Գլուխ 13
Նեփին տեսիլքում տեսնում է դևի եկեղեցին հաստատված հեթանոսների մեջ, Ամերիկայի հայտնագործումը և գաղութացումը, Աստվածաշնչի բազմաթիվ պարզ և արժեքավոր մասերի կորուստը, որպես դրա արդյունք՝ հեթանոսների ուրացության վիճակը, ավետարանի վերականգնումը, վերջին օրերի սուրբ գրքերի ի հայտ գալը, և Սիոնի կառուցումը: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, որ հրեշտակը խոսեց ինձ հետ, ասելով՝ Նայի՛ր: Եվ ես տեսա շատ ազգեր ու թագավորություններ:
2 Եվ հրեշտակն ասաց ինձ. Ի՞նչ ես տեսնում դու: Եվ ես ասացի. Ես տեսնում եմ շատ ազգեր ու թագավորություններ:
3 Եվ նա ասաց ինձ. Սրանք են հեթանոսների ազգերը և թագավորությունները:
4 Եվ եղավ այնպես, որ ես տեսա հեթանոսների ազգերի մեջ մի մեծ եկեղեցու ստեղծումը:
5 Եվ հրեշտակն ասաց ինձ. Ահա՛ մի եկեղեցու ստեղծումը, որն ամենապիղծն է բոլոր մյուս եկեղեցիներից ավելի, որը սպանում է Աստծո սրբերին, այո, և տանջում է նրանց, և նրանց շղթայակապ անում, և լծում է նրանց երկաթե լծով, և տանում է նրանց գերության:
6 Եվ եղավ այնպես, որ ես տեսա այդ մեծ և պիղծ եկեղեցին. և ես տեսա դևին, որ նա էր դրա հիմնադիրը:
7 Եվ ես տեսա նաև ոսկի և արծաթ և մետաքսներ և կարմիր և նրբահյուս բեհեզ և ամեն տեսակի թանկարժեք հագուստներ. և տեսա շատ պոռնիկներ:
8 Եվ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. Ահա՛ ոսկին և արծաթը և մետաքսը և կարմիրը և նրբահյուս բեհեզը և թանկարժեք հագուստները և պոռնիկներն այս մեծ և պիղծ եկեղեցու ցանկություններն են:
9 Եվ նաև աշխարհի գովասանքի համար նրանք կործանում են Աստծո սրբերին և տանում են նրանց գերության:
10 Եվ եղավ այնպես, որ ես նայեցի ու տեսա շատ ջրեր. և դրանք բաժանում էին հեթանոսներին իմ եղբոր սերնդից:
11 Եվ եղավ այնպես, որ հրեշտակն ասաց ինձ. Ահա՛ Աստծո ցասումը քո եղբայրների սերնդի վրա է:
12 Եվ ես նայեցի ու տեսա մի մարդու հեթանոսների մեջ, որը բաժանված էր իմ եղբայրների սերնդից շատ ջրերով. և տեսա Աստծո Հոգին, որ վայր իջավ ու ներգործեց այդ մարդու վրա, և նա առաջ գնաց շատ ջրերի վրայով. նույնիսկ մինչև իմ եղբայրների սերունդը, որոնք խոստացված երկրում էին:
13 Եվ եղավ այնպես, որ ես տեսա Աստծո Հոգին, որ այն ներգործեց ուրիշ հեթանոսների վրա էլ. և նրանք դուրս եկան գերությունից շատ ջրերի վրայով:
14 Եվ եղավ այնպես, որ ես տեսա հեթանոսների շատ բազմություններ խոստումի երկրում. և տեսա Աստծո ցասումը, որ այն եղբորս սերնդի վրա էր. և նրանք ցրվեցին հեթանոսների առջև և ջախջախվեցին:
15 Եվ ես տեսա Տիրոջ Հոգին, որ այն հեթանոսների վրա էր, և նրանք բարգավաճեցին և ձեռք բերեցին հողը՝ որպես իրենց ժառանգություն. և ես տեսա, որ նրանք սպիտակ էին, և չափազանց գրավիչ ու գեղեցիկ, նման իմ ժողովրդին՝ մինչև նրանց կոտորվելը:
16 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա, որ հեթանոսները, որոնք դուրս էին եկել գերությունից, իրենց խոնարհեցրին Տիրոջ առջև. և Տիրոջ զորությունը նրանց հետ էր:
17 Եվ ես տեսա, որ նրանց արյունակից հեթանոսներն ի մի էին հավաքվել ջրերի վրա և նաև ցամաքի վրա՝ ճակատամարտելու նրանց դեմ:
18 Եվ ես տեսա, որ Աստծո զորությունը նրանց հետ էր և նաև, որ Աստծո ցասումը բոլոր նրանց վրա էր, որոնք ի մի էին հավաքվել՝ ճակատամարտելու նրանց դեմ:
19 Եվ ես՝ Նեփիս, տեսա, որ հեթանոսները, որոնք դուրս էին եկել գերությունից, ազատվել էին, Աստծո զորությամբ, բոլոր մյուս ազգերի ձեռքից:
20 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա, որ նրանք բարգավաճեցին երկրում. և տեսա մի գիրք նրանց մեջ, և դա նրանք կրում էին իրենց հետ:
21 Եվ հրեշտակն ասաց ինձ. Գիտե՞ս գրքի նշանակությունը:
22 Եվ ես ասացի նրան՝ Չգիտե՛մ:
23 Եվ նա ասաց. Տե՛ս, այն դուրս է եկել հրեայի բերանից: Եվ ես՝ Նեփիս, տեսա այն. և նա ինձ ասաց. Գիրքը, որ դու տեսնում ես, հրեաների մի հիշատակարան է, որը պարունակում է Տիրոջ ուխտերը, որոնք նա արել է Իսրայելի տան հետ. և այն պարունակում է նաև սուրբ մարգարեների մարգարեություններից շատերը. և դա մի հիշատակարան է, նման այն փորագրություններին, որոնք արույրե թիթեղների վրա են, միայն թե դրանք այնքան շատ չեն. այնուամենայնիվ, դրանք պարունակում են Տիրոջ ուխտերը, որոնք նա կապել է Իսրայելի տան հետ. ուստի, դրանք մեծ արժեք ունեն հեթանոսների համար:
24 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց ինձ. Դու տեսար, որ գիրքը դուրս է եկել հրեայի բերանից. և երբ այն դուրս եկավ հրեայի բերանից, այն պարունակում էր Տիրոջ ավետարանի լրիվությունը, որի մասին տասներկու առաքյալները վկայում են. և նրանք վկայում են՝ ճշմարտության համաձայն, որն Աստծո Գառի մեջ է:
25 Ուստի, այս բաները հրեաներից հեթանոսներին են փոխանցվում անաղարտ՝ համաձայն այն ճշմարտությանը, որն Աստծո մեջ է:
26 Եվ դրանք Գառի տասներկու առաքյալների ձեռքով հրեաներից հեթանոսներին անցնելուց հետո, դու տեսնում ես այն մեծ և պիղծ եկեղեցու ստեղծումը, որն ամենապիղծն է՝ բոլոր մյուս եկեղեցիներից ավելի. քանզի ահա, նրանք Գառի ավետարանից հանել են շատ մասեր, որոնք պարզ ու ամենաարժեքավորն են. և նրանք հանել են նաև Տիրոջ բազմաթիվ ուխտեր:
27 Եվ այս բոլորը նրանք արել են, որպեսզի կարողանան խեղաթյուրել Տիրոջ ճշմարիտ ուղիները, որպեսզի կարողանան կուրացնել աչքերը և կարծրացնեն սրտերը մարդկանց զավակների:
28 Ուստի, դու տեսնում ես, որ գիրքը մեծ և պիղծ եկեղեցու ձեռքով անցնելուց հետո, կան շատ պարզ ու արժեքավոր բաներ՝ հանված գրքից, որն Աստծո Գառի գիրքն է:
29 Եվ այս պարզ ու արժեքավոր բաները հանվելուց հետո, այն անցնում է հեթանոսների բոլոր ազգերին. և հեթանոսների բոլոր ազգերին անցնելուց հետո, այո, մինչև անգամ՝ շատ ջրերից այն կողմ գտնվող հեթանոսներին, որոնց դու տեսար, որոնք դուրս էին եկել գերությունից, դու տեսնում ես,– շատ պարզ և արժեքավոր բաների պատճառով, որոնք հանվել էին գրքից, որոնք պարզ էին մարդկանց զավակների հասկացողությանը, համաձայն պարզության, որն Աստծո Գառի մեջ է,– այդ բաների պատճառով, որոնք հանվել են Գառի ավետարանից, շատ-շատերը սայթաքում են, այո, այնպես որ Սատանան մեծ զորություն ունի նրանց վրա:
30 Այնուամենայնիվ, դու տեսնում ես, որ հեթանոսները, որոնք դուրս են եկել գերությունից և Աստծո զորությամբ բարձրացվել են բոլոր մյուս ազգերից վեր՝ մի երկրի երեսին, որն ընտիր է բոլոր մյուս երկրներից ավելի, որն այն երկիրն է, որ Տեր Աստված ուխտեց քո հոր հետ, որ նրա սերունդն ունենա որպես ժառանգության հող. ուստի, դու տեսնում ես, որ Տեր Աստված չի հանդուրժի, որ հեթանոսները կատարելապես ոչնչացնեն քո սերնդի խառնուրդը, որոնք քո եղբայրների մեջ են:
31 Ոչ էլ նա կհանդուրժի, որ հեթանոսները ոչնչացնեն քո եղբայրների սերունդը:
32 Ոչ էլ Տեր Աստված կհանդուրժի, որ հեթանոսները հավիտյան մնան կուրության այդ ահավոր վիճակում, որի մեջ դու տեսնում ես նրանց՝ Գառի ավետարանի պարզ ու ամենաարժեքավոր մասերի պատճառով, որոնք ետ էին պահվել այն պիղծ եկեղեցու կողմից, որի ստեղծումը դու տեսար:
33 Ուստի, ասում է Աստծո Գառը, ես ողորմած կլինեմ հեթանոսների հանդեպ՝ այցելելով մեծ դատաստանով Իսրայելի տան մնացորդին:
34 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. Ահա՛, ասում է Աստծո Գառը, Իսրայելի տան մնացորդին այցելելուց հետո,– և այս մնացորդը, որի մասին ես խոսում եմ, քո հոր սերունդն է,– ուստի, նրանց դատաստանով այցելելուց և հեթանոսների ձեռքով նրանց զարկելուց հետո, և այնուհետև, երբ հեթանոսները չափից ավելի սայթաքեն Գառի ավետարանի ամենապարզ և արժեքավոր մասերի պատճառով, որոնք ետ են պահվել այն պիղծ եկեղեցու կողմից, որը պոռնիկների մայրն է, ասում է Գառը,– այն օրը ես ողորմած կլինեմ հեթանոսների հանդեպ՝ այնքան, որ ի հայտ կբերեմ նրանց համար, իմ սեփական զորությամբ, իմ ավետարանի մեծ մասը, որը կլինի պարզ ու արժեքավոր, ասում է Գառը:
35 Քանզի, ահա, ասում է Գառը. Ես կհայտնվեմ քո սերնդին, որպեսզի նրանք գրեն շատ բաներ, որոնք ես կսովորեցնեմ նրանց, որոնք կլինեն պարզ և արժեքավոր. և հետո, երբ քո սերունդը կործանվի և անհավատության մեջ ընկնի, ինչպես նաև քո եղբայրների սերունդը, ահա, այս բաները կթաքցվեն, հեթանոսներին ի հայտ գալու համար, Գառի պարգևով ու զորությամբ:
36 Եվ նրանց մեջ կգրվի իմ ավետարանը, ասում է Գառը, և իմ վեմն ու իմ փրկությունը:
37 Եվ օրհնված են նրանք, ովքեր կջանան հաստատել իմ Սիոնն այդ օրը, քանզի նրանք կունենան Սուրբ Հոգու պարգևն ու զորությունը. և եթե համբերեն մինչև վերջ, նրանք կբարձրացվեն վերջին օրը, և կփրկվեն Գառի հավիտենական արքայությունում. և ովքեր որ կհրատարակեն խաղաղություն, այո, մեծ ուրախության ավետիք, որքա՜ն գեղեցիկ կլինեն նրանք լեռների վրա:
38 Եվ եղավ այնպես, որ ես տեսա իմ եղբայրների սերնդի մնացորդին և նաև Աստծո Գառի գիրքը, որը դուրս էր եկել հրեայի բերանից, որ այն անցավ հեթանոսներից իմ եղբայրների սերնդի մնացորդին:
39 Եվ դա՝ նրանց անցնելուց հետո, ես տեսա ուրիշ գրքեր, որոնք ի հայտ եկան Գառի զորությամբ, հեթանոսների կողմից, նրանց համար՝ համոզելու հեթանոսներին և իմ եղբայրների սերնդի մնացորդին, և նաև հրեաներին, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին, որ մարգարեների և Գառի տասներկու առաքյալների հիշատակարանները ճշմարիտ են:
40 Եվ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. Այս վերջին հիշատակարանները, որոնք դու տեսար հեթանոսների մոտ, կհաստատեն առաջինի ճշմարտացիությունը, որոնք Գառի տասներկու առաքյալներինն են, հայտնի կդարձնեն պարզ ու արժեքավոր բաներ, որոնք հանվել էին դրանցից. և հայտնի կդարձնեն բոլոր ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին, որ Աստծո Գառը՝ Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը. և որ բոլոր մարդիկ պետք է գան դեպի նա, այլապես նրանք չեն կարող փրկվել:
41 Եվ դրանք պիտի գան՝ համաձայն այն խոսքերի, որոնք կհաստատվեն Գառի բերանով. և Գառի խոսքերը հայտնի կդարձվեն քո սերնդի հիշատակարաններում, ինչպես նաև Գառի տասներկու առաքյալների հիշատակարաններում. ուստի, այդ երկուսը կհաստատվեն՝ որպես մեկ. քանզի կա մեկ Աստված և մեկ Հովիվ ողջ աշխարհի վրա:
42 Եվ կգա ժամանակը, որ նա հայտնի կդարձնի իրեն բոլոր ազգերին՝ հրեաներին, և նաև հեթանոսներին. և հրեաներին ու նաև հեթանոսներին իրեն հայտնի դարձնելուց հետո, այնուհետև նա իրեն հայտնի կդարձնի հեթանոսներին և նաև հրեաներին, և վերջինը կլինի առաջին, իսկ առաջինը կլինի վերջին: