Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 27. Հիսուս Քրիստոսը լույսն է, կյանքը և հույսն աշխարհի


Դաս 27

Հիսուս Քրիստոսը լույսն է, կյանքը և հույսն աշխարհի

Նախաբան

Հիսուս Քրիստոսը «լույսն է, կյանքը և հույսն աշխարհի» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ երբ նրանք գան Քրիստոսի մոտ, նրանք կստանան հավերժական կյանքի ավելի մեծ հույս և ավելի վճռականորեն կհամբերեն կյանքի փորձություններին:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Հովհաննես 1.1–9; Վարդապետություն և Ուխտեր 88.6–13

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է

Բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչպիսի հանգամանքներում մարդն իրեն կարող է զգալ ասես խավարով շրջապատված.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իմ գրասենյակում ես ունեմ մի սիրելի նկար, որի անվանումն է Լուսավորության մուտքը: Դա իմ ընկերոջ` դանիացի նկարիչ Ջոն Բենթինի գործն է, ով Դանիայում Կոպենհագենի առաջին ցցի նախագահն է եղել:

Նկարում պատկերված է մի մութ սենյակ, որի դուռը բաց է, որտեղից էլ լույս է շողում: Ինձ համար հետաքրքրականն այն է, որ դռնից եկող լույսը չի լուսավորում ողջ սենյակը, այլ միայն անմիջապես դռան դիմացի հատվածը:

Ինձ համար այս նկարի խավարը և լույսը կյանքի փոխաբերություններն են խորհրդանշում: Որպես մահկանացու էակներ մեր էության մի մասն է կազմում երբեմն զգալը, կարծես թե մենք շրջապատված ենք խավարով: Միգուցե մենք կորցրել ենք սիրած էակին, երեխան շեղվել է ճիշտ ուղուց, միգուցե ստացել ենք անհանգստացնող բժշկական ախտորոշում, միգուցե ունենք աշխատանքի հետ կապված խնդիրներ և բեռնված ենք կասկածներով ու վախերով, կարող ենք միայնակ կամ չսիրված զգալ:

Թեև մենք կարող ենք մեզ մոլորված զգալ մեր ներկա պայմաններում, Աստված խոստանում է Իր լույսի հույսը՝ Իր խոստումները՝ լուսավորելու մեր առջև ճանապարհը և ցույց տալու մեզ խավարից դուրս գալու ուղին» («Աստծո լույսի հույսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 70):

  • Ինչպիսի՞ հանգամանքների պատճառով մարդը կարող է իրեն խավարով շրջապատված զգալ:

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, ի՞նչ կարող է Աստված անել, երբ մենք այդպես ենք մեզ զգում:

Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որ այս դասը կկենտրոնանա՝ ինչպես կարող ենք լույս և հույս ստանալ Աստծուց, ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1․1-5 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք Հովհաննեսն օգտագործել է Փրկչին նկարագրելու համար։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է։

Որպեսզի օգնեք ուսանողներին առավել խորը հասկանալ այս վարդապետությունը, խնդրեք նրանց մտքում կարդալ Հովհաննես 1.6-9 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում, որպես աշխարհի Լույս, Հիսուս Քրիստոսի դերի մասին:

  • Ինչպե՞ս են հատված 9-ի համար տողատակի ծանոթագրություններն օգնում ձեզ հասկանալ, ինչպես Հիսուսը կարող է լինել Աշխարհի Լույսը բոլոր մարդկանց համար:

Ուսանողներին ասեք, որ սուրբ գրություններում լույսը, «որ ամեն մարդի լուսավորում է» (Հովհաննես 1.9) կամ Քրիստոսի Լույսը, «երբեմն անվանում են Տիրոջ Հոգի, Աստծո Հոգի, Քրիստոսի Հոգի կամ Կյանքի Լույս» (True to the Faith: A Gospel Reference [2004], 96): Քրիստոսի Լույսը նկարագրվում է Վարդապետություն և Ուխտեր 88-ում:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք նրանց ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 88․6-13 հատվածը, և բացահայտել՝ ինչպես է Հիսուս Քրիստոսը լույսի և կյանքի աղբյուր հանդիսանում։ Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է Քրիստոսի Լույսն ազդում Երկնային Հոր բոլոր արարչագործությունների վրա:

  • Ըստ այդ հատվածներում գրված ճշմարտությունների, Քրիստոսի Լույսը ի՞նչ է ի զորու անել անհատի համար:

  • Ինչո՞ւ է օգտակար հասկանալ, որ տիեզերքը կառավարող այդ լույսն այն «նույն լույսն է, որը կենդանացնում է ձեր հասկացողությունը»: (ՎևՈւ 88․11

Ցուցադրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աստծո լույսն իրական է: Այն հասանելի է բոլորին։ Այն կյանք է պարգևում ամեն ինչին [տես ՎևՈւ 88․11-13]: Այն զորություն ունի մեղմելու ամենախորը վերքի ցավը։ Այն կարող է ապաքինող բալասան լինել մեր հոգիների միայնակության և հիվանդության համար: Հուսահատության ակոսներում այն կարող է պայծառ հույսի սերմեր դնել: Այն կարող է լուսավորել մեր միտքը նույնիսկ ամենախորը վշտի ժամանակ: Այն կարող է լուսավորել մեր ուղին և առաջնորդել մեզ ամենախավար գիշերով դեպի նոր լուսաբացի խոստումը:

Սա է «Հիսուս Քրիստոսի Հոգին», որ «լույս է տալիս աշխարհ եկող ամեն մարդու» [ՎևՈւ 84.45–46]» («Աստծո լույսի հույսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 75):

Ձեր դասարանի հետ քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, ի՞նչ օրհնություններ են գալիս լույսից, որ Երկնային Հայրը տալիս է մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ե՞րբ եք դուք զգացել օրհնությունները, որոնց մասին խոսում է Նախագահ Ուխդորֆը:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը.

Աշխարհի լույսը տալիս է …

Հանձնարարեք ուսանողներին կրկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.13 հատվածը, և գտնել այն արտահայտությունը, որ ավարտում է գրատախտակին գրված միտքը: Հարցրեք.

  • Որպես Աշխարհի Լույս Փրկչի դերը ինչպե՞ս է կապված որպես Աշխարհի Կյանք Նրա դերի հետ:

  • Ինչպե՞ս է լույսը զուգորդվում կյանքի հետ: (Կարող եք շեշտել, որ Հիսուսը «կյանքն է աշխարհի, որովհետև նրա հարությունն ու քավությունը փրկում են մեզ և ֆիզիկական և հոգևոր մահից» [Dallin H. Oaks, “The Light and Life of the World,” Ensign, Nov. 1987, 65]:)

  • Ինչպիսի՞ն կլիներ, եթե Փրկչի լույսն ու զորությունը դադարեր պահպանել ամեն բան: (Այլևս կյանք չէր լինի:)

Բացատրեք, որ սուրբ գրություններում օրինակներ են տրված, որոնց ցույց են տալիս՝ ինչպես է Հիսուսը բառացիորեն հանդիսանում աշխարհի Լույսը։ Երբ Փրկիչը մահացավ, երեք օր խավար էր տիրում, խորհրդանշելով, որ աշխարհի Լույսը հեռացավ աշխարհից (տես 3 Նեփի 8.20–23): Մյուս կողմից Փրկչի ծնունդն ուղեկցվեց աստղով և երկնային մեծ լույսերով, և երեք օր անդադար լույս էր (տես Հելաման 14.3–5; 3 Նեփի 1.15, 21):

Սաղմոս 146.5; Հռովմայեցիս 5.3–5; 15.13; Եթեր 12.4, 32; Մորոնի 7.3, 40–41

Հիսուս Քրիստոսն աշխարհի հույսն է

Բացատրեք ուսանողներին, որ հույս տերմինը կարող է բազմաթիվ նշանակություններ ունենալ: Հիսուս Քրիստոսի ավետարանի համատեքստում, հույսը «արդարության դիմաց խոստացված օրհնությունների վստահ սպասում ու փափագ» է (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հույս»; scriptures.lds.org): Երբեմն Փրկչին անվանում են «աշխարհի հույսը», քանի որ Նրա միջոցով ենք մենք ստանում արդարակեցության համար խոստացված օրհնությունները («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3):

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և սուրբ գրությունների հատվածները.

Ինչի՞ վրա է կենտրոնանում ճշմարիտ հույսը: (Եթեր12.4, 32; Մորոնի 7.3, 40–41)

Ի՞նչ կանի այս կյանքում մեզ համար հույսը: (Սաղմոս 146.5; Հռովմայեցիս 5.3–5; 15.13)

Դասարանը բաժանեք փոքր խմբերի: Հանձնարարեք խմբերին ուսումնասիրել սուրբ գրության յուրաքանչյուր հատվածը, գտնել հույսի մասին կարևոր խոսքեր և արտահայտություններ, և քննարկել հարցերին տված իրենց պատասխանները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք խմբերին ձևակերպել վարդապետության կամ սկզբունքի մեկ կամ երկու սահմանում, ամփոփելով հույսի վարդապետության մասին իրենց սովորածը: Խնդրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց ձևակերպումներով: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ հույսը վստահությունն է, որ Հիսուս Քրիստոսի Քավության և պատվիրաններին հնազանդվելու շնորհիվ մենք կստանանք Աստծո խոստացված օրհնությունները, ներառյալ՝ հավերժական կյանք: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք քննարկել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է անկասկած բառը ձեզ ասում «կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար» (Եթեր 12.4): (Հավաստիացում, վստահություն կամ համոզվածություն: Կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս բնորոշումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Եթեր 12.4–ի կողքին:)

  • Ինչպե՞ս կարող է հույսը, ինչպես նկարագրված է այդ հատվածներում, լինել «խարիսխ մարդկանց հոգիների համար» և օգնել մեզ լինել «կայուն և հաստատուն, միշտ հարստացնելով բարի գործերով» (Եթեր 12.4):

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Երբ հույս ունենք, մենք վստահում ենք Աստծո խոստումներին: Մենք հանգիստ համոզվածություն ունենք, որ եթե «արդարության գործեր» ենք կատարում, մենք «պիտի ստանանք [մեր] վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23): Մորմոնն ուսուցանել է, որ նման հույսը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով [տես Մորոնի 7.41]» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական Վկայակոչում [2004], 85):

  • Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավություն մեր հավատքն էական դեր խաղում իսկական հույս զարգացնելու համար: Ինչպե՞ս է դա օգնում ձեզ հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսն աշխարհի հույսը: (Երբ հույս ունենք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք նայել մահկանացու դժվարություններից ու նեղություններից այն կողմ, և կենտրոնանալ Նրա Քավության շնորհիվ մատչելի օրհնությունների վրա, որոնք են՝ հարությունը և հավերժական կյանքը:)

  • Ի՞նչ կարող եք անել այս կյանքում ավելի մեծ հույսով ապրելու համար:

Սուրբ Հոգուց ոգեշնչված կարող եք խնդրել ուսանողներին պատմել այն ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի շնորհիվ հարության և հավերժական կյանքի հանդեպ իրենց հույսն օրհնություն է եղել իրենց կամ մյուսների համար:

Ուսանողի ընթերցարան