2010–2019 թթ․
Հավատացեք, սիրեք, գործեք
Հոկտեմբեր 2018


Հավատացեք, սիրեք, գործեք

Մենք առատ կյանքը ձեռք ենք բերում դառնալով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները՝ հետևելով Նրա ուղուն և զբաղվելով Նրա գործով:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ի՜նչ հրաշալի առիթ է այսօր ձեզ հետ լինել այս հրաշալի գերագույն համաժողովի նիստում. լսել ոգեշնչված ուղերձները, լսել այս զարմանահրաշ և սքանչելի միսիոներների երգչախմբին, որը ներկայացնում է աշխարհի հազարավոր միսիոներներին, մեր դուստրերին, մեր որդիներին, և հատկապես միավորված լինել մեր հավատում և կրկին հաստատել մեր սիրելի Նախագահ և մարգարե՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնին, Առաջին Նախագահությանը և Եկեղեցու Բարձրագույն պաշտոնյաներին: Ի՜նչ հրաշալի օր է ձեզ հետ լինելու համար։

Հին դարերում ապրող Սողոմոն թագավորը պատմության մեջ արտաքնապես ամենահաջողակ մարդկանցից մեկն էր։1 Նա, կարծես թե, ամեն ինչ ուներ՝ փող, իշխանություն, սեր, պատիվ: Բայց տասնամյակների ընթացքում ապրելով ապահով և շռայլ կյանքով, ինչպե՞ս Սողոմոն թագավորն ամփոփեց իր կյանքը:

«Բոլորը ունայն է»,-2 ասաց նա։

Այդ մարդը, ով ամեն ինչ ուներ, ամփոփեց իր կյանքը հիասթափված, հոռետեսական և տխուր, չնայած իր ունեցած առավելությանը։3

Գերմաներեն լեզվում կա մի բառ՝ Weltschmerz։ Կարճ ասած, դա նշանակում է տխրություն, որը գալիս է այն մտածելակերպից, թե այս աշխարհը որքան վատն է մեր մտածած աշխարհից։

Գուցե մեր բոլորի մեջ մի քիչ Weltschmerz կա։

Երբ լուռ թախիծն անգիտակից պատում է մեզ։ Երբ տխրությունը հագեցնում է մեր օրը և մութ ստվեր է գցում մեր գիշերների վրա։ Երբ ողբերգությունն ու անարդարությունը մտնում են մեր շրջապատ, այդ թվում՝ մեր սիրելիների կյանք: Երբ մենք քայլում ենք մեր անհատական և միայնակ դժբախտության ճանապարհով, և ցավը մթագնում է մեր հանդարտությունը և խախտում է մեր հանգստությունը, մեր մեջ կարող է ցանկություն առաջանալ համաձայնվել Սողոմոնի հետ, որ կյանքն ունայն է և զուրկ իմաստից։

Մեծ հույսը

Լավ լուրն այն է, որ հույս կա։ Կա լուծում կյանքի դատարկության, ունայնության և Weltschmerz-ի համար։ Կա լուծում, նույնիսկ, ամենախորը հուսահատության և հիասթափության համար, որը դուք կարող եք զգալ:

Այդ հույսը գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանի փոխակերպող զորության և Փրկիչի փրկագնման զորության մեջ, որը բուժում է մեզ մեր հոգու հիվանդություններից։

Հիսուսը հայտարարեց․ «Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։4

Մենք այդ առատ կյանքը ձեռք ենք բերում ոչ թե կենտրոնանալով մեր սեփական կարիքների և մեր սեփական ձեռքբերումների վրա, այլ, հետևելով Նրա ուղուն և զբաղվելով Նրա գործով, դառնում ենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները: Մենք առատ կյանքը գտնում ենք, երբ մոռանում ենք մեզ և զբաղվում Քրիստոսի մեծ գործով:

Եվ ո՞րն է Քրիստոսի գործը։ Դա՝ Նրան հավատալն է, Նրա նման սիրելը և Նրա նման գործելը։

Հիսուսը «ման եկավ բարիք գործելով»։5 Նա քայլեց աղքատների, տարագիրների, հիվանդների և ամաչողների մեջ։ Նա սպասավորեց անզորներին, թույլերին ու միայնակներին։ Նա ժամանակ անցկացրեց նրանց հետ և զրուցեց նրանց հետ։ «Եվ նա նորանց ամենին բժշկեց»։6

Ամեն տեղ գնալով, Փրկիչն ուսուցանեց ավետարանի «բարի լուրը»։7 Նա կիսվեց հավերժական ճշմարտություններով, որոնք մարդկանց ազատում էին ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։

Այն մարդիկ, ովքեր իրենց նվիրեցին Քրիստոսի գործին, բացահայտեցին Փրկիչի խոստման ճշմարտությունը․ «Ով որ իր անձն կորցնէ ինձ համար` նա կապրեցնէ նորան»։8

Սողոմոնը սխալ էր, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ կյանքը «ունայն» չէ։ Հակառակը, այն կարող է լի լինել նպատակով, իմաստով և խաղաղությամբ։

Հիսուս Քրիստոսի բժշկող ձեռքերը պարզած են բոլորին, ովքեր փնտրում են Նրան։ Առանց որևէ կասկածի, ես հասկացել եմ, որ հավատալով և սիրելով Աստծուն ու ձգտելով հետևել Քրիստոսին, մեր սրտերը կարող են փոխվել,9 ցավը կարող է մեղմանալ և մեր հոգին լցվել «չափազանց մեծ ուրախությամբ»։10

Հավատացեք, սիրեք, գործեք

Իհարկե, մենք պետք է ավելին անենք, քան պարզապես ավետարանի մասին մտավոր պատկերացում ունենալ, որպեսզի այդ բժշկումը ազդի մեր կյանքում։ Մենք պետք է այն ընդգրկենք մեր կյանքի մեջ, դարձնենք այն մի մասը նրա, թե ով ենք մենք և ինչ ենք անում:

Թույլ տվեք առաջարկել, որ աշակերտությունը սկսվում է երեք պարզ բառերից.

Հավատացեք, սիրեք և գործեք։

Աստծուն հավատալով, հավատք է ծնվում Նրա հանդեպ և Նրա խոսքի նկատմամբ վստահությունն աճում է։ Հավատքի շնորհիվ մեր սրտում սերն աճում է Աստծո և մյուսների հանդեպ: Երբ այդ սերն աճում է, մենք ոգեշնչվում ենք և ընդօրինակում Փրկիչին, երբ շարունակում ենք աշակերտության մեր երկար ճամփորդությունը։

Դուք կասեք․ «Բայց, դա մի փոքր պարզ է թվում։ Կյանքի խնդիրները, անշուշտ իմ խնդիրները, չափազանց բարդ են նման պարզ դեղատոմսի համար: Դուք չեք կարող Weltschmerz-ը բուժել երեք պարզ բառերով՝ Հավատացեք, սիրեք, գործեք»։

Այդ խոսքերը չէ, որ բուժում են։ Աստծո սերն է, որը փրկում, վերականգնում և վերակենդանացնում է:

Աստված ճանաչում է ձեզ։ Դուք նրա զավակն եք։ Նա սիրում է ձեզ:

Նույնիսկ, երբ դուք մտածում եք, որ արժանի չեք, Նա օգնության է հասնում ձեզ։

Այսօր, ամեն օր, Նա օգնության է հասնում ձեզ, ցանկանալով բժշկել ձեզ, բարձրացնել ձեզ և ձեր սրտում առկա դատարկությունը փոխարինել մշտական ուրախությամբ: Նա ցանկանում է ցրել ցանկացած խավար, որը մթագնում է ձեր կյանքի ամպերը և լցնել այն Իր անվերջ փառքի օրհնված և փայլուն լույսով։

Ես զգացել եմ դա։

Եվ դա իմ վկայությունն է որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են Աստծո մոտ, բոլոր նրանք, ովքեր իսկապես հավատում, սիրում, և գործում են, կարող են նույն բանը զգալ։

Մենք հավատում ենք

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել [Աստծոն]. Որովհետև Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թե նա կայ»։11

Ոմանց համար, հավատքի գործողությունը դժվար է։ Երբեմն, մեր հպարտությունը փակում է ճանապարհը։ Գուցե մենք կարծում ենք, որ խելացի, կրթված կամ փորձառու ենք և այդ պատճառով պարզապես չենք կարող հավատալ Աստծուն: Եվ սկսում ենք կրոնին նայել որպես հիմար ավանդույթի։12

Իմ փորձից գիտեմ, որ հավատն այնքան էլ նման չէ նկարի, որին նայում ենք և հիանում, և որը քննարկում և տեսաբանում ենք: Դա ավելի շատ նման է մի գութանի, որը տանում ենք դաշտ և մեր ճակատի քրտինքով մարգեր փորում, որոնց մեջ սերմերը պտուղ են տալիս և մնում:13

Մոտեցեք Աստծուն և Նա կմոտենա ձեզ։14 Սա է խոստումը բոլոր նրանց, ովքեր ձգտում են հավատալ։

Մենք սիրում ենք

Սուրբ գրությունները հայտնում են, որ ինչքան շատ ենք սիրում Աստծուն և Նրա զավակներին, այնքան երջանիկ ենք դառնում։15 Այնուամենայնիվ, Հիսուսը խոսեց այն սիրո մասին, որը նվեր քարտ չէ, որը չենք կարող դեն նետել օգտագործելուց հետո, որը չենք կարող ընդունել, իսկ հետո կենտրոնանալ ուրիշ զգացումի վրա։ Դա մի սեր չէ, որի մասին կարող ենք խոսել, իսկ հետո մոռանալ։ Դա «տեսնեմ, ինչ կարող եմ անել» տեսակի սեր չէ։

Աստված խոսում է այն սիրո մասին, որը մտնում է մեր սրտերը առավոտյան արթուն ժամանակ, ամբողջ օրը մնում է մեզ հետ և երեկոյան երախտագիտության աղոթքների ժամանակ լցնում է մեր սիրտը գոհությամբ։

Դա մի անբացատրելի սեր է, որ մեր Երկնային Հայրն ունի մեր հանդեպ:

Դա անսահման կարեկցանք է, որը թույլ է տալիս ավելի հստակ տեսնել ուրիշներին, թե ովքեր են նրանք: Մաքուր սիրո ապակիների միջով մենք տեսնում ենք անսահման ներուժ և արժեք ունեցող անմահ էակներին և Ամենակարող Աստծո սիրելի որդիներին ու դուստրերին։

Երբ դիտում ենք այդ ապակիների միջով, մենք չենք կարող արժեզրկել, արհամարհել որևէ մեկին կամ խտրականություն դնել։

Մենք գործում ենք

Փրկիչի գործում, հաճախ փոքր և հասարակ բաներով են «իրականցվում մեծ բաները»։16

Մենք գիտենք, որ որևէ գործում հաջողության հասնելու համար պահանջվում են կրկնվող վարժանքներ: Անկախ նրանից, թե արդյո՞ք կլարնետ ենք նվագում, գնդակը խփում դեպի դարպասը, վերանորոգում մեքենան կամ ինքնաթիռով թռչում, վարժանքների շնորհիվ մենք ավելի ու ավելի լավն ենք դառնում։17

Մեր Փրկիչի հաստատած կազմակերպությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, օգնում է մեզ դա անել: Այն առաջարկում է վարժանքների մի վայր, որտեղ ապրում են Նրա ուսմունքներով և օրհնում ուրիշներին, ինչպես Նա է օրհնել։

Որպես Եկեղեցու անդամներ, մեզ տրվում են կոչումներ, պարտականություններ և հնարավորություններ, որոնք պահանջում են մեզանից կարեկցել և սպասավորել ուրիշներին:

Վերջերս, Եկեղեցին նոր շեշտադրում է դրել ուրիշներին սպասավորելու, ծառայելու կամ սիրելու վրա: Շատ ենք մտածել, թե ինչպես պետք է անվանենք այդ հատուկ շեշտադրումը։

Անուններից մեկը, որի մասին մտածել էինք՝ հովվություն անելն էր, որը համապատասխանում էր Եկեղեցու «Արածացրեք իմ ոչխարները» հրավերին։18 Սակայն, դա ուներ մեկ թերություն․ այդ եզրույթի օգտագործումն ինձ (և իմ նմաններին) կդարձներ Գերմանական հովիվ (հովվաշուն)։ Հետևաբար, բավականին գոհ եմ սպասավորություն բառից։

Այս աշխատանքը բոլորի համար է

Իհարկե, այդ պնդումը նոր չէ: Այն պարզապես նորացված և զտված հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կիրառենք Փրկիչի «սիրեցեք միմյանց» պատվիրանը՝19 Եկեղեցու նպատակի իրականացման և կիրառման մի մաքուր եղանակ։

Միայն մտածեք միսիոներական աշխատանքի մասին․ խիզախորեն, խոնարհաբար և վստահորեն կիսվելով ավետարանով, կարող եք ուրիշների հոգևոր կարիքների սպասավորման հրաշալի օրինակ ծառայել, ով էլ նրանք լինեն:

Կամ, կատարել տաճարային աշխատանքը`փնտրելով մեր նախնիների անունները և նրանց հավերժության օրհնություններ առաջարկել: Սպասավորության ինչպիսի՜ աստվածային եղանակ։

Դիտարկենք աղքատներին ու կարիքավորներին փնտրելու արարքը, բարձրացնելով այն ձեռքերը, որոնք կախված են, կամ հիվանդներին և տառապյալներին օրհնություն տալը: Մի՞թե դրանք սպասավորության այն գործերը չեն, որոնք Տերը կիրառեց, երբ քայլում էր Երկրի վրա:

Եթե դուք Եկեղեցու անդամ չեք, ես հրավիրում եմ ձեզ «գալ և տեսնել»։20 Եկե՛ք և միացեք մեզ: Եթե դուք Եկեղեցու անդամ եք, բայց ներկայումս ակտիվորեն չեք մասնակցում, ես հրավիրում եմ ձեզ, խնդրում եմ վերադարձեք։ Մենք ունենք ձեր կարիքը:

Եկե՛ք, ձեր ուժն ավելացրեք մերին:

Ձեր բացառիկ տաղանդների, ունակությունների և անհատականության շնորհիվ դուք կօգնեք մեզ դառնալ ավելի լավը և երջանիկ: Փոխարենը՝ մենք կօգնենք ձեզ դառնալ ավելի լավը և երջանիկ:

Եկե՛ք, օգնեք մեզ ապաքինման, բարության և ողորմության մշակույթը ամրացնել և զորացնել Աստծո բոլոր զավակների համար։ Քանի որ մենք բոլորս ձգտում ենք դառնալ նոր արարածներ, որտեղ «հիները անցան» և «ամեն բան նոր եղավ»։21 Փրկիչը ցույց է տալիս շարժվելու ուղղությունը՝ առաջ և վեր։ Նա ասում է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատուիրանքները պահեցէք»:22 Եկեք բոլորս միասին աշխատենք, որ դառնանք Աստծո նախընտրած ժողովուրդը։

Սա այն ավետարանի մշակույթն է, որը մենք ցանկանում ենք զարգացնել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ամբողջ տարածքում: Մենք ձգտում ենք ամրապնդել Եկեղեցին և դարձնել մի վայր, որտեղ մենք ներում ենք միմյանց: Որտեղ դիմակայում ենք սխալներ գտնելու, բամբասելու և ուրիշներին նեղացնելու գայթակղությանը: Որտեղ թերությունները մատնանշելու փոխարեն, մենք բարձրացնում ենք և օգնում ենք միմյանց հասնել մեր առավելագույն ներուժին։

Թույլ տվեք նորից հրավիրել։ Եկեք և տեսեք։ Միացե՛ք մեզ: Մենք ունենք ձեր կարիքը:

Անկատար մարդիկ

Դուք կհասկանաք, որ այս Եկեղեցին լցված է այս աշխարհի լավագույն մարդկանցով: Նրանք՝ ընկերական, սիրող, բարի և անկեղծ են։ Նրանք աշխատասեր են, ցանկանում են զոհաբերել, իսկ երբեմն էլ հերոսական են։

Նաև, նրանք շատ անկատար են։

Նրանք սխալներ են գործում։

Ժամանակ առ ժամանակ նրանք ասում են բաներ, որոնք չպետք է ասեին: Նրանք անում են բաներ, որոնք նրանք չէին ցանկանա անել:

Բայց նրանք ունեն մի ընդհանուր բան․ նրանք ցանկանում են կատարելագործվել և ավելի մոտենալ Տիրոջը՝ մեր Փրկիչին, նույնիսկ՝ Հիսուս Քրիստոսին:

Նրանք փորձում են դա ճիշտ անել։

Նրանք հավատում են։ Նրանք սիրում են։ Նրանք գործում են։

Նրանք ուզում են դառնալ ավելի քիչ եսասեր, ավելի կարեկցող, ավելի մաքուր, ավելի շատ նման Հիսուսին:

Երջանկության ծրագիրը

Այո, կյանքը, երբեմն, կարող է դժվար լինել։ Իհարկե, մենք բոլորս ունենք մեր հուսահատության և հիասթափության պահերը։

Սակայն, Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջարկում է հույս։ Եվ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մենք միանում ենք ուրիշներին, ովքեր փնտրում են մի վայր, որտեղ կարող ենք զգալ ինչպես մեր տանը՝ զարգացման մի վայր, որտեղ միասին կարող ենք հավատալ, սիրել, և գործել։

Անկախ մեր տարբերություններից, մենք ձգտում ենք ընդունել իրար որպես մեր սիրելի Երկնային Հոր որդիներ և դուստրեր:

Ես անչափ երախտապարտ եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ և գիտեմ, որ Աստված բավականաչափ սիրում է իր զավակներին, որպեսզի նրանց երջանկության ծրագիր և իմաստ տա այս կյանքում, իսկ գալիք կյանքում՝ փառքի սրահներում ապրելու հավերժական ուրախության զգացում։

Ես երախտապարտ եմ, որ Աստված մեզ տվել է մի միջոց, որով կարող ենք բուժել հոգևոր հիվանդությունները և կյանքի Weltschmerz-ը։

Ես վկայում և թողնում եմ իմ օրհնությունը, որ երբ մենք հավատանք Աստծուն, երբ մենք ողջ սրտով սիրենք Նրան և սիրենք Նրա զավակներին, և ձգտենք գործել այնպես, ինչպես Աստված է հրահանգել, ապա մենք կգտնենք բժշկում և խաղաղություն, երջանկություն և իմաստ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: