Գերագույն համաժողով
Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս

«Բարության» տնտեսություն զարգացնելու և ավելի պայծառ ապագա ստեղծելու համար մեզ անհրաժեշտ գործիքներն առատորեն տրված են Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Այդ առաջին Զատիկի տոնից առաջ, երբ Հիսուսը եզրափակեց հաղորդության նոր արարողությունը, որը Նա սպասավորեց Տասներկուսին, հրաժեշտի Իր փառահեղ խոսքերն ասելուց հետո Նա շարժվեց դեպի Գեթսեմանի՝ դավաճանություն և խաչելություն: Այնուամենայնիվ, զգալով այդ մարդկանցից ոմանց անհանգստությունը, իսկ միգուցե՝ նույնիսկ անմիջական վախը, Հիսուսն ասաց նրանց (և մեզ):

«Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ …

Ձեզ որբ չեմ թողիլ. Կգամ ձեզ մոտ: …

Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չխռովի, եւ չվախենայ»։1

Դժվար ժամանակներ են գալիս այս մահկանացու աշխարհում, այդ թվում՝ հավատարիմներին, բայց Քրիստոսի հուսադրող ուղերձն այն է, որ թեպետ Նա՝ զատիկի գառը, կգնա «ինչպես ոչխար [իր] խուզողների առաջին»,2 սակայն հետո կբարձրանա, որ միշտ մնա, ինչպես սաղմոսերգուն է ասել՝ լինելու «մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ [մեր] նեղութիւնների [ժամանակ] նա շատ օգնական է»։3

Որպեսզի հասկանաք, թե ինչ դժվարին ժամեր էին սպասվում Քրիստոսին, երբ Նա քայլում էր խաչին ընդառաջ, և ինչ դժվարին ժամեր էին սպասվում Նրա աշակերտներին, երբ նրանք ժամանակների գագաթնակետին Քրիստոսի ավետարանը պիտի տարածեին աշխարհում, հետևեք իմ ելույթին, որը վերաբերում է վերջին օրերին Փրկիչի եկեղեցու անդամներին։ Այս ուղերձի էությունը կայանում է Մորմոնի Գրքում տարբեր տեսակի հակամարտություններին նվիրված հատվածների զարմացնող քանակի մեջ, սկսած Լամանի և Լեմուելի անընդհատ բարկացնող պահվածքից՝ մինչև հարյուր հազարավոր զինվորների մասնակցությամբ եզրափակիչ մարտերը: Այս շեշտադրման ամենաակնառու պատճառներից մեկն այն է, որ քանի որ Մորմոնի Գիրքը գրվել է վերջին օրերի լսարանի համար, այս հեղինակները (ովքեր պատերազմի փորձ ունեին) մարգարեաբար մեզ զգուշացնում են, որ բռնությունն ու հակամարտությունը կլինեն վերջին օրերի բնորոշ գծերից։

Իհարկե, հակառակության մասին վերջին օրերի իմ տեսությունը այդքան էլ ինքնատիպ չէ: Երկու հազար տարի առաջ Փրկիչը նախազգուշացրեց, որ վերջին օրերին տեղի են ունենալու «պատերազմներ և պատերազմների համբավներ»,4 իսկ ավելի ուշ ասաց, որ «խաղաղությունը կվերցվի երկրի վրայից»:5 Իհարկե, այս Փրկիչը՝ Խաղաղության Իշխանը, որը ազդեցիկ կերպով ուսուցանեց, որ հակառակությունը դևից է,6 իր Աստվածային Հոր հետ միասին լաց է լինում մեր օրերի մարդկանց համար, ովքեր համաձայն սուրբ գրությունների «անգութ են», և ովքեր չեն կարողանում սիրով ապրել միասին:7

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք իրոք չափազանց շատ հակամարտությունների, բարկության և համընդհանուր անքաղաքավարության ենք ականատես լինում մեր շուրջը: Բարեբախտաբար, ներկայիս սերունդը չի տեսել Երրորդ համաշխարհային պատերազմ, և ոչ էլ մենք ունեցել ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին 1929 թվականին էր, որը հանգեցրեց Մեծ ճգնաժամին: Սակայն մենք կանգնած ենք մի այլ կարգի Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, որը ոչ թե կռիվ է մեր թշնամիներին ջախջախելու համար, այլ զորակոչ՝ Աստծո որդիների համար, որ միմյանց մասին ավելի շատ հոգ տանեն և օգնեն բուժել հակամարտող աշխարհի վերքերը։ Մեծ ճգնաժամը, որի առջև այժմ կանգնած ենք, ավելի քիչ կապ ունի մեր խնայողությունների առերևույթ կորստի հետ, և ավելի շատ՝ հավատքի, հույսի և գթության աներևույթ պակասի հետ։ Սակայն «բարության» տնտեսություն զարգացնելու համար մեզ անհրաժեշտ գործիքները առատորեն տրված են Հիսուս Քրիստոսի ավետարանում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ և այս աշխարհը չի կարող իրեն թույլ տալ, որ մեր ձախողման պատճառով այս ավետարանական հասկացությունները և ամրացնող ուխտերը լիարժեք չօգտագործվեն՝ թե՛ մեր կողմից և թե՛ հանրության կողմից։

Այսպիսով, ինչպես Եհովան ասաց «ալեկոծյալ և անմխիթար» աշխարհում, որը կգա, ինչպե՞ս կարող ենք գտնել այն, ինչը Նա անվանեց «խաղաղության ուխտ»: Մենք գտնում ենք դա, երբ դիմում ենք Նրան, ով ասել է, որ վերջին օրերին Նա «հավիտենական բարությամբ» ողորմածություն կդրսևորի և խաղաղություն կպարգևի մեր զավակներին:8 Չնայած ահազանգող մարգարեություններին և անհանգստացնող սուրբ գրություններին, որոնք հայտարարում են, որ ընդհանուր առմամբ խաղաղությունը կվերցվի երկրից, մարգարեները, ներառյալ մեր սիրելի Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանել են, որ դա չի նշանակում խաղաղությունը մեզանից անհատապես կվերցվի։9 Ուստի, եկեք այս Զատիկի օրերին փորձենք մեր ուրույն ձևով խաղաղություն հաստատել՝ կիրառելով Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհն ու բուժիչ բալասանը մեզ վրա, մեր ընտանիքների և մեզ շրջապատողների վրա, ում կարող ենք օգնության հասնել: Բարեբախտաբար, անգամ զարմանալիորեն, այս հանգստացնող բալասանը հասանելի է մեզ «առանց փողի և առանց գնի»:10

Այդ օգնությունն ու հույսն անչափ անհրաժեշտ են, քանի որ այս համաշխարհային ժողովում այսօր շատ են այն մարդիկ, ովքեր պայքարում են տարբեր մարտահրավերների դեմ՝ ֆիզիկական, հուզական, սոցիալական, ֆինանսական և տասնյակ այլ տեսակի խնդիրների դեմ: Բայց մենք այնքան ուժեղ չենք, որ ինքնուրույն հաղթահարենք դրանցից շատերը, քանի որ մեզ անհրաժեշտ օգնությունն ու խաղաղությունն այնպիսին չէ, «ինչպես աշխարհքն է տալիս»:11 Ո՛չ, իսկապես դժվարին խնդիրների համար մեզ հարկավոր է այն, ինչ սուրբ գրություններն անվանում են «երկնքի զորություններ» և այդ զորությունները ստանալու համար մենք պետք է ապրենք այնպես, որն այդ նույն սուրբ գրություններն անվանում են «արդարության սկզբունքներ»:12 Սկզբունքի և զորության միջև կապն այն միակ դասն է, որը մարդկային ընտանիքը, կարծես, երբեք չի կարողանում սովորել, ասում է երկնքի և երկրի Աստվածը:13

Եվ որո՞նք են այդ սկզբունքները։ Դրանք բազմիցս թվարկվել են մեր սուրբ գրքերում, դրանք անընդհատ ուսուցանվում են նմանատիպ համաժողովներում, և մեր տնտեսությունում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանեց դրանք ի պատասխան իր հետ պատահած «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ» հարցի։14 Լիբերթիի ցուրտ և անհարմար բանտում նրան ուսուցանվեց, որ արդարության սկզբունքները ներառում են այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են՝ համբերությունը, երկայնամտությունը, մեղմությունը և անկեղծ սերը:15 Այդ սկզբունքների բացակայությունը միանգամայն կհաստատեր, որ մենք, ի վերջո, կունենանք տարաձայնություններ և թշնամություն։

Այդ առիթով, կարո՞ղ եմ մի պահ խոսել մեր ժամանակներում արդարության այդ սկզբունքների բացակայության մասին: Որպես կանոն, ես լավատես, կենսուրախ մարդ եմ, և մեր աշխարհում այնքան շատ բան կա, որ լավն ու գեղեցիկ է: Պատմության մեջ մենք ավելի շատ նյութական օրհնություններ ունենք, քան որևէ սերունդ, սակայն 21-րդ դարի մշակույթում ամենուր, բայց շատ հաճախ Եկեղեցում, մենք տեսնում ենք մարդկանց, որոնք դժվարության մեջ են և փոխզիջումների պատճառով խախտում են ուխտերը և ունենում տխուր ու կոտրված սրտեր: Դիտարկենք գռեհիկ լեզուն, որը հավասար է սեռական մեղքին. դրանք երկուսն էլ տարածված են կինոնկարներում կամ հեռուստատեսությունում, կամ ուշադրություն դարձրեք սեռական ոտնձգությանն ու աշխատավայրում անպարկեշտության այլ ձևերին, որոնց մասին այդքան շատ ենք կարդում այս օրերին։ Ուխտի մաքրության հարցերում մարդիկ սրբազան երևույթները կամ իրերը շատ հաճախ ընդհանուր են դարձնում, իսկ սուրբ երևույթներն ու իրերը շատ հաճախ պղծվում են։ Բոլոր նրանց, ովքեր քայլում, խոսում կամ իրենց պահում են այնպես, «ինչպես աշխարհն է տալիս» ասում եմ, որ մի ակնկալեք խաղաղություն. ես խոստանում եմ ձեզ Տիրոջ անունով, որ դա չի բերի խաղաղություն․ «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»,16 - մի անգամ ասել է մի հին մարգարե: Երբ պարն ավարտվում է, սրնգահարին միշտ պետք է վճարել, իսկ ամենից հաճախ վարձը արցունքներն ու ափսոսանքն է լինում:17

Կամ գուցե ականատես ենք լինում այլ տեսակի բռնության և անարգանքի։ Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ պիտի կրկնակի զգույշ լինենք, որպեսզի երբևէ չկիրառենք նման վարքագիծ։ Ոչ մի դեպքում չպետք է որևէ բռնություն, անիրավ իշխանություն անբարոյական հարկադրանք կիրառենք, լինի դա ֆիզիկական, հուզական, հոգևոր կամ որևէ այլ տեսակի: Ես հիշում եմ նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խանդավառությունը մի քանի տարի առաջ, երբ մի անգամ Եկեղեցու տղամարդկանց հետ խոսեց այն մարդկանց մասին, ովքեր «բռնապետեր են իրենց տանը»:18

«Որքան ողբերգական և ծայրաստիճան զզվելի երևույթ է կնոջն անարգելը», - ասել է նա: «Այս Եկեղեցում որևէ մարդ, ով անարգում է իր կնոջը, ով նվաստացնում է նրան, ով վիրավորում է նրան, ով գործադրում է անարդար իշխանություն նրա վրա, անարժան է քահանայություն կրել: … [Նա] անարժան է տաճարային երաշխավորագրին»։19 «Հավասարապես զզվելի է երեխաների նկատմամբ բռնությունը կամ ցանկացած այլ բռնություն»,- ասել է նա:20

Շատ դեպքերում, ոչ միտումնավոր ձևով հավատարիմ տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաները կարող են մեղավոր լինել անբարյացակամորեն, նույնիսկ բռնի խոսելու մեջ այն մարդկանց հետ, ովքեր հաճախ սուրբ արարողությամբ նրանց հետ կնքված են Տիրոջ տաճարում: Յուրաքանչյուր ոք ունի տանը իրեն խաղաղ ու ապահով զգալու իրավունք։ Խնդրում եմ ջանք գործադրել այդ մթնոլորտն այնտեղ պահպանելու համար: Խաղաղարար լինելու խոստումն այն է, որ Սուրբ Հոգին կլինի ձեր մշտական ուղեկիցը, և օրհնությունները «առանց հարկադրանքի» կհոսեն դեպի ձեզ հավիտյանս:21 Ոչ ոք չպետք է սուր լեզու կամ չար խոսքեր օգտագործի՝ «քավիչ սիրո երգը երգելու համար»:22

Թույլ տվեք ավարտել, որտեղից սկսեցի: Վաղը Սուրբ Զատիկի տոնն է, մի ժամանակաշրջան, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի արդար սկզբունքները և Նրա Քավությունը «օգնում են խուսափել» բախումներից և հակառակություններից, հիասթափությունից, օրինազանցությունից, և, վերջապես՝ մահից: Ժամանակն է լիակատար հավատարմություն խոստանալ Աստծո Գառին, ով «մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»՝23 փրկության աշխատանքը հանուն մեզ ավարտելու վճռականությամբ։

Չնայած դավաճանությանը և ցավին, վատ վերաբերմունքին, դաժանությանը և մարդկային ամբողջ ընտանիքի կուտակված մեղքերը և վշտերը Իր վրա առնելուն՝ կենդանի Աստծո Որդին ցած նայեց մահկանացու կյանքի երկար ուղու վրա, տեսավ մեզ այս հանգստության օրերին ու ասաց.«Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ»։24 Օրհնյալ, ուրախ, խաղաղ Զատիկ եմ մաղթում: Դրա անասելի հնարավորություններն արդեն վճարվել են Խաղաղության Իշխանի կողմից, որին ես սիրում եմ իմ ամբողջ սրտով, ում Եկեղեցին է սա և ում մասին միանշանակ վկայում եմ․ Նրա՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: