Ինստիտուտ
Դաս 11․ Ուսուցչի նյութ․ Ինչպե՞ս ընտրել հավերժական զուգընկեր


Դաս 11. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս ընտրել հավերժական զուգընկեր, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 11․ Ուսուցչի նյութ․ Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 11․ Ուսուցչի նյութ

Ինչպե՞ս ընտրել հավերժական զուգընկեր

Տերը ցանկանում է օգնել մեզ հավերժական զուգընկեր գտնելու մեր ջանքերում: Այս դասում ուսանողները կբացատրեն, թե ինչպես կարող են հավատք դրսևորել Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ջանքեր են գործադրում՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններ հաստատելու և ամուսնանալու համար: Ուսանողներին կհրավիրեն ընտրել նաև այնպիսի Քրիստոսանման հատկություններ, որ իրենք կարող են զարգացնել, և որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել կամ ավելի լավ համապատասխանել հավերժական ամուսնությանը:

Ուսուցման առաջարկներ

Տերն ակնկալում է, որ մենք գործենք Իր հանդեպ հավատքով, երբ փնտրում ենք հավերժական զուգընկեր

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք ղեկավար: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ սցենարի 1-ին մասը և դրան հաջորդող հարցերը: Ուսանողներին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ սցենարը և քննարկել հարցերը: (Հնարավորության դեպքում սցենարի 1-ին մասը ուսանողներին ուղարկեք դասից առաջ, որպեսզի նրանք կարողանան կարդալ և մտածել դրա մասին):

Նշում. մտածեք այն եղանակների մասին, որոնցով կարող եք հարմարեցնել սցենարը՝ այն ավելի համապատասխան դարձնելով ուսանողների հանգամանքներին, հարցերին կամ մշակույթին:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Փոքր խմբերով քննարկումները կարող են օգնել ուսանողներին խորությամբ ըմբռնել նյութը: Փոքր խմբերը հնարավորություն են տալիս, որ ավելի մեծ թվով ուսանողներ եռանդուն մասնակցեն քննարկումներին: Փոքր խմբերին մասնակցելու հնարավորություն ունենալով՝ ինքնամփոփ ուսանողները կարող են վստահություն ձեռք բերել: Նշանակեք խմբի ղեկավար, ուսանողներին հստակ ցուցումներ տվեք իրենց անելիքների վերաբերյալ, սահմանեք ժամկետ՝ հրավիրելով յուրաքանչյուր անդամի մասնակցել, և ուսանողներին խրախուսեք պատրաստ լինել կիսվել իրենց սովորածով:

Սցենար 1, մաս 1

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ. Դաս 11

Լուիսը միսիայից վերադարձել է մոտ երկու տարի առաջ: Քանի որ նա անհանգստանում է ապագա ընտանիքը ապահովելու համար, որոշել է կես դրույքով աշխատել, քանի որ ինքն է վճարում իր կրթության համար: Նրա ժամանակը սահմանափակ է, բայց նա բավականություն է ստանում իր ինստիտուտի շաբաթական դասից և այն դարձնում է առաջնահերթություն: Լուիսը սովորաբար ստուգում է սոցիալական ցանցերը և խաղեր խաղում ավտոբուսում կամ դասերից առաջ: Տուն վերադառնալուց հետո նա շատ աղջիկների չի հանդիպել: Նա իր ընտանիքին ասում է, որ զգում է, որ ավելի լավ կլինի ուսումն ավարտելուց հետո լրջորեն զբաղվի ամուսնությամբ: Նա կարծում է, որ եթե իրեն նախատեսված է ավելի շուտ ամուսնանալ, դա տեղի կունենա:

Էմման հաճախում է ինստիտուտի նույն դասարանը, բայց չի հանդիպել Լուիսին: Նա սովորաբար նստում է իր ընկերների մոտ և հազվադեպ է խոսում ուրիշների հետ: Նա հիասթափված է տղամարդկանց հետ հանդիպումից և ընդհանրապես՝ ժամադրությունից: Նա անհանգստանում է, որ եթե ինքը սկսի այլ հարաբերություններ, ապա դրանք կավարտվեն այնպես, ինչպես բոլոր նախորդները: Նրա զգացմունքները կարծես հանգել են, և նա համարում է, որ բավարար եռանդ չունի այլ հարաբերություններ սկսելու համար: Նա դպրոցն ավարտել է մեկ տարի առաջ և ունի լրիվ դրույքով աշխատանք: Նա անհանգստանում է, որ գուցե երբեք չհանդիպի իր իսկական սիրուն կամ կնքվի տաճարում, և մտածում է՝ արդյոք պետք է հանդիպի Եկեղեցու ոչ անդամի հետ:

Սցենարը միասին կարդալուց հետո քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կարծիքի եք Լուիսի և Էմմայի անհանգստությունների մասին:

  • Հաշվի առնելով մեր սովորածը նախապատրաստական նյութի բաժին 1-ից, ի՞նչ օգտակար խորհուրդ կտայինք Լուիսին: Ի՞նչ օգտակար խորհուրդ կտայինք Էմմային:

  • Եթե ձեր խմբային քննարկման ժամանակ դեռևս չեք խոսել հետևյալ հատվածների մասին, միասին կարդացեք դրանք և քննարկեք, թե դրանք ինչպես կարող են վերաբերել Լուիսին և Էմմային. Առակաց 3.5–6, 2 Նեփի 22.2, Վարդապետություն և Ուխտեր 58.26–28: Ինչպե՞ս եք գործադրել կամ ինչպես կգործադրեք ձեր հավատքը Տիրոջ հանդեպ՝ հավերժական զուգընկեր գտնելու ձեր ջանքերում:

Սցենար 1, մաս 1

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան սցենարը և հարցերը քննարկելու համար, հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել քննարկման ժամանակ իրենց սովորածով կամ զգացածով: Երբ ուսանողները կիսվեն, կարող եք օգնել նրանց բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Հավատքն առ Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ քաջություն և համբերություն ունենալ հավերժական զուգընկեր գտնելու մեր ջանքերում: Աստված մեզանից ակնկալում է, որ մենք կօգտագործենք մեր ազատ կամքը՝ իր ծրագիրն առաջ մղելու համար: Գրատախտակին գրեք այն ճշմարտությունները, որոնք ուսանողները բացահայտում են:

Զարգացնելով Քրիստոսանման հատկություններ և փնտրելով հայտնություն՝ կօգնենք մեզ պատրաստվել ամուսնության

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք սցենարի 2-րդ մասը: Հանձնարարեք նրանց կարդալ այն և իրենց խմբերում քննարկել հաջորդող հարցերը:

Սցենար, մաս 2

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ. Դաս 11

Հավերժական ամուսնությանը վերաբերող ինստիտուտի դասից հետո Լուիսն ու Էմման հուշում են ստանում՝ կատարելու որոշ փոփոխություններ և ավելի շատ վստահելու Տիրոջը: Երբ հաջորդ շաբաթ Լուիսը գալիս է ինստիտուտի դասի, նա նստում է Էմմայի կողքին և ներկայանում: Ժամանակի ընթացքում նրանք դառնում են լավ ընկերներ: Նրանք ծրագրում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք թույլ են տալիս միասին ժամանակ անցկացնել և ավելի լավ ծանոթանալ միմյանց: Ժամանակի ընթացքում նրանց մեջ ուժեղ զգացմունքներ են առաջանում միմյանց հանդեպ:

Սակայն Էմման որոշակի մտահոգություններ ունի: Նա ունի այն հատկությունների ցանկը, որ ցանկանում է տեսնել ապագա ամուսնու մեջ: Լուիսն ունի այս հատկությունների մեծ մասը, բայց ոչ բոլորը:

Լուիսը նույնպես սկսում է նյարդայնանալ: Նա սիրում է Էմմային, բայց տեսնելով, թե ինչպես է քայքայվում իր ծնողների ամուսնությունը, վախենում է սխալվել ընտրության հարցում: Նա ուշադիր քննարկում է այն ամենը, ինչ իմացել է Էմմայի մասին՝ իրենց համատեղ զրույցներից և փորձառություններից: Նա զգում է, որ իրենց նպատակները համընկնում են և ցանկանում է խնդրել Էմմային ամուսնանալ իր հետ, բայց դեռ շատ անհայտ գործոններ կան: Լուիսն աղոթում է որևէ նշանի համար, որ Էմմայի հարցում իր ընտրությունը ճիշտ է: Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել:

  • Անդրադարձեք նախապատրաստական նյութի բաժին 2-ից ձեր սովորածին: Ի՞նչը կարող է օգնել Էմմային այն մոտեցման հարցում, թե նա ինչ է փնտրում հավանական ամուսնու մեջ: Ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել, եթե հավանական զուգընկերոջից մեր ակնկալիքները շատ ցածր են կամ շատ բարձր:

  • Ի՞նչը կարող է օգնել Լուիսին հասկանալ իր վախերը: Հայտնություն ստանալու մասին ի՞նչը կարող է օգտակար լինել նրա համար: (Կարող եք կրկնել նախապատրաստական նյութի բաժին 3-ը:)

  • Ի՞նչ գործողություններ կամ փորձառություններ կարող են օգնել երկու մարդկանց՝ ընկերություն հաստատել և ավելին իմանալ միմյանց հատկությունների, անձի և արժեքների մասին: Որո՞նք են Փրկիչի մեկ կամ երկու հատկությունները, որոնք դուք հույս ունեք զարգացնել՝ պատրաստվելով ամուսնությանը կամ շարունակելով ձեր ամուսնությունը:

Սցենար, մաս 2

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել կամ զգացել իրենց քննարկումների ժամանակ։

Կրկնեք ցանկացած նյութ նախապատրաստական նյութի բաժին 2 և 3-ից, որը կօգնի ուսանողներին: Դուք կարող եք հատկապես առանձնացնել հետևյալ ճշմարտությունները. Մենք ամուսնանում ենք ներուժի, այլ ոչ թե կատարելության հետ: Եթե ցանկանում եք, որ հավերժական զուգընկերն ունենա որոշակի հոգևոր որակներ, ապա դուք պետք է ձգտեք զարգացնել այդ հոգևոր որակները ձեր մեջ։ Եթե մեր որոշումներում փնտրենք Տիրոջ առաջնորդությունը, Նա խաղաղություն կխոսի մեր մտքին, և մենք կզգանք, թե երբ են մեր ընտրությունները ճիշտ:

Եթե ձեր դասարանում ամուսնացած ուսանողներ կան, կարող եք հրավիրել մեկին կամ երկուսին իրենց փորձով կիսվել այս ճշմարտություններից որևէ մեկի մասին: Եթե դուք ամուսնացած եք, կիսվեք նաև ձեր փորձով: Վկայեք, որ Տերը ցանկանում է օգնել ուսանողներին հավերժական զուգընկեր գտնելու իրենց ճանապարհին:

Դուք կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյոք հարցեր ունեն այսօրվա դասի վերաբերյալ: Եթե այո, որոշ ժամանակ հատկացրեք և դասարանով քննարկեք նրանց հարցերը: Այնուհետև դասի ավարտին մի քանի րոպե տվեք ուսանողներին, որպեսզի գրանցեն այն տպավորությունները, որոնք կարող էին զգալ սեփական իրավիճակի վերաբերյալ: Հրավիրեք նրանց որոշել, թե ինչպես կարող են շարունակել հավատք գործադրել Տիրոջ հանդեպ՝ ծանոթություններ հաստատելու իրենց ջանքերում կամ ինչ պետք է անեն՝ Նրա հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելու համար:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին պատրաստվել հաջորդ դասին՝ ուսումնասիրելով նախապատրաստական նյութը և հարցնել երջանիկ զույգին, թե նրանք ինչպես են պահպանում և զարգացնում իրենց ամուսնությունը և ամուր պահում իրենց հարաբերությունները: