Գերագույն համաժողովներ
Կարևոր զրույցներ
նախորդ հաջորդ

Կարևոր զրույցներ

Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։ Պատահական դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք Երեխաների միությունն անվանում “Primary”՝ «Երեխաների միություն», որն անգլերենից թարգմանաբար ունի մի քանի նշանակություն, օրինակ՝ առաջնային։ Չնայած անունը վերաբերում է հոգևոր կրթությանը, որը երեխաները ստանում են վաղ տարիքում, բայց այն ինձ հիշեցնում է նաև մի հզոր ճշմարտություն։ Մեր Երկնային Հոր համար երեխաները երբեք երկրորդական չեն եղել, նրանք միշտ եղել են «առաջնային»։1

Նա վստահում է, որ մենք գնահատենք, հարգենք և պաշտպանենք նրանց՝ որպես Աստծո զավակներ։ Դա նշանակում է, որ մենք երբեք որևէ ձևով չենք վնասում նրանց ֆիզիկապես, խոսքերով կամ հուզականորեն, նույնիսկ, երբ լարվածությունն ու ճնշումները մեծանում են։ Փոխարենը՝ մենք գնահատում ենք երեխաներին և անում ամեն ինչ՝ բռնության չարիքների դեմ պայքարելու համար։ Նրանց մասին հոգ տանելն առաջնային է մեզ համար, ճիշտ ինչպես Նրա համար։2

Մի երիտասարդ մայր ու հայր նստած էին խոհանոցի սեղանի շուրջ և քննարկում էին իրենց օրը։ Միջանցքի խորքից լսվեց մի դրմփոց։ Մայրը հարցրեց․ «Այդ ի՞նչ էր»։

Ապա նրանք լսեցին մեղմ լացի ձայն իրենց չորս տարեկան տղայի ննջասենյակից։ Նրանք արագ վազեցին միջանցք։ Ահա նա՝ իր անկողնու կողքին հատակին պառկած։ Մայրը գրկեց փոքրիկ տղային և հարցրեց, թե ինչ էր պատահել։

Նա ասաց․ «Ես ընկա մահճակալից»։

Մայրը հարցրեց․ «Ինչո՞ւ ընկար մահճակալից»։

Նա ուսերը թոթվեց և ասաց. «Չգիտեմ։ Կարծում եմ, որ ես ուղղակի լիովին չէի ընկղմվել մահճակալիս մեջ»։

Այս առավոտ ես կցանկանայի խոսել «լիովին ընկղմվելու» մասին։ Մեր արտոնությունն ու պարտականությունն է՝ օգնել երեխաներին «լիովին ընկղմվել» Հիսուս Քրիստոսի ավետարանի մեջ։ Եվ երբեք շուտ չէ սկսելու համար։

Երեխաների կյանքում կա մի առանձնահատուկ ժամանակաշրջան, երբ նրանք պաշտպանված են սատանայի ազդեցությունից։ Դա մի շրջան է, երբ նրանք անմեղ են և մեղքից ազատ։3 Դա սրբազան ժամանակ է ծնողի ու երեխայի համար։ Երեխաները պետք է ուսուցանվեն խոսքով և օրինակով «մինչև Աստծո առաջ պատասխանատվության տարիքի» հասնելը և դրանից հետո։4

Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանել է․ «Ամենամեծ հնարավորությունը, որ ունենք, երիտասարդ տարիքն է: Ուսուցանելու լավագույն ժամանակը վաղ հասակն է, երբ երեխաները դեռ անընկալունակ են իրենց մահկանացու թշնամու գայթակղություններին և շատ ավելի վաղ, քան այն ժամանակը, երբ ճշմարտության խոսքերը դժվար կլինի լսել անձնական խնդիրների աղմուկի մեջ»։5 Նման ուսուցումը կօգնի նրանց գիտակցել իրենց աստվածային ինքնությունը, նպատակը և բազմաթիվ օրհնությունները, որոնք սպասում են նրանց, եթե սուրբ ուխտեր կապեն և արարողություններ ստանան ուխտի արահետին։

Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։ Պատահական դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ։ Մեր Փրկիչի նման դառնալը պատահականորեն տեղի չի ունենա։ Միտումնավոր կերպով սիրելը, ուսուցանելը և վկայելը կարող է օգնել երեխաներին փոքր տարիքից սկսած զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը։ Սուրբ Հոգին առանցքային դեր ունի մեր երեխաների վկայության և առ Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար․ մենք ցանկանում ենք, որ նրանք «միշտ հիշեն նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան»։6

Խորհեք Հիսուս Քրիստոսի ավետարանի շուրջ ընտանեկան զրույցների արժեքի մասին, կարևոր զրույցներ, որոնք կարող են հրավիրել Հոգուն։ Երբ մենք նման զրույցներ ենք ունենում մեր երեխաների հետ, մենք օգնում ենք նրանց ստեղծել հիմք, «որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե [նրանք] կառուցեն, նրանք չեն ընկնի»։7 Երբ մենք ամրացնում ենք երեխային, մենք ամրացնում ենք ընտանիքը։

Այս կարևոր զրույցների արդյունքում երեխաները կարող են․

  • Հասկանալ ապաշխարության վարդապետությունը։

  • Հավատալ Քրիստոսին` կենդանի Աստծո Որդուն։

  • Ընտրել մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը, երբ դառնան ութ տարեկան։8

  • Ինչպես նաև աղոթել և «ուղիղ քայլել Տիրոջ առաջ»։9

Տերը հորդորել է․ «Դրա համար, ես ձեզ պատվիրում եմ այս բաներն ազատ սովորեցնել ձեր զավակներին»։10 Եվ ի՞նչն էր Նա կամենում, որ մենք սովորեցնենք այդպես ազատ։

  1. Ադամի Անկումը

  2. Հիսուս Քրիստոսի Քավությունը

  3. Վերստին ծնվելու կարևորությունը11

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Հակառակորդն անշուշտ ուրախանում է, երբ ծնողները թերանում են ուսուցանել իրենց երեխաներին հավատք ունենալ առ Քրիստոսը և վերածնվել հոգևորապես»։12

Ի հակադրություն դրա, Փրկիչը կօգնի մեզ օգնել երեխաներին «ապավին[ել] այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել»։13 Ուստի, մենք կարող ենք օգնել երեխաներին ճանաչել Հոգին ունենալու զգացումը և հասկանալ, թե որ գործողությունների արդյունքում է Հոգին հեռանում։ Այդպիսով նրանք սովորում են ապաշխարել և վերադառնալ լույսին՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Դա օգնում է զարգացնել հոգևոր ճկունություն։

Մենք կարող ենք զվարճանալ՝ օգնելով մեր երեխաներին զարգացնել հոգևոր ճկունությունը ցանկացած տարիքում։ Դա չպետք է լինի բարդ կամ ժամանակատար։ Հասարակ, հոգատար զրույցները կարող են առաջնորդել երեխաներին իմանալ ոչ միայն այն, թե ինչին են իրենք հավատում, այլ ամենակարևորը, թե ինչու են հավատում դրան։ Հոգատար զրույցները, որոնք տեղի են ունենում բնականորեն և հետևողականորեն, կարող են օգնել ունենալ ավելի լավ ըմբռնում և պատասխաններ։ Եկեք թույլ չտանք, որ էլեկտրոնային սարքերի հարմարավետությունը խանգարի մեզ սովորեցնել և լսել մեր երեխաներին ու նայել նրանց աչքերին։

Կարևոր զրույցների լրացուցիչ հնարավորություններ կարող են առաջանալ դերախաղի միջոցով։ Ընտանիքի անդամները կարող են ներկայացնել իրավիճակներ, երբ գայթակղվում կամ հարկադրվում են կատարելու վատ ընտրություններ։ Նման վարժությունը կարող է նպաստել, որ երեխաները պատրաստ լինեն դժվար պայմաններին։ Օրինակ, մենք կարող ենք բեմականացնել, ապա քննարկել իրավիճակներ, հարցնելով երեխաներին, թե ինչ կանեն նրանք․

  • Եթե գայթակղվեն չպահել Իմաստության Խոսքը։

  • Եթե նրանք գայթակղվեն պոռնոգրաֆիկ նյութերով։

  • Եթե նրանք գայթակղվեն սուտ խոսել, գողանալ կամ խարդախել։

  • Եթե ​​դպրոցում ընկերոջից կամ ուսուցչից ինչ-որ բան լսեն, որը կասկածի է ենթարկում նրանց համոզմունքները կամ արժեքները։

Երբ նրանք բեմականացնեն և քննարկումներ կազմակերպեն, այլ ոչ թե անպատրաստ առերեսվեն այս ամենի հետ հասակակիցների հետ շփվելիս, երեխաները կարող են զինված լինել «հավատքի վահան[ով], որով [նրանք] կկարողանան հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը»։14

Մտերիմ ընկերս 18 տարեկանում սովորեց այս կարևոր դասը։ ԱՄՆ-ի և Վիետնամի միջև հակամարտության ընթացքում նա ծառայության անցավ Միացյալ Նահանգների զինված ուժերում։ Նրան հանձնարարվեց հիմնական դասընթաց անցնել՝ հետևակային զինվոր դառնալու համար։ Նա բացատրել է, որ դասընթացը շատ հոգնեցուցիչ էր։ Իր գլխավոր մարզիչին նա նկարագրել է որպես դաժան և անմարդկային։

Մի օր նրա ջոկատը լիարժեք մարտական հանդերձանքով արշավ սկսեց հեղձուցիչ տապին։ Հանկարծ հնչեց մարզիչի կտրուկ հրամանը՝ ընկնել գետնին և չշարժվել։ Մարզիչը ուշադրություն էր դարձնում նույնիսկ աննշան շարժումներին։ Ցանկացած շարժում լուրջ հետևանքներ էր ունենալու հետագայում։ Ջոկատը ավելի քան երկու ժամ տառապում էր շոգից և զայրույթով ու վրդովմունքով էր լցվում իրենց հրամանատարի հանդեպ։

Շատ ամիսներ անց մեր ընկերն առաջնորդում էր իր ջոկատը Վիետնամի ջունգլիներում։ Սա իրականություն էր, ոչ թե պարզապես մարզում։ Շրջակա ծառերի կատարներից սկսեցին կրակոցներ արձակվել։ Ամբողջ ջոկատն անմիջապես ընկավ գետնին։

Ի՞նչ էր փնտրում թշնամին։ Շարժում։ Ցանկացած շարժում, և կրակ կթափվեր նրանց վրա։ Ընկերս պատմում էր, որ մի քանի ժամ քրտնած և անշարժ ջունգլիներում պառկած, մութն ընկնելուն ժամերով սպասելով, նա մտովի վերհիշում էր հիմնական դասընթացը։ Նա հիշում էր իր խիստ հակակրանքը մարզիչի հանդեպ։ Այժմ նա մեծ երախտագիտություն էր զգում այն ամենի համար, որ նա սովորեցրել էր իրեն, և ինչպես էր պատրաստել այս ծանր իրավիճակին։ Հրամանատարը իմաստուն կերպով զինել էր մեր ընկերոջը և նրա ջոկատին գիտելիքներով, թե ինչ պետք է անել կատաղի մարտի ժամանակ։ Նա, փաստորեն, փրկեց մեր ընկերոջ կյանքը։

Մենք ինչպե՞ս կարող ենք նույնն անել մեր երեխաների համար հոգևորապես։ Կյանքի մարտադաշտ մտնելուց շատ առաջ ինչպե՞ս կարող ենք ձգտել լիարժեք ուսուցանել, ամրացնել և պատրաստել նրանց։15 Ինչպե՞ս կարող ենք հրավիրել նրանց «լիովին ընկղմվել»։ Արդյո՞ք նախընտրելի չէ, որ նրանք «քրտնեն» տան անվտանգ ուսուցման միջավայրում, քան արյունահոսեն կյանքի ռազմի դաշտերում։

Երբ հետադարձ հայացք եմ գցում, եղել են պահեր, երբ ես և ամուսինս զգում էինք մեզ որպես մարզիչներ, մինչ ջանասիրաբար ձգտում էինք օգնել մեր երեխաներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Հակոբ մարգարեն կարծես այս նույն զգացողությունն է ունեցել, երբ ասել է․ «Ես փափագում եմ ձեր հոգիների բարօրությունը։ Այո, մեծ է իմ անհանգստությունը ձեզ համար. և դուք ինքներդ գիտեք, որ այն մշտապես եղել է»։16

Մինչ երեխաները սովորում և զարգանում են, նրանց համոզմունքները կասկածի տակ են դրվում։ Սակայն եթե նրանք պատշաճ կերպով պատրաստված լինեն, նրանք կարող են աճել հավատքի, քաջության և վստահության մեջ, նույնիսկ ուժեղ ընդդիմության պայմաններում։

Ալման մեզ ուսուցանել է «պատրաստել [մեր] զավակների մտքերը»։17 Մենք նախապատրաստում ենք աճող սերնդին լինել հավատքի ապագա պաշտպաններ, հասկանալ, «որ [նրանք] ազատ են՝ ինքնուրույն գործելու՝ ընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը»։18 Երեխաներն արժանի են հասկանալու այս մեծ ճշմարտությունը. Հավերժությունը սխալ հասկանալը սխալ է։

Թող որ մեր հասարակ, սակայն կարևոր զրույցները մեր երեխաների հետ օգնեն նրանց «վայելել հավերժական կյանքի խոսքերն» այժմ, որպեսզի նրանք կարողանան վայելել «հավերժական կյանքը գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության փառքը»։19

Երբ մեր երեխաներին դաստիարակում և նախապատրաստում ենք, մենք թույլ ենք տալիս նրանց ազատ կամք դրսևորել, մենք սիրում ենք նրանց ամբողջ սրտով, մենք նրանց ուսուցանում ենք Աստծո պատվիրանները և ապաշխարության Նրա պարգևը, և մենք երբեք, երբեք չենք կորցնում նրանց հանդեպ մեր հավատը։ Ի վերջո, չէ՞ որ Տերը հենց այդպես է վարվում մեզանից յուրաքանչյուրի հետ։

Եկեք «առաջ մղվե[ն]ք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ», իմանալով, որ մենք կարող ենք ունենալ «հույսի կատարյալ պայծառություն»20 մեր սիրելի Փրկիչի շնորհիվ։

Ես վկայում եմ, որ միշտ Նա է պատասխանը։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 3 Նեփի 17.23–24։

  2. Տես Մայքլին Փ․ Գրասլի, «Նայե՛ք ձեր փոքրիկներին», Ensign, նոյ. 1992, 93․«Ինձ համար նայեք բառը մեծ նշանակություն ունի։ Այն ավելին է, քան պարզապես «նայել և տեսնելը»։ Երբ Տերը հրահանգեց նեփիացիներին նայել իրենց փոքրիկներին, կարծում եմ, որ նա ասաց նրանց, որ ուշադրություն դարձնեն իրենց երեխաներին, խորհեն նրանց մասին, նայեն ներկայի սահմաններից այն կողմ և տեսնեն նրանց հավերժական հնարավորությունները»։

    Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Լսեք, որ սովորեք», Ensign, մայիս 1991, 22․ «Երեխաներին բռնությամբ կառավարելը սատանայի միջոցն է, ոչ Փրկիչի։ Ոչ, մենք մեր երեխաների սեփականատերը չենք: Մեր ծնողական արտոնությունն է՝ սիրել նրանց, առաջնորդել նրանց և թույլ տալ նրանց գնալ»։

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 29․46-47։

  4. Վարդապետություն և Ուխտեր 20․71:

  5. Հենրի Բ․ Այրինգ, «Վարդապետությունն ուսուցանելու զորությունը», Լիահոնա, հուլիս 1999, 87։

  6. Վարդապետություն և Ուխտեր 20․79:

  7. Հելաման 5.12:

  8. Վարդապետություն և Ուխտեր 68․25, տես նաև Հավատո Հանգանակ 1․4։

  9. Վարդապետություն և Ուխտեր 68․28:

  10. Մովսես 6․58, շեղագրերն ավելացված են։

  11. Տես Մովսես 6․59, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20․29–31։

  12. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52։

  13. Տես Վարդապետություն և Ուխտեր 11․12-13, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 93։

  14. Վարդապետություն և Ուխտեր 27․17, շեղագրերն ավելացված են․ տես նաև Մարիոն Ջ․ Ռոմնի, «Տնային ուսուցում և ընտանեկան երեկո», Improvement Era, հունիս 1969, 97․ «Սատանան՝ մեր թշնամին, ամբողջ ուժով հարձակվում է արդարության վրա։ Նրա լավ կազմակերպված ուժերը լեգեոն են կոչվում։ Մեր երեխաները և երիտասարդները նրա հիմնական ուժի թիրախն են։ Նրանք ամենուր ենթարկվում են ամբարշտություն սերմանող և արատավորող քարոզչությանը։ Ուր էլ որ գնան, նրանք բախվում են խորամանկորեն մշակված չարիքի, որը խաբում և ոչնչացնում է բոլոր սուրբ և արդար սկզբունքները։ … Եթե ​​մենք ուզում ենք, որ մեր երեխաները բավարար ուժ ստանան սատանայական այս հարձակումներին դիմակայելու համար, նրանց պետք է տանը սովորեցնել և վերապատրաստել, ինչպես Տերն է պատվիրել»։

  15. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ուխտի զավակներ», Ensign, մայիս 1995, 32։

    «Տարիներ առաջ, որպես բժշկական համալսարանի երիտասարդ ուսանող, ես հանդիպեցի շատ հիվանդների, որոնք տառապում էին հիվանդություններով, որոնք այժմ կանխարգելվում են։ Այսօր մարդիկ կարող են իմունիտետ ձեռք բերել այնպիսի հիվանդությունների դեմ, որոնք ժամանակին հանգեցնում էին հաշմանդամության, նույնիսկ՝ մահացու ելքի։ Իմունիտետ ձեռք բերելու բժշկական մեթոդներից մեկը պատվաստումն է։ Inoculate՝ պատվաստել եզրույթը շատ հետաքրքրական է։ Այն վերցված է լատինական երկու արմատներից in՝ նշանակում է «ներսում գտնվող», և oculus՝ նշանակում է «աչք»։ Ուստի, պատվաստել բայը բառացի նշանակում է «ներսում գտնվող աչք»՝ վնասը կանխելու համար։

    Պոլիոմիելիտի պատճառած տառապանքը կարող է խեղել կամ ոչնչացնել մարմինը։ Մեղքի պատճառած տառապանքը կարող է խեղել կամ ոչնչացնել հոգին։ Պոլիոմիելիտի վնասներն այժմ կարող են կանխվել պատվաստման միջոցով, բայց մեղքի վնասները կանխարգելման այլ միջոցներ են պահանջում։ Բժիշկները չեն կարող պատվաստել անօրինության դեմ։ Հոգևոր պաշտպանությունը գալիս է միայն Տիրոջից և իր իսկ եղանակով։ Հիսուսն ընտրում է ոչ թե պատվաստելը՝ ներսում գտնվող աչքը, այլ ներսում գտնվող վարդապետությունը։ Նրա մեթոդում պատվաստում չկա․ այն օգտագործում է աստվածային վարդապետության ուսմունքը՝ «ներսում գտնվող աչքը» ղեկավարելը՝ իր երեխաների հավերժական հոգիները պաշտպանելու համար»։

  16. 2 Նեփի 6․3:

  17. Ալմա 39․16:

  18. 2 Նեփի 10.23:

  19. Մովսես 6․59, շեղագրերն ավելացված են։

  20. 2 Նեփի 31.20: