2010–2019 թթ․
Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը
Հոկտեմբեր 2018


Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը

Թող որ մենք հավատարմորեն մեզ վրա վերցնենք Հիսուսի անունը՝ տեսնելով, ինչպես Նա է տեսնում, ծառայելով, ինչպես Նա է ծառայել և վստահելով, որ Նրա շնորհը բավարար է։

Իմ ընկեր եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջերս, երբ ես խորհում էի Եկեղեցին իր հայտնի դարձված անունով կոչելու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հանձնարարության շուրջ, ես բացեցի այն տեղը, որտեղ Փրկիչը հրահանգեց նեփիացիներին Եկեղեցու անվան վերաբերյալ:1 Երբ կարդացի Փրկիչի խոսքերը, ես ցնցվեցի, թե ինչպես Նա նաև ասաց ժողովրդին, որ «դուք պետք է ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը»:2 Սա ստիպեց ինձ նայել ինքս ինձ և հարցնել. «Արդյոք ես վերցնում եմ ինձ վրա Փրկիչի անունը, ինչպես Նա կկամենար, որ ես անեի»:3 Այսօր ես կկամենայի կիսվել այն տպավորություններից մի քանիսով, որոնք ես ստացել եմ՝ ի պատասխան իմ հարցին:

Առաջինը, մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, նշանակում է մենք հավատարմորեն ձգտում ենք տեսնել, ինչպես Աստված է տեսնում:4 Ինչպե՞ս է տեսնում Աստված: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մինչ մարդկային ցեղի մի մասը դատում է և դատապարտում մյուսին առանց ողորմածության, տիեզերքի Մեծ Ծնողը նայում է ողջ մարդկային ընտանիքին հայրական հոգատարությամբ և ծնողական ուշադրությամբ», քանի որ «Նրա սերն անսահման է»:5

Մի քանի տարի առաջ իմ մեծ քույրը հեռացավ կյանքից: Նա դժվար կյանք էր ունեցել: Նա մաքառում էր ավետարանի հետ և երբեք իսկապես ակտիվ չէր եղել: Նրա ամուսինը լքեց նրան և թողեց նրան չորս մանկահասակ երեխաների հետ: Նրա մահանալու օրը երեկոյան, մի սենյակում, որտեղ ներկա էին նրա երեխաները, ես նրան օրհնություն տվեցի, որպեսզի խաղաղ վերադառնար տուն: Այդ պահին ես հասկացա, որ շատ հաճախ ես բնորոշել էի քրոջս կյանքը նրա փորձությունների և անգործության տեսանկյունից: Երբ այդ երեկո ես ձեռքերս դրեցի նրա գլխին,մի խիստ դիտողություն ստացա Հոգու կողմից: Հոգին ինձ փաստորեն տեղյակ պահեց նրա բարության մասին և ինձ թույլ տրվեց տեսնել նրան, ինչպես Աստված էր տեսնում նրան՝ ոչ թե մեկին, ով մաքառում էր ավետարանի և կյանքի հետ, այլ մեկը, ով գործ էր ունեցել դժվար խնդիրների հետ, որոնք ես չէի ունեցել: Ես տեսա նրան, որպես հոյակապ մոր, ով չնայած մեծ խոչընդոտներին, մեծացրել էր չորս գեղեցիկ, հրաշալի երեխաներ: Ես տեսա նրան, որպես ընկեր մեր մոր համար, ով ժամանակ էր հատկացնում հսկելու և ընկերակից լինելու նրա հետ մեր հոր՝ կյանքից հեռանալուց հետո:

Իմ քրոջ հետ այդ վերջին երեկոյի ընթացքում համոզված եմ, որ Աստված հարցնում էր ինձ. «Մի՞թե չես տեսնում, որ շուրջ բոլորդ ամեն մեկը սրբազան էակ է»:

Բրիգամ Յանգն ուսուցանել է.

«Ես կամենում եմ կոչ անել Սրբերին … հասկանալ տղամարդկանց և կանանց ինչպես որ նրանք կան, և ոչ թե հասկանալ նրանց, ինչպես որ դուք եք:6

Որքան հաճախ է ասվել. «Այդ անձնավորությունը սխալ է գործել, և նա չի կարող Սուրբ լինել»: … Մենք լսում ենք, որ ոմանք հայհոյում են և ստում … [կամ] խախտում կիրակին: … Մի դատեք այդպիսի մարդկանց, որովհետև դուք չգիտեք Տիրոջ նախագիծը նրանց վերաբերյալ»:6 … [ավելի շուտ] դիմացեք նրանց»։7

Միթե՞ որևէ մեկը ձեզանից կարող է պատկերացնել, որ մեր Փրկիչը թույլ կտա, որ դուք և ձեր բեռներն աննկատ անցնեն Նրա կողքով: Փրկիչը նույն աչքով նայեց Սամարացուն, շնացողին, հարկահավաքին, բորոտին, հոգեկան հիվանդին և մեղսագործին: Բոլորը Նրա Հոր զավակներն էին: Բոլորը ենթակա էին փրկագնման:

Արդյոք կարո՞ղ եք պատկերացնել, որ Նա շրջանցում է ինչ-որ մեկին, ով կասկածներ ունի Աստծո արքայությունում իրեն հատկացված տեղի մասին կամ որևէ կերպ տառապող մեկին։8 Ես չեմ կարող: Քրիստոսի աչքում յուրաքանչյուր հոգի անսահման արժեք է: Ոչ ոքի համար նախասահմանված չէ ձախողում: Հավերժական կյանքը հնարավոր է բոլորի համար:9

Քրոջս անկողնու մոտ Հոգու նախատինքից ես սովորեցի մի մեծ դաս, որ երբ տեսնում ենք, ինչպես Նա է տեսնում, մերը կլինի կրկնակի հաղթանակը՝ փրկագնումը նրանց, ում մենք ենք հպվում և մեր սեփական փրկագնումը:

Երկրորդը, մեզ վրա վերցնելով Քրիստոսի անունը, մենք ոչ միայն պետք է տեսնենք այնպես, ինչպես Աստված է տեսնում, այլև պետք է կատարենք Նրա աշխատանքը և ծառայենք, ինչպես Նա ծառայեց: Մենք կիրառում ենք երկու մեծ պատվիրանները՝ ենթարկվում Աստծո կամքին, հավաքում Իսրայելը և թողնում, որ մեր լույսը «շողա մարդկանց առաջին»:10 Մենք ընդունում ենք և ապրում Նրա վերականգնված Եկեղեցու ուխտերով և արարողություններով:11 Երբ մենք անում ենք այս, Աստված օժտում է մեզ զորությամբ՝ օրհնելով մեզ, մեր ընտանիքներին և ուրիշների կյանքը:12 Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք գիտեմ ինչ-որ մեկին, ով երկնքի զորությունների կարիքը չունի իր կյանքում»:

Աստված հրաշքներ կգործի մեր մեջ, երբ մենք սրբագործենք ինքներս մեզ:13 Մենք սրբագործում ենք ինքներս մեզ՝ մաքրագործելով մեր սրտերը:14 Մենք մաքրագործում ենք մեր սրտերը, երբ մենք լսում ենք Նրան,15 ապաշխարում մեր մեղքերի համար,16 դառնում դարձի եկած,17 և սիրում, ինչպես նա է սիրում:18 Փրկիչը հարցրեց մեզ. «Որովհետեւ, եթե ձեզ սիրողներին սիրէք, ինչ վարձք ունիք»:19

Ես վերջերս իմացա մի փորձառության մասին, որն ունեցել էր Երեց Ջեյմս Ի. Թալմիջը, որն ինձ ստիպեց կանգ առնել և մտածել, թե ինչպես եմ ես սիրում ու ծառայում նրանց, ովքեր իմ շրջապատում են: Երբ նա երիտասարդ դասախոս էր, նախքան Առաքյալ դառնալը, 1892 թվականին դիֆթերիայի համաճարակը գագաթնակետին էր հասել, և Երեց Թալմիջը հայտնաբերեց անծանոթ մի ընտանիքի` Եկեղեցու ոչ անդամների, ովքեր ապրում էին իրեն մոտիկ և տառապում էին այդ հիվանդությամբ: Ոչ ոք չէր ուզում իրեն վտանգի ենթարկել՝ ներս մտնելով այդ տունը: Սակայն Երեց Թալմիջը անմիջապես տուն մտավ: Նա գտավ չորս երեխաների՝ մեկը՝ երկուս ու կես տարեկան, որը մահացել էր մահճակալի վրա, մեկը հինգ, մյուսը՝ տասը տարեկան, որոնք ուժեղ ցավերի մեջ էին, և մի տասներեք տարեկանի, որը թուլացել էր հիվանդությունից: Ծնողները տառապում էին վշտից և ուժասպառ էին եղել:

Երեց Թալմիջը հագցրեց մահացածին և ողջերին, ավլեց սենյակները, և դրսումայրեց հիվանդությունից կեղտոտված ցնցոտիները: Նա աշխատեց ամբողջ օրը և ապա վերադարձավ հաջորդ առավոտ: Գիշերը տասը տարեկանը մահացել էր: Նա բարձրացրեց և գրկեց հնգամյա աղջկան: Աղջիկը հազաց արյունախառն լորձով, որը թռավ նրա երեսին և հագուստներին: Նա գրել է.«Ես չէի կարողանում վար դնել նրան», և գրկում պահեց նրան, մինչև մահացավ իր ձեռքերի մեջ: Նա օգնեց թաղել բոլոր երեք երեխաներին և ուտելիք և մաքուր հագուստներ պատրաստեց սգացող ընտանիքի համար: Տուն վերադառնալով Եղբայր Թալմիջը հանեց իր հագուստները, լողացավ ցինկի լուծույթով, իրեն մեկուսացրեց իր ընտանիքից և տառապեց այդ հիվանդության մեղմ ախտահարումից:20

Մեր շուրջն այնքան շատ կյանքեր են վտանգի տակ: Սրբերը վերցնում են Փրկիչի անունը իրենց վրա՝ դառնալով սուրբ և սպասավորելով բոլորին՝ անկախ նրանից, թե որտեղ են կամ ինչպես են կանգնած, կյանքեր են փրկվում, երբ մենք այդպես ենք վարվում:21

Ի վերջո, ես հավատում եմ, որ վերցնելով մեզ վրա Նրա անունը, մենք պետք է վստահենք Նրան: Ժողովի ժամանակ, որին ես մասնակցում էի մի կիրակի, մի երիտասարդ կին հարցրեց նմանատիպ մի բան. «Ես և իմ ընկերը վերջերս բաժանվեցինք, և նա ընտրեց հեռանալ Եկեղեցուց: Նա ասում է, որ երբեք այդքան երջանիկ չէր եղել: Ինչպես կարող է սա լինել»:

Փրկիչը պատասխանել է այդ հարցին, երբ Նա ասել է Նեփիացիներին.«Բայց եթե [ձեր կյանքը] կառուցված չլինի իմ ավետարանի վրա, և կառուցված լինի մարդկանց գործերի վրա, կամ դևի գործերի վրա, ճշմարիտ եմ ասում ձեզ, [դուք] ուրախություն կունենաք [ձեր] գործերում միառժամանակ, և շուտով գալիս է վերջը, և նրանք կտրվում են, և գցվում կրակի մեջ, որտեղից չկա վերադարձ»:22 Պարզապես Հիսուս Քրիստոսի ավետարանից դուրս չկա հարատև ուրախություն:

Այդ ժողովի ժամանակ, այնուամենայնիվ, ես մտածեցի իմ իմացած բազմաթիվ լավ մարդկանց մասին, ովքեր պայքարում են մեծ բեռների և պատվիրանների հետ, որոնք ամենից առավել են վհատեցնում նրանց: Ես հարցրեցի ինքս ինձ. «Էլ ի՞նչ կասեր Փրկիչը նրանց»:23 Համոզված եմ, Նա կհարցներ. «Դուք վստահո՞ւմ եք ինձ»:24 Արյան խնդիր ունեցող կնոջը Նա ասաց. «Քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղությամբ»:25

Իմ սիրելի սուրբ գրություններից մեկը Հովհաննես 4.4-նէ, որն ասում է. «Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր»:

Ինչո՞ւ եմ սիրում այդ հատվածը: Որովհետև Հիսուսը չպետք է գնար Սամարիա: Նրա օրերի հրեաները արհամարհում էին սամարացիներին և ճամփորդում էին՝ շրջանցելով Սամարիան: Բայց Հիսուսն ընտրեց գնալ այնտեղ՝ հայտարարելու ողջ աշխարհին առաջին անգամ, որ Ինքը խոստացված Մեսիան էր: Այդ ուղերձի համար Նա ընտրեց ոչ միայն մի վտարված խմբի, այլ նաև մի կնոջ, և ոչ թե ուղղակի որևէ կնոջ, այլ մի կնոջ, ով մեղքի մեջ էր ապրում, մեկին, ում այդ ժամանակ համարում էին ցածրագույնից ցածրագույնը: Համոզված եմ, որ Հիսուսն արեց այդպես, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանար միշտ հասկանալ, որ Նրա սերն ավելի մեծ է, քան մեր երկյուղները, մեր վերքերը, մեր կախվածությունները, մեր կասկածները, մեր գայթակղությունները, մեր մեղքերը, մեր խորտակված ընտանիքները, մեր ընկճախտն ու սրտնեղությունները, մեր խրոնիկական հիվանդությունը, մեր աղքատությունը, մեր հիասթափությունը և մեր մենակությունը:26 Նա կամենում է, որ բոլորն իմանան՝ չկա մի բան և չկա մեկը, որին Նա չկարողանա բժշկել և տալ հարատև ուրախություն:27

Նրա շնորհը բավարար է:28 Նա միայնակ իջավ բոլոր բաներից ցած: Նրա Քավության զորությունը ամեն բեռ հաղթահարելու զորությունն է մեր կյանքում:29 Ջրհորի մոտ կանգնած կնոջ ուղերձն այն է, որ Նա գիտի մեր կյանքի իրավիճակները,30 և որ մենք կարող ենք միշտ քայլել Նրա հետ, անկախ նրանից, թե որտեղ ենք կանգնած: Նրան և մեզանից յուրաքանչյուրին Նա ասում է. «Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ:31

Կյանքի ամեն ճամփորդություններում ինչո՞ւ պիտի դուք երբևէ հեռանաք միակ Փրկիչից, ով ունի ողջ զորությունը բժշկելու և ազատելու ձեզ: Ինչ գին էլ որ վճարեք Նրան վստահելու համար, արժե: Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք ընտրենք մեծացնել մեր հավատքը Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Իմ հոգու խորքից ես բերում եմ վկայություն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկիչի Եկեղեցին է, որն ուղղորդվում է կենդանի Քրիստոսի կողմից ճշմարիտ մարգարեի միջոցով։ Ես աղոթում եմ, որ մենք հավատարմորեն մեզ վրա վերցնենք Հիսուսի անունը՝ տեսնելով, ինչպես Նա է տեսնում, ծառայելով, ինչպես Նա է ծառայել և վստահելով, որ Նրա շնորհը բավական է մեզ տուն և հարատև ուրախության հասցնելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 3 Նեփի 27․3-8։

  2. Տես 3 Նեփի 27.5–6, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20.77 և հաղորդության ուխտը:

  3. See Dallin H. Oaks, His Holy Name (1998) for a comprehensive study about taking upon ourselves and being a witness of the name of Jesus Christ.

  4. Տես Մոսիա 5.2–3: Թագավոր Բենիամինի ժողովրդի մեջ, ովքեր իրենց վրա վերցրին Քրիստոսի անունը, սրտի զորեղ փոփոխության մասն էր կազմում այն, որ նրանց աչքերը բացվեցին դեպի «մեծ պատկերացումներ»: Նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ արքայությունը, այն անձնավորություններն են, ովքեր «տեսնում են, ինչպես իրենք են տեսնվում» (Վարդապետություն և Ուխտեր 76.94):

  5. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 39:

  6. Brigham Young, in Journal of Discourses, 8:37.

  7. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 278.

  8. Sես 3 Նեփի 17․7:

  9. Տես Հովհաննես 3.14–17, Գործք 10.34, 1 Նեփի 17.35, 2 Նեփի 26.33, Վարդապետություն և Ուխտեր 50.41–42, Մովսես 1.39: Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը նույնպես ուսուցանել է. «Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ մեկի համար նախասահմանված չէ, որ ավելի քիչ ստանա, քան այն ամենը, ինչ Հայրն ունի Իր զավակների համար» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Լիահոնա, մայիս 2015, 52):

  10. Տես Մատթեոս 5.14–16, 22․35–40; Մոսիա 3․19, Վարդապետություն և Ուխտեր 50.13–14, 133.5, տես նաև Ռասսել Մ.Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 79-81:

  11. Տես Ղևտացոց 18.4, 2 Նեփի 31.5–12, Վարդապետություն և Ուխտեր 1.12–16, 136.4, Հավատո Հանգանակ 1.3–4:

  12. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.20–21. 110.9:

  13. Տես Յեսու 3.5, Վարդապետություն և Ուխտեր 43.16, տես նաև Հովհաննես 17.19: Փրկիչը սրբագործեց Իրեն, որպեսզի զորություն ունենար` օրհնելու մեզ:

  14. Տես Հելաման 3.35, Վարդապետություն և Ուխտեր 12.6–9, 88.74:

  15. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17, Մարգարե Ջոզեֆ Սմիթին տեսիլքում Աստծո կողմից տրված առաջին հրամանը, տես նաև 2 Նեփի 9.29, 3 Նեփի 28.34:

  16. Տես Մարկոս 1.15, Գործք 3.19, Ալմա 5.33, 42.22-23, Վարդապետություն և Ուխտեր 19.4–20: Խորհեք մեղքի վերաբերյալ այս երկու մտքերի շուրջ: Առաջինը՝ Հյու Նիբլին գրում է. «Մեղքը թափոն է: Դա այն է, որ մի բան անում եք մեկ այլ բանի փոխարեն, ընդ որում, ավելի լավ բաների, որի համար դուք ունեք կարողություն» (Approaching Zion, ed. Don E. Norton [1989], 66)։ Ջոն Ուեսլիի մայրը՝ Սուսաննա Ուեսլին գրել է իր որդուն. «Ընտրիր այս կանոնը. Այն ինչ թուլացնում է քո բանականությունը, վնասում է քո խղճի զգայունությանը, մթագնում է Աստծո քո զգացողությունը, վերացնում է հոգևոր բաների հանդեպ քո համի զգացումը, այն ամենը ինչ մեծացնում է մարմնի իշխանությունը մտքիդ վրա, այդ բանը մեղք է քո համար, որքան էլ այն ինքնըինքստյան անմեղ թվա» (Susanna Wesley: The Complete Writings ed. Charles Wallace Jr. [1997], 109)։

  17. Տես Ղուկաս 22.32, 3 Նեփի 9.11, 20:

  18. Տես Հովհաննես 13․2-15,34։ Իր Քավության նախօրեին Փրկիչը լվաց մեկի ոտքերը, ով դավաճանել էր Իրեն, մյուսինը, ով ուրացել էր Իրեն և մյուսներինը, ովքեր ննջել էին Իրեն ամենաանհրաժեշտ ժամին: Նա այդ ժամանակ ուսուցանեց. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի»:

  19. Մատթեոս 5.46:

  20. See John R. Talmage, T he Talmage Story: Life of James E. Talmage—Educator, Scientist, Apostle (1972), 112–14.

  21. Տես Ալմա 10.22–23, 62.40:

  22. 3 Նեփի 27․11:

  23. Մատթեոս 11.28-30, Տերն ասում է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ: Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:… Նաև դիտարկեք Բ Կորնթացիս 12․7–9․ Պողոսը նկարագրում է տառապանքը՝ որպես շատ հզոր «փուշ մարմնում», որի համար նա աղոթում էր, որ հեռացվեր: Քրիստոսն ասաց նրան. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զօրությունը տկարության մեջ է կատարվում»: Sես նաև Եթեր 12.27:

  24. Տես Մոսիա 7.33, 29.20, Հելաման 12.1, Վարդապետություն և Ուխտեր 124.87:

  25. Տես Ղուկաս 8.43–48, Մարկոս 5.25–34: Արյան հետ խնդիր ունեցող կինը անհուսալի կարիքի մեջ էր և այլընտրանք չուներ: Նա տառապել էր 12 տարի, իր ունեցածը ծախսել էր բժիշկների վրա և գնալով ավելի էր վատանում: Իր ժողովրդի և ընտանիքի կողմից վտարված, նա նպատակասլացորեն իր ուղին էր բացում մի մեծ բազմության մեջ և նետվեց դեպի Փրկիչը: Նա լիակատար վստահություն ուներ Փրկիչի հանդեպ, և Նա զգաց նրա հպումը Իր հագուստի քղանցքին: Այդ հավատքի շնորհիվ Նա վայրկենապես և լիովին բժշկեց նրան: Նա այդ ժամանակ կոչեց նրան «դուստր»: Նա այլևս վտարանդի չէր, այլ Աստծո ընտանիքի անդամ: Նրա բժշկումը ֆիզիկական էր, հասարակական, հուզական և հոգևոր: Մարտահարվերները կարող են ձգվել տարիներ կամ ողջ կյանքի ընթացքում, բայց բժշկության նրա խոստումը վստահելի է ու բացարձակ:

  26. Տես Ղուկաս 4.21, Հովհաննես 4.6–26: Ղուկասը, և ոչ թե Հովհաննեսն է արձանագրել, որ Հիսուսի ծառայության վաղ շրջանում Նա գնաց Իր իսկ ժողովատունը Նազարեթում, կարդաց մի հատված Մեսիայի վերաբերյալ Եսայիայի մարգարեությունից և հետո հայտարարեց. «Այսօր այս գիրքը կատարուեցավ ձեր ականջներումը»: Սա առաջին նկարագրված պահն է, երբ Փրկիչը խոսում է Իր մասին որպես Մեսիա: Սակայն Հակոբի ջրհորի մոտ Հովհաննեսը արձանագրում է առաջին անգամ, որ Հիսուսը հրապարակավ հայտարարում է Իր Մեսիականության մասին: Այս միջավայրում, քանի որ սամարացիները համարվում էին ոչ հրեա, Հիսուսը նաև ուսուցանեց, որ Իր ավետարանը բոլորի համար է, ինչպես հրեայի, այնպես էլ հեթանոսի: Այս հայտարարությունը տեղի է ունենում «վեցերորդ ժամին» կամ կեսօրին, երբ երկրագունդը ստանում է լիակատար լույսը արևից: Հակոբի ջրհորը նույնպես դաշտավայրում էր ճշգրիտ կետի մոտ, որտեղ Իսրայելը ծիսակատարությամբ ուխտ կապեց Տիրոջ հետ խոստումի երկիր մտնելուց հետո: Հետաքրքիր է, որ դաշտավայրի մի կողմում չոր սար է, իսկ սարի մյուս կողմում կյանք տվող ջրով լի աղբյուրներ են:

  27. Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է. «Երբ լարվածության պահերին մենք մտորում ենք, թե կա՞ արդյոք ավելին մեր մեջ տալու համար, մենք կարող ենք հանգստանալ, իմանալով, որ Աստված, ով կատարելապես գիտի մեր կարողությունը, դրել է մեզ այստեղ՝ հաջողության հասնելու համար: Ոչ ոք չի նախակարգվել ձախողվելու կամ ամբարիշտ լինելու համար: … Երբ մենք համակված ենք վշտով, եկեք հիշենք հավաստիացումը, որ Աստված չի վերածրագրավորի մեզ» (“Meeting the Challenges of Today” [Brigham Young University devotional, Oct. 10, 1978], 9, speeches.byu.edu)։

  28. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

    «Գալիք մի օր, դուք կներկայանաք Փրկիչի առջև: Դուք ցնցված կլինեք արտասվելու աստիճան Նրա սուրբ ներկայության մեջ լինելու համար: Դուք կդժվարանաք խոսքեր գտնել, որ Նրան շնորհակալություն հայտնեք ձեր մեղքերի համար վարձահատույց լինելու, ուրիշների հանդեպ ձեր ցանկացածանբարյացկամություն ներելու, ձեր վնասվածքներից և այս կյանքի անարդարություններից բժշկելու համար:

    Դուք շնորհակալություն կհայտնեք Նրան անհնարինը կատարելիս ձեզ զորացնելու համար, ձեր թուլությունները ուժեղ կողմեր դարձնելու համար, և ձեզ համար Իր հետ և ձեր ընտանիքի հետ հավերժ ապրելը հնարավոր դարձնելու համար: Նրա ինքնությունը, Նրա Քավությունը և Նրա հատկանիշները անձնական և իրական կդառնան ձեզ համար» (“Prophets, Leadership, and Divine Law” [worldwide devotional for young adults, Jan. 8, 2017], broadcasts.lds.org)։

  29. Տես Եսայիա 53.3–5, Ալմա 7.11–13, Վարդապետություն և Ուխտեր 122․5-9։

  30. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17, Էլեյն Ս. Դալտոն, «Նա գիտի ձեզ անունով», Լիահոնա, մայիս 2005, 109–11։

  31. Հովհաննես 4.14: