Գերագույն համաժողովներ
Ուսուցանել Փրկիչի ձևով
նախորդ հաջորդ

Ուսուցանել Փրկիչի ձևով

Տիրոջ օրինակին հետևելու և Նրա նման ուսուցանելու պատասխանատվությունը ուղղակիորեն ընկնում է մեզանից յուրաքանչյուրի վրա:

Բացառիկ ուսուցիչներ

Մի քանի ամիս առաջ մի նախկին դասընկեր` իմ ծննդավայր Նեվադայի Օվերթոն քաղաքից, առաջարկեց մեզ Սուրբ Ծննդյան նվեր պատրաստել մանկապարտեզի մեր սիրելի ուսուցչուհու համար, ով վերջերս էր տոնել իր 98-ամյակը: Նա սովորեցրել էր մեզ բարի լինելու, լավ քնի կարևորության, կաթի և գրեհեմի կրեկերների ուրախության և միմյանց սիրելու մասին: Շնորհակալությու՛ն, քու՛յր Դեյվիս, այդպիսի հրաշալի ուսուցիչ լինելու համար։

Շատ տարիներ առաջ ես ունեցա ևս մեկ բացառիկ ուսուցիչ, երբ հաճախում էի Ռիքսի Քոլեջը: Ես պատրաստվում էի ծառայել միսիա և մտածում էի, որ ինձ համար կարող էր օգտակար լինել մասնակցել միսիոներական նախապատրաստության դասընթացի: Այն, ինչ ես զգացի, փոխեց իմ կյանքը։

Դասընթացի առաջին օրվանից ես հասկացա, որ վայելում վարպետ ուսուցչի ներկայությունը: Ուսուցիչը եղբայր Ֆ. Մելվին Համմոնդն էր: Ես գիտեի, որ եղբայր Համմոնդը սիրում էր Տիրոջը և սիրում էր ինձ։ Ես տեսնում էի դա նրա դեմքին և լսում էի նրա ձայնի մեջ: Երբ նա ուսուցանում էր, Հոգին լուսավորում էր միտքս: Նա վարդապետություն էր ուսուցանում, բայց նաև հրավիրում էր ինձ սովորել դա ինքնուրույն: Այդ հրավերն օգնեց ինձ հստակ տեսնել` Տիրոջ վարդապետությունը ինքնուրույն սովորելու իմ պատասխանատվությունը: Այդ փորձառությունն ինձ ընդմիշտ փոխեց: Շնորհակալությու՛ն, եղբա՛յր Համմոնդ, Փրկիչի ձևով ուսուցանելու համար:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, յուրաքանչյուրս արժանի ենք ունենալ այսպիսի ուսուցողական փորձառություն՝ ինչպես տանը, այնպես էլ եկեղեցում:

Եկ, հետևիր ինձ ձեռնարկի նախաբանը տալիս է մի տեսլական այն մասին, թե Քրիստոսանման ուսուցումը ինչ կարող է իրականացնել: «Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և օգնել մեզ ավելի շատ նմանվել Նրան: … Բայց ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից այն կողմ` դեպի անհատների սրտերն ու տները»:1

Սուրբ գրությունները ցույց են տալիս, որ Փրկիչի ծառայությունը հնադարյան Ամերիկայում այնքան ազդեցիկ էր և լայնածավալ, որ «ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը՝ ողջ երկրի երեսին, ինչպես Նեփիացիները, այնպես էլ Լամանացիները, և նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ»:2

Ինչպե՞ս կարող է մեր ծառայությունը նմանատիպ ազդեցություն ունենալ նրանց վրա, ում մենք սիրում ենք: Ինչպե՞ս կարող ենք մենք ավելի շատ Փրկիչի նման ուսուցանել և օգնել մյուսներին ավելի խորապես դարձի գալ: Թույլ տվեք մի քանի առաջարկներ անել ձեզ:

Ընդօրինակել Փրկիչին

Առաջինը և ամենակարևորը՝ ձեզ վրա վերցրեք այն ամենը, ինչ կարող եք սովորել Իր իսկ` Վարդապետ Ուսուցչի մասին: Ինչպե՞ս էր Նա սեր ցույց տալիս ուրիշների հանդեպ: Ի՞նչ էին նրանք զգում, երբ Նա ուսուցանում էր: Ի՞նչ էր ուսուցանում Նա: Ինչպիսի՞ն էին Նրա ակնկալիքները նրանցից, ում Նա ուսուցանում էր: Այսպիսի հարցեր ուսումնասիրելուց հետո գնահատեք և հարմարեցրեք ուսուցման ձեր ձևը, որպեսզի այն ավելի նման լինի Նրա ձևին:

Եկեղեցին ապահովում է բազմաթիվ ուսուցողական սկզբնաղբյուրներ Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում: Այդպիսի մի սկզբնաղբյուր կոչվում է Ուսուցանել Փրկիչի ձևով: Ես ձեզ կոչ եմ անում կարդալ և ուսումնասիրել դրա յուրաքանչյուր բառը: Այդ սկզբունքները կօգնեն ձեզ` ձեր ուսուցման մեջ ավելի Քրիստոսանման լինելու ձեր ջանքերում:

Բացահայտեք ընտանիքների ուժը

Իմ հաջորդ առաջարկը կարելի է պարզաբանել մի փորձառությամբ, որը ես ունեցա մի քանի ամիս առաջ, երբ այցելեցի մի սիրելի ընկերոջ: Ես լսեցի, թե ինչպես էր նրա կինը ներսում խոսում ինչ-որ մեկի հետ, ուստի ես արագ ներողություն խնդրելով հեռացա, որպեսզի նա վերադառնար իր ընտանիքի մոտ:

Մոտ մեկ ժամ անց նրա բարեսիրտ կնոջից ստացա այս տեքստը.«Եղբայր Նյուման, շնորհակալություն այցի գալու համար: Մենք պետք է ձեզ ներս հրավիրեինք, բայց ես ցանկանում եմ կիսվել, թե մենք ինչ էինք անում: Համավարակից սկսած ամեն կիրակի մենք զումով քննարկում ենք Եկ հետևիր ինձ ձեռնարկը մեր չափահաս երեխաների հետ: Այն բառացիորեն հրաշքներ է գործում: Կարծում եմ, սա առաջին անգամ է, որ մեր դուստրը ինքնուրույն կարդաց Մորմոնի Գիրքը: Այսօր Մորմոնի Գրքի վերջին դասն էր, և մենք արդեն վերջացնում էինք, երբ դուք եկաք: … Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի լսել, թե ինչպես Եկ, հետևիր ինձ ձեռնարկը, զումը և համավարակը հնարավորություն տվեցին ճիշտ ժամանակին մի սիրտ փոխել: … Ինձ զարմացնում է, թե որքան շատ փոքրիկ հրաշքներ են տեղի ունեցել այս տարօրինակ ժամանակի ընթացքում:

Սա ինձ համար հնչում է որպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի 2018 թվականի հոկտեմբերին արված խոստման իրականացում: Նա ասաց, որ տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական նոր ծրագիրը «ներուժ ունի բացահայտելու ընտանիքների զորությունը, երբ յուրաքանչյուր ընտանիք բարեխղճորեն և ուշադիր հետևի ու իր տունը դարձնի հավատքի սրբավայր: Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, ժամանակի ընթացքում ձեր հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ուրախ կլինեն սովորել և ապրել Փրկիչի ուսմունքներով: … Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական»։3 Ինչպիսի՜ հրաշալի խոստում:

Որպեսզի դարձն առ Հիսուս Քրիստոս իսկապես կյանքեր փոխի, պետք է ներառի մեր ողջ հոգին և ներթափանցի մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ: Ահա թե ինչու այն պետք է կենտրոնացած լինի մեր կյանքի կենտրոնի՝ մեր ընտանիքների և տների վրա:

Հիշեք, որ դարձն անհատական է

Իմ վերջին առաջարկն է հիշել, որ դարձը պետք է գա ներսից: Ինչպես նկարագրվում է տասը կույսերի առակում, մենք չենք կարող որևէ մեկին տալ մեր դարձի յուղից, ինչքան էլ որ շատ ցանկանանք դա: Ինչպես ուսուցանել է երեց Դեյվիդ Ա. Բեդնարը․ «Այս թանկագին յուղը ձեռք է բերվում ամեն անգամ մեկ կաթիլ… համբերությամբ և հետևողականությամբ: Հասանելի չէ ոչ մի դյուրանցում, հնարավոր չէ ոչ մի շուտափույթ պատրաստություն վերջին րոպեին»:4

Եկ, հետևիր ինձ ձեռնարկը հիմնված է այդ ճշմարտության վրա: Ես համեմատում եմ դա այն հրեշտակի հետ, որ օգնեց Նեփիին սովորել Հիսուս Քրիստոսի մասին` ասելով. «Նայիր»:5 Այդ հրեշտակի նման Եկ հետևիր ինձ ձեռնարկը հրավիրում է մեզ փնտրել սուրբ գրություններում և ներկա օրերի մարգարեների խոսքերում, որպեսզի գտնենք Փրկիչին և լսենք Նրան: Նեփիի նման մենք անհատապես կուսուցանվենք Հոգու կողմից` կարդալիս և Աստծո խոսքի շուրջ խորհրդածելիս: Եկ հետևիր ինձ ձեռնարկը ցատկահարթակ է, որը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին խորասուզվել Քրիստոսի վարդապետության կենդանի ջրերում:

Շատ ձևերով սա նման է ծնողի պարտականությանը: Երեխաները շատ բաներ են ժառանգում իրենց ծնողներից, բայց վկայությունը դրանց շարքում չէ: Մենք չենք կարող մեր երեխաներին վկայություն տալ, ճիշտ ինչպես չենք կարող ստիպել, որ սերմը աճի: Բայց մենք կարող ենք ապահովել սնուցող միջավայր՝ լավ հողով, զերծ փշերից, որոնք «կխեղդեին խոսքը»: Մենք կարող ենք ձգտել կատարյալ պայմաններ ստեղծել, որպեսզի մեր երեխաները և մյուսները, ում մենք սիրում ենք, կարողանան տեղ գտնել սերմի համար, «[լսելու] խոսքը, և [հասկանալու] այն»6 և իրենց համար բացահայտելու, «որ սերմը լավն է»:7

Մի քանի տարի առաջ, ես և որդիս` Ջեքը, հնարավորություն ունեցանք մասնակցել Հին մրցաշարին Սենթ Էնդրյուսում (Շոտլանդիա), որտեղից սկսվել է գոլֆ խաղը: Դա պարզապես ապշեցուցիչ էր: Վերադառնալուն պես ես փորձեցի ուրիշներին հաղորդել այդ փորձառության վեհությունը: Բայց ես չկարողացա: Լուսանկարները, տեսաֆիլմերը և իմ լավագույն նկարագրությունները բացարձակապես անբավարար էին: Ի վերջո, ես հասկացա, որ Սենթ Էնդրյուսի վեհությունը հասկանալու միակ ուղին էր՝ զգալ, տեսնել լայն ուղիները, շնչել օդը, դեմքին զգալ քամին և հասցնել մի քանի վրիպող հարվածներ դեպի ավազածուղակները և խիտ թփուտները, որը մենք արեցինք մեծ արդյունավետությամբ:

Այդպես է և Աստծո խոսքի հետ: Մենք կարող ենք ուսուցանել այն, մենք կարող ենք քարոզել այն, մեք կարող ենք բացատրել այն: Մենք կարող ենք խոսել այդ մասին, մենք կարող ենք նկարագրել այն, մենք կարող ենք նույնիսկ վկայել դրա մասին: Բայց մինչև մարդը չզգա Հոգու զորության միջոցով Աստծո սրբազան խոսքի ծորումն իր հոգու վրա, ինչպես ցողը երկնքից,8 այն նման կլինի բացիկին կամ մեկ ուրիշի արձակուրդի նկարները նայելուն: Դուք ինքներդ պետք է գնաք այնտեղ: Դարձը անձնական ճամփորդություն է` հավաքման ճամփորդություն:

Բոլորը, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում, կարող են մյուսներին առաջարկել իրենց անձնական հոգևոր փորձառություններն ունենալու հնարավորությունը: Այդ փորձառությունների միջոցով նրանք կսկսեն ինքնուրույն «իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:9 Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Եթե անկեղծ հարցեր ունեք ավետարանի կամ Եկեղեցու վերաբերյալ, երբ դուք ընտրում եք թույլ տալ, որ Աստված տնօրինի, դուք կառաջնորդվեք` գտնել և հասկանալ բացարձակ, հավերժական ճշմարտություններ, որոնք կուղղորդեն ձեր կյանքը և կօգնեն ձեզ ամուր մնալ ուխտի արահետի վրա»:10

Նշանակալիորեն բարելավել ուսուցումը

Ես հրավիրում եմ Եկեղեցու յուրաքանչյուր կազմակերպության ղեկավարներին և ուսուցիչներին` ծնողների և երիտասարդների հետ միասին խորհրդակցել, որպեսզի նշանակալիորեն բարելավեք ուսուցումը ամեն մակարդակում` ցցերում, ծխերում և տներում: Այն ձեռք կբերվի վարդապետությունն ուսուցանելով և հրավիրելով Հոգով լեցուն քննարկում այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք Սուրբ Հոգին ուսուցանել է մեզ անհատական ուսումնասիրության խաղաղ պահերին:

Իմ սիրելի՛ ընկերներ Քրիստոսում, Տիրոջ օրինակին հետևելու և Նրա նման ուսուցանելու պատասխանատվությունը ուղղակիորեն մեզանից յուրաքանչյուրի վրա է ընկնում: Ճշմարիտ ճանապարհը Նրա ճանապարհն է: Եթե մենք հետևենք Նրան, «երբ նա հայտնվի, մենք կլինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը, որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր»:11 Նրա անունով, ով հարություն է առել, Իր` Վարդապետ Ուսուցչի, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: