2010–2019 թթ․
Մորմոնի Գրքի դերը դարձի գալու ընթացքում
Հոկտեմբեր 2018


Մորմոնի Գրքի դերը դարձի գալու գործում

Մենք հավաքում ենք Իսրայելը վերջին անգամ և դա անում ենք Մորմոնի Գրքով՝ դարձի բերող ամենահզոր գործիքներից մեկով:

Այսօր շատերին է հետաքրքրում Աստծո իրական լինելը և մեր փոխհարաբերությունները Նրա հետ: Շատերը քիչ բան գիտեն, կամ ընդհանրապես չգիտեն Նրա երջանկության մեծ ծրագրի մասին: Ավելի քան 30 տարի առաջ Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը նկատել էր, որ «այսօր… աշխարհի մեծ մասը մերժում է Փրկիչի աստվածային բնույթը: Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշափառ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառահեղ Հարության իրականությունը»:1

Մեր օրերում հարցերը կենտրոնացած են ոչ միայն մեր Փրկիչի, այլև Նրա Եկեղեցու վրա՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու, որը Նա վերականգնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հարցերը հիմնականում վերաբերում են Փրկիչի Եկեղեցու պատմությանը, ուսմունքներին և գործերին:

Մորմոնի Գիրքը նպաստում է մեր վկայության աճին

Քարոզիր Իմ Ավետարանը գրքում կարդում ենք՝ «Հիշեք, որ մեր հասկացողությունն [Երկնային Հոր և երջանկության Նրա ծրագրի մասին] ընդլայնվում է ժամանակակից մարգարեների` Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդողների շնորհիվ, որոնք ուղղակիորեն հայտնություններ են ստանում Աստծուց: Ուստի, առաջին հարցը, որին ունկնդիրը պետք է պատասխանի, դա այն է, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, իսկ ունկնդիրը կարող է պատասխանել այդ հարցին, կարդալով Մորմոնի Գիրքը և աղոթելով այդ մասին»:2

Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման վերաբերյալ իմ վկայությունն ամրապնդվեց այն ժամանակ, երբ աղոթքով ուսումնասիրեցի Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Ես գործի դրեցի Մորոնիի հրավերը. «հարցրեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով» իմանալու համար Մորոնի Գրքի ճշմարտացիությունը:3 Ես վկայում եմ, որ գիտեմ, որ այն ճշմարիտ է։ Այդ գիտելիքը տրվեց ինձ, ինչպես որ կարող է տրվել ձեզ՝ «Սուրբ Հոգու զորությամբ»:4

Մորմոնի Գրքի նախաբանում գրված է. «Նրանք, ովքեր ձեռք են բերում այս աստվածային վկայությունը Սուրբ Հոգուց, կգան նաև իմացության, նույն զորությամբ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը նրա հայտնողն ու մարգարեն է այս վերջին օրերում, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրկին վերահաստատված Տիրոջ թագավորությունն է երկրի վրա՝ ի նախապատրաստություն Մեսիայի երկրորդ գալստյան»:5

Երբ որպես երիտասարդ միսիոներ մեկնում էի Չիլի, ես մի դաս սովորեցի Մորմոնի Գրքի դարձի բերող զորության մասին, որը փոխեց իմ կյանքը: Պարոն Գոնսալեսը երկար տարիներ ծառայել էր իր եկեղեցու հարգված պաշտոններից մեկում: Նա ստացել էր կրոնական խորացված ուսում, այդ թվում՝ ուներ աստվածաբանության գիտական աստիճան: Նա հպարտ էր իր աստվածաշնչյան գիտելիքներով: Մեզ համար պարզ էր, որ նա ապստամբ աշակերտ է լինելու:

Պարոն Գոնսալեսը քաջատեղյակ էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներների մասին, երբ վերջիններս իրենց գործը կատարելով, այցելեցին նրա տունը Լիմայում (Պերու): Նա միշտ ցանկացել էր հանդիպել նրանց, որպեսզի դասեր տար Աստվածաշնչից:

Մի օր, ըստ նրա, կարծես նվեր լիներ երկնքից, երբ երկու միսիոներներ կանգնեցրին նրան փողոցում և հարցրին, թե արդյոք կցանկանա՞ր, որ գային իր տուն և կիսվեին իր հետ սուրբ գրություններով: Դա նրա երազա՜նքն էր: Նրա աղոթքները պատասխան ստացան: Վերջապես, նա ճիշտ ուղու վրա կկանգնեցներ այս մորորված երիտասարդներին: Պարոն Գոնսալեսն ասաց, որ ուրախ կլիներ, եթե նրանք գային իր տուն՝ քննարկելու սուրբ գրությունները:

Նա անհամբեր սպասում էր այդ հանդիպմանը: Նա պատրաստ էր Աստվածաշնչի օգնությամբ հերքել նրանց հավատալիքները: Պարոն Գոնսալեսը վստահ էր, որ Աստվածաշունչը հստակ ու համոզիչ կերպով կբացահայտի նրանց սխալ ուղին: Նշանակված օրը եկավ և միսիոներները թակեցին դուռը: Նա ոգևորված էր: Վերջապես եկել էր ցանկալի պահը:

Նա բացեց դուռը և միսիոներներին ներս հրավիրեց: Միսիոներներից մեկը, նրան տալով կապույտ գիրքը, անկեղծ վկայություն բերեց, որ ինքը գիտեր, որ այդ գիրքը պարունակում է Աստծո խոսքը: Երկրորդ միսիոները իր զորավոր վկայությունն ավելացրեց գրքի մասին, վկայելով, որ այն թարգմանվել է Աստծո ժամանակակից մարգարեի կողմից, ում անունը Ջոզեֆ Սմիթ է, և որ այն պատմում է Քրիստոսի մասին: Միսիոներները ներողություն խնդրեցին և հեռացան նրա տնից:

Պարոն Գոնսալեսը շատ շփոթված էր: Բայց նա բացեց գիրքը և սկսեց թերթել էջերը: Նա կարդաց առաջին էջը: Ապա նա կարդաց մյուս էջը, հետո՝ հաջորդը և չդադարեց կարդալը մինչև հաջորդ օրվա կեսօր: Նա կարդաց ամբողջ գիրքը և գիտեր, որ այն ճշմարիտ է: Պարոն Գոնսալեսը գիտեր, թե ինչ պետք է աներ: Նա կանչեց միսիոներներին, մասնակցեց նրանց զրույցներին և դադարեց իր սովորական կյանքով ապրել, դառնալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Այդ բարի մարդը իմ ՄՊԿ-ի ուսուցիչն էր Պրովոյում (Յուտա): Եղբայր Գոնսալեսի դարձի գալու պատմությունը և Մորմոնի Գրքի զորությունը մեծ տպավորություն գործեցին ինձ վրա:

Երբ ես ժամանեցի Չիլի, իմ միսիայի նախագահը՝ նախագահ Ռոյդեն Ջ. Գլեյդը, մեզ հրավիրեց ամեն շաբաթ կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմությունում արձանագրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը: Նա ուսուցանեց մեզ, որ Առաջին Տեսիլքի վկայությունը ուղղակիորեն կազդի ավետարանի և Մորմոնի Գրքի մասին մեր սեփական վկայության վրա:

Ես ընդունեցի նրա հրավերը: Ես կարդացել եմ Առաջին Տեսիլքի պատմությունները, կարդացել եմ Մորմոնի Գիրքը: Ես աղոթել եմ, ինչպես ուղղորդել է Մորոնին և հարցրել եմ «Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով»6, թե արդյո՞ք ճշմարիտ է Մորոնի Գիրքը: Ես այսօր վկայում եմ, որ գիտեմ՝ Մորմոնի Գիրքը, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է ասել. «ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:7 Մարգարե Ջոզեֆը նաև հայտարարել է. «Հեռացրեք Մորմոնի Գիրքը և հայտնությունները և որտե՞ղ կլինի մեր կրոնը: Այն գոյություն չի ունենա»:8

Անձնական դարձի գործընթաց

Երբ մենք լավ ենք հասկանում, թե ովքեր ենք մենք և հասկանում ենք Մորմոնի Գրքի նպատակը, մեր դարձը խորանում է և դառնում ավելի հաստատուն: Մենք վճռական ենք դառնում մեր պարտավորվածությամբ՝ պահելով մեր ուխտերը, որոնք կապել ենք Աստծո հետ:

Մորմոնի Գրքի սկզբունքային նպատակն է՝ հավաքել ցրված Իսրայելը: Այս հավաքումը Աստծո բոլոր զավակներին հնարավորություն է տալիս կանգնել ուխտի ճանապարհի վրա և, պատվելով այդ ուխտերը, վերադառնալ Հոր ներկայությունը: Ուսուցանելով և մկրտելով նորադարձներին, մենք հավաքում ենք ցրված Իսրայելը:

Մորմոնի Գիրքը Իսրայելի տանը վերաբերող 108 հղում ունի: Մորմոնի Գրքի սկզբում Նեփին ասում է. «Քանզի իմ ողջ նպատակն է, որ ես կարողանամ համոզել մարդկանց՝ գալ դեպի Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և փրկվել»:9 Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը Հին Կտակարանի Աստվածն է՝ Հիսուս Քրիստոսը: Մենք փրկվում ենք, երբ գալիս ենք Քրիստոսի մոտ, ապրելով Նրա ավետարանով:

Ավելի ուշ Նեփին գրել է.

«Այո, հայրս իսկապես շատ խոսեց հեթանոսների վերաբերյալ և նաև Իսրայելի տան վերաբերյալ, որ նրանց կարելի է նմանեցնել ձիթենու, որի ճյուղերը կկտրվեն և կցրվեն ողջ երկրի երեսով…

Եվ Իսրայելի տան ցրվելուց հետո նրանք նորից կհավաքվեն. կամ, ի վերջո, հեթանոսները Ավետարանի լրիվությունը ստանալուց հետո, ձիթենու բնական ճյուղերը, կամ Իսրայելի տան մնացորդը, կպատվաստվի կամ կգա ճշմարիտ Մեսիայի՝ իրենց Տիրոջ և իրենց Քավչի իմացությանը»:10

Նմանապես, Մորմոնի Գրքի վերջում Մորոնի Մարգարեն է հիշեցնում մեզ մեր ուխտերի մասին, ասելով. «Որ դու այլևս չձուլվես, որ Հավերժական Հոր ուխտերը, որոնք նա արել է քեզ հետ, ո՛վ Իսրայելի տուն, կատարվեն»:11

Հավերժական Հոր ուխտերը

Որո՞նք են Մորոնիի հիշատակած «Հավերժական Հոր ուխտերը»: Աբրահամի գրքում կարդում ենք.

«Իմ անունը Եհովա է, և ես ի սկզբանե գիտեմ վերջը. ուստի, իմ ձեռքը կլինի քո վրա:

Եվ ես քեզանից մեծ ազգ կշինեմ, և կօրհնեմ քեզ անչափ, և անունդ մեծ կդարձնեմ բոլոր ազգերի մեջ, և դու օրհնություն կլինես քո գալիք սերնդի համար, այնպես որ նրանք իրենց ձեռքերում կտանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին»:12

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը վերջերս տեղի ունեցած համաշխարհային հեռարձակման ժամանակ ասել է. «այժմ անշուշտ վերջին օրերն են, և Տերն արագացնում է Իսրայելի հավաքման Իր աշխատանքը: Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: Եվ եթե ցանկանաք՝ դուք կհանդիսանաք դրա մասը: Դուք կլինեք մասնիկը մի մեծ գործի, հսկա մի աշխատանքի և փառահեղ մի բանի:

«Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը, վարագույրի երկու կողմերում, արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Նրանք իրենք են որոշում՝ թե արդյոք կցանկանան ավելին իմանալ»:13

Ահա, թե ինչ ենք մենք անում, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ. մենք ձգտում ենք, որ աշխարհը հասկանա և դարձի գա դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Մենք «վերջին օրերի հավաքողներն ենք»:14 Մեր առաքելությունը հստակ է: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք հայտնի լինենք որպես մարդիկ, ովքեր սրտանց ընդունել են Մորոնիի խոստումը և ստացել են պատասխանը, իմանալով՝ որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և այնուհետև այդ գիտելիքով կիսվել մյուսների հետ խոսքով և, ամենակարևորը՝ գործով:

Մորմոնի Գրքի դերը դարձի գալու գործում

Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:15 Այն տանում մեզ դեպի Հոր ուխտերը, որոնք եթե պահենք, կապահովեն, որ ստանանք Նրա մեծագույն պարգևը՝ հավերժական կյանքը:16 Մորմոնի Գիրքը Երկնային Հոր բոլոր որդիների և դուստրերի դարձի գալու պորքատարն է:

Կրկին մեջբերեմ Նախագահ Նելսոնի խոսքերը. «Եթե դուք … ամեն օր կարդաք Մորմոնի Գիրքը, կիմանաք հավաքման վարդապետությունը, ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Նրա ավետարանի լրիվության մասին, որոնք չկան Աստվածաշնչում: Մորմոնի Գիրքը առանցքային է Իսրայելի հավաքման գործում: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա»:17

Թույլ տվեք ավարտել Փրկիչի խոսքերով, երբ Նա ուսուցանում էր նեփիացիներին խոստացված օրհնությունների մասին. «Դուք եք մարգարեների զավակները. և դուք Իսրայելի տնից եք. և դուք այն ուխտից եք, որ Հայրն արել էր ձեր հայրերի հետ՝ ասելով Աբրահամին. Եվ քո սերնդով երկրի բոլոր ցեղերը կօրհնվեն»:18

Ես վկայում եմ, որ մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք, Աբրահամի սերունդը, Իսրայելի տունը: Մենք վերջին անգամ ենք հավաքում Իսրայելը և անում ենք դա Մորմոնի Գրքով՝ գիրք, որը Տիրոջ Հոգու հետ միասին, դարձի բերող ամենահզոր գործիքն է: Մենք առաջնորդվում ենք Աստծո մարգարե՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից, ով ղեկավարում է Իսրայելի հավաքումը մեր օրերում: Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Այն փոխել է իմ կյանքը: Ես խոստանում եմ, ինչպես խոստացել էր Մորոնին և շատ մարգարեներ դարերի ընթացքում, որ այն կարող է փոխել ձեր կյանքը նույնպես:19 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: