Գերագույն համաժողով
Նրա անունով օրհնեք
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


Նրա անունով օրհնեք

Քահանայություն ստանալու մեր նպատակն է այն է, որ հնարավորություն ունենանք օրհնել մարդկանց հանուն Տիրոջ՝ անելով դա Նրա անունով։

Աստծո քահանայությունում իմ սիրելի՛ եղբայրներ և ընկերակից ծառայողներ, ինձ համար պատիվ է այս երեկո խոսել ձեզ հետ: Ես խորին հարգանքով և երախտագիտությամբ եմ վերաբերվում ձեզ։ Երբ ես խոսում եմ ձեզ հետ և լսում եմ ձեր մեծ հավատքի մասին, համոզվում եմ, որ աշխարհում անընդհատ աճում է քահանայության զորությունը՝ ավելի ուժեղ քվորումներով և ավելի հավատարիմ քահանայություն կրողներով:

Այս երեկո ինձ հատկացված րոպեների ընթացքում ես կխոսեմ նրանց մասին, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ լինել իրենց քահանայության ծառայության մեջ: Դուք գիտեք, որ պետք է մեծարեք ծառայության ձեր կոչումը։1 Բայց դուք գուցե մտածում եք, թե ո՞րն է այդ կոչման մեծարումը ձեզ համար:

Սկզբում կդիմեմ նոր կարգված սարկավագներին, քանի որ նրանք, ամենայն հավանականությամբ, վստահ չեն լինի, թե ինչ կարող է նշանակել իրենց քահանայության ծառայության մեծարումը: Նոր կարգված երեցները նույնպես կարող են լսել: Եվ այն եպիսկոպոսներին, ովքեր ծառայում են մի քանի շաբաթ, նույնպես կարող է հետաքրքրել։

Ինձ համար ուսանելի է վերհիշել սարկավագ լինելու իմ օրերը: Երանի ինչ-որ մեկն այն ժամանակ ինձ ասած լիներ այն, ինչ հիմա կառաջարկեմ: Դա կարող էր օգնել քահանայության բոլոր հանձնարարություններում, որոնք այդ ժամանակից ի վեր տրվել են ինձ, նույնիսկ այն հանձնարություններում, որոնք ստանում եմ այսօր:

Ես սարկավագ կարգվեցի մի փոքր ճյուղում, որտեղ ես միակ սարկավագն էի, իսկ իմ եղբայր Թեդը՝ միակ ուսուցիչը: Մենք այդ ճյուղի միակ ընտանիքն էինք: Ամբողջ ճյուղը հավաքվում էր մեր տանը։ Եղբորս և ինձ համար քահանայության ղեկավարը մի նորադարձ էր, ով նոր էր քահանայություն ստացել: Այդ ժամանակ ես մտածում էի, որ քահանայության իմ միակ պարտականությունը հաղորդությունը բաժանելն է իմ իսկ ճաշասենյակում:

Երբ ընտանիքս տեղափոխվեց Յուտա, ես հայտնվեցի մի մեծ ծխում՝ բազմաթիվ սարկավագներով: Այդ ծխում իմ առաջին հաղորդության ժողովին ես նկատեցի, թե սարկավագները, որ ինձ մեծ բանակ էր թվում, ինչպես են հաղորդությունը բաժանելիս ճշգրտությամբ տեղաշարժվում՝ պատրաստված թիմի նման:

Ես այնքան վախեցա, որ հաջորդ կիրակի առավոտյան վաղ գնացի ծխի շենք, որպեսզի մենակ լինեի, երբ ոչ ոք ինձ չէր տեսնի: Ես հիշում եմ, որ դա Սոլթ Լեյք Սիթիի Յալեկրեսթ ծուխն էր, և տարածքում արձանիկ կար: Ես թաքնվեցի արձանի հետևում և ջերմեռանդորեն աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչպես չձախողվեմ, երբ զբաղեցնեմ հաղորդությունը բաժանողների իմ տեղը: Ես ստացա իմ աղոթքի պատասխանը։

Բայց հիմա հասկանում եմ, որ աղոթելու և մտածելու ավելի լավ միջոց կա, երբ փորձում ենք աճել մեր քահանայության ծառայության մեջ: Հասկացել եմ, թե ինչու է մարդկանց տրվում քահանայություն։ Քահանայություն ստանալու մեր նպատակն է այն է, որ հնարավորություն ունենանք օրհնել մարդկանց հանուն Տիրոջ՝ անելով դա Նրա անունով։2

Սարկավագ լինելուց տարիներ անց հասկացել եմ, թե ինչ է դա նշանակում գործնականում: Օրինակ՝ տարիներ առաջ, երբ քահանայապետ էի, ինձ հանձնարարեցին այցելել մի խնամքի կենտրոնի հաղորդության ժողովի: Ինձ խնդրեցին բաժանել հաղորդությունը։ Փոխանակ խորհելու հաղորդությունը բաժանելու ընթացքի կամ ճշգրտության մասին՝ ես նայեցի տարեց մարդկանց դեմքերին: Ես տեսա, որ նրանցից շատերը լաց են լինում: Մի տիկին բռնեց հագուստիս թևքը, նայեց վերև և բարձրաձայն ասաց. «Օ՜, շնորհակալություն, շնորհակալություն»:

Տերն օրհնել էր իմ ծառայությունը՝ Նրա անունով կատարած ծառայությունը: Այդ օրը ես աղոթում էի, որ նման հրաշք տեսնեմ, այլ ոչ թե, որ լավ կատարեմ իմ դերը: Ես աղոթում էի, որ մարդիկ զգան Տիրոջ սերը՝ իմ սիրառատ ծառայության միջոցով: Ես հասկացել եմ, որ դա է Նրա անունով ուրիշներին ծառայելու և օրհնելու բանալին:

Վերջերս լսեցի մի դեպքի մասին, որն ինձ հիշեցրեց այդպիսի սիրո մասին: Երբ COVID-19 համավարակի պատճառով Եկեղեցու բոլոր ժողովները դադարեցին, մի սպասավորող եղբայր ընդունեց իր երեցների քվորումի նախագահի հանձնարարությունը՝ օրհնելու և հաղորդությունը սպասավորելու մի քրոջ, ում սպասավորող եղբայրն էր ինքը։ Երբ նա զանգահարեց այդ քրոջը, որպեսզի հաղորդությունը սպասավորելու առաջարկ անի, վերջինս դժկամորեն ընդունեց առաջարկը՝ չցանկանալով, որ այդ եղբայրն իր պատճառով տնից դուրս գա այդպիսի վտանգավոր իրավիճակում, հավատալով, որ իրավիճակն արագ կվերականգնվի:

Երբ կիրակի առավոտյան այդ եղբայրը հասավ այդ քրոջ տուն, նա ուներ մի խնդրանք: Կարո՞ղ են իրենք գնալ հարևանի տուն և հաղորդությունը սպասավորել նաև իր 87-ամյա հարևանին: Եպիսկոպոսի թույլտվությամբ այդ եղբայրը համաձայնեց:

Շաբաթներ շարունակ, զգուշությամբ պահելով սոցիալական հեռավորությունը և անվտանգության այլ կանոնները, Սրբերի այդ փոքրիկ խումբն ամեն կիրակի հավաքվում էր հաղորդության պարզեցված ծառայություն անցկացնելու նպատակով։ Ընդամենը պահանջվեց մի քանի կտոր հաց և մի քանի բաժակ ջուր, սակայն շատ արցունքներ թափվեցին սիրառատ Աստծո բարության շնորհիվ:

Ժամանակի ընթացքում սպասավորող եղբայրը, նրա ընտանիքը և այն քույրը, որին նա սպասավորում էր, կարողացան վերադառնալ եկեղեցի: Բայց 87-ամյա այրին՝ այդ հարևանը, զգուշությունից ելնելով ստիպված էր մնալ տանը: Հիշեք, որ սպասավորող եղբոր հանձնարարությունը ոչ թե այդ տարեց քրոջը, այլ նրա հարևանին սպասավորելն էր, բայց մինչ օրս ամեն կիրակի սուրբ գրությունները և մի հացի կտոր ձեռքին լուռ գալիս է այդ քրոջ տուն՝ Տիրոջ ընթրիքի հաղորդությունը սպասավորելու համար:

Նրա քահանայության ծառայությունը, ինչպես իմ ծառայությունն այդ օրը խնամքի կենտրոնում, կատարվում է սիրուց դրդված: Իրականում, սպասավորող եղբայրը վերջերս հարցրեց իր եպիսկոպոսին, թե կա՞ն ծխում ուրիշ անդամներ, որոնց մասին ինքը կարող է հոգ տանել: Իր քահանայության ծառայությունը մեծարելու նրա ցանկությունը աճել է, երբ նա ծառայել է Տիրոջ անունով և գրեթե բացառապես Նրան հայտնի եղանակով: Ես չգիտեմ, թե արդյոք սպասավորող եղբայրն ինձ նման աղոթել է նրանց համար, ում նա ծառայում է, որպեսզի զգա Տիրոջ սերը․ բայց քանի որ նրա ծառայությունը եղել է Տիրոջ անունով, արդյունքը նույնն է եղել:

Նույն հիանալի արդյունքը ստանում եմ, երբ նախքան քահանայության օրհնություն տալը աղոթում եմ այդ մարդու համար, ով հիվանդ է կամ կարիքի մեջ է: Մի անգամ դա տեղի ունեցավ հիվանդանոցում, երբ անհամբեր բժիշկներն ինձ հորդորում էին, ավելի շուտ հրամայում էին շտապել և ազատել ճանապարհը, որպեսզի կարողանան կատարել իրենց աշխատանքը, և հնարավորություն չէին տալիս քահանայության օրհնություն տալ: Ես մնացի և օրհնություն տվեցի: Եվ օրհնություն ստացած այդ փոքրիկ աղջիկը, ում բժիշկները կարծում էին, որ կմահանա, ապրեց: Այսօր ես երախտապարտ եմ, որ այդ օրը թույլ չտվեցի, որ իմ սեփական զգացմունքները խանգարեն, այլ կատարեցի Տիրոջ ցանկությունը և օրհնություն տվեցի այդ փոքրիկ աղջկան։ Եվ ես գիտեի, թե ինչ օրհնություն տվեցի. ես բժշկվելու օրհնություն տվեցի նրան։ Եվ նա բժշկվեց:

Դա տեղի է ունեցել բազմիցս, երբ ես օրհնություն եմ տվել ինչ-որ մեկին, ըստ երևույթին մահամերձ վիճակում, երբ ընտանիքի անդամները շրջապատել էին մահճակալը՝ բժշկման օրհնության ակնկալիքով։ Նույնիսկ, եթե ունենում եմ գեթ մեկ րոպե, ես միշտ աղոթում եմ, որ իմանամ, թե Տերն ինչ օրհնություն է պատրաստել, որը ես կարող եմ տալ Նրա անունով: Եվ ես խնդրում եմ, որ Նա ասի, թե ինչպես է ցանկանում օրհնել այդ մարդուն, և ոչ թե այն, ինչ ուզում ենք ես կամ մոտ կանգնած մարդիկ: Իմ փորձից գիտեմ, որ երբ նույնիսկ մարդիկ օրհնություն չեն ցանկանում իրենց կամ իրենց հարազատների համար, Հոգին դիպչում է սրտին և հավանություն ու սփոփանք պարգևում, այլ ոչ թե՝ հիասթափություն։

Նույն ոգեշնչումը գալիս է, երբ հայրապետերը ծոմ են պահում և աղոթում օրհնություն տալու առաջնորդության համար, որը Տերը ցանկանում է շնորհել այդ մարդուն: Կրկին, ես լսել եմ օրհնություններ, որոնք զարմացրել են ինձ և նաև զարմացրել օրհնություն ստացողին: Ակնհայտ էր, որ օրհնությունը Տիրոջից էր՝ և՛ դրա նախազգուշացումները, և՛ Նրա անունով տրված խոստումները: Հայրապետի աղոթքն ու ծոմը պարգևատրվեցին Տիրոջ կողմից:

Եպիսկոպոս ծառայելու ժամանակ արժանավորության հարցազրույցներ անցկացնելիս սովորել եմ, որ պիտի աղոթեմ Տիրոջը, որպեսզի ինձ թույլ տա հասկանալ, թե Նա ինչ է ուզում այդ մարդու համար՝ թույլ տալով, որ իմ սեփական դատողությունը չմթագնի այն ներշնչանքը, որը Նա կարող էր տալ այդ մարդուն: Դժվար է, երբ Տերը ցանկանում է սիրով օրհնել և ուղղել ինչ-որ մեկին: Ջանքեր են պահանջվում, որպեսզի Տիրոջ կամքը տարբերենք մեր և ուրիշների ցանկություններից։

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք մեծարել մեր քահանայության ծառայությունը՝ մեր կյանքի ընթացքում և գուցե դրանից հետո: Դա կախված կլինի Տիրոջ կամքը ճանաչելու մեր ջանասիրությունից և Նրա ձայնը լսելու մեր ջանքերից, որպեսզի կարողանանք ավելի լավ իմանալ, թե Նա ինչ է ուզում այն մարդու համար, ում մենք ծառայում ենք հանուն Նրա: Այդ մեծարմանը կհասնենք փոքր քայլերի շնորհիվ։ Կարող է դանդաղ տրվել, բայց կտրվի: Տերը հետևյալն է խոստանում մեզ․

«Քանզի նրանք, ովքեր հավատարիմ են այս երկու քահանայությունները ստանալու, որոնց մասին ես խոսեցի, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի:

Նրանք դառնում են Մովսեսի ու Ահարոնի որդիները, և Աբրահամի սերունդը, և եկեղեցին ու արքայությունը և ընտրյալներն Աստծո:

Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը»։3

Ես վկայում եմ, որ քահանայության բանալիները վերականգնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին: Տիրոջ ծառաները հայտնվեցին երկնքից՝ վերականգնելու քահանայությունը այն մեծ իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել, և որոնք սպասում են մեզ: Իսրայելը կհավաքվի։ Տիրոջ ժողովուրդը պատրաստ կլինի Նրա փառահեղ Երկրորդ Գալուստին: Վերականգնումը կշարունակվի։ Տերն Իր մարգարեներին և Իր ծառաներին ավելի շատ կհայտնի Իր կամքը:

Հնարավոր է, ձեզ աննշան զգաք այն մեծ փոփոխության համեմատ, ինչ պատրաստել է Տերը: Եթե այդպես է, ապա հրավիրում եմ, որ դուք աղոթքով հարցնեք, թե ինչպիսին է Տերը տեսնում ձեզ։ Նա անձամբ ճանաչում է ձեզ, Նա քահանայություն շնորհեց ձեզ և Նրա համար կարևոր է, երբ ընդունում եք կոչումը և մեծարում քահանայությունը, քանի որ Նա սիրում է ձեզ և Նա վստահում է, որ մարդկանց, ում Նա սիրում է, կօրհնեք Իր անունով:

Ես օրհնում եմ ձեզ, որ այժմ կարողանաք զգալ Նրա սերն ու Նրա վստահությունը․ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: