2010–2019 թթ․
Հայրը
Հոկտեմբեր 2018


Հայրը

Մեզանից յուրաքանչյուրը ներուժ ունի դառնալ Հոր նման։ Դա անելու համար, մենք պետք է երկրպագենք Հորը Որդու անունով:

Իր ողջ կյանքի ընթացքում իմ կինը՝ Մելինդան, փորձել է իր ամբողջ սրտով լինել Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը: Սակայն, սկսած իր երիտասարդությունից, նա իրեն արժանի չէր զգում Երկնային Հոր սիրուն և օրհնություններին, քանի որ սխալ էր հասկացել Նրա էությունը: Բարեբախտաբար, տխրությանը հակառակ, Մելինդան շարունակում էր պահել պատվիրանները։ Մի քանի տարի առաջ նա մի շարք փորձառություններ ունեցավ, որոնք օգնեցին նրան ավելի լավ հասկանալ Աստծո էությունը, այդ թվում՝ Նրա սերը Իր զավակների հանդեպ և երախտագիտությունը՝ Իր աշխատանքը կատարելու մեր անկատար ջանքերի համար:

Մելինդան բացատրում է, թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել իր վրա. «Ես հիմա համոզված եմ, որ Հոր ծրագիրը աշխատում է, որ Նա անձամբ օգնել է մեզ հաջողության հասնել, և Նա մեզ դասեր ու փորձառություններ է տալիս, որոնք անհրաժեշտ են Նրա ներկայություն վերադառնալու համար: Ես իմ և ուրիշների մեջ ավելի շատ ներուժ եմ տեսնում, ինչպես որ Աստված է տեսնում դա մեր մեջ: Ես կարողանում եմ ծնող լինել, ուսուցանել և ծառայել ավելի մեծ սիրով և ավելի պակաս վախով: Ես զգում եմ խաղաղություն եւ վստահություն, այլ ոչ թե անհանգստություն և անապահովություն: Քննադատված զգալու փոխարեն, ես աջակցված եմ զգում։ Իմ հավատքն ավելի հաստատ է: Ես իմ Հոր սերն ավելի հաճախակի ու ավելի խորն եմ զգում»:1

«[Երկնային Հոր] բնավորության, կատարյալ լինելու և հատկանիշների մասին ճիշտ պատկերացումը» կարևոր է բավարար հավատք կիրառելու համար, որպեսզի ստանաք վեհացում:2 Երկնային Հոր բնավորության մասին ճիշտ պատկերացումը կարող է փոխել այն, թե ինչպես ենք մենք տեսնում ինքներս մեզ և ուրիշներին, և կարող է օգնել մեզ հասկանալ Իր զավակների հանդեպ ունեցած Աստծո մեծ սերը և Նրա մեծ ցանկությունը՝ օգնել մեզ դառնալ Իր նման: Նրա էության մասին սխալ տեսակետը կարող է մեզ զգացնել տալ, որ մենք անկարող ենք երբևէ վերադառնալ Նրա ներկայություն:

Իմ նպատակն այսօր Հոր մասին հիմնական վարդապետական կետերն ուսուցանելն է, որոնք թույլ կտան բոլորիս, բայց հատկապես նրանց, ովքեր կասկածներ ունեն իրենց հանդեպ Աստծո սիրո մասին, ավելի լավ հասկանալ Նրա ճշմարիտ բնավորությունը և ավելի մեծ հավատք գործադրել՝ Նրա, Նրա Որդու և մեզ համար Նրա ունեցած ծրագրի հանդեպ:

Նախաերկրային կյանքը

Նախաերկրային կյանքում մենք ծնվել ենք որպես հոգիներ Երկնային ծնողներից և նրանց հետ ապրել ենք որպես ընտանիք։3 Նրանք ճանաչում էին մեզ, ուսուցանում և սիրում էին մեզ։4 Մենք շատ էինք ցանկանում նմանվել մեր Երկնային Հորը։ Սակայն մենք հասկացանք, որ դա անելու համար պետք է․

  1. Ձեռք բերենք փառավորված, անմահ, ֆիզիկական մարմիններ,5

  2. Ամուսնանանք և ընտանիքներ կազմենք քահանայության կնքման զորությամբ,6 և

  3. Ձեռք բերենք բոլոր գիտելիքները, զորությունը և աստվածային հատկանիշները:7

Հետևաբար, Հայրը ստեղծեց մի ծրագիր, որը թույլ կտար մեզ որոշակի պայմաններով8 ձեռք բերել ֆիզիկական մարմիններ, որոնք Հարության ժամանակ կդառնան անմահ և փառավորված, ամուսնանալ և ընտանիքներ կազմել մահկանացու կյանքում, կամ մահկանացու կյանքից հետո այն հավատարիմների համար, ովքեր հնարավորություն չեն ունենա այս կյանքում,9 առաջընթաց ապրել դեպի կատարելություն և, ի վերջո, վերադառնալ մեր Երկնային ծնողների և ընտանիքների մոտ և ապրել նրանց հետ վեհացման ու հավերժական երջանկության մեջ։10

Սուրբ գրություններն անվանում են դա փրկության ծրագիր։11 Մենք այնքան երախտապարտ էինք այս ծրագրի համար, որ երբ այն մեզ ներկայացվեց, մենք բացականչեցինք ուրախությունից:12 Մեզանից յուրաքանչյուրն ընդունեց ծրագրի պայմանները, այդ թվում մահկանացու կյանքի փորձառություններն ու դժվարությունները, որոնք կօգնեին մեզ զարգացնել աստվածային հատկանիշներ։13

Մահկանացու կյանքը

Մահկանացու կյանքում Երկնային Հայրն ապահովում է այն պայմանները, որոնք պետք են Նրա ծրագրում առաջընթաց ունենալու համար: Հայրը դրեց Հիսուս Քրիստոսին մարմնի մեջ14 և աստվածային օգնություն տվեց Նրան՝ կատարելու Իր մահկանացու առաքելությունը։ Նմանապես, Երկնային Հայրը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, եթե մենք ձգտենք պահել Նրա պատվիրանները:15 Հայրը տալիս է մեզ ազատ կամք։16 Մեր կյանքը Նրա ձեռքերում է և մեր «օրերը հայտնի են» և «տարիները չեն կրճատվի»։17 Եվ Նա հավաստիացնում է, որ ամեն բան լավ կլինի նրանց համար, ովքեր սիրում են Իրեն։18

Երկնային Հայրն է տալիս մեզ հանապազօրյա հացը,19 որը բաղկացած է այն սնունդից, որն ուտում ենք և այն ուժից, որն անհրաժեշտ է Նրա պատվիրանները պահելու համար։20 Հայրը տալիս է բարի պարգևներ։21 Նա լսում և պատասխանում է մեր աղոթքներին։22 Երկնային Հայրն ազատում է մեզ չարից, եթե մենք թույլ ենք տալիս Նրան։23 Նա լալիս է, երբ մենք տառապում ենք։24 Ի վերջո, մեր բոլոր օրհնությունները Հայրն է տալիս։25

Երկնային Հայրն առաջնորդում է մեզ և մեր ուժեղ կողմերից, թույլ կողմերից և ընտրություններից ելնելով, մեզ տալիս է այնպիսի փորձառություններ, որ մենք կարողանանք բարի պտուղ բերել:26 Անհրաժեշտության դեպքում, Հայրը մեզ խրատում է, քանի որ Նա սիրում է մեզ։27 Նա «Խորհրդի Մարդ է»,28 ով մեզ հետ խորհուրդ կանի, եթե խնդրենք Նրան։29

Երկնային Հայրն է ուղարկում Սուրբ Հոգու ազդեցությունը և պարգևը մեր կյանքում։30 Սուրբ Հոգու պարգևի միջոցով Հոր փառքը, կամ բանականությունը, լույսը և զորությունը կարող են բնակվել մեր մեջ:31 Եթե մենք ձգտենք զարգանալ լույսի և ճշմարտության մեջ և մեր աչքն ուղղված լինի միայն Աստծո փառքին, Երկնային Հայրը կուղարկի խոստումի Սուրբ Հոգին, որպեսզի կնքի մեզ հավերժական կյանքի համար և Իր երեսը հայտնի դարձնի մեզ՝ ինչպես այս կյանքում, այնպես էլ գալիք կյանքում։32

Հետմահկանացու կյանք

Հետմահկանացու հոգևոր աշխարհում Երկնային Հայրը շարունակում է սփռել Սուրբ Հոգին և ուղարկում է միսիոներներին նրանց մոտ, ովքեր ունեն ավետարանի կարիքը: Նա պատասխանում է աղոթքներին և օգնում նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն ստանալ փոխարինող փրկարար արարողությունները։33

Հայրը բարձրացրեց Հիսուս Քրիստոսին և Հարությունը իրականացնելու զորություն տվեց,34 որի միջոցով մենք ձեռք ենք բերում անմահ մարմիններ։ Փրկիչի Քավությունը և Հարությունը մեզ վերադարձնում են Հոր ներկայությունը, որտեղ մենք դատվելու ենք Հիսուս Քրիստոսի կողմից։35

Այն մարդիկ, ովքեր ապավինում են «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմությանը և շնորհին»,36 կստանան Հոր նման փառավորված մարմիններ37 և կապրեն Նրա հետ «երբեք չվերջացող երջանկության մի վիճակում»։38 Այնտեղ Հայրը կսրբի բոլոր արտասուքը39 և կօգնի մեզ շարունակել մեր ճամփորդությունը և դառնալ Նրա նման։

Ինչպես տեսնում եք, Երկնային Հայրը միշտ կանգնած է մեր կողքին։40

Հոր բնավորությունը

Հորը նմանվելու համար մենք պետք է զարգացնենք Նրա բնավորության գծերը։ Երկնային Հոր կատարելությունն ու հատկանիշները հետևյալն են․

  • Հայրը «Անվերջ ու Հավերժական է»։41

  • Նա կատարյալ ձևով արդար է, ողորմած է, բարի է, երկայնամիտ է և ցանկանում է միայն այն, ինչ լավագույնն է մեզ համար։42

  • Երկնային Հայրը սեր է։43

  • Նա պահում է Իր ուխտերը։44

  • Նա փոփոխական չէ։45

  • Նա չի կարող ստել։46

  • Հայրը անաչառ է։47

  • Նա սկզբից ի վեր գիտի բոլոր բաները՝ անցյալը, ներկան, ապագան։48

  • Երկնային Հայրն ավելի խելացի է,49 քան մենք բոլորս։50

  • Հայրն ունի ամբողջ զորությունը51 և անում է այն ամենը, ինչ Իր սրտում մտադրվում է անել։52

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք վստահել և ապավինել Հորը։ Քանի որ Նա ունի հավերժական հեռանկար, Երկնային Հայրը կարող է տեսնել այնպիսի բաներ, որոնք մենք չենք կարող տեսնել: Նրա ուրախությունը, գործը և փառքն է՝ իրականացնել անմահությունն ու վեհացումը։53 Ամեն բան, ինչ Նա անում է, մեր օգուտի համար է: Նա «[մեր] հավերժական երջանկությունն ավելի շատ է ուզում, քան՝ [մենք]»։54 Եվ Նա «չի պահանջի [մեզանից] դժվարության մեկ պահ իսկ ավելի տանել, եթե բացարձակապես անհրաժեշտություն չլինի [մեր] անձնական օգտի կամ նրանց օգտի համար, ում [մենք] սիրում ենք»։55 Արդյունքում, նա կենտրոնանում է մեզ օգնելու վրա, որ առաջընթաց ունենանք, ոչ թե դատելու և դատապարտելու վրա։56

Դառնալ մեր Հոր նման

Որպես Երկնային Հոր հոգևոր որդիներ ու դուստրեր, մեզանից յուրաքանչյուրը ներուժ ունի դառնալ Հոր նման։ Դա անելու համար, մենք պետք է երկրպագենք Հորը Որդու անունով:57 Մենք դա անում ենք, ձգտելով հնազանդվել Հոր կամքին, ինչպես Փրկիչն էր հնազանդ, 58 և շարունակաբար ապաշխարելով:59 Երբ անում ենք այդ բաները, մենք ստանում ենք «շնորհ՝ շնորհի տեղ», մինչև որ ստանանք Հոր լիությունը60 և օժտվում ենք «նրա բնավորությամբ, կատարելությամբ և հատկանիշներով»։61

Հաշվի առնելով մեր՝ մահկանացուներիս և մեր Երկնային Հոր միջև եղած տարբերությունը, զարմանալի չէ, որ ոմանք կարծում են, թե Հորը նմանվելն անհնարին է։ Սակայն սուրբ գրությունները հստակ են։ Եթե մենք հավատարիմ մնանք Քրիստոսի հավատքում, ապաշխարենք և հնազանդության միջոցով փնտրենք Աստծո շնորհը, ի վերջո մենք կդառնանք Հոր նման։ Ես մեծ սփոփանք եմ զգում այն փաստից, որ նրանք, ովքեր ձգտում են հնազանդ լինել «կստանան շնորհ՝ շնորհի տեղ» և ի վերջո «կստանան նրա լիությունը»։62 Այլ կերպ ասած, մենք Հոր նման չենք դառնա մեր ուժերով։63 Փոխարենը, այն կստանանք շնորհի պարգևի միջոցով, մի մասը մեծ, բայց հիմնականում փոքր պարգևներ, որոնք իրար վրա ավելացնելով կունենանք լիությունը: Բայց, եղբայրնե՛ր և քույրե՛ր, ի վերջո, այդ լիությունը կստանանք։

Ես հրավիրում եմ ձեզ վստահել, որ Երկնային Հայրը գիտի, թե ինչպես վեհացնել ձեզ. փնտրեք Նրա ամենօրյա օգնությունը և Քրիստոսի հանդեպ հավատքով առաջ մղվեք նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք զգում Աստծո սերը:

Մենք շատ բան չենք հասկանում Հոր նման դառնալու մասին:64 Բայց համոզված կարող եմ ասել, որ Հոր նման դառնալու ձգտումն արժե ամեն զոհաբերություն։65 Այն զոհաբերությունները, որոնք կատարում ենք մահկանացու կյանքում, անկախ նրանից, թե որքան մեծ են դրանք, պարզապես անհամեմատելի են այն անսահման ուրախության, երջանկության և սիրո հետ, որ մենք կզգանք Աստծո ներկայության մեջ:66 Եթե դժվարանում եք հավատալ, որ ձեզ պատվիրված զոհաբերություններն արժե կատարել, Փրկիչը կանչում է ձեզ և ասում․ «Դուք դեռ չեք հասկացել, թե որքան մեծ օրհնություններ ունի Հայրը … ձեզ համար պատրաստած, … դուք չեք կարող տանել բոլոր բաներն այժմ, այնուամենայնիվ, ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»։67

Ես վկայում եմ, որ ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք նորից ապրեք Իր հետ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: