Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 9. Փրկչի անսահման ազդեցությունը


Դաս 9

Փրկչի անսահման ազդեցությունը

Նախաբան

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրում Եկեղեցու ղեկավարները հայտարարում են. «Նշելով երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի ծնունդը, մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ կապրեն երկրի վրա» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Այս դասը ցույց կտա, որ Փրկիչն անզուգական է, որովհետև այլ պատճառներից բացի, Նա անմեղ է և կատարյալ հնազանդ Երկնային Հորը: Ուսումնասիրելով Նրա շփումը Սամարացի կնոջ հետ ջրհորի մոտ, ուսանողները նաև կտեսնեն այն խորը ազդեցությունը, որ Նա կարող է ունենալ յուրաքանչյուրի վրա, ով կբացի իր սիրտը Նրա առաջ:

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 4.1–11; Բ Կորնթացիս 5.21; Եբրայեցիս 2.17–18; 4.15–16; Վարդապետություն և Ուխտեր 20.22

Հիսուս Քրիստոսն ապրեց անմեղ կյանք

Սկսեք դասը գրատախտակի վրա գրելով իմ կամքըև Աստծո կամքը: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 6.38 հատվածը, իսկ մյուսներին խնդրեք հետևել նրան և գտնել, թե քանի անգամ «իմ կամքը» որոշումներ կայացրեց Հիսուսը: Խնդրեք ուսանողներին մտքում հիշել, թե վերջերս որքան որոշումներ են կայացրել, որոնք կարող են դասակարգվել որպես «իմ կամքը», իսկ որքան որոշումներ կարող են դասակարգվել որպես «Աստծո կամքը»:

Ուսանողներին ասեք, որ Իր մկրտությունից հետո Հիսուսը գայթակղվեց սատանայի կողմից կատարելու այն, ինչը կարող էր դասակարգվել որպես «իմ կամքը»: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 4.1-11 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրանց և գտնել, թե ինչպես Հիսուսը դիմակայեց գայթակղությանը: (Կարող եք ուսանողներին ասել, որ Մատթեոս 4.1-11 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը հստակեցնում է այն, որ ոչ թե սատանան, այլ Հոգին Հիսուսին տարավ տաճարի աշտարակի վրա [տես հտաված 5] և ապա բարձր սարի գագաթը [տես հատված 8]: Հոգին Հիսուսին այդ վայրեր տանելուց հետո, սատանան եկավ գայթակղելու Նրան:)

  • Ըստ ձեր դիտարկման, ինչպե՞ս Փրկիչը պատասխանեց սատանայի գայթակղություններին:

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածներում Փրկչի օրինակից:

  • Ինչպե՞ս կարող են Փրկչի դեմ ծառացած գայթակղությունները նման լինել այն գայթակղություններին, որ հանդիպում են մեր կյանքում:

Ցուցադրեք և կարդացեք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի (1873-1970) հետևյալ խոսքերը, որտեղ նա մեկնաբանում է այն գայթակղությունները, որոնց Հիսուսը դիմակայեց անապատում.

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Գրեթե յուրաքանչյուր գայթակղություն, որ ունենում եք դուք կամ ես, գալիս է հետևյալ կերպ: Դասակարգելով դրանք դուք կպարզեք, որ ձեզ և ինձ արատավորող գրեթե յուրաքանչյուր գայթակղություն կարելի է գտնել այս երեք դասակարգումների ներքո, և որքան էլ որ փոքր լինեն դրանք, գալիս են որպես՝ 1) ախորժակի գայթակղություն, (2) Աստծո ուղիներից օտարացած մարդկանց հպարտությանը, նորաձևությանը և ունայնությանը տեղի տալու, (3) կիրքը բավարարելու, աշխարհիկ հարստությանը տենչալու կամ մարդկանց վրա իշխանության ձգտելու գայթակղություն» (“Unspotted from the World,” Ensign, Aug. 2009, 27):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 2․17-18, 4.15–16 հատվածները։ Մեկ ուրիշ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․22 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և նմանություններ նշել երկու հատվածների միջև: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը գայթակղությունների ենթարկվեր։

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը ենթարկվել է նմանատիպ գայթակղությունների, որոնց մենք ենք դիմակայում այսօր:

Հաղորդեք ուսանողներին, որ այսօրվա դասի նպատակներից մեկը Փրկչի անզուգական կյանքը լուսաբանելն է: Հարցրեք դասարանին, թե մինչ այժմ դասի ընթացքում ուսումնասիրած սուրբգրքյան հատվածներն ինչպես են լուսաբանում Փրկչի անզուգական կյանքի մեկ կողմը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսն անզուգական կյանք ապրեց, որովհետև Նա երբեք տեղի չտվեց որևէ գայթակղության և չմեղանչեց:

Ցուցադրեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի (1907–1995) հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Կարևոր է հիշել, որ Հիսուսը կարող էր մեղանչել, անձնատուր լինել, որ կյանքի և փրկության ծրագիրը կարող էր խափանվել, սակայն նա հավատարիմ մնաց: Չլիներ սատանայի գայթակղություններին անձնատուր լինելու հնարավորություն, չէր լինի իրական փորձություն և արդյունքում իրական հաղթանակ: … Նա կատարյալ և անմեղ էր, բայց նա ոչ թե ստիպված էր լինել այդպիսին, այլ որովհետև նա հստակորեն և վճռականորեն ուզում էր դա» (“The Temptations of Christ,” Ensign, Nov. 1976, 19):

Հանձնարարեք ուանողներին մտքում կարդալ Ղուկաս 22.42, 44 և 3 Նեփի 11.11 հատվածները, գտնելով Հիսուս Քրիստոսի մի հատկանիշ, որը Նրա անզուգական կյանքի ևս մեկ օրինակ է հանդիսանում: (Ուսանողները պետք է բացահայտեն Հոր կամքին Փրկչի հնազանդությունը:)

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Գեթսեմանիում Նա կրեց ողջ մարդկության ցավերը, որպեսզի նրանք չտառապեին, եթե ապաշխարեին:

Իր թշնամիների կողմից Նա ենթարկվեց նվաստացման և վիրավորանքների՝ չդժգոհելով և չհակադարձելով:

Եվ վերջապես, Նա խարազանվեց և կրեց խաչի դաժան անարգանքը: Միայն այդ ժամանակ կամովին Նա իր մահկանացուն կնքեց: …

Նա կատարյալ կերպով հնազանդվում էր մեր Երկնային Հորը» (“Jesus Christ: Our Savior and Redeemer,” Ensign, Nov. 1983, 7, 8):

Շարունակեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Երկնային Հոր փրկության ծրագրում ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը լիներ կատարյալ անմեղ և կատարելապես հնազանդվեր Երկնային Հոր կամքին: (Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ, սակայն դրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Փրկության ծրագիրը պահանջում էր, որ Քավությունն իրագործելու համար Հիսուսը լիներ կատարյալ հնազանդ։)

  • Ինչպե՞ս է դա ազդում առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի վրա, երբ իմանում եք, որ Նա կատարյալ անմեղ էր և հնազանդվում էր Երկնային Հոր կամքին: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ մենք կարող ենք գայթակղությանը դիմակայելու և հնազանդ լինելու ուժ ստանալ, եթե հետևենք Հիսուս Քրիստոսի օրինակին, այսինքն՝ փնտրել ոչ թե մեր, այլ Հոր կամքը:)

Հովհաննես 4․1-29

Փրկչի անսահման ազդեցությունը

Գրատախտակին գրեք կամ ցուցադրեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2) հռչակագրից հետևյալ նախադասությունը.

«Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»:

Խնդրեք ուսանողներին խորհել այդ խոսքերի շուրջ՝ տալով հետևյալ հարցը.

  • Իր ո՞ր հատկանիշների շնորհիվ է Հիսուս Քրիստոսը նման ազդեցություն գործում բոլոր նրանց վրա, ովքեր ապրել են և դեռ ապրելու են այս երկրի վրա:

Ուսանողներին ասեք, որ Իր մահկանացու ծառայության ընթացքում այն մարդկանցից մեկը, ում վրա Հիսուսը խորը ազդեցություն գործեց, դա մի Սամարացի կին էր: Օգնեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում տրված օժանդակ ուսումնական նյութերը օգտագործելով տեղեկություն գտնել Սամարացիների մասին (տես Աստվածաշնչյան բառարանը, «Սամարացիներ»; Սուրբ գրքրեի ուղեցույցը, «Սամարացիներ»; scriptures.lds.org): Ամփոփեք Հովհաննես 4․1-8 հատվածը, այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.9 հատվածը: Նշեք, թե ինչպես է Հիսուսին տրված կնոջ պատասխանը բացահայտում թշնամությունը, որ այդ ժամանակ գոյություն ուներ Հրեաների և Սամարացիների միջև: Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 4.10-15 հատվածը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը՝

  • Ինչպե՞ս կբնութագրեիք Հիսուսի և այդ կնոջ շփումը:

  • Ի՞նչ առաջարկեց նրան Հիսուսը:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4․16-19 հատվածը, իսկ դասարանը թող հետևի նրան և ուսանողները պատկերացնեն իրենց այդ կնոջ փոխարեն զրույցելիս: (Նշում. Պատկերացնելու շնորհիվ սուրբգրքյան պատմությունը դառնում է ավելի վառ և իրական:) Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կմտածեիք, եթե լինեիք այդ Սամարացի կնոջ փոխարեն: Ինչո՞ւ:

  • Ի՞նչն է փաստում, որ Հիսուսը ազդեցություն թողեց նրա վրա: (Նշեք, ինչպես էր առաջադիմում Նրան ուղղված այդ կնոջ դիմելաձևը. «Հրեա» [հատված 9], «Տեր» [հատվածներ 11, 15], և ապա «մարգարե» [հատված 19]:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.20-29 հատվածը: Դասարանին հանձնարարեք բացահայտել Փրկչի տիտղոսները 25 և 29 հատվածներում: Այնուհետև խնդրեք ուսանողներին մի փոքր մտածել նախքան հետևյալ հարցին պատասխանելը.

  • Ի՞նչ արեց Փրկիչն այդ կարճ ժամանակահատվածում, որ փոխեց Իր հանդեպ այդ կնոջ վերաբերմունքը, որը սկզբում Նրան անվանեց՝ «Հրեա» (հատված 9), իսկ վերջում արդեն՝ «Քրիստոս» (հատված 29): (Հանձնարարեք ուսանողներին կիսվել այս հատվածների վերաբերյալ իրենց դիտարկումով: Պատասխանները կարող են լինել. Նա ցույց տվեց իր հարգանքը, Նա վարդապետություն ուսուցանեց նրան, Նա այնպես ուսուցանեց այդ կնոջը, որ Սուրբ Հոգին վկայեր նրան, Նա այդ կնոջ անձնական կյանքից եղելություններ հայտնեց, և Նա Իր ուշադրությունը կենտրոնացրեց նրա վրա:)

  • Փրկչի և Սամարացի կնոջ պատմությունը ի՞նչ է սովորեցնում ձեզ՝ ձեր հանդեպ Փրկչի վերաբերմունքի և այն ազդեցության մասին, որ Նա կարող է ունենալ ձեզ վրա:

  • Ե՞րբ եք տեսել Փրկչի ազդեցությունը ձեր կյանքում կամ ձեր ծանոթներից մեկի կյանքում: Ի՞նչ հետք է թողել Փրկչի այդ ազդեցությունը:

  • Ի՞նչ կպարտավորվեք անել, որպեսզի ավելի լավ գիտակցեք Փրկչի ունեցած ազդեցությունը ձեր կյանքում և թույլ տաք, որ Նրա ազդեցությունը վերափոխի ձեզ:

Վկայեք, որ երբ մեր կյանքը դարձնենք դեպի Փրկիչը, Նա խորը ազդեցություն կթողնի մեզ վրա: Փրկչի ազդեցությունը հիմնականում գործում է, երբ մենք խնդրում ենք, որ Նրա քավող զոհաբերության ուժը մաքրագործի, բարձրացնի և փոխակերպի մեզ: Քաջալերեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան իրենց երախտագիտությունը Փրկչի հանդեպ՝ իրենց կյանքում ունեցած Նրա ազդեցության համար: Հանձնարարեք նրանց գործել իրենց զգացողությունների համաձայն:

Ուսանողի ընթերցարան