Ինստիտուտ
Դաս 12. Ուսուցչի նյութ․ Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները


Դաս 12․ Ուսուցչի նյութ. Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 12․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 12․ Ուսուցչի նյութ

Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները

Տերը ցանկանում է օգնել մեզ՝ ստեղծելու ուրախ, հավերժական ամուսնություններ: Օգտագործելով մարգարեական խորհուրդները և Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու օրինակը՝ ուսանողները կբացահայտեն եղանակներ, որոնցով կարող են պահպանել և զարգացնել իրենց ներկա կամ ապագա ամուսնությունը: Ուսանողներին կհանձնարարվի նաև որոշել, թե ինչ եղանակներով կարող են հավատարմությամբ «հարել» իրենց կողակցին:

Ուսուցման առաջարկներ

Մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր ամուսնությունը՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Ակնկալեք, որ ուսանողները կկատարեն իրենց դերը՝ որպես սովորողներ: «Նպատակի զգացում գոյություն ունի այն դասարանում, որտեղ ուսուցիչները ակնկալում են, որ ուսանողները կկատարեն իրենց դերը և աջակցում են նրանց այդ անելիս, և այնտեղ, որտեղ ուսանողներին վստահում են օժանդակել նշանակալից եղանակներով:» (Ավետարանի Ուսուցում և Ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Ուսուցիչների և Ղեկավարների համար [2012], 15):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Ապա հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ճանաչած զույգերի օրինակներով, ովքեր երջանիկ ամուսիններ են:

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք առաջնորդ: Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկի պատճենը, միասին կարդացեք հրահանգները, այնուհետև ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ վարժությունն ավարտելու համար: (Եթե ժամանակ կա, կարող եք նույնիսկ վարժության ընթացքում խմբերին հրավիրել, որ ստեղծեն իրենց բլոգի գրառումը կամ տեսանյութը և պատրաստ լինեն կիսվելու դասարանի հետ):

Երջանիկ և հավերժական ամուսնությունը պահպանելու և զարգացնելու հիմնական սկզբունքները

Հավերժական ընտանիք. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 12

Պատկերացրեք, որ ձեր խումբը պատրաստվում է գրառում կատարել բլոգում կամ ստեղծել տեսանյութ, որը կոչվում է «Երջանիկ և հավերժական ամուսնության պահպանման և զարգացման հիմնական սկզբունքները»: Ձեր բլոգային գրառումը և տեսանյութը պետք է կազմված լինեն նախապատրաստական նյութի բաժիններ 1-ից և 2-ից կամ սուրբ գրություններից: Քանի որ չեք կարող լուսաբանել ձեր բլոգի գրառման կամ տեսանյութի յուրաքանչյուր կարևոր կետ, որոշեք, թե որոնք են հետևյալ սկզբունքը լրացնելու հինգ ամենակարևոր ուղիները. Ամուսինները կարող են պահպանել և զարգացնել երջանիկ և հավերժական ամուսնություն …

Օրինակ․

Ամուսինները կարող են պահպանել և զարգացնել երջանիկ և հավերժական ամուսնություն՝ հետևելով Փրկիչի սիրո և արդար զոհաբերության օրինակին (տես Եփեսացիս 5.25, 28–31):

Հետևյալ հարցերի օգնությամբ կարող եք որոշել, թե որ սկզբունքն ընդգրկել.

  • Այս սկզբունքն ինչո՞ւ պետք է ներառվի մեր բլոգի գրառման կամ տեսանյութի մեջ: Այս սկզբունքով ապրելն ինչպե՞ս է նպաստում երջանիկ և հարատև ամուսնությանը:

  • Արդյո՞ք երջանիկ ամուսնական զույգերը, որոնց հետ մենք զրուցեցինք դասին նախապատրաստվելիս, նշեցին այս սկզբունքը: Այդ դեպքում ինչի՞ մասին են խոսել:

Երջանիկ և հավերժական ամուսնությունը պահպանելու և զարգացնելու հիմնական սկզբունքները

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Երբ խմբերը բավարար ժամանակ ունենան հինգ սկզբունքները բացահայտելու և գրանցելու համար, խնդրեք նրանց գրատախտակին գրել իրենց լավագույն երեք սկզբունքները (կամ դրանցով կիսվել իրենց բլոգի գրառումներում և տեսանյութերում): Սկզբունքները պարզելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ սովորել են այս փորձառությունից: Երբ նրանք կիսվում են, տվեք նմանատիպ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին արդյունավետ, արդար գործողություններ կատարել:

  • Երբևէ տեսե՞լ եք այս սկզբունքը գործողության մեջ: Ի՞նչ եք նկատել։

  • Փրկիչի կյանքն ու օրինակը ինչպե՞ս կարող են խորացնել այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությունը։

  • Եթե միայնակ եք, ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքը, որը կօգնի ձեզ պատրաստվել երջանիկ ամուսնության:

  • Եթե ամուսնացած եք, այս սկզբունքի կիրառումը ձեր ամուսնության մեջ ինչպե՞ս կարող է հանգեցնել ավելի մեծ երջանկության:

Իմաստալի քննարկման համար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներին գրանցել որևէ հատուկ քայլ, որը նրանք կձեռնարկեն, որպեսզի պատրաստվեն երջանիկ ամուսնության կամ ավելի լավ պահպանեն և զարգացնեն իրենց ամուսնությունը:

Ամուսինները պետք է «հարեն» միմյանց

Հնարավորության դեպքում ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ տեսանյութը, որտեղ նա պատմում է ինքնաթիռում ունեցած մի փորձառության մասին, երբ հետևում էր մի ամուսնական զույգի (ցուցադրում՝ 0:24-1:50 ժամանակային կոդից): Տեսանյութը վերցված է «Nurturing Marriage» վերնագրով ելույթից (Ensign or Liahona, May 2006, 36):

Եթե տեսագրությունը կամ ձայնագրությունը մատչելի չէ, միասին կարդացեք հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք՝ եղբայրներս, ճամփորդում ենք ամբողջ աշխարհում, երբեմն տեսնում ենք մտահոգիչ տեսարաններ: Վերջերս թռիչքի ժամանակ ես նստած էի մի ամուսնական զույգի հետևի նստարանին: Կինն ակնհայտորեն սիրում էր իր ամուսնուն: Երբ նա շոյեց նրա պարանոցի հետևի մասը, ես տեսա նրա ամուսնական մատանին: Նա հարմար ձևով մոտ նստեց ամուսնուն և գլուխը դրեց նրա ուսին՝ փնտրելով վերջինիս ընկերակցությունը:

Ի հակադրություն դրա՝ ամուսինը լիովին անտեսում էր նրա ներկայությունը: Նա բացառապես կենտրոնացած էր էլեկտրոնային խաղասարքի վրա: Ամբողջ թռիչքի ընթացքում նրա ուշադրությունը կենտրոնացած էր այդ սարքի վրա: Նա ոչ մի անգամ չնայեց կնոջը, չխոսեց նրա հետ կամ փոխադարձ ջերմություն չցուցաբերեց, որի կարոտն այդքան ուներ կինը:

Նրա անուշադրությունը ստիպեց ինձ բղավել. «Բաց արա աչքերդ, մա՛րդ: Մի՞թե չես տեսնում: Ուշադրությո՛ւն դարձրու: Քո կինը սիրո՛ւմ է քեզ Նա քո կարի՛քն ունի»:

Ես ավելին չգիտեմ նրանց մասին: Այդ ժամանակից ի վեր ես նրանց չեմ տեսել: Հավանաբար, ես անհարկի անհանգստացա: Եվ, ամենայն հավանականությամբ, եթե այս մարդն իմանար իրենց համար իմ մտահոգության մասին, գուցե խղճար ինձ, որ ես չգիտեի, թե ինչպես օգտագործել այդ հրաշալի խաղալիքը: (“Nurturing Marriage,” 36)

  • Այս իրավիճակում ի՞նչ անհանգստացնող բան կար այդ ամուսնու վարքագծում:

  • Ի՞նչը կարող է խանգարել ամուսիններին՝ կապվել միմյանց հետ և պահպանել ու զարգացնել իրենց ամուսնությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․22 հատվածը: Ընդգծեք, որ ամուսինները պետք է սիրեն միմյանց ամբողջ սրտով և «հարեն» միայն միմյանց: Ուսանողներին հրավիրեք պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին, որոնք կօգնեն նրանց խորացնել իրենց հասկացողությունը այս սկզբունքի վերաբերյալ:

  • Ի՞նչ է նշանակում՝ «հարեք» ձեր կողակցին և «ուրիշ ոչ մեկի»: (Վարդապետություն և Ուխտեր 42․22։) (Կարող եք կրկնել նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Ինչո՞ւ է կողակցին «հարելը» սիրո հզոր արտահայտություն հանդիսանում:

  • Ի՞նչ տարբեր մարտահրավերների կարող է ենթարկվել հավատարմությունը (կողակցի հանդեպ հավատարմությունը) ամուսնության մեջ: Ամուսիններն ինչպե՞ս կարող են պաշտպանվել ամուսնական դավաճանության ցանկացած ձևից: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել երեց Ուիթնի Քլեյթոնի և նախագահ Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

  • Ինչպե՞ս կարող է ամուսնական զույգը հավասարակշռել և հնարավորություն ստեղծել իրենց անձնական հետաքրքրությունների համար՝ միաժամանակ պատշաճ կերպով փայփայելով և լիակատար նվիրվածություն պահպանելով իրենց ամուսնությանը:

Ժամանակ տվեք ուսանողներին՝ գրանցելու իրենց պատասխանները հետևյալ հարցին, որի շուրջ նրանց խնդրել էիք խորհել նախապատրաստական նյութի բաժին 3-ում:

  • Ի՞նչ ճշգրտումներ պետք է կատարեք այժմ, որպեսզի ավելի լավ պատրաստ լինեք «հարելու» ձեր ապագա կողակցին կամ լիովին «հարելու» ձեր կողակցին, եթե ամուսնացած եք:

Եզրափակեք դասը՝ վկայելով, որ Տերը ցանկանում է և կարող է օգնել մեզ ստեղծել ուրախ, հավերժական ամուսնություններ, երբ մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին աղոթքով ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որը սեռական մտերմության քաղցր և սուրբ պարգևի մասին է: Խրախուսեք ուսանողներին պատրաստ գալ դասարան՝ անկեղծ ու հարգալից խոսելու այդ պարգևի և այն պաշտպանելու եղանակների մասին: