Գլուխ 16
Եսայիան տեսնում է Տիրոջը – Եսայիայի մեղքերը ներվում են – Նա կանչվում է՝ մարգարեանալու – Նա մարգարեանում է հրեաների կողմից Քրիստոսի վարդապետությունների մերժման մասին – Մի մնացորդ պիտի վերադառնա – Համեմատեք Եսայիայի Զ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Այն տարին, որ Ոզիա թագավորը մեռավ, ես տեսա նաև Տիրոջը՝ նստած գահի վրա, բարձր և վեհացած, և նրա քղանցքը լցրել էր տաճարը:
2 Դրա վերևում կանգնած էին սերովբեները, ամեն մեկն ուներ վեց թև. երկուսով նա ծածկում էր իր երեսը, և երկուսով ծածկում էր իր ոտքերը, և երկուսով նա թռչում էր:
3 Եվ մեկը կանչում էր մյուսին և ասում. Սու՜րբ, սու՜րբ, սու՜րբ է Զորաց Տերը, ողջ երկիրը լցված է նրա փառքով:
4 Եվ դրանդիքի սյուները շարժվեցին նրա ձայնից, որ գոչեց, և տունը լցվեց ծխով:
5 Ապա ասացի ես. Վա՜յ ինձ, քանզի ես կործանված եմ. որովհետև ես անմաքուր շրթունքներով մի մարդ եմ. և ես բնակվում եմ անմաքուր շրթունքներով մարդկանց մեջ. քանզի իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորաց Տիրոջը:
6 Հետո սերովբեներից մեկը թռավ դեպի ինձ՝ իր ձեռքին ունենալով բոցավառվող ածուխ, որը նա ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից.
7 Եվ նա դրեց այն իմ բերանի վրա և ասաց. Ահա, սա դիպել է քո շրթունքներին. և քո անօրինությունը վերցված է քեզանից, և քո մեղքը՝ մաքրված:
8 Նաև ես լսեցի Տիրոջ ձայնը՝ ասելիս. Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար: Ապա ես ասացի՝ Ահա ես. ինձ ուղարկիր:
9 Եվ նա ասաց. Գնա և ասա այս ժողովրդին. Դե, լսե՛ք, բայց նրանք չհասկացան. և Դե, տեսե՛ք, բայց նրանք չըմբռնեցին:
10 Թանձրացրու այս ժողովրդի սիրտը և ծանրացրու նրանց ականջները և փակիր նրանց աչքերը,– չլինի թե նրանք տեսնեն իրենց աչքերով և լսեն իրենց ականջներով, և հասկանան իրենց սրտով, և դարձի գան ու բժշկվեն:
11 Ապա ասացի ես. Տե՛ր, մինչև ե՞րբ: Եվ նա ասաց. Մինչև քաղաքներն ամայացվեն՝ առանց բնակչի և տներն՝ առանց մարդու և երկիրը լիովին ամայի լինի.
12 Եվ Տերը տանի մարդկանց հեռու, քանզի մի մեծ լքվածություն պիտի լինի երկրի մեջ:
13 Բայց դեռ կլինի մեկ տասներորդը, և նրանք կվերադառնան և կուտվեն, ինչպես բևեկնին, և ինչպես կաղնին, որոնց բնանյութն իրենց մեջ է, երբ նրանք թափում են իրենց տերևները. այսպիսով, սուրբ սերունդը կլինի նրա բնանյութը: