Սուրբ գրություններ
1 Նեփի 8


Գլուխ 8

Լեքին տեսնում է կենաց ծառի տեսիլքը – Նա ճաշակում է դրա պտղից և ցանկանում, որ իր ընտանիքն էլ անի նույնը – Նա տեսնում է երկաթյա մի ձող, նեղ ու անձուկ մի արահետ և խավարի մշուշներ, որոնք պատում են մարդկանց – Սարիան, Նեփին և Սամը ճաշակում են պտղից, բայց Լամանը և Լեմուելը հրաժարվում են: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ մենք ի մի էինք հավաքել բոլոր ձևի, ամեն տեսակի սերմեր, ինչպես ամեն տեսակի հատիկներ, այնպես էլ ամեն տեսակի մրգերի սերմեր:

2 Եվ եղավ այնպես, որ մինչ հայրս մնում էր անապատում, նա խոսեց մեզ հետ՝ ասելով. Ահա, ես մի երազ երազեցի. կամ, այլ խոսքով, ես մի տեսիլք տեսա:

3 Եվ, ահա, այն բանի պատճառով, որ ես տեսա, ես հիմք ունեմ Տիրոջով ուրախանալու Նեփիի ու նաև Սամի համար. քանի որ հիմք ունեմ ենթադրելու, որ նրանք և նրանց սերնդից շատերը կփրկվեն:

4 Բայց ահա, Լաման և Լեմուել, ես չափազանց վախենում եմ ձեզ համար. քանզի ահա, երազումս ինձ թվաց ես տեսա մի մութ ու մռայլ անապատ:

5 Եվ եղավ այնպես, որ ես տեսա մի մարդու, և նա հագել էր սպիտակ պարեգոտ. և նա եկավ ու կանգնեց իմ առջև:

6 Եվ եղավ այնպես, որ նա խոսեց ինձ հետ և առաջարկեց հետևել իրեն:

7 Եվ եղավ այնպես, որ ես, հետևելով նրան, տեսա ինձ, որ ես մի մութ ու մռայլ վայրում էի:

8 Եվ շատ ժամերի ընթացքում մթության մեջ ճամփորդելուց հետո, ես սկսեցի աղոթել Տիրոջը, որ նա ողորմություն ունենար իմ հանդեպ՝ համաձայն իր բազմաթիվ գորովագութ ողորմությունների:

9 Եվ եղավ այնպես, որ Տիրոջն աղոթելուց հետո, ես տեսա մի մեծ ու ընդարձակ դաշտ:

10 Եվ եղավ այնպես, որ ես տեսա մի ծառ, որի պտուղը բաղձալի էր՝ մարդուն երջանիկ դարձնելու համար:

11 Եվ եղավ այնպես, որ ես առաջ գնացի և ճաշակեցի դրա պտղից. և տեսա, որ այն ամենաքաղցրն էր բոլորից, որ ես նախկինում երբևիցե փորձել էի: Այո, և ես նկատեցի, որ դրա պտուղը ճերմակ է՝ գերազանցելով ամեն ճերմակություն, որ ես երբևէ տեսել էի:

12 Եվ, երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ. ուստի, ես սկսեցի փափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի դրանից. քանի որ գիտեի, որ այն բաղձալի է բոլոր մյուս պտուղներից ավելի:

13 Եվ, երբ աչք ածեցի շուրջբոլորս, որ գուցե կարողանայի գտնել ընտանիքիս նույնպես, ես տեսա ջրի մի գետ. և այն հոսում էր ծառի մոտով, որից ես պտուղ էի ճաշակում:

14 Եվ ես նայեցի որոշելու համար, թե որտեղից էր գալիս. և մի փոքր հեռու տեսա ակունքը. և նրա ակունքի մոտ ես տեսա ձեր մայր Սարիային, և Սամին, և Նեփիին. և նրանք կանգնած էին, կարծես թե չիմանալով, թե ուր պիտի գնան:

15 Եվ եղավ այնպես, որ ես ձեռքով նշան արեցի նրանց. և նաև կանչեցի նրանց բարձր ձայնով, որ նրանք գան ինձ մոտ և ճաշակեն պտղից, որը բաղձալի էր բոլոր մյուս պտուղներից ավելի:

16 Եվ եղավ այնպես, որ նրանք եկան ինձ մոտ և նույնպես ճաշակեցին պտղից:

17 Եվ եղավ այնպես, որ ես ցանկացա, որ Լամանն ու Լեմուելը գան և նույնպես ճաշակեն պտղից. ուստի, ես աչք ածեցի դեպի գետի ակունքը, որ գուցե կարողանայի տեսնել նրանց:

18 Եվ եղավ այնպես, որ ես տեսա նրանց, բայց նրանք չկամեցան՝ գալ ինձ մոտ և ճաշակել պտղից:

19 Եվ ես տեսա երկաթյա մի ձող, և այն ձգվում էր գետի ափի երկայնքով և առաջնորդում դեպի այն ծառը, որի մոտ ես կանգնած էի:

20 Եվ ես տեսա նաև նեղ ու անձուկ մի արահետ, որը ձգվում էր երկաթյա ձողի երկայնքով, նույնիսկ մինչև ծառը, որի մոտ ես կանգնած էի. և այն նույնպես առաջնորդում էր ջրի ակունքի մոտով՝ դեպի մի մեծ ու ընդարձակ դաշտ, կարծես թե դա մի աշխարհ լիներ:

21 Եվ ես տեսա մարդկանց անհամար բազմություններ, որոնցից շատերն առաջ էին մղվում, որպեսզի կարողանային հասնել արահետին, որը տանում էր դեպի ծառը, որի մոտ ես կանգնած էի:

22 Եվ եղավ այնպես, որ նրանք առաջ եկան և սկսեցին քայլել արահետով, որը տանում էր դեպի ծառը:

23 Եվ եղավ այնպես, որ խավարի մեգ բարձրացավ. այո, իսկապես, խավարի չափազանց մեծ մեգ, որի հետևանքով նրանք, ովքեր սկսել էին քայլել արահետով, կորցրեցին իրենց ճանապարհը, հետևաբար, հեռու թափառելով՝ կորան:

24 Եվ եղավ այնպես, որ ես տեսա ուրիշներին՝ առաջ մղվելիս, և նրանք առաջ եկան և բռնեցին երկաթյա ձողի ծայրից. և նրանք առաջ մղվեցին խավարի մեգի միջով՝ կառչելով երկաթյա ձողից, այնքան, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին ծառի պտղից:

25 Եվ, ծառի պտղից ճաշակելուց հետո, նրանք աչք ածեցին շուրջբոլորը, կարծես թե ամաչում էին:

26 Եվ ես նույնպես աչք ածեցի շուրջբոլորս և տեսա, ջրի գետի մյուս կողմում, մեծ ու ընդարձակ մի շենք. և այն, կարծես թե, տեղադրված էր օդում, գետնից վերև՝ բարձրում:

27 Եվ այն լի էր մարդկանցով՝ թե՛ ծեր, թե՛ երիտասարդ, թե՛ այր, թե՛ կին. և նրանց հագուստների ձևը չափազանց պճնագեղ էր. և նրանք զբաղված էին ծաղրելով և մատով ցույց տալով դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից:

28 Եվ պտղից համտես անելուց հետո նրանք ամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց. և նրանք հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան:

29 Եվ ես՝ Նեփիս, չեմ ասում հորս բոլոր խոսքերը:

30 Բայց, որպեսզի համառոտ լինեմ գրելիս, ահա, նա տեսավ ուրիշ բազմություններ՝ առաջ մղվելիս. և նրանք եկան ու բռնեցին երկաթյա ձողի ծայրից. և առաջ մղվեցին իրենց ճանապարհով, անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից:

31 Եվ նա տեսավ նաև ուրիշ բազմություններ՝ իրենց ուղին խարխափելիս դեպի այն մեծ ու ընդարձակ շենքը:

32 Եվ եղավ այնպես, որ շատերը խեղդվեցին ակունքի խորքերում. և շատերը կորան նրա տեսադաշտից՝ թափառելով անծանոթ ճանապարհներով:

33 Եվ մեծ էր բազմությունը, որ մտավ այն արտասովոր շենքը: Եվ այն շենքը մտնելուց հետո, նրանք ուղղեցին արհամարհանքի մատը դեպի ինձ և նրանց, ովքեր նույնպես ճաշակում էին պտղից. բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա:

34 Սրանք են իմ հոր խոսքերը. Քանզի բոլոր նրանք, ովքեր ուշք դարձրեցին նրանց, հեռացան:

35 Եվ Լամանն ու Լեմուելը չճաշակեցին պտղից, ասաց հայրս:

36 Եվ եղավ այնպես, որ հայրս, իր երազի կամ տեսիլքի բոլոր խոսքերն ասելուց հետո, որոնք շատ էին, ասաց մեզ, որ այն բաների պատճառով, որ ինքը տեսել էր տեսիլքում, նա չափազանց վախենում էր Լամանի ու Լեմուելի համար. այո, վախենում էր, որ նրանք կվտարվեն Տիրոջ ներկայությունից:

37 Եվ նա այն ժամանակ հորդորեց նրանց սիրող ծնողի ողջ զգացումով, որ նրանք ականջ դնեն իր խոսքերին, որ, գուցե, Տերը ողորմած կլինի նրանց հանդեպ և չի վտարի նրանց. այո, հայրս քարոզեց նրանց:

38 Եվ նրանց քարոզելուց և նաև նրանց շատ բաների մասին մարգարեանալուց հետո, նա պահանջեց նրանցից՝ պահել Տիրոջ պատվիրանները. և ավարտեց նրանց հետ խոսելը: