Գերագույն համաժողով
Հետևում եմ դեպի նպատակը
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


Հետևում եմ դեպի նպատակը

Այդքան կարևոր չէ, թե ինչի միջով ենք անցնում կյանքում, այլ թե ինչպիսին ենք դառնում:

Կարդալով Գործք Առաքելոց գիրքը և Պողոսի թղթերը, ես զարմանում եմ, թե ինչ սիրով ու երախտագիտությամբ էր Պողոսը ծառայում, ուսուցանում և վկայում Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչպե՞ս կարող էր այդ մարդն այդքան սիրով և երախտագիտությամբ ծառայել, երբ ծանր տառապանքներ էր տանում։ Ի՞նչն էր Պողոսին ծառայության մղում։ «Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը»։1

Հետևել դեպի նպատակը նշանակում է՝ հավատքով առաջ գնալ «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք»՝2 մեր Փրկիչի և մեր Երկնային Հոր հետ։ Պողոսը մտածում էր, որ իր չարչարանքները «արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի»։3 Փիլիպպեցիներին ուղղված Պողոսի նամակը, որը նա գրել է բանտում գտնվելու ժամանակ, համակ ուրախության և ցնծության նամակ է, ուղղված բոլորիս, հատկապես անորոշ ու դժվարին այս ժամանակներում: Մենք բոլորս պետք է քաջություն սովորենք Պողոսից. «Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ»։4

Մինչ աչքի ենք անցկացնում Պողոսի ծառայությունը, մենք ոգեշնչվում և վեհանում ենք մեր օրերի «Պողոսներով», ովքեր նույնպես ծառայում, ուսուցանում և վկայում են սիրով ու երախտագիտությամբ՝ չնայած իրենց և իրենց մտերիմների կյանքում եղած դժվարություններին։ Ինը տարի առաջ ինձ հետ տեղի ունեցած փորձառությունն օգնեց ինձ հասկանալ դեպի նպատակը գնալու կարևորությունը։

2012 թվականին, երբ ես առաջին անգամ գնում էի գերագույն համաժողովի ղեկավարության ժողովին, ինձ ճնշված և անհամապատասխան էի զգում: Մտքումս մի ձայն համառորեն կրկնում էր. «Սա քո տեղը չէ։ Լուրջ սխալ է թույլ տրվել»։ Այդ պահին քայլելիս, երբ ես փորձում էի նստելու մի տեղ գտնել, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկատեց ինձ: Նա մոտեցավ ինձ և ասաց. «Էդվարդ, ուրախ եմ տեսնել քեզ այստեղ», և մեղմորեն հպվեց այտիս։ Ես ինձ մանուկ զգացի։ Նրա սերն ու գրկախառնությունը ջերմացրին ինձ և օգնեցին զգալ ներգրավվածության և եղբայրության ոգին: Հաջորդ օրը ես տեսա, թե ինչպես Երեց Հոլլանդը նույն ձևով՝ ջերմորեն հպվելով այտին, ողջունում էր Երեց Դալլին Հ. Օուքսին, ով նրա վերադասն է:

Այդ պահին ես զգացի Տիրոջ սերը այս տղամարդկանց միջոցով, որոնց մենք աջակցում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Երեց Հոլլանդն իր բարի, անմիջական մոտեցումով օգնեց ինձ հաղթահարել եսակենտրոն մտքերս և անհամապատասխանության զգացողություններս: Նա օգնեց ինձ կենտրոնանալ այն սուրբ և ուրախ աշխատանքի վրա, որի համար ինձ կանչել էին՝ հոգիներ բերելու դեպի Քրիստոսը։ Հին օրերի Պողոսի նման նա ցույց տվեց, որ ես հետևեմ դեպի նպատակը:

Հետաքրքիր է, որ Պողոսը հորդորում է մեզ առաջ մղվել, միևնույն ժամանակ կոչ է անում մոռանալ այն, ինչը մնում է հետևում՝ մեր անցյալի վախերը, անցյալ նպատակները, ձախողումները և անցյալում ունեցած մեր տխրությունը։ Նա հրավիրում է մեզ, ինչպես մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, դեպի «ավելի նոր, ավելի սուրբ մոտեցում»։5 Փրկիչի խոստումն իրական է․ «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան»։6

Գերագույն համաժողովի իմ առաջին ելույթում ես կիսվել եմ մայրիկիս փորձառությամբ, երբ նա ինձ սովորեցնում էր աշխատել մեր այգում։ «Երբեք հետ մի նայիր»,- ասել է նա: Նայիր առաջ այն ամենին, ինչը դեռ պետք է անենք»:7

Մորս կյանքի վերջին օրերին, երբ նա պայքարում էր քաղցկեղի դեմ, նրա հետ էինք ես և Նաումեն։ Մի գիշեր ես լսեցի նրա հեկեկոցը ննջասենյակում: Նրա ցավը սաստիկ էր, նույնիսկ այն դեպքում, երբ ընդամենը երկու ժամ առաջ էր ընդունել մորֆինի օրվա վերջին չափաբաժինը։

Ես մտա նրա սենյակ և լաց եղա նրա հետ: Ես բարձրաձայն աղոթեցի նրա համար, որ անմիջապես ազատվի ցավից: Հետո նա արեց այն, ինչ անում էր այգում տարիներ առաջ՝ դադար առավ և ինձ դաս ուսուցանեց։ Ես երբեք չեմ մոռանա նրա դեմքն այդ պահին՝ հյուծված, ցնցված և ցավատանջ՝ խղճահար հայացքով իր վշտահար որդուն նայելիս: Նա ժպտաց արցունքների միջից, նայեց ուղիղ աչքերիս մեջ և ասաց. «Դա քեզանից կամ մեկ ուրիշից կախված չէ, այլ Աստծո կամքով է՝ այս ցավը կանցնի, թե ոչ»:

Ես հանգիստ նստեցի: Նա նույնպես հանգիստ նստեց։ Այդ տեսարանը վառ պահպանվել է հիշողությանս մեջ։ Այդ գիշեր մորս միջոցով Տերն ինձ դաս տվեց, որը հավերժ կմնա ինձ հետ: Երբ մայրս ասաց, որ ընդունում է Աստծո կամքը, ես հիշեցի, թե ինչու Հիսուս Քրիստոսը տառապեց Գեթսեմանիի պարտեզում և Գողգոթայի խաչի վրա: Նա ասել է․ «Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ»։8

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում

Հիշում եմ մեր սիրելի մարգարե Նախագահ Նելսոնի՝ մեզ ուղղված մարգարեական հարցերը վերջին գերագույն համաժողովի ժամանակ։ Նախագահ Նելսոնը հարցրեց․ «Դուք պատրա՞ստ եք թույլ տալ Աստծուն տնօրինել ձեր կյանքը: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: … Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը … ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լին[ի Նրա] կամքին»:9 Մայրս կասեր զգացմունքային, բայց հաստատուն «այո», Եկեղեցու մյուս հավատարիմ անդամները նույնպես կասեն զգացմունքային, բայց հաստատուն «այո»: Նախագա՛հ Նելսոն, շնորհակալություն այս մարգարեական հարցերով մեզ ոգեշնչելու և վեհացնելու համար:

Վերջերս Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում զրույց ունեցա մի եպիսկոպոսի հետ, ով նույն օրը թաղել էր իր կնոջն ու չափահաս դստերը: Նրանց կյանքը խլել էր կորոնավիրուսային այս համավարակը: Ես հարցրի, թե ինչպես է նա։ Եպիսկոպոս Թեդդի Թաբեթի պատասխանն ամրապնդեց իմ վճռականությունը՝ հետևելու Տիրոջ մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին և խորհուրդներին: Եպիսկոպոս Թաբեթը պատասխանեց, որ միշտ հույս ու մխիթարություն կա, երբ գիտես, որ Փրկիչն Իր վրա է վերցրել Իր ժողովրդի ցավերը, որպեսզի կարողանա իմանալ, թե ինչպես օգնի մեզ:10 Խորը հավատքով նա վկայեց. «Ես երախտապարտ եմ փրկության ծրագրի, երջանկության ծրագրի համար»: Հետո նա ինձ հարց տվեց. «Արդյո՞ք սա չէ, որ մեր մարգարեն փորձում էր մեզ ուսուցանել այս վերջին համաժողովում»:

Չնայած մահկանացության մարտահրավերներ, այսպես, թե այնպես, բոլորս ենք ունենալու, եկեք կենտրոնանանք «դեպի նպատակը» շարժվելու վրա, այսինքն, դեպի «Աստուծոյ վերին կոչումի մրցանակի»:11

Ես խոնարհաբար հորդորում եմ բոլորիս, որ չհանձնվենք: Մեզ ասվել է, որ «դեն գցենք ամեն ծանրություն, և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը։ Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին»։12

Այդքան կարևոր չէ, թե ինչի միջով ենք անցնում կյանքում, այլ թե ինչպիսին ենք դառնում: Դեպի նպատակը հետևելու մեջ ուրախություն կա։ Ես վկայում եմ, որ Նա, ով հաղթահարեց բոլոր բաները, կօգնի մեզ, եթե նայենք Նրա կողմը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: