Ինստիտուտ
Դաս 17․ Ուսուցչի նյութ. Ամուսնության մեջ հավասար գործընկերություն


«Դաս 17․ Ուսուցչի նյութ. Ամուսնության մեջ հավասար գործընկերություն», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 17․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Դաս 17․ Ուսուցչի նյութ

Ամուսնության մեջ հավասար գործընկերություն

Ադամի և Եվայի ժամանակներից Տերը նախատեսել է, որ ամուսիններն ու կանայք լինեն հավասար գործընկերներ ամուսնության մեջ: Ապրող մարգարեները հաստատել են այս սկզբունքը մեր օրերում: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացատրել ավետարանի ուսմունքները ամուսնության մեջ հավասար գործընկերության և ընտանիքում նախագահելու մասին: Ուսանողներին նաև կառաջարկվի որոշել, թե ինչ կարող են անել այժմ՝ ամուսնության մեջ հավասար գործընկերություն ունենալու համար:

Ուսուցման առաջարկներ

Ամուսինն ու կինը պետք է լինեն հավասար գործընկերներ ամուսնության մեջ։

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով կամ բաժանելով Սփոփող Միության գերագույն նախագահ Ջին Բ. Բինգհեմի խոսքերը։ Ուսանողներին խնդրեք կարդալ խոսքերը, փնտրելով, թե ինչպես է հակառակորդը ձգտում ոչնչացնել ամուսնությունները և ընտանիքները:

Նկար
Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Լյուցիֆերը գիտի, որ եթե կարողանա վնաս հասցնել տղամարդկանց և կանանց միասնության զգացումին, եթե կարողանա շփոթեցնել մեզ մեր աստվածային արժեքի և ուխտի պարտականությունների վերաբերյալ, նրան կհաջողվի կործանել ընտանիքները, որոնք հավերժության հիմնական միավորներն են:

Սատանան հրահրում է համեմատությունը որպես գործիք՝ ստեղծելով գերադասության կամ անլիարժեքության զգացում՝ թաքցնելով այն հավերժական ճշմարտությունը, որ տղամարդկանց և կանանց բնածին տարբերությունները Աստծուց են տրված և հավասարապես արժեքավոր են … Նրա նպատակը եղել է ուժային պայքարի խթանումը, այլ ոչ թե տղամարդկանց և կանանց առանձնահատուկ ներդրումների հաղթահանդեսը, որոնք լրացնում են միմյանց և նպաստում միասնությանը: («Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս», Լիահոնա, մայիս 2020, 60-61)

  • Ի՞նչ դժվարություններ կառաջանան ամուսնության մեջ, եթե ամուսինը կամ կինը թերարժեքություն կամ գերազանցություն զգա կողակցի հանդեպ:

Ուսանողների հետ վերանայեք Մովսես 3․18, 21-23-ը և հարցրեք․

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն եղանակի մասին, թե ինչպես է Տերը նկարագրել Եվայի ֆիզիկական արարումը: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ուղղորդեք, որ ծանոթանան այս հատվածների եկեղեցու ղեկավարների բացատրության հետ նախապատրաստական նյութի 1-ին բաժնում։ Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի ճշմարտություն. Երկնային Հայրն ակնկալում է, որ ամուսնության մեջ ամուսինն ու կինը օգնեն միմյանց որպես հավասար գործընկերներ:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք ցուցադրել մի քանի իրեր, որոնց օգնությամբ կարելի է մի բան անել, եթե դրանք զույգով են գործում։ Այդ իրերի թվում կարող են լինել մկրատի երկու շեղբերը, պատառաքաղն ու դանակը, երաժշտական գործիք, որը երկու բաղադրիչից է կազմված (օրինակ՝ ջութակ), մի զույգ կոշիկ կամ ձեռնոց, ականջակալ և այլն։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք օգտագործեն զույգի միայն մեկ կտորը՝ առաջադրանքը կատարելու համար:

  • Ինչո՞վ են այս իրերը նման միասին աշխատող ամուսնուն ու կնոջը:

  • Ի՞նչ օրհնություններ կունենա ամուսնությունը, եթե ամուսինն ու կինը միմյանց աջակցում և վերաբերվում են որպես հավասար գործընկերներ:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Ընդունեք ուսանողների արձագանքները դրական ձևերով: Երբ ուսանողը պատասխանում է, դրական մոտեցում ցուցաբերեք։ Դա կարող է լինել հասարակ «շնորհակալություն» բառը կամ այլ դրական մեկնաբանություն: Այդ վարվելով կօգնեք ուսանողներին զգալ, որ իրենց ուշադիր լսում են և գնահատում են: Այդ դրական մոտեցումը կօգնի ուսանողներին ավելի հարմարավետ զգալ՝ հետագայում կիսվել պատասխաններով, մտքերով և փորձառությամբ։

Հիշեցրեք ուսանողներին նախապատրաստական նյութում իրենց կարդացածի մասին, որ Տերը հատուկ պարտականություններ է տվել ամուսիններին և կանանց, որոնք «հավասար [են] նշանակությամբ և կարևորությամբ» (Քվենթին Լ. Քուք, «Մեծ սեր մեր Հոր զավակների հանդեպ», Լիահոնա, մայիս 2019, 79)։ Նմանապես, մարգարեներն ուսուցանել են․ «Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org

Կարող եք նշել, որ այս պարտականություններից մի քանիսը կքննարկեք առաջիկա դասերին: Որպեսզի սկսեք քննարկել օրինակներից մեկը, ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. «Ըստ աստվածային ծրագրի՝ հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ»Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»):

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 121․41-43-ը բացահայտում է մի քանի Քրիստոսանման հատկանիշներ, որոնք վերաբերում են ընտանիքում արդարությամբ ղեկավարելու հետ: Խնդրեք ուսանողներին վերանայել այս հատվածները և այն, ինչ իրենք գրել են «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունը կատարելիս՝ նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով: Ապա մտածեք հետևյալ հարցը տալու շուրջ.

  • Ընտանիքում հավասար գործընկերության և արդար ղեկավարման ի՞նչ օրինակներ եք դուք տեսել կամ լսել:

Ամուսինն ու կինը պետք է միասին խորհրդակցեն իրենց ընտանիքի համար որոշումներ կայացնելիս:

Հետևյալ սցենարը կօգնի ուսանողներին վերլուծել իրենց պատկերացումը՝ թե ինչ է հավասար գործընկերությունը ամուսնության և ընտանիքի ղեկավարման մեջ։ (Մտածեք, թե ինչպես հարմարեցնեք այս իրավիճակը, որպեսզի ավելի լավ արտացոլի ձեր մշակույթը կամ հոգա ձեր ուսանողների հատուկ կարիքները)։

Աշխատելով ամբողջ դասարանով կամ փոքր խմբերով, վերանայեք հետևյալ սցենարը և քննարկեք օժանդակ նյութի վերջում տրված հարցերը:

Նիկոլասի և Ելենայի պատմությունը

Հավերժական ընտանիք. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 17

Նիկոլասն ու Ելենան 10 տարի է երջանիկ ամուսիններ են և ունեն երեք երեխա: Նրանք երկուսն էլ ցանկանում են, որ իրենց ընտանիքը հաստատվի Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հիմքի վրա, և յուրաքանչյուրը ձգտում է կատարել աստվածայնորեն նշանակված իր ընտանեկան պարտականությունները:

Ինչպես մյուս ամուսնական զույգերը, Նիկոլասն ու Ելենան տարաձայնություններ ունեն։ Նրանց տարաձայնությունները սովորաբար կապված են փողի հետ: Նիկոլասը լրիվ դրույքով աշխատում է տնից դուրս: Ելենան կարողանում է հոգ տանել իրենց երեխաների համար և մշտապես կառավարել տան գործերը։ Բացի այդ, նա երբեմն էլ մասնավոր փոքր գործեր է կատարում։ Նիկոլասը կարծում է, որ քանի որ ինքն է տան նախագահողը, ինչպես նաև ավելի շատ գումար վաստակողը, ուրեմն ինքը պետք է վերջին խոսքն ասի, թե ինչպես ծախսեն իրենց գումարները: Ելենայի կարծիքով, քանի որ ինքն ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, քան Նիկոլասը, ապա երեխաների հետ կապված որոշումներում իր կարծիքը պետք է վճռորոշ լինի։ Վերջերս, առանց Նիկոլասին ասելու, նա երբեմն ծախսել է փողերն այնպես, ինչպես ուզել է:

Նիկոլասը և Ելենան վերջերս քննարկում էին, թե ինչ անել իրենց խնայած գումարի հետ: Նիկոլասը ցանկանում էր մեքենա գնել, որ ավելի հեշտ հասներ աշխատավայր, ինչպես նաև դա օգտակար կլիներ ընտանիքի անդամների համար։ Ելենան ցանկանում էր օգտագործել այդ գումարը՝ արձակուրդի ժամանակ երեխաներին մի տեղ տանելու համար, որպեսզի այցելեին իրենց բարեկամներին և միասին զվարճանային, քանի դեռ երեխաները փոքր են։

Նիկոլասի և Ելենայի անհամաձայնությունն արդեն ճնշում է նրանց, բայց որոշումը պետք է կայացվի:

  • Ի՞նչ կասեք, ո՞րն է Նիկոլասի և Ելենայի ամենամեծ խնդիրը՝ երբ որոշում են, թե ինչ անել փողի հետ:

  • Ձեր կարծիքով, նրանք ի՞նչը պետք է ավելի լավ հասկանան հավասար գործընկերության և նախագահելու մասին՝ իրենց ընտանիքի համար որոշումներ կայացնելու հետ կապված: (Տես նախապատրաստական նյութի 3-րդ բաժինը:)

  • Եթե դուք Նիկոլասի կամ Ելենայի տեղը լինեիք, ի՞նչ մոտեցում կցուցաբերեիք ձեր կողակցին՝ որպեսզի միասին, Քրիստոսանման ձևով խորհրդակցեիք այս որոշումը կայացնելու համար։

Նիկոլասի և Ելենայի պատմությունը

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան սցենարը քննարկելու համար, կարող եք հարցնել․

  • Միասին արդարությամբ խորհրդակցելն ինչպե՞ս կարող է օրհնել ամուսնական զույգերին և երեխաներին։

Դասն ավարտելով, ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ լուռ խորհելու և գրելու իրենց ստացած տպավորությունները:

  • Քրիստոսանման ի՞նչ վերաբերմունք, հատկանիշ կամ գործելակերպ ես կարող եմ զարգացնել կամ ամրապնդել, որը կօգնի ինձ հավասար գործընկերություն զարգացնել իմ ամուսնության մեջ: Ես ինչպե՞ս կարող եմ փնտրել Տիրոջ օգնությունը այդ հարցում։

Հաջորդ անգամ

Ուսանողներին ասեք, որ զույգերի հիմնական մտահոգությունը, երբ նրանք մտածում են ամուսնության և երեխաների մասին, հաճախ այն է, թե ինչպես նրանք կհոգան իրենց ֆինանսական կարիքները: Ուսանողներին հանձնարարեք աղոթքով ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և լսել հուշումները, որոնք կօգնեն նրանց կատարել իմաստուն ֆինանսական ընտրություններ և դառնալ ավելի ինքնապահով: