2010–2019 թթ․
Դնելով մեծ աշխատանքի հիմքը
Հոկտեմբեր 2018


Դնելով մեծ աշխատանքի հիմքը

Դասերը, որոնք ուսուցանվում են մեր տներում հաստատված ավանդույթների միջոցով, փոքր ու հասարակ են, սակայն գնալով ավելի կարևոր են դառնում ներկայիս աշխարհում:

Որպես Սիոնի ծնողներ, մենք սրբազան պարտականություն ունենք մեր զավակների մեջ ցանկություն ու պարտականություն արթնացնել ուրախության, լույսի և Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունների հանդեպ: Մեր զավակներին մեծացնելիս, մենք մեր տներում ավանդույթներ ենք հիմնում և ստեղծում շփման ու վարքագծի կանոններ մեր ընտանեկան հարաբերությունների սահմաններում: Այդպես վարվելով, մեր հիմնած ավանդույթները մեր զավակների մեջ պետք է հաստատեն բարության ուժեղ, անսասան հատկանիշներ, որոնք նրանց կօժտեն կյանքի դժվարություններին դիմակայելու զորությամբ:

Երկար տարիներ մեր ընտանիքում ավանդույթ է եղել ամեն տարի ճամբարել հյուսիս-արևելյան Յուտայի Յունիտա լեռների բարձունքում: Քարքարոտ ճանապարհով մենք ճամփորդում ենք 20 մղոն (32 կմ), որպեսզի հասնենք մի գեղեցիկ կանաչ հովիտ, որը գտնվում է շատ բարձր պատերով կիրճում, իսկ կիրճով հոսում է մի գետ, որի ջուրը սառն է ու մաքուր: Ամեն տարի, հույս ունենալով վերահաստատել ավետարանի վարդապետության ու սկզբունքների արժեքը մեր զավակների և թոռների սրտերում, ես և Սյուզանը խնդրում ենք մեր վեց որդիներին և նրանց ընտանիքներին պատրաստել մի կարճ ուղերձ այնպիսի թեմայով, որն, ըստ նրանց, հանդիսանում է Քրիստոսակենտրոն ընտանիքի հիմքի կարևոր տարրը: Հետո նախատեսված տեղում մենք հավաքվում ենք ընտանեկան հոգևոր երեկոյի և յուրաքանչյուրը ներկայացնում է իր ուղերձը:

Նկար
Քարերի վրա գրված ուղերձներ

Այս տարի մեր թոռները իրենց ուղերձի թեման գրեցին քարերի վրա, իսկ հետո մեկ առ մեկ թաղեցին դրանք կողք կողքի, ներկայացնելով հաստատուն հիմքը, որի վրա հիմնվում է երջանիկ կյանքը: Նրանց բոլոր վեց ուղերձներում ընդգրկված է անփոփոխ, հավերժական ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը այդ հիմքի անկյունաքարն է:

Եսայիայի խոսքերով. «Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք»:1 Հիսուս Քրիստոսը այդ թանկարժեք անկյունաքարն է Սիոնի հիմքում: Այդ Նա էր, որ հայտնությամբ ասաց Ջոզեֆ Սմիթին. «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»:2

Դասերը, որոնք ուսուցանվում են մեր տներում հաստատված ավանդույթների միջոցով, փոքր ու հասարակ են, սակայն գնալով ավելի կարևոր են դառնում ներկայիս աշխարհում: Որո՞նք են այն փոքր ու հասարակ բաները, որոնք հաստատվելուց հետո մեծ գործ կկատարեն մեր զավակների ընտանիքում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ելույթով դիմել է Կանադայի Տորոնտո քաղաքի մոտ գտնվող մի մեծ համայնքի և հուզմունքով հիշեցրել է ծնողներին սուրբ պարտականության մասին, որ մենք պետք է ուսուցանենք մեր զավակներին: Նշված կարևոր պարտականությունների թվում Նախագահ Նելսոնը շեշտեց, որ մենք, որպես ծնողներ, պարտավոր ենք ուսուցանել մեր զավակներին հասկանալ, թե մենք ինչու ենք հաղորդություն ընդունում, ուխտի մեջ ծնվելու նշանակությունը, հայրապետական օրհնությունն ընդունելու և դրան պատրաստվելու կարևորությունը: Նա նաև խրախուսեց ծնողներին ոգեշնչել և ներգրավել ընտանիքի անդամներին սուրբ գրությունների ընթերցանության մեջ:3 Մեր սիրելի մարգարեն խրախուսում է մեզ այս ջանքերի միջոցով մեր տները դարձնել «հավատքի սրբավայրեր»:4

Մորմոնի Գրքում Ենովսը գրառել է խորը երախտագիտություն, որը նա զգում էր իր հոր օրինակի հանդեպ, ով «[նրան] սովորեցրել էր իր լեզվով և նաև Տիրոջ խրատով ու ուսմունքով»: Մեծ հուզմունքով Ենովսը բացականչել է. «Եվ օրհնված լինի իմ Աստծո անունը դրա համար»:5

Ես փայփայում եմ փոքր ու հասարակ ավանդույթները, որոնք հաստատվել են մեր ընտանիքում մեր ամուսնության 35 տարիների ընթացքում: Մեր ավանդույթներից շատերը փոքր են, սակայն՝ իմաստալից: Օրինակ.

  • Այն երեկոների ընթացքում, երբ ես հեռու էի տնից, ես միշտ գիտեի, որ Սյուզանի ղեկավարությամբ մեր ավագ որդին տանն էր և առանց զգուշացնելու իր վրա կվերցներ պարտականությունը՝ առաջնորդելով ընտանիքը սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի ժամանակ:6:

  • Մեկ այլ ավանդույթ. մենք երբեք չենք հեռանում տնից կամ ավարտում հեռախոսային խոսակցությունը, առանց ասելու. «Ես սիրում եմ քեզ»:

  • Մեր կյանքը օրհնվել է, քանի որ կանոնավոր կերպով ժամանակ ենք հատկացրել, որ վայելենք անհատական հարցազրույցը մեր որդիներից յուրաքանչյուրի հետ: Հարցազրույցներից մեկի ժամանակ ես հարցրի մեր որդիներից մեկին միսիա ծառայելու նրա ցանկությունների և պատրաստության մասին: Քննարկումից հետո մի պահ մտածկոտ լռություն տիրեց, հետո նա առաջ եկավ և մտախոհ հայտարարեց. «Հայրի՛կ, հիշու՞մ ես, երբ ես փոքր էի, մենք սկսեցինք անցկացնել հայրիկի հարցազրույցները»: Ես ասացի՝ «Այո»: «Դե,- ասաց նա,- ես այն ժամանակ խոստացա քեզ, որ ծառայելու եմ միսիայում, իսկ դու խոստացար ինձ, որ դու և մայրիկը նույնպես կծառայեք միսիայում, երբ ծերանաք»: Ապա եղավ ևս մեկ դադար: «Դուք ինչ-որ խնդի՞ր ունեք, որը ձեզ հեռու կպահի միսիայում ծառայելուց, միգուցե ես կարո՞ղ եմ օգնել»:

Ընտանեկան հաստատուն և օգտակար ավանդույթները, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ընթերցանությունը, ընտանեկան երեկոն և մասնակցությունը Եկեղեցու ժողովներին, թվում են փոքր և հասարակ, սակայն ստեղծում են սիրո, հարգանքի, միաբանության և ապահովության մշակույթը: Այս ջանքերին ուղեկցող ոգով մեր զավակները պաշտպանված են հակառակորդի կրակոտ նետերից, որոնցով լցված է արդի աշխարհիկ մշակույթը:

Իր որդուն ուղղված Հելամանի իմաստուն խորհուրդը հիշեցնում է մեզ. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավիչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:7

Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ եպիսկոպոս էի, մի ծեր պարոն հանդիպում խնդրեց ինձ հետ: Նա պատմեց, թե ինչպես է հեռացել Եկեղեցուց և նկարագրեց իր ծնողների արդար ավանդույթները, երբ ինքը դեռ պատանի էր: Նա մանրամասն նկարագրեց սրտի ցավը, որը զգացել էր իր կյանքի ընթացքում, մինչ զուր տևական ուրախություն էր փնտրում վաղանցիկ երջանկության մեջ, որն աշխարհը պետք է առաջարկեր: Հիմա, իր կյանքի վերջին տարիներին, նա զգում էր Աստծո Հոգու քնքուշ, երբեմն համառ շշնջացող հուշումները, որոնք առաջնորդում էին նրան ետ՝ դեպի իր դասերը, գործելակերպը, զգացումները և իր մանկության հոգևոր անվտանգությունը: Նա իր երախտագիտությունն էր արտահայտում իր ծնողների ավանդույթների համար և ժամանակակից խոսքերով նա արտահայտեց Ենովսի հայտարարությունը. «Օրհնված լինի իմ Աստծո անունը դրա համար»:

Իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այս թանկագին մարդու վերադարձը նման է շատերի փորձառությանը, և հաճախ է կրկնվում Աստծո զավակների մեջ, ովքեր որոշ ժամանակով դադարում են հետևել Քրիստոսի ուսմունքներին, որպեսզի կրկին վերադառնան իրենց պատանեկության ուսմունքներին ու գործելակերպին: Այդ պահերին մենք վկա ենք լինում Առակաց գրքի հեղինակի իմաստությանը, ով հորդորում է ծնողներին. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից»:8

Երեխաներին դաստիարակելիս, բոլոր ծնողները էլ ունենում են հուսահատության պահեր և բախվում վճռականության և ուժի տարբեր մակարդակների հետ: Սակայն, երբ ծնողները հավատք են գործադրում, մշտապես, անկեղծորեն, սիրով ուսուցանելով իրենց զավակներին և իրենց ուժերի ներածին չափով օգնում նրանց իրենց ճանապարհին, նրանք ավելի մեծ հույս կունենան, որ իրենց ցանած սերմերը արմատներ կձգեն իրենց զավակների սրտերում և մտքերում:

Մովսեսը լավ էր հասկացել հիմնարար կարիքը մշտական ուսուցման համար: Նա խորհուրդ է տվել. «Եւ կրկնիր Տիրոջ խոսքերը քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։9

Ընտանեկան աղոթքների ժամանակ մենք ծնկի ենք գալիս մեր զավակների կողքին, հոգում ենք նրանց մասին մեր ջանքերի միջոցով, որպեսզի սուրբ գրությունների ընթերցանությունը իմաստալից լինի, մենք համբերությամբ, սիրով հոգ ենք տանում նրանց մասին, երբ միասին մասնակցում ենք ընտանեկան երեկոյին, և անհանգստանում ենք նրանց համար, երբ ծնկի ենք իջնում՝ մեր անձնական աղոթքները երկինք ուղղելով: Օ՜հ, որքան ենք մենք ցանկանում, որ այն սերմերը, որոնք մենք ցանում ենք, արմատներ գցեն նրանց սրտերում և մտքերում:

Կարծում եմ, որ պակաս կարևոր հարց է, որ մենք անհանգստանանք՝ արդյո՞ք մեր զավակները հասկանում են ամեն բան մեր ուսուցման ընթացքում, ինչպես օրինակ՝ դժվարանում են կարդալ սուրբ գրությունները, անցկացնել ընտանեկան երեկոներ կամ մասնակցել Հոգևոր երեկոներին և Եկեղեցու այլ ժողովներին: Պակաս կարևոր հարց է, թե արդյո՞ք այդ պահերին նրանք հասկանում են այդ միջոցառումների կարևորությունը, սակայն ավելի կարևոր հարց է, թե արդյո՞ք մենք՝ որպես ծնողներ, բավականաչափ հավատք ենք գործադրում՝ հետևելու Տիրոջ խորհրդին՝ ջանասիրաբար ապրելով, ուսուցանելով և հաստատելով ակնկալիքներ, որ մենք ոգեշնչված ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Այս ջանքի մղիչ ուժը մեր հավատքն է, մեր համոզմունքը, որ մի օր նրանց պատանեկության տարիներին ցանված սերմերը արմատ կձգեն, կծլարձակեն ու կաճեն:

Այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, ինչ մենք քարոզում ենք և ուսուցանում, որոշում են, թե ինչ կպատահի մեր միջև: Երբ մենք հաստատում ենք օգտակար ավանդույթներ, որոնք ուսուցանում են Քրիստոսի վարդապետությունը, Սուրբ Հոգին վկայություն է բերում մեր ուղերձի ճշմարտացիության մասին և սնուցում է ավետարանի սերմերը, որոնք մեր ջանքերով ցանվել են մեր զավակների սրտերում ամբողջ ճանապարհին: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: