Գերագույն համաժողովներ
Հույս Քրիստոսում
նախորդ հաջորդ

Հույս Քրիստոսում

Մենք փափագում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց միայնակ են զգում կամ զգում են, որ չեն պատկանում: Նշեմ, մասնավորապես, նրանց, ովքեր ներկայումս միայնակ են:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Զատիկի այս օրերին մենք կենտրոնանում ենք մեր Տիրոջ և Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության վրա: Մենք հիշում ենք Նրա սիրառատ հրավերը. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:1

Իր մոտ գալու Փրկիչի հրավերը բոլորին ուղղված հրավեր է՝ ոչ միայն Իր մոտ գալու, այլ նաև Նրա Եկեղեցուն պատկանելու հրավեր:

Այս սիրառատ հրավերին նախորդող հատվածում Հիսուսը սովորեցնում է, որ դրա իրագործման ճանապարհը Նրան հետևելու ձգտումն է: Նա հայտարարել է. «Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել»։2

Հիսուսը ցանկանում է, որ մենք իմանանք, որ Աստված սիրող Երկնային Հայր է:

Հասկանալով, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ, մենք կիմանանք, թե ով ենք մենք և այն, որ մենք պատկանում ենք Նրա մեծ հավերժական ընտանիքին:

Մայո կլինիկան վերջերս նշել է. «Պատկանելության զգացում ունենալն այնքան կարևոր է: … Մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները կազմակերպված են ինչ-որ բանի պատկանելու շուրջ»: Զեկույցը հավելում է. «Մենք չենք կարող պատկանելության զգացման կարևորությունը առանձնացնել մեր ֆիզիկական և մտավոր առողջությունից»:3. Իսկ ես կավելացնեի նաև՝ մեր հոգևոր առողջությունից:

Գեթսեմանիում Իր տառապանքներին և խաչի վրա մահին նախորդող երեկոյան Փրկիչը հանդիպեց Իր աշակերտներին՝ Վերջին ընթրիքի համար: Նա ասաց նրանց. «աշխարհքումը նեղությունկունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:4 Հաջորդ օրը՝ մայրամուտից առաջ, Հիսուս Քրիստոսը տառապեց և «մեր մեղքերի համար մեռավ [խաչի վրա]»:5

Պատկերացնում եմ, թե որքան միայնակ են զգացել Նրան հետևող հավատարիմ կանայք և տղամարդիկ Երուսաղեմում, երբ արևը մայր մտավ, և խավարն ու վախը պատեցին նրանց:6

Ինչպես այս վաղեմի աշակերտները մոտ 2000 տարի առաջ, ձեզանից շատերը ևս կարող են ժամանակ առ ժամանակ իրենց միայնակ զգալ: Այս մենակությունը ես զգացել եմ ավելի քան երկուսուկես տարի առաջ՝ իմ թանկագին կնոջ՝ Բարբարայի մահից հետո: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում շրջապատված լինել ընտանիքի անդամներով, ընկերներով և գործընկերներով, բայց ինձ դեռ միայնակ եմ զգում, որովհետև իմ կյանքի սերն այլևս այստեղ չէ՝ իմ կողքին:

COVID-19 համավարակը շատերի մոտ խորացրել է մեկուսացման ու մենակության այս զգացումը: Չնայած մարտահրավերներին, որոնց բախվում ենք կյանքում, ինչպես Զատիկի առաջին առավոտը, Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք սկսել կյանքի մի նոր փուլ՝ նոր և սքանչելի հնարավորություններով և իրողություններով, երբ դառնանք դեպի Տերը՝ հույսի և պատկանելության զգացումով:

Ես անձամբ զգում եմ նրանց ցավը, ովքեր չունեն պատկանելության զգացում: Աշխարհի տարբեր երկրներից լուրերը դիտելիս ես տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր, կարծես, զգում են այս մենությունը: Կարծում եմ՝ դա այն պատճառով է, որ նրանք գուցե չգիտեն, որ Երկնային Հայրը սիրում է իրենց, և մենք բոլորս պատկանում ենք Նրա հավերժական ընտանիքին: Մխիթարող և վստահեցնող է այն փաստը, որ հավատում ենք, որ Աստված սիրում է մեզ, և որ մենք Նրա զավակներն ենք:

Քանի որ մենք Աստծո հոգևոր զավակներն ենք, բոլորս ունենք աստվածային ծագում, էություն և ներուժ: Մեզանից յուրաքանչյուրը «Երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»:7 Սա՛ է մեր ինքնությունը: Ահա թե ո՛վ ենք մենք իրականում:

Մեր հոգևոր ինքնությունը բարելավվում է, երբ հասկանում ենք մեր մահկանացու տարբեր ինքնությունները, ներառյալ՝ էթնիկական, մշակութային կամ ազգային ժառանգությունը:

Հոգևոր և մշակութային ինքնության, սիրո և պատկանելության այս զգացումը կարող է հույս և սեր ներշնչել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Քրիստոսի հանդեպ հույսը ես ընդունում եմ ոչ որպես լավատեսություն։ Փոխարենը, ես խոսում եմ այն հույսի մասին, որը նույնն է, ինչ ակնկալիքը, որն իրականանում է: Նման հույսը էական է դժվարությունները հաղթահարելու, հոգևոր ճկունություն և ուժ խթանելու համար, ինչպես նաև հասկանալու, որ մեր Հավերժական Հայրը սիրում է մեզ, և որ մենք Նրա զավակներն ենք, ովքեր պատկանում են Նրա ընտանիքին:

Երբ հույս ունենք Քրիստոսում, մենք հասկանում ենք, որ երբ սուրբ ուխտեր կապենք և պահենք, մեր սիրալիր ցանկություններն ու երազանքները կարող են կատարվել Նրա միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները միասին խորհրդակցել են աղոթքի ոգով և փափագով, որպեսզի հասկանան, թե ինչպես օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց միայնակ են զգում կամ զգում են, որ չեն պատկանում: Մենք փափագում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր այդպես են զգում: Նշեմ, մասնավորապես, նրանց, ովքեր ներկայումս միայնակ են:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօր Եկեղեցու մեծահասակների կեսից ավելին այրի են, ամուսնալուծված են կամ երբեք չեն ամուսնացել: Ոմանք ցանկանում են իմանալ Աստծո ծրագրում և Եկեղեցում իրենց հնարավորությունների և դերի մասին: Մենք պետք է հասկանանք, որ հավերժական կյանքը պարզապես ներկայիս ընտանեկան կարգավիճակի հարցը չէ, այլ աշակերտելու և «Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու» մասին է:8 Բոլոր միայնակների հույսը նույնն է, ինչ Տիրոջ վերականգնված Եկեղեցու բոլոր անդամների համար. հասանելիություն Քրիստոսի շնորհին՝ «Ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելու միջոցով»:9

Ենթադրում եմ, որ կան մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք մենք պետք է հասկանանք:

Նախ՝ սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ է ավետարանական ուխտերը պահելու գործում, վեհացման հնարավորություն կունենա: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տիրոջ ուրույն ձևով և ժամանակով ոչ մի օրհնություն հետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից: Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անհատի՝ ինչպես ըստ գործերի, այնպես էլ սրտերի ցանկությունների»:10

Երկրորդ` վեհացման օրհնությունների շնորհման ճշգրիտ ժամանակն ու եղանակը ամբողջովին բացահայտված չեն, բայց դրանք, այնուամենայնիվ, երաշխավորված են:11 Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ «մահկանացության որոշ հանգամանքներ ճիշտ կդարձվեն հենց Հազարամյակում, որը ժամանակ է՝ կատարելու այն ամենը, ինչը կիսատ է մեր Հոր բոլոր արժանի զավակների երջանկության մեծ ծրագրում»:12

Դա չի նշանակում, որ բոլոր օրհնությունները հետաձգվում են մինչև Հազարամյակը. որոշ օրհնություններ արդեն ստացվել են, իսկ մյուսները կշարունակվեն ստացվել մինչև այդ օրը:13

Երրորդ՝ Տիրոջը սպասելը ենթադրում է շարունակական հնազանդություն և հոգևոր առաջընթաց դեպի Նա: Տիրոջը սպասելը չի ենթադրում անգործության մատնվել: Երբեք չպետք է զգաք, որ սպասասրահում եք:

Տիրոջը սպասելը ենթադրում է գործել: Տարիներ շարունակ ես իմացել եմ, որ Քրիստոսի հանդեպ մեր հույսը մեծանում է, երբ ծառայում ենք ուրիշներին: Ծառայելով՝ ինչպես Հիսուսը ծառայեց, մենք, բնականաբար, մեծացնում ենք մեր հույսը Նրա հանդեպ:

Անձնական աճը, որին կարելի է հասնել հիմա, մինչ Տիրոջն ու Նրա խոստումներին սպասելը, յուրաքանչյուրիս համար Նրա ծրագրի անգնահատելի, սրբազան տարրն է: Այն ներդրումները, որոնք այժմ կարելի է անել, որպեսզի օգնենք երկրի վրա Եկեղեցի կառուցելուն և Իսրայելը հավաքելուն, շատ անհրաժեշտ են: Ընտանեկան կարգավիճակը կապ չունի ծառայելու կարողության հետ: Տերը պատվում է նրանց, ովքեր համբերությամբ և հավատով ծառայում ու սպասում են Իրեն:14

Չորրորդ՝ Աստված Իր բոլոր զավակներին առաջարկում է հավերժական կյանք: Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Փրկիչի ապաշխարության ողորմած պարգևը և ապրում են Նրա պատվիրաններով, կստանան հավերժական կյանք, չնայած մահկանացու կյանքում նրանք չեն հասնում Նրա բոլոր բնութագրերին և կատարելություններին: Նրանք, ովքեր ապաշխարում են, կզգան Տիրոջ ներելու պատրաստակամությունը, ինչպես Ինքն է հավաստիացրել. «Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»:15

Ի վերջո, մարդու կարողությունը, ցանկություններն ու հնարավորությունները ազատ կամքի և ընտրության հարցում, ներառյալ՝ որակավորումը հավերժական օրհնությունների համար, այն հարցերն են, որոնց մասին միայն Տերը կարող է դատել:

Հինգերորդ՝ այս հավաստիացումների հանդեպ մեր վստահությունը արմատավորված է Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատի մեջ, որի շնորհով ճիշտ են դարձվում մահկանացուին վերաբերող բոլոր բաները:16 Բոլոր խոստացված օրհնությունները հնարավոր են դառնում Նրա միջոցով, ով Իր Քավության միջոցով «իջավ բոլոր բաներից ցած»17 և «հաղթեց աշխարհքին»18 Նա «նստել է Աստծո աջ կողմում՝ հայցելու Հորից ողորմության իր իրավունքները, որոնք նա ունի մարդկանց զավակների հանդեպ[,] … ուստի նա բարեխոսում է մարդկանց զավակների գործի համար»:19 Վերջում «սրբերը պիտի լցվեն նրա փառքով, և ստանան իրենց ժառանգությունը»,20 որպես «Քրիստոսի ժառանգակիցներ»:21

Մենք ցանկանում ենք, որ այս սկզբունքներն օգնեն բոլորին ավելի մեծ հույս ունենալ Քրիստոսում և ունենալ պատկանելության զգացում:

Երբեք մի մոռացեք, որ դուք Աստծո՝ մեր Երկնային Հոր զավակն եք՝ այժմ և ընդմիշտ: Նա սիրում է ձեզ, իսկ Եկեղեցին ունի ձեր կարիքը: Մե՛նք ունենք ձեր կարիքը: Մեզ պետք են ձեր ձայները, տաղանդները, հմտությունները, բարությունն ու արդարությունը:

Երկար տարիներ մենք խոսել ենք «երիտասարդ ամուրիների», «չափահաս ամուրիների» և «մեծահասակների» մասին: Այդ անվանումները երբեմն կարող են ինչ-որ չափով օգտակար լինել վարչական տեսանկյունից, բայց կարող են ակամայից փոխել մեր ընկալումը ուրիշների հանդեպ:

Կա՞ արդյոք որևէ միջոց՝ խուսափելու մարդկային այս հակումից, որը կարող է մեզ բաժանել միմյանցից:

Նախագահ Նելսոնը խնդրել է, որ մենք ինքներս մեզ անվանենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Թվում է, թե դա ընդգրկում է մեզ բոլորիս, այդպես չէ՞:

Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ միավորելու զորություն ունի: Մենք, ի վերջո, ավելի նման ենք միմյանց, քան տարբեր ենք միմյանցից: Որպես Աստծո ընտանիքի անդամներ, մենք բոլորս իսկապես եղբայրներ և քույրեր ենք։ Պողոսն ասել է. «Եւ [Աստված] մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն»:22

Ձեզ՝ ցցի նախագահնե՛ր, եպիսկոպոսնե՛ր, քվորումի և քույր ղեկավարնե՛ր, ես խնդրում եմ՝ ձեր ցցի, ծխի, քվորումի կամ կազմակերպության յուրաքանչյուր անդամի համարել անդամներ, ովքեր կարող են նպաստել և ծառայել կոչումներում և մասնակցել շատ եղանակներով:

Մեր քվորումների, կազմակերպությունների, ծխերի և ցցերի յուրաքանչյուր անդամ ունի Աստծո կողմից տրված պարգևներ և տաղանդներ, որոնք այժմ կարող են օգնել կառուցելու Նրա արքայությունը:

Եկեք կոչ անենք մեր միայնակ անդամներին ծառայել, բարձրացնել և ուսուցանել: Անտեսեք հին հասկացություններն ու գաղափարները, որոնք երբեմն ակամայից նպաստել են նրանց մենակության զգացումին, և նրան, որ իրենք չեն պատկանում կամ չեն կարող ծառայել:

Այս Զատիկի օրերին ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և այն հավերժական հույսի մասին, որը Նա տալիս է ինձ և բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրա անունին: Եվ ես խոնարհաբար բերում եմ այս վկայությունը Նրա սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսով, ամեն: