Գերագույն համաժողովներ
Հիշեք ձեր տունդարձի ճամփան
նախորդ հաջորդ

Հիշեք ձեր տունդարձի ճամփան

Մենք ունենք Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակը հետևելու համար, և ճամփորդությունը դեպի մեր հավերժական տուն հնարավոր է միայն Նրա ուսմունքների, Նրա կյանքի և Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ:

1946 թվականին երիտասարդ հետազոտող Արթուր Հասլերը քայլում էր լեռնային մի վտակի երկայնքով իր հայրական տան մոտ, երբ մի փորձառություն ունեցավ, որը տարավ նրան մի կարևոր հայտնագործության այն մասին, թե ինչպես են ձկները գտնում հետդարձի ճանապարհը դեպի իրենց ծննդավայրի հոսանքները:

Քայլելով լեռն ի վեր, սակայն դեռ հեռու գտնվելով իր մանկության սիրելի ջրվեժից, Հասլերը հանկարծ մտաբերեց մի մոռացված հիշողություն: Նա ասաց. «Երբ հով քամի փչեց` մամուռների և ակվիլեգիայի բույրը տարածելով ժայռոտ սահմանաբաժան գծին, այդ ջրվեժի մանրամասները և նրա տեղանքը լեռան լանջին հանկարծ հայտնվեցին մտքիս մեջ»:1

Այդ բույրերը արթնացրին նրա մանկության հիշողությունները և հիշեցրեցին նրան տան մասին:

Եթե բույրերը կարող էին նման հիշողություններ առաջացնել իր մոտ, մտածեց նա, գուցե դրանք կարող էին նույն հիշողություններն արթնացնել սաղմոնների մոտ, որոնք տարիներով բաց օվկիանոսում գտնվելուց հետո վերադառնում են իրենց ծննդյան ճշգրիտ հոսքը՝ ձվադրելու համար:

Հիմնվելով այս փորձի վրա, Հասլերը, այլ հետազոտողների հետ միասին ցույց տվեց, որ սաղմոնը հիշում է հենց այն բույրերը, որոնք կօգնեն նրան լողալ հազարավոր մղոններ՝ գտնելով ծովից տուն վերադառնալու ճանապարհը:

Այս պատմությունը ստիպեց ինձ մտածել, որ ամենակարևոր բաներից մեկը, որ կարող ենք անել այս կյանքում այն է, որ ճանաչենք ու հիշենք մեր Երկնային Հոր մոտ հետդարձի ճանապարհը, և ճամփորդության ընթացքում տոկանք հավատարմորեն և ուրախությամբ:

Ես մտածեցի չորս հուշումների մասին, որոնք, երբ հետևողականորեն օգտագործվում և կիրառվում են մեր կյանքում, կարող են վերարտադրել մեր երկնային տան մասին զգացումները:

Առաջինը՝ մենք կարող ենք հիշել, որ մենք Աստծո զավակներն ենք

Մենք ունենք աստվածային ժառանգություն: Մեր երկնային տուն հետդարձի ճամփորդության քայլերից մեկն այն է, որ մենք գիտենք, որ Աստծո զավակներն ենք, և Նա ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր ներկայություն:

Հիշեցրեք ինքներդ ձեզ այս ժառանգության մասին: Պարբերաբար ժամանակ հատկացրեք` ձեր հոգևոր իմունային համակարգն ուժեղացնելու համար` հիշելով ձեր ստացած օրհնությունները Տիրոջից: Վստահեք ուղեկցորդներին, ովքեր ձեզ տրվել են Նրա կողմից՝ ձեր անձնական արժեքը և ձեր ճանապարհը գտնելու համար՝ միայն աշխարհին դիմելու փոխարեն:

Վերջերս այցելեցի մի սիրելի մարդու, ով նոր էր վերադարձել հիվանդանոցից: Նա հուզված ասաց ինձ, որ երբ ինքը պառկած էր հիվանդանոցի մահճակալին, միայն մի բան էր ցանկանում, որ որևէ մեկը իր համար երգեր «Աստծո զավակն եմ» երգը: Նա ասաց, որ միայն այդ միտքն իրեն տվեց խաղաղություն, որի կարիքն ուներ տառապանքի այդ ժամին:

Գիտելիքը, թե ով եք դուք, փոխում է այն, ինչ զգում և անում եք:

Հասկանալով, թե իրականում, ով եք դուք, ավելի լավ եք նախապատրաստվում ճանաչել և հիշել դեպի ձեր երկնային տուն հետդարձի ձեր ուղին և փափագում եք այնտեղ լինել:

Երկրորդը՝ մենք կարող ենք հիշել հիմքը, որը պահպանում է մեզ

Մենք ուժ ենք ստանում, երբ արդար, ճշմարիտ և հավատարիմ ենք մնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, նույնիսկ, երբ ուրիշները լիովին արհամարհում են պատվիրաններն ու փրկության սկզբունքները:2

Մորմոնի Գրքում Հելամանն ուսուցանեց իր որդիներին հիշել, որ նրանք պետք է կառուցեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի ուժ ունենան դիմակայելու հակառակորդի գայթակղություններին: Սատանայի հզոր քամիները և փոթորիկները հարվածում են մեզ, բայց նրանք զորություն չեն ունենա քաշելու մեզ վար, եթե մեր վստահությունը դնենք ամենից ապահով տեղում` մեր Քավիչի վրա:3

Ես գիտեմ անձնական փորձառությունից, որ երբ մենք ընտրում ենք լսել Նրա ձայնը և հետևել Նրան, մենք կստանանք Նրա օգնությունը: Մենք ձեռք կբերենք ավելի լայն հեռանկար մեր հանգամանքների մասին և ավելի խորը հասկացողություն` կյանքի նպատակի վերաբերյալ: Մենք կզգանք հոգևոր ազդակները, որոնք կառաջնորդեն մեզ դեպի մեր երկնային տուն:

Երրորդ՝ մենք կարող ենք հիշել՝ մշտապես աղոթել

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեկ հատիկ հպումով կամ ձայնային հրամանով կարող ենք պատասխանների համար որոնում սկսել գրեթե ամեն թեմայի վերաբերյալ, համակարգիչների հսկայական և բարդ ցանցում պահվող վիթխարի տվյալների մեջ:

Մյուս կողմից, մենք պարզ հրավեր ունենք` սկսել պատասխաններ որոնել երկնքից: «Անդադար աղոթիր, և ես իմ Հոգին դուրս կթափեմ քո վրա»: Այնուհետև Տերը խոստանում է. «Եվ մեծ կլինի քո օրհնությունը, այո՛, նույնիսկ ավելի մեծ, քան եթե դու ձեռք բերեիր երկրի գանձերը»:4

Աստված լիովին տեղյակ է մեզանից յուրաքանչյուրի մասին և պատրաստ է լսել մեր աղոթքները: Երբ մենք հիշում ենք, որ պետք է աղոթենք, գտնում ենք Նրա աջակցող սերը և որքան ավելի շատ ենք աղոթում մեր Երկնային Հորը Քրիստոսի անունով, այնքան ավելի շատ ենք բերում Փրկիչին մեր կյանք և ավելի լավ կճանաչենք ուղին, որը Նա նախանշել է դեպի մեր երկնային տուն:

Չորրորդը՝ մենք կարող ենք հիշել՝ ծառայել ուրիշներին

Երբ մենք ձգտում ենք հետևել Հիսուս Քրիստոսին` ծառայելով և բարություն ցույց տալով ուրիշների հանդեպ, մենք աշխարհը դարձնում ենք ավելի լավ վայր:

Մեր գործողությունները կարող են նշանակալիորեն օրհնել նրանց կյանքը, ովքեր մեր շրջապատում են, և մեր կյանքը նույնպես: Սիրով ծառայելը իմաստ է ավելացնում՝ ինչպես տվողի, այնպես էլ ստացողի կյանքին:

Մի թերագնահատեք ուրիշների վրա բարու համար ազդեցություն գործելու ձեր ներուժը՝ ինչպես ձեր գործողությունների ծառայությամբ, այնպես էլ ծառայության ձեր օրինակով:

Ուրիշներին սիրով ծառայելը առաջնորդում է մեզ` մեր երկնային տուն տանող և մեր Փրկիչին նմանվելու արահետում:

1875 թվականին քաղաքացիական պատերազմի արդյունքում Առնալդո և Յուջինիա Թելես Գրիլոն և նրանց երեխաները ստիպված էին թողնել իրենց տունը և այն ամենը, ինչ կառուցել էին տասնամյակների ծանր աշխատանքով: Վերադառնալով իրենց հայրենիք` Պորտուգալիա, եղբայր և Քույր Թելես Գրիլոնները բախվեցին ամեն ինչ նորից սկսելու մարտահրավերին: Բայց տարիներ անց՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալուց հետո, նրանք ասացին. «Մենք կորցրինք այն, ինչ ունեինք, բայց դա լավ էր, որովհետև այն ստիպեց մեզ մտածել հավերժական օրհնությունների կարևորության մասին»:5

Նրանք կորցրին իրենց երկրային տունը, բայց գտան իրենց երկնային տուն տանող հետդարձի ճամփան։

Ինչ էլ որ դուք պետք է ձեր հետևում թողնեք` տունդարձի արահետին հետևելու համար, մի օր կթվա, որ դա ամենևին էլ զոհաբերություն չէր:

Մենք ունենք Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակը հետևելու համար, և ճամփորդությունը դեպի մեր հավերժական տուն հնարավոր է միայն Նրա ուսմունքների, Նրա կյանքի և Նրա քավիչ զոհաբերության` ներառյալ Նրա մահվան և Նրա Հարության շնորհիվ:

Ես հրավիրում եմ ձեզ ուրախություն զգալ` հիշելով, որ մենք Աստծո զավակներն ենք, և Նա այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց Իր Որդուն`6 ցույց տալու մեզ ուղին: Ես հրավիրում եմ հավատարիմ լինել, շրջել ձեր կյանքը դեպի Փրկիչը և կառուցել ձեր հիմքը Նրա վրա: Հիշեք աղոթել ձեր ճամփորդության ժամանակ և ծառայել ուրիշներին ճանապարհի ընթացքում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս Զատիկի կիրակի օրը ես բերում եմ վկայություն, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն ու Փրկիչն է: Նա է այն անձնավորությունը, ով կարող է ուղեկցել մեզ դեպի ուրախ կյանքի սեղանը և առաջնորդել մեզ մեր ճամփորդության ընթացքում: Եկեք հիշենք և հետևենք Նրան՝ դեպի տուն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։