Ինստիտուտ
Դաս 23. Դասի նախապատրաստական նյութ․ Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են


«Դաս 23. Դասի նախապատրաստական նյութ․ Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 23. Դասի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Նկար
չափահաս երիտասարդը նայում է տաճարին

Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ

Երբ հավերժական ամուսնության և երեխաներ ունենալու օրհնությունները ուշանում են

Շատերի ամուսնության կամ երեխաներ ունենալու արդար ցանկությունների իրականացումն ուշանում է, ինչը հանգեցնում է հուսահատության, անհանգստության կամ վշտի: Այս նյութն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու կարող ենք վստահել Տիրոջը, որ Նա կտա Իր խոստացած օրհնությունները, կապված հավերժական ընտանիքի հետ, եթե մենք հավատարիմ լինենք Նրան: Մտածեք նաև, թե ինչու ենք բոլորս կարևոր Փրկիչի եկեղեցում և Աստծո ծրագրում, անկախ մեր ընտանեկան հանգամանքներից։

Բաժին 1

Իսկ ի՞նչ կլինի, եթե իմ հանգամանքները այնպիսին չեն, որոնց մասին ասված է ընտանիքի հռչակագրում։

Եկեղեցու ղեկավարները ուսուցանում են ընտանեկան կատարյալ կյանքի մասին։ Նրանք նաև հասկանում են, որ ոչ բոլորն են ապրում կատարյալ ընտանիքներում։ Օրինակ, ընտանիքի հռչակագրում մարգարեներն ուսուցանում են, որ որոշ «իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը ասել է, որ եկեղեցու հավատարիմ անդամները կարող են ընտանեկան տարբեր հանգամանքներ ունենալ․

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Կան շատերը՝ երիտասարդ և ծեր, ովքեր նվիրված ու հավատարիմ են մարգարեների ուսմունքներին, չնայած նրանց ներկայիս սեփական փորձառությունն այնքան էլ չի համընկնում ընտանիքի վերաբերյալ հայտարարության հետ․ երեխաներ, որոնց կյանքը ցնցվել է ամուսնալուծության պատճառով, … ամուսնալուծված կանայք և տղամարդիկ, որոնք մեծ հարված են ստացել ամուսնական անհավատարմության պատճառով, ամուսիններ և կանայք, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ, … ամուրի կանայք և տղամարդիկ, ովքեր զանազան պատճառներով չեն կարողացել ամուսնանալ։ («Հավատքի աչքը», Լիահոնա, մայիս 2019, 36)։

Տասներկու Առաքյալների քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Այսօր եկեղեցու մեծահասակների կեսից ավելին այրի են, ամուսնալուծված են կամ երբեք չեն ամուսնացել: Ոմանք ցանկանում են իմանալ Աստծո ծրագրում և եկեղեցում իրենց հնարավորությունների և դերի մասին: Մենք պետք է հասկանանք, որ հավերժական կյանքը պարզապես ներկայիս ընտանեկան կարգավիճակի հարցը չէ, այլ աշակերտելու և «Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու» մասին է [Վարդապետություն և Ուխտեր 76․79, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․29] …

Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Փրկիչի ապաշխարության ողորմած պարգևը և ապրում են Նրա պատվիրաններով, կստանան հավերժական կյանք, չնայած մահկանացու կյանքում նրանք չեն հասնում Նրա բոլոր բնութագրերին և կատարելություններին: («Հույս Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2021, 55)։

Նկար
չափահաս երիտասարդը փողոցով քայլում է

Ոմանք կարող են մտածել, թե ինչու են եկեղեցու ղեկավարները շարունակում ուսուցանել ընտանեկան կատարյալ կյանքի մասին, երբ եկեղեցու շատ անդամներ չունեն այդ կատարելությունը։

Սփոփող Միության գերագույն նախագահությունից քույր Շերոն Յուբենկը որպես չափահաս ամուրի կիսվել է իր փորձառությամբ և տեսակետով․

Նկար
Քույր Շերոն Յուբենկ

Ինքս լինելով միայնակ, ես հասկանում եմ, թե ինչ բան է դա։ Երբ չունես թև ու թիկունք, եկեղեցում գտնվելն անհարմար է, երեկույթներին մասնակցելը տանջանք է, բարեկամներն իրենց թույլ են տալիս մեկնաբանություններ անել, երբ ի պատասխան ոչ մի խոսք չի ասվի։ …

Ներգրավված լինել եկեղեցում, որը կենտրոնացած է ընտանիքի վրա, նույնպես հեշտ բան չէ։ Սակայն իրականությունն այն է, որ եկեղեցու անդամների մեծամասնությունը չունի կատարյալ ընտանիք։ Ես համոզված չեմ, որ որևէ մեկը ապրում է այդ տեսակ կատարյալ ընտանիքում։ Ուրեմն, ինչո՞ւ շեշտել ընտանիքը։ Որովհետև ընտանիքը մեր ճակատագիրն է, և մենք այս երկրի վրա ենք, որ սովորենք ընտանեկան ամուր հարաբերությունների հմտությունները, անկախ մեր հանգամանքներից։ (“A Letter to a Single Sister,” Ensign, Oct. 2019, 40)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող ենք հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի և ընտանիքին վերաբերող Նրա ուսմունքների հանդեպ, երբ մեր ընտանեկան հանգամանքները կատարյալ չեն:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ առաջ շարժվել հավատքով, երբ ցանկալի օրհնություններն ուշանում են։

Նկար
Աբրահամը Մամբրէի հարթավայրերում, հեղինակ՝ Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Աբրահամն ու Սառան գիտեին, թե ինչ է դա, երբ որոշ ցանկալի օրհնություններն ուշանում են, իսկ մյուսները՝ անկատար են մնում այս կյանքում: Երբ Աբրահամը 75 տարեկան էր, նա և Սառան երեխաներ չունեին (տես Ծննդոց 11․29-30, 12․4)։ Տերը խոստացավ Աբրահամին. «քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու» (Ծննդոց 13.16): Տերը նաև խոստացավ, որ Աբրահամին և նրա սերունդներին որպես ժառանգություն կտրվի Քանանի երկիրը (տես Ծննդոց 17.8): Ավելի ուշ, երբ Աբրահամը դարձավ 100 տարեկան, իսկ Սառան՝ 90, նրանք խոստում ստացան, որ Սառան որդի կունենա, որին կկոչեն Իսահակ (տես Ծննդոց 17․17, 19)։ Թեև նրանց տրված այս և որոշ այլ խոստումներ կատարվեցին, սակայն Տիրոջ այն խոստումները, որ նրանք կունենային անթիվ սերունդ և կստանային խոստացված երկիրը, չիրականացան Աբրահամի և Սառայի կյանքի ընթացքում:

Եբրայեցիս գրքում Պողոս Առաքյալը խոսել է Աբրահամին և Սառային տրված այդ խոստումների մասին։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Եբրայեցիս 11․8, 11-13-ը, և մտածեք, թե ինչ կարող եք սովորել Աբրահամից և Սառայից Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու մասին, երբ ցանկալի օրհնություններն ուշանում կամ չեն կատարվում այս կյանքում:

Նկար
մայրը աղոթում է իր երեխաների հետ

Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է․ «Հավատք նշանակում է վստահություն՝ վստահություն Աստծո կամքի, Նրա ձևով գործելու և Նրա ժամանակացույցի հանդեպ» (“Timing,” Ensign, Oct. 2003, 12)։

Երբ սպասում ենք, որ Տերը տա մեր ցանկալի օրհնությունները, փորձվում է մեր համբերությունն ու հնազանդությունը: Երեց Սպենսեր Ջ. Քոնդին, երբ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ, ուսուցանել է․

Նկար
Երեց Սպենսեր Ջ. Քոնդի

Երբեմն, մեր երկրային անհամբերության պատճառով մենք հնարավոր է աչքաթող անենք Տիրոջ խոստումները և ենթադրենք, որ այդ խոստումների իրականացումը մեր հնազանդությունից կախված չէ: («Հայցել ամենամեծ և պատվական խոստումները», Լիահոնա, նոյ. 2007, 17)

Նախագահ Բալլարդը նույնպես ուսուցանել է Տիրոջը սպասելու մասին.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Տիրոջը սպասելը ենթադրում է շարունակական հնազանդություն և հոգևոր առաջընթաց դեպի Նա: Տիրոջը սպասելը չի ենթադրում անգործության մատնվել: Երբեք չպետք է զգաք, որ սպասասրահում եք:

Անձնական աճը, որին կարելի է հասնել հիմա, մինչ Տիրոջն ու Նրա խոստումներին սպասելը, յուրաքանչյուրիս համար Նրա ծրագրի անգնահատելի, սրբազան տարրն է: … Տերը պատվում է նրանց, ովքեր համբերությամբ և հավատով ծառայում ու սպասում են Իրեն [տես Եսայիա 64․4, Վարդապետություն և Ուխտեր 133․45]։(«Հույս Քրիստոսում», 55)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրեք այն փորձառությունները կամ ուսմունքները, որոնց շնորհիվ ձևավորվել է ձեր վստահությունը, որ Տերը կկատարի Իր խոստումները, նույնիսկ եթե օրհնությունները ուշանան:

Բաժին 3

Ես ինչպե՞ս կարող եմ իմ ներդրումն ունենալ Տիրոջ եկեղեցում, եթե իմ ընտանեկան հանգամանքները կատարյալ չեն։

Եկեղեցու որոշ անդամներ, ում ընտանեկան հանգամանքները ներկայումս չեն համընկնում ընտանիքի հռչակագրում նկարագրվածների հետ, գուցե մտածեն, թե իրենք տեղ չունեն եկեղեցում: Պողոս Առաքյալը Հիսուս Քրիստոսի եկեղեցին համեմատել է ֆիզիկական մարմնի հետ, որպեսզի մեզ ուսուցանի, թե ինչու է կարևոր եկեղեցու յուրաքանչյուր անդամը։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ա Կորնթացիս 12․12, 16-17, 21, 25-27-ը, և մտածեք, թե եկեղեցու յուրաքանչյուր անդամ ինչով է կարևոր և ինչպես է օգուտ տալիս։

Նկար
տղամարդիկ քննարկում են երեցների քվորումի ժողովի ժամանակ

Մեր ուրույն հանգամանքները կարող են օգտակար լինել և փորձառություն տալ մեր ծխի կամ ճյուղի ընտանիքներին: Նախագահ Բալլարդն ասել է․

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Երբեք մի մոռացեք, որ դուք Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակն եք, այժմ և ընդմիշտ: Նա սիրում է ձեզ, իսկ եկեղեցին ունի ձեր կարիքը: Մե՛նք ունենք ձեր կարիքը: Մեզ պետք են ձեր ձայները, տաղանդները, հմտությունները, բարությունն ու արդարությունը: («Հույս Քրիստոսում», 55)

Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Յուրաքանչյուրս կարող ենք մեկուսանալ այս ծխի ընտանիքից՝ մեր տաբերությունների պատճառով … Փոխարենը եկեք մյուսների հետ կիսվենք մեր պարգևներով ու տաղանդներով, նրանց պարգևելով հույսի պայծառություն և ուրախություն, և այդպիսով, վեհացնենք մեր հոգին։ (“Belonging to a Ward Family,” Ensign, Mar. 1996, 16)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ես ի՞նչ կարող եմ անել, որ ավելի լավ հասկանամ մեր ծխի կամ ճյուղի մյուս անդամներին, և օգնեմ, որ նրանք իրենց կարևոր և պահանջված զգան։ Եթե ես զգում եմ, որ օտար եմ եկեղեցում, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Փրկիչն օգնի ինձ, որ հասկանամ և զգամ իմ արժեքն ու տեղը Իր եկեղեցում: