը Հիսուս Քրիստոսն է։ Սա Նրա Եկեղեցին է: Նախագահ Նելսոնը Նրա մարգարեն է։ Նախագահ Նելսոնի ուսմունքները մեզ օգնելու համար վկայում և հայտնում են Հիսուս Քրիստոսի կյանքի և հատկանիշների մասին։ Նա սիրով ու գիտակցորեն է խոսում Փրկիչի էության և Նրա առաքելության մասին։ Նա հաճախակի և ջերմեռանդորեն վկայել է նաև ապրող մարգարեների՝ Եկեղեցու Նախագահների աստվածային կոչման մասին, որոնց ղեկավարության ներքո նա ծառայել է։

Այժմ, այսօր մենք արտոնություն ունենք հաստատել նրան որպես Տիրոջ ապրող մարգարե երկրի վրա։ Մենք վարժված ենք հաստատել Եկեղեցու ղեկավարներին աստվածային օրինաչափության համաձայն՝ մեր ձեռքի բարձրացումով, ցույց տալով, որ ընդունում ու աջակցում ենք։ Մենք արեցինք դա մի քանի րոպե առաջ։ Սակայն ճշմարիտ հաստատումը շատ ավելին է, քան այս ֆիզիկական նշանը։ Ինչպես նշված է Վարդապետություն և Ուխտերի 107․22-ում, Առաջին Նախագահությունը պետք է «աջակցվի եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով»։ Մենք լիովին և իսկապես հաստատում ենք ապրող մարգարեին, երբ զարգացնում ենք նրա խոսքերին ապավինելու սովորույթը, հավատք ունենալով գործելու դրանց համաձայն, ապա աղոթելով, որ Տիրոջ օրհնությունները մշտապես ուղեկցեն նրան։

Երբ ես մտածում եմ Նախագահ Նելսոնի մասին, մխիթարություն եմ գտնում Փրկիչի հետևյալ խոսքերում․ «Եվ եթե իմ ժողովուրդն ականջ դնի իմ ձայնին, և իմ ծառաների ձայնին, որոնց ես նշանակել եմ առաջնորդելու իմ ժողովրդին, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չեն հեռացվի իրենց տեղից» [ՎևՈւ 124․45

Ապրող մարգարեներին լսելն ու ականջ դնելը կունենա խորը ազդեցություն, , նույնիսկ մեր կյանքը կարող է փոխել: Մենք ավելի ուժեղ ենք։ Մենք ավելի համոզված ու վստահ ենք Տիրոջում։ Մենք լսում ենք Տիրոջ խոսքը։ Մենք զգում ենք Աստծո սերը։ Մենք կիմանանք, թե ինչպես առաջնորդվել մեր կյանքում՝ նպատակ ունենալով։

Ես սիրում և հաստատում եմ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին և մյուսներին, ովքեր կանչվել են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ես վկայում եմ, որ նա ունի պարգևներ, որոնք Տերն է շնորհել նրան, և նաև վկայում եմ, որ եթե մեր կյանքում հաստատենք ապրող մարգարեների ձայնը լսելու և դրան ականջ դնելու սովորություն, մեր կյանքը կկառուցենք համաձայն մեզ համար նախատեսված Տիրոջ օրինաչափության և կստանանք հավերժական օրհնությունները։ Հրավերը հղված է բոլորին։ Եկ, լսիր ձայնը մարգարեի․ այո, եկեք Քրիստոսի մոտ և ապրեք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։