2018
Մեկ եք Քրիստոսում
Նոյեմբեր 2018


Մեկ եք Քրիստոսում

Տիրոջ աշխատանքի իմ սիրելի՛ գործընկերներ, հավատում եմ, որ կարող ենք և պետք է անենք ավելին՝ ողջունելու նոր ընկերներին Եկեղեցում:

Բարի օր, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Ինչպես ասում ենք իմ մայրենի բրազիլական պորտուգալերենով, «Բոա թարդե»։ Օրհնված ենք, որ կարող ենք միասին հավաքվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս հրաշալի գերագույն համաժողովին՝ մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ղեկավարության ներքո։ Ես հիանում եմ այն մեծ հնարավորության համար, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է լսի Տիրոջ ձայնը երկրի ծառաների միջոցով, այս վերջին օրերում:

Նկար
Ամազոն գետը
Նկար
Ամազոն գետը ձևավորվում է երկու խաչվող գետերի կողմից

Իմ հայրենի Բրազիլիան շատ հարուստ է բնական պաշարներով։ Դրանցից մեկն Ամազոն գետն է, ամենամեծ և ամենաերկար գետերից մեկն աշխարհում։ Այն սկիզբ է առնում երկու տարբեր գետերից՝ Սոլիմեոսից և Նեգրոից։ Հետաքրքիր է, որ մինչև խառնվելը ջրերը միասին հոսում են մի քանի կիլոմետր, քանի որ գետերի սկզբնաղբյուրները, արագությունները, ջերմաստիճանները և քիմիական բաղադրությունները տարբեր են: Մի քանի կիլոմետր հոսելուց հետո ջրերը վերջապես խառնվում են իրար, դառնալով մի գետ, որը տարբեր է իր առանձին մասերից։ Այդ հատվածների միաձուլումից հետո է միայն Ամազոն գետը դառնում այդքան ուժեղ, որ երբ այն հասնում է Ատլանտյան օվկիանոս, հետ է մղում ծովի ջրերն այնպես, որ քաղցրահամ ջուրը կարելի է գտնել շատ մղոններ օվկիանոսի ներսում:

Նկար
Ամազոն գետի ջրերի խառնարանը

Նմանապես, ինչպես Սոլիմեոս և Նեգրո գետերը միասին հոսում են և կազմում Ամազոն գետը, տարբեր սոցիալական ծագումով, ավանդույթների և մշակույթների տեր Աստծո զավակները հավաքվում են միասին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում և ձևավորում Քրիստոսի Սրբերի այս հրաշալի համայնքը։ Ի վերջո, երբ մենք խրախուսում, աջակցում և սիրում ենք միմյանց, մենք միավորվում և ստեղծում ենք բարու մի հզոր ուժ աշխարհում։ Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, հոսելով միասին բարության այս գետով, մենք կկարողանանք ապահովել ավետարանի «քաղցրահամ ջուրը» ծարավ աշխարհին:

Նկար
Նոր անդամները միավորվում են Աստծո մյուս զավակների հետ
Նկար
Ձևավորվում է Սրբերի համայնք

Տերը ոգեշնչել է, որ Իր մարգարեներն ուսուցանեն մեզ, թե ինչպես կարող ենք աջակցել և սիրել միմյանց, որպեսզի Հիսուս Քրիստոսին հետևելիս կարողանանք միասնական լինել հավատքի և նպատակների մեջ։ Նոր Կտակարանի Առաքյալ Պողոսն ուսուցանել է, որ նրանք, «ովքեր Քրիստոսում մկրտվեցին, Քրիստոսին հագած են … որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը»։1

Երբ մկրտության ժամանակ խոստանում ենք հետևել Փրկիչին, մենք վկայում ենք Հոր առաջ, որ կամենում ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը։2 Երբ ձգտում ենք ձեռք բերել Նրա աստվածային հատկությունները մեր կյանքում, մենք փոխվում ենք Տեր Քրիստոսի Քավության միջոցով, և բոլորի հանդեպ մեր սերը բնականաբար աճում է:3 Մենք անկեղծ մտահոգվում ենք բոլորի բարօրությամբ ու երջանկությամբ։ Միմյանց համար դառնում ենք եղբայրներ և քույրեր՝ աստվածային ծագում, հատկանիշներ և ներուժ ունեցող Աստծո զավակներ։ Մենք ցանկանում ենք հոգ տանել միմյանց մասին և կրել միմյանց բեռները:4

Պողոս առաքյալը դա նկարագրել է որպես գթություն։5 Մորմոնը՝ Մորմոնի Գրքի մարգարեն, նկարագրել է դա որպես «Քրիստոսի մաքուր սեր»,6 որը սիրո ամենավեհ, ազնիվ և ուժեղ ձևերից է։ Մեր ներկայիս մարգարե, Նախագահ Ռասել Մ. Նելսոնը վերջերս նկարագրել է Քրիստոսի այդ մաքուր սիրո դրսևորումը որպես սպասավորություն, որը սիրո և հոգատարության ավելի կենտրոնացած և սրբազան վերաբերմունքն է ուրիշ մարդկանց հանդեպ, ինչպես Փրկիչը ցույց տվեց։7

Եկեք, Փրկիչի նման այդ սիրո և հոգատարության սկզբունքը դիտարկենք խրախուսելու, օգնելու և այն մարդկանց աջակցելու համատեքստում, ովքեր նորադարձներ են և ովքեր սկսում են հետաքրքրություն ցուցաբերել մեր Եկեղեցու ծառայություններին մասնակցելու համար:

Երբ այդ նոր ընկերները դուրս են գալիս աշխարհից, ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը և միանում են Նրա Եկեղեցուն, նրանք դառնում են Նրա աշակերտները՝ կրկին ծնվելով Նրա միջոցով:8 Նրանք հետևում թողնում են իրենց ճանաչած աշխարհը և որոշում են սրտի ողջ նվիրվածությամբ հետևել Հիսուս Քրիստոսին՝ միանալով նոր «գետի», մի գետի, որը բարության և արդարության քաջարի ուժ է, որը հոսում է Աստծո ներկայություն։ Պետրոս Առաքյալը դա նկարագրել է, որպես «ընտիր ազգ, թագավորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ»:9 Երբ այդ նոր ընկերները խառնվեն այդ նոր և անծանոթ գետին, սկզբում նրանք մի քիչ մոլորված կզգան։ Հայտնվելով գետի մեջ, այդ նոր ընկերները գետի մեջ յուրահատուկ ծագում, ջերմաստիճան և քիմիական բաղադրություն կզգան՝ մի գետ, որն ունի իր սովորույթները, մշակույթն ու բառապաշարը։ Այս նոր կյանքը Քրիստոսում կարող է ծանր թվալ նրանց։ Մի պահ մտածեք, թե ինչպիսի զգացում կունենան, երբ առաջին անգամ լսեն «ԸԵ», «ԵԵՀ», «ծոմի կիրակի», «մկրտություններ մահացածների համար», «եռահատոր» և այլն։

Հեշտ է հասկանալ, թե ինչու կարող են օտար զգալ։ Այդպիսի իրավիճակներում նրանք կմտածեն, «Արդյո՞ք այստեղ տեղ կա ինձ համար»։ Արդյո՞ք ես համապատասխանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Արդյո՞ք Եկեղեցին իմ կարիքն ունի։ Արդյո՞ք ես կգտնեմ նոր ընկերներ, ովքեր կօգնեն և կաջակցեն ինձ։

Իմ սիրելի՛ ընկերներ, նման պահերին, մեզանից յուրաքանչյուրը, ով աշակերտության երկար ճամփորդության տարբեր դիրքերում է գտնվում, պետք է ընկերության ձեռք մեկնի մեր նոր ընկերներին, ընդունի նրանց իրենց գիտելիքներով հանդերձ և օգնի, սիրի և ընդունի իրենց կյանք։ Բոլոր այդ նոր ընկերներն Աստծո թանկագին որդիներն ու դուստրերն են։10 Մենք չենք կարող թույլ տալ կորցնել նրանցից որևէ մեկին, քանի որ Ամազոն գետի նման, որը կախված է իրեն սնուցող վտակներից, մենք նրանց կարիքն ունենք այնքան, որքան նրանք ունեն մեր կարիքը, որպեսզի դառնանք մի հզոր ուժ՝ աշխարհում բարու համար։

Մեր նոր ընկերներն իրենց հետ բերում են Աստծո տված տաղանդները, ոգևորությունն ու բարությունը: Ավետարանի նկատմամբ նրանց ոգևորությունը կարող է վարակիչ լինել, դրանով իսկ օգնելով մեզ վերականգնել մեր սեփական վկայությունները: Նրանք նաև նոր հեռանկարներ են բացում կյանքի և ավետարանի մասին ունեցած մեր հասկացողությանը:

Մենք վաղուց սովորել ենք, թե ինչպես կարող ենք օգնել մեր նոր ընկերներին զգալ ընդունված և սիրված Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում: Նրանց պետք է երեք բան, որպեսզի նրանք կարողանան մնալ ուժեղ և հավատարիմ իրենց կյանքում․

Նախ, Եկեղեցում նրանց անհրաժեշտ են եղբայրներ և քույրեր, ովքեր անկեղծորեն հետաքրքրվում են նրանցով, իսկական և հավատարիմ ընկերներ են, որոնց նրանք կարող են անընդհատ դիմել, ովքեր կքայլեն նրանց կողքին, և ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Որպես անդամներ, մենք միշտ պետք է ուշադիր լինենք և փնտրենք նոր դեմքեր, երբ հաճախենք Եկեղեցու միջոցառումներին ու ժողովներին, անկախ մեր ունեցած պատասխանատվությունից, հանձնարարություններից կամ մտահոգություններից: Մենք կարող ենք անել պարզ գործողություններ, որոնք կօգնեն այս նոր ընկերներին ընդունված զգալ Եկեղեցում, ինչպիսիք են՝ ջերմորեն ողջունել, անկեղծորեն ժպտալ նրանց, միասին նստել երգելու և երկրպագելու համար, ծանոթացնել նրանց մյուս անդամների հետ և այլն: Երբ նման ձևով բացենք մեր սրտերը մեր նոր ընկերների առաջ, մենք կգործենք սպասավորության ոգով: Երբ ծառայենք նրանց Փրկիչի նման, նրանք չեն զգա «օտարական մեր դռան մեջ»։ Նրանք կզգան, որ համապատասխանում են և կարող են նոր ընկերներ ձեռք բերել և ամենակարևորը, մեր անկեղծ հոգատարության շնորհիվ նրանք կզգան Փրկիչի սերը։

Երկրորդը, նոր ընկերներին անհրաժեշտ է հանձնարարություն տալ, օրինակ՝ ուրիշներին ծառայելու հնարավորություն։ Ծառայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հրաշալի կողմերից մեկն է։ Դա մի գործընթաց է, որով մեր հավատքն ավելի է ամուր է դառնում։ Յուրաքանչյուր նոր ընկեր արժանի է այդպիսի հնարավորության։ Թեև եպիսկոպոսը և ծխի խորհուրդը ուղղակիորեն պատասխանատվություն են կրում նրանց մկրտվելուց անմիջապես հետո հանձնարարություններ տալու համար, ոչինչ չի խանգարում, որ անդամներով հրավիրենք մեր նոր ընկերներին, որպեսզի օգնեն մեզ ոչ պաշտոնական կամ ծառայության ծրագրերի միջոցով ծառայել ուրիշներին:

Երրորդ, նոր ընկերները պետք է «սնուցվեն Աստծո բարի խոսքով»:11 Մենք կարող ենք օգնել նրանց սիրել և ծանոթանալ սուրբ գրություններին, երբ նրանց հետ կարդանք և քննարկենք ուսմունքները, նախօրոք ծանոթացնելով պատմությունների բովանդակությանը և բացատրելով բարդ բառերը: Մենք կարող ենք նաև սովորեցնել նրանց, թե ինչպես ստանալ անձնական առաջնորդություն սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրության միջոցով: Բացի այդ, Եկեղեցու ծրագրված ժողովներից ու միջոցառումներից դուրս մենք կարող ենք այցելել մեր նոր ընկերներին իրենց տներում և հրավիրել նրանց մեր տները՝ օգնելով նրանց խառնվել Սրբերի համայնքի հզոր գետին:

Աստծո ընտանիքի անդամներ դառնալու մեր եղբայրների ու քույրերի կատարած փոփոխությունների և մարտահրավերների մասին իմանալով, մենք կարող ենք մեր նոր ընկերների հետ կիսվել, թե ինչպես ենք մենք հաղթահարել նմանատիպ մարտահրավերները մեր կյանքում: Դա կօգնի նրանց իմանալ, որ նրանք միայնակ չեն, և Աստված օրհնում է նրանց, երբ նրանք հավատում են Նրա խոստումներին։12

Երբ Սոլիմեոս և Նեգրո գետերը խառնվում են իրար, Ամազոն գետը դառնում է հզոր և ուժեղ։ Նույն ձևով, երբ մենք և մեր նոր ընկերներն իսկապես միավորվում ենք, Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին դառնում է ավելի ուժեղ և կայուն: Ես և իմ սիրելի Ռոզանան այնքան շնորհակալ ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնել են մեզ մի քանի տարի առաջ խառնվել այս նոր գետին, երբ մեր հայրենիք Բրազիլիայում ընդունեցինք Հիսուս Քրիստոսի ավետարանը: Տարիների ընթացքում այդ հրաշալի մարդիկ իսկապես սպասավորել են մեզ և օգնել են մեզ անընդհատ հոսել արդարությամբ: Մենք շատ երախտապարտ ենք նրանց համար:

Արևմտյան կիսագնդի մարգարեները լավ գիտեին, թե ինչպես կարելի է նոր ընկերներին օգնել հավատարմորեն միասին հոսել դեպի հավերժական կյանք տանող բարության այս նոր գետը: Օրինակ, տեսնելով մեր օրերը և իմանալով, որ կհանդիպենք նմանատիպ դժվարությունների,13 Մորմոնի Գրքում Մորոնին գրել է այդ կարևոր քայլերից մի քանիսը.

«Եվ հետո, երբ նրանք մկրտության էին ընդունվում, և ներգործվում ու մաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ, նրանք համարվում էին Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում. և նրանց անունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, շարունակ պահելու նրանց արթուն աղոթքում, ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը նրանց հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր:

Եվ եկեղեցին հաճախ հավաքվում էր՝ ծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, իրենց հոգիների բարօրության վերաբերյալ»։14

Տիրոջ աշխատանքի իմ սիրելի՛ գործընկերներ, հավատում եմ, որ կարող ենք և պետք է անենք ավելին՝ ողջունելու նոր ընկերներին Եկեղեցում: Ես ձեզ հրավիրում եմ մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ավելի հանդուրժող, ընդունող և օգտակար լինենք նրանց՝ սկսած այս կիրակի օրվանից: Ուշադիր եղեք, որ ձեր Եկեղեցու հանձնարարությունները չխանգարեն ձեզ ողջունել նոր ընկերներին Եկեղեցու ժողովների և միջոցառումների ժամանակ: Ի վերջո, այդ հոգիները թանկ են Աստծո աչքում և շատ ավելի կարևոր են, քան ծրագրերը և միջոցառումները: Եթե մեր նոր ընկերներին սպասավորենք Փրկիչի մաքուր սիրով լցված սրտերով, ես Նրա անունից խոստանում եմ ձեզ, որ Նա կօգնի մեր ջանքերում: Եթե Փրկիչի նման լինենք հավատարիմ սպասավորներ, մեր նոր ընկերները կստանան այն օգնությունը, որի շնորհիվ նրանք մինչև վերջ կմնան ուժեղ, նվիրված և հավատարիմ։ Երբ դառնանք Աստծո հզոր ժողովուրդ, նրանք կմիանան մեզ, և կօգնեն քաղցրահամ ջուր մատակարարել աշխարհին, որին անհապաղ անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները։ Աստծո այդ զավակները կզգան, որ նրանք «Այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեն, այլ սուրբերի հետ քաղաքացիներ են»։15 Ես խոստանում եմ ձեզ, որ նրանք կզգան մեր Փրկիչի, Հիսուս Քրիստոսի ներկայությունն Իր Եկեղեցում։ Որպես գետ, նրանք կշարունակեն մեզ հետ հոսել դեպի ամեն բարության աղբյուրը, մինչև որ գրկեն Տեր Հիսուս Քրիստոսին և լսեն Հորն ասելիս՝ «Դուք կունենաք հավերժական կյանք»։16

Ես հրավիրում եմ փնտրել Տիրոջ օգնությունը՝ սիրել ուրիշներին, ինչպես Նա սիրեց ձեզ։ Թող բոլորը հետևեն Մորմոնի խորհրդին. «Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ և [քույրեր], աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։17 Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: