2018
Ընտրեք դուք այս օրը
Նոյեմբեր 2018


Ընտրեք այս օրը

Մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա գործում Նրան միանալուց:

Հեքիաթային կերպար Մերի Փոպինսը տիպիկ անգլիական դայակ է, ով պարզվում է, կախարդական ուժ ունի:1 Նա թռչում է արևելյան քամու զորությամբ և օգնության հասնում Էդվարդյան Լոնդոնում Չերի Թրի Լեյն փողոցի համար 17 տանը բնակվող ահաբեկված Բանքեր ընտանիքին: Նրա խնամքին են հանձնում երեխաներին՝ Ջեյնին և Մայքլին: Հաստատակամորեն, բայց բարյացակամությամբ նա սկսում է հմայիչ հպումով արժեքավոր դասեր ուսուցանել նրանց:

Ջեյնը և Մայքլը նշանակալի առաջընթաց են ունենում, բայց Մերին որոշում է, որ իր հեռանալու ժամանակն է: Բեմադրության մեջ Մերիի ծխնելույզ մաքրող ընկեր Բերթը փորձում է տարհամոզել նրան, որ չմեկնի: Նա պնդում է. «Բայց նրանք լավ երեխաներ են Մերի»:

Մերին պատասխանում է. «Միթե՞ ես կանհանգստանայի նրանց համար, եթե նրանք լավը չլինեին: Բայց ես չեմ կարող օգնել նրանց, եթե նրանք չեն կամենում թույլ տալ ինձ և չի կարող լինել ոչ մեկը, ում այնքան դժվար լիներ ուսուցանել, որքան այն երեխան, ով գիտի ամեն ինչ»:

Բերթը հարցնում է. «Ուրե՞մն»:

Մերին պատասխանում է. «Ուրեմն նրանք պետք է հաջորդ քայլն ինքնուրույն անեն»:2

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Ջեյն և Մայքլ Բանքերի նման, մենք «լավ երեխաներ ենք», ում մասին արժե անհանգստանալ: Երկնային Հայրը ցանկանում է օգնել և օրհնել մեզ, բայց մենք միշտ չէ, որ թույլ ենք տալիս Նրան: Երբեմն մենք նույնիսկ գործում ենք այնպես, կարծես, արդեն գիտենք ամեն ինչ: Եվ մենք ևս պետք է ինքնուրույն անենք «հաջորդ քայլը»: Այդ պատճառով ենք մենք եկել երկիր նախամահկանացու երկնային տնից: Մեր «քայլը» ներառում է ընտրություններ կատարել:

Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման: Եթե Նա պարզապես կամենար, որ մենք հնազանդ լինեինք, Նա կօգտագործեր անհապաղ պարգևատրումներ և պատիժներ մեր վարքագծի վրա ազդելու համար:

Բայց Աստված շահագրգռված չէ, որ Իր զավակներն ուղղակի դառնան վարժեցված և հնազանդ «սիրված կենդանիներ», ովքեր չեն ծամի Իր հողաթափերը սելեստիալ հյուրասենյակում:3 Ոչ, Աստված կամենում է, որ Իր զավակներն աճեն և միանան Իրեն ընտանեկան գործում:

Աստված հիմնադրել է մի ծրագիր, որի միջոցով մենք կարող ենք դառնալ Իր արքայության ժառանգներ, ուխտի մի արահետ, որն առաջնորդում է մեզ դառնալ Իր նման, որպեսզի ունենանք այնպիսի կյանք, ինչպիսին Ինքն ունի և ապրենք հավերժ՝ որպես ընտանիքներ Նրա ներկայության մեջ:4 Անհատական ընտրությունը այս ծրագրի համար կենսական էր և է, որի մասին մենք սովորել ենք մեր նախաերկրային գոյության ընթացքում: Մենք ընդունել ենք ծրագիրը և եկել ենք երկիր:

Հավաստիանալու համար, որ մենք հավատք կգործադրենք և կսովորենք պատշաճորեն օգտագործել մեր ազատ կամքը, մեր մտքերի վրա մոռացության վարագույր է քաշվել, որպեսզի մենք չհիշենք Աստծո ծրագիրը: Առանց այդ վարագույրի, Աստծո նպատակները չէին իրականանա, որովհետև մենք չէինք առաջադիմի և դառնա վստահելի այն ժառանգները, որոնք Նա կամենում է, որ մենք լինենք:

Մարգարե Լեքին ասել է.«Ուստի, Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն: Ուստի, մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից:»5 Հիմնական մակարդակում մեկ տարբերակ ներկայացվում է Հոր Միածնի՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Մյուս տարբերակը ներկայացվում է սատանայի՝ Լյուցիֆերի կողմից, ով կամենում է կործանել ազատ կամքը և զավթել իշխանությունը:6

Հանձին Հիսուս Քրիստոսի, «մենք բարեխոս ունենք Հոր մոտ»:7 Իր քավիչ զոհաբերությունն ավարտելուց հետո Հիսուսը «համբարձվեց երկինք … հայցելու Հորից ողորմության իր իրավունքները, որոնք նա ունի մարդկանց զավակների հանդեպ»: Եվ ողորմության իրավունքները հայցելուց հետո «նա բարեխոսում է մարդկանց զավակների գործի համար»:8

Հոր մոտ Քրիստոսի բարեխոսությունը մեզ համար ընդդիմադիր չէ: Հիսուս Քրիստոսը, ով թույլ տվեց, որ Իր կամքը կուլ գնար Հոր կամքին,9 չէր պաշտպանի որևէ այլ բան, բացի նրանից, ինչ Հայրն է միշտ կամեցել: Երկնային Հայրն անկասկած ողջունում է և ծափահարում մեր հաջողությունների համար:

Քրիստոսի բարեխոսությունը որոշ չափով մեզ հիշեցնելու համար է, որ Նա վճարել է մեր մեղքերի համար, և ոչ ոք վտարված չէ Աստծո ողորմության հասանելիությունից:10 Նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, ապաշխարում են, մկրտվում և համբերում մինչև վերջ՝ մի գործընթաց է, որը տանում է դեպի հաշտեցում՝11 Փրկիչը ներում է, բժշկում և բարեխոսում: Նա է մեր օգնականը, մխիթարիչը և միջնորդը՝ հավաստելով և երաշխավորելով մեր հաշտեցումը Աստծո հետ:12

Ճիշտ հակառակը, Լյուցիֆերը մեղադրող է կամ դատախազ: Հովհաննես Հայտնողը նկարագրում է Լյուցիֆերի վերջնական պարտությունը. «Եվ մի մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա եկել է մեր Աստծո փրկությունը և զորությունը և թագավորությունը, և նրա Քրիստոսի իշխանությունը»: Ինչո՞ւ: Որովհետև «մեր եղբայրներին մեղադրողը վայր է գցվել, որն օր ու գիշեր նրանց մեղադրում էր մեր Աստծո առաջ: Եվ նրանք հաղթեցին սատանային «Գառի արիւնովը եւ իրենց վկայութեան խօսքովը»։13

Լյուցիֆերն է այդ մեղադրողը: Նա մեր դեմ խոսեց նախամահկանացու գոյության ժամանակ և շարունակում է դատապարտել մեզ այս կյանքում: Նա ձգտում է մեզ վար քաշել: Նա ցանկանում է, որ մենք ճաշակենք անվերջ վայ։ Նա է, ով ասում է մեզ, որ մենք համարժեք չենք, նա է ով ասում է մեզ, որ մենք բավականին լավը չենք, նա է ով ասում է մեզ, որ չկա վերականգնում սխալից: Նա է ծայրահեղ անառակը, որը ոտնահարում է մեզ, երբ մենք ընկնում ենք:

Եթե Լյուցիֆերը սովորեցնում է երեխային քայլել և երեխան սայթաքում է, նա ճչում է երեխայի վրա, պատժում նրան և ասում, որ հրաժարվի փորձել: Լյուցիֆերի ուղիները, ի վերջո և միշտ, բերում են վհատություն և հուսահատություն: Ստերի այս հայրը հիմնական մատակարարն է կեղծիքի14 և խորամանկորեն աշխատում է խաբել և շեղել մեզ, «քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»:15

Եթե Քրիստոսն է սովորեցնում երեխային քայլել և երեխան սայթաքում է, Նա օգնում է երեխային վեր կենալ և քաջալերում է, որ հաջորդ քայլը կատարի:16 Քրիստոսը օգնականն է և մխիթարիչը: Նրա ուղիները, ի վերջո և միշտ, բերում են ուրախություն և հույս:

Աստծո ծրագիրը ներառում է ուղղորդումներ մեզ համար, որոնք նշվում են սուրբ գրություններում որպես պատվիրաններ: Այս պատվիրանները ոչ քմահաճ շարք են, ոչ էլ հարկադրական կանոնների ինքնակամ հավաքածու, որոնք նախատեսված են միայն մեզ վարժեցնելու համար, որ հնազանդ լինենք: Դրանք կապված են մեր մեջ բարեպաշտության հատկանիշներ զարգացնելու, մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և հարատև ուրախություն ստանալու հետ: Նրա պատվիրաններին հնազանդվելը կուրություն չէ, մենք գիտակցաբար ենք ընտրում ենք Աստծուն և Նրա արահետը դեպի տուն: Մեզ համար ձևը նույնն է, ինչպես այն Ադամի և Եվայի համար էր. «Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո»:17 Թեև Աստված կամենում է, որ մենք լինենք ուխտի արահետի վրա, Նա տալիս է մեզ ընտրելու արժանապատվություն:

Աստված իսկապես կամենում է, ակնկալում և ուղղորդում, որ Իր զավակներից յուրաքանչյուրն ինքնուրույն ընտրի: Նա չի ստիպում մեզ: Ազատ կամքի պարգևի միջոցով Աստված թույլ է տալիս Իր զավակներին «գործելու ինքնուրույն և չներգործվելու»:18 Ազատ կամքը թույլ է տալիս մեզ ընտրել՝ մտնել արահետ, թե՝ ոչ: Այն թույլ է տալիս մեզ դուրս գալ կամ ոչ: Ինչպես մեզ չեն կարող ստիպել հնազանդվել, այնպես էլ մեզ չեն կարող ստիպել չհնազանդվել: Ոչ ոք չի կարող առանց մեր համագործակցության մեզ հեռացնել ճանապարհից: (Արդ, սա չպետք է շփոթել նրանց հետ, ում ազատ կամքը ոտնահարվել է: Նրանք արահետից դուրս չեն, նրանք զոհեր են: Նրանք ստանում են Աստծո ըմբռնումը, սերը և կարեկցանքը:)

Բայց, երբ մենք դուրս ենք գալիս արահետից, Աստված տխրում է, որովհետև Նա գիտի, որ դա, ի վերջո, բայց անխուսափելիորեն, կտանի դեպի երջանկության նվազման և օրհնությունների կորստի: Սուրբ գրություններում արահետից դուրս գալը համարվում է մեղք, իսկ երջանկության նվազման արդյունքն ու կորցրած օրհնությունները կոչվում են պատիժ: Այս իմաստով Աստված չի պատժում մեզ, պատիժը մեր ընտրությունների հետևանքն է, ոչ թե Նրա:

Երբ մենք հայտնաբերում ենք, որ արահետից դուրս ենք եկել, մենք կարող ենք մնալ դրսում, կամ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ կարող ենք փոխել մեր քայլերը և ետ դառնալ: Սուրբ գրություններում դեպի արահետ փոխվելու և վերադառնալու գործընթացը կոչվում է ապաշխարություն: Երբ ապաշխարելիս ձախողվում ենք, նշանակում է, որ մենք ընտրում ենք ինքներս մեզ զրկել այն օրհնություններից, որոնք Աստված կամենում է տալ մեզ: Եթե մենք «չենք կամենում վայելել այն, ինչ մենք [կարող էինք] ստանալ, մենք կվերադառնանք … [մեր] սեփական տեղը, վայելելու այն, ինչ [մենք] կամենում ենք ստանալ»՝19 մեր ընտրությունը, ոչ թե Աստծո:

Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք արահետից դուրս եղել և թե որքան հեռու ենք թափառել, այն պահին, երբ մենք որոշում ենք փոխվել, Աստված օգնում է մեզ վերադառնալ:20 Աստծո տեսանկյունից անկեղծ ապաշխարության միջոցով և անսասան առաջ մղվելով Քրիստոսում, երբ վերադառնանք արահետ, կլինի այնպես, կարծես երբեք չէինք հեռացել:21 Փրկիչը վճարում է մեր մեղքերի համար և ազատում մեզ երջանկության և օրհնությունների նշմարվող նվազումից: Սուրբ գրություններում սա կոչվում է ներում: Մկրտությունից հետո բոլոր անդամները սայթաքում են արահետից, մեզանից ոմանք նույնիսկ անհետանում են: Ուստի մեկանգամյա իրադարձություններ չեն հավատք գործադրելն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարելը, Նրանից օգնություն ստանալ և ներված լինելը, այլ կյանքի շարունակական գործընթացներ են, գործընթացներ, որոնք անընդհատ կրկնվում են: Ահա թե ինչպես ենք «համբերում մինչև վերջ»:22

Մենք պետք է ընտրենք, թե ում ենք մենք ծառայելու:23 Մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա գործում Նրան միանալուց: Երբ մենք ձգտում ենք «անել հաջորդ քայլը» ինքնուրույն, մենք գործադրում ենք մեր ազատ կամքը՝ ճիշտ օգտագործելով այն: Ինչպես նախկին Սփոփող Միության Գերագույն Նախագահներն են ասել, մենք չպետք է լինենք «մանկիկներ, ովքեր միշտ կարիք ունեն փաղաքշանքի և ուղղման»:24 Ոչ, Աստված կամենում է, որ մենք դառնանք հասուն չափահասներ և կառավարենք ինքներս մեզ:

Միակ ուղին Հոր ծրագրին հետևելու ընտրությունն է, որով կարող ենք դառնալ ժառանգորդներ Նրա արքայությունում, միայն այդ ժամանակ Նա կարող է վստահել մեզ՝ նույնիսկ չխնդրել այն, ինչը հակառակ է Իր կամքին:25 Բայց մենք պետք է հիշենք, որ «չկա մեկը, որին այնքան դժվար լինի ուսուցանել, որքան այն երեխային, ով գիտի ամեն ինչ»: Այսպիսով, մենք պետք է պատրաստ լինենք ուսուցանվել Տիրոջ ուղիներում Տիրոջ և Նրա ծառաների կողմից: Մենք կարող ենք վստահել, որ մենք Երկնային Ծնողների սիրելի զավակներն ենք26 և արժանի ենք, որ մեր մասին «անհանգստանան» և համոզված եղեք, որ «ինքնուրույն» երբեք չի նշանակում «միայնակ»:

Ինչպես Մորմոնի Գրքի Հակոբ մարգարեն է ասել, ասում եմ նրա հետ.

«Հետևաբար, ուրախացրեք ձեր սրտերը, և հիշեք, որ դուք ազատ եք՝ ինքնուրույն գործելու՝ ընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը:

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ [և քույրեր], հաշտվեք Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ … և հիշեք, հետո, երբ դուք հաշտվեք Աստծո հետ, որ դա միայն Աստծո շնորհով և շնորհիվ է, որ դուք փրկվում եք»:27

Այսպիսով, ընտրեք հավատքն առ Քրիստոս, ընտրեք ապաշխարություն, ընտրեք մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին, ընտրեք բարեխղճորեն պատրաստվել և արժանիորեն ճաշակել հաղորդությունը, ընտրեք ուխտեր կապել տաճարում և ընտրեք ծառայել կենդանի Աստծուն և Նրա զավակներին: Մեր ընտրություններն են որոշում, թե ով ենք մենք և ինչ ենք դառնալու:

Ես եզրափակում եմ Հակոբի օրհնության մնացած մասով. «Ուստի, թող Աստված բարձրացնի ձեզ … հավիտենական մահից, քավության զորությամբ, որպեսզի դուք կարողանաք ընդունվել Աստծո հավերժական արքայությունում»:28 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մերի Փոպինսի գեղարվեստական կերպարը կյանք է առել Փ.Լ. Թրավերսի գրվածքների շնորհիվ: Նրա գրքերը հիմք հանդիսացան 1964 թվականին երաժշտական ֆանտաստիկ ֆիլմի ստեղծման համար, որն արտադրվեց Ուոլթ Դիսնեյի կողմից, իսկ ավելի ուշ փուլում տեղի ունեցավ ֆիլմի հարմարեցումը:

  2. The stage play contains the scene described. See Libretto to Mary Poppins: The Broadway Musical, 70.

  3. Տես Սպենսեր Վ. Քիմբալ, Բրիսբեյնի տարածքային համաժողով 1976, 19: Նախագահ Քիմբալը ենթադրել է. «Առաջին բանը, որ այստեղ մեր կյանքը սկսելուց առաջ, Տերն ասել է. «Ես պատրաստվում եմ տալ ձեզ ձեր ազատ կամքը: Ես կարիք ունեմ տղամարդկանց և կանանց, ովքեր ուժեղ են, որովհետև ճիշտ է ուժեղ լինելը: Ես կարիք չունեմ թուլամորթների, ովքեր արդար են միայն այն պատճառով, որ ստիպված են արդար լինել»:

  4. Տես, օրինակ Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018։ Ուխտի արահետը նաև կոչվում է որպես երջանկության ծրագիր (տես Ալմա 42.8, 16) և փրկագնման ծրագիր (տես Ալմա 12.25–35):

  5. 2 Նեփի 2.16

  6. Տես Մովսես 4.3:

  7. Ա Հովհաննես 2.1, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Հովհաննես 2.1 (Ա Հովհաննես 2.1, ծանոթություն ա):

  8. Մորոնի 7.27, 28

  9. Sես Մոսիա 15․7:

  10. Տես Ա Հովհաննես 2.2:

  11. Տես Բ Կորնթացիս 5.16–21, Կողոսացիս 1.19–23, 2 Նեփի 10.24:

  12. Դատապաշտպանի համար հունարեն (paraklētŏs) բառը նշանակում է միջնորդ, օգնական, մխիթարող կամ սփոփող (տես Ա Հովհաննես 2.1, footnote b; The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible [1984], Greek dictionary section, 55; 2 Նեփի 10.23–25, Վարդապետություն և Ուխտեր 45.3–5):

  13. Հայտնություն 12.10–11

  14. Տես Եթեր 8.25:

  15. 2 Նեփի 2․27, տես նաև 2 Նեփի 2.6–8, 16, 26։

  16. See Fiona and Terryl Givens, The Christ Who Heals (2017), 29, 124. For original citation, see Anthony Zimmerman, Evolution and the Sin in Eden (1998), 160, citing Denis Minns, Irenaeus (2010), 61.

  17. Ալմա 12.32

  18. 2 ՆԵփի 2.26, տես նաև 2 Նեփի 2.16:

  19. Վարդապետություն և Ուխտեր 88․32

  20. Տես Ալմա 34․31։

  21. Տես 2 Նեփի 31.20, Մոսիա 26.29–30, Վարդապետություն և Ուխտեր 58.42–43, Բոյդ Կ. Փաքեր, «Երջանկության ծրագիրը», Լիահոնա, մայիս 2015, 28: Նախագահ Փաքերն ասել է. «Երբ ապաշխարության գործընթացն ավարտվում է, ոչ մի սպի չի մնում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ»:

  22. 2 Նեփի 31.20

  23. Sես Յեսու 24.15:

  24. Ջուլի Բ. Բեք, «Եվ այն օրերին իմ Հոգին դուրս կթափեմ աղախինների վրա», Լիահոնա, մայիս 2010, 12, Քույր Բեքը մեջբերումներ է անում Էլիզա Ս. Սնոուի ելույթից: Lehi Ward Relief Society, Oct. 27, 1869, Lehi Ward, Alpine (Utah) Stake, in Relief Society, Minute Book, 1868–79, Church History Library, Salt Lake City, 26–27:

  25. Տես 2 Նեփի 4.35, Հելաման 10.5:

  26. Տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145:

  27. 2 Նեփի 10.23–24

  28. 2 Նեփի 10.25