2018
Անշահախնդիր ծառայության ուրախությունը
Նոյեմբեր 2018


Անշահախնդիր ծառայության ուրախությունը

Մենք խոստացել ենք մեր Երկնային Հորը, որ մենք սիրով կծառայենք Նրան և ուրիշներին ու կկատարենք Նրա կամքը բոլոր բաներում։

Վերջին գերագույն համաժողովից հետո շատերն են մոտեցել ինձ նույն հարցով․ «Այդ աթոռները հարմարավե՞տ են»։ Ամեն անգամ ես տվել եմ նույն պատասխանը․ «Այդ աթոռները շատ հարմարավետ են, եթե կարիք չկա խոսելու»։ Դա այդպես է, չէ՞։ Այս համաժողովին իմ աթոռն այդքան էլ հարմարավետ չէր, սակայն ես իսկապես երախտապարտ եմ այս երեկո ձեզ հետ խոսելու օրհնության և պատվի համար։

Երբեմն ծառայելու ընթացքում մեզ հնարավորություն է տրվում նստելու տարբեր աթոռների։ Մի քանիսը շատ հարմարավետ են, մյուսներն էլ ոչ, սակայն մենք խոստացել ենք մեր Երկնային Հորը, որ մենք սիրով կծառայենք Նրան և ուրիշներին ու կկատարենք Նրա կամքը բոլոր բաներում։

Մի քանի տարի առաջ Եկեղեցու երիտասարդները սովորեցին, որ «երբ դուք «մտնում եք Աստծո ծառայության մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 4․2], դուք միանում եք երբևէ կատարած ամենահիանալի ճամփորդությանը։ Դուք օգնում եք Աստծուն արագացնել Իր աշխատանքը, և դա մեծ, ուրախ և հրաշալի փորձառություն է»։1 Այդ ճամփորդությունը մատչելի է բոլորին, ցանկացած տարիքի համար, այն նաև ճամփորդություն է, որը տանում է մեզ, ինչպես մեր սիրելի մարգարեն է ասել, «ուխտի ուղիով»։2

Ինչևէ, ցավոք մենք ապրում ենք եսասեր աշխարհում, որտեղ մարդիկ շարունակ հարցնում են՝ «Ի՞նչ կա այնտեղ ինձ համար», փոխանակ հարցնեն՝ «Ո՞ւմ կարող եմ ես օգնել այսօր» կամ «Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ծառայել Տիրոջը իմ կոչման մեջ» կամ «Արդյո՞ք ես իմ ողջ ունեցածը տալիս եմ Տիրոջը»։

Նկար
Քույր և Եղբայր Անտոնիետի
Նկար
Վիկտորիա Անտոնիետի

Իմ կյանքում անշահախնդիր ծառայության մի հրաշալի օրինակ է Քույր Վիկտորիա Անտոնիետին։ Վիկտորիան իմ ճյուղի Երեխաների Միության ուսուցիչներից մեկն էր, երբ մանուկ հասակում ես ապրում էի Արգենտինայում։ Ամեն երեքշաբթի, երբ մենք հավաքվում էինք Երեխաների Միությունում, նա մեզ համար շոկոլադե տորթ էր բերում։ Բոլորը սիրում էին այդ տորթը, բոլորը, բացի ինձանից։ Ես տանել չէի կարողանում շոկոլադե տորթը։ Եվ չնայած նա փորձում էր հյուրասիրել ինձ, ես միշտ հրաժարվում էի։

Մի օր, երբ նա հյուրասիրել էր մնացած երեխաներին, ես հարցրի նրան․ «Ինչո՞ւ չեք բերում մեկ ուրիշ համով տորթ, օրինակ նարինջով կամ վանիլային»։

Նա ժպտալով հարցրեց ինձ․ «Ինչո՞ւ դու չես փորձում մի փոքր կտոր։ Այս տորթը պատրաստված է հատուկ բաղադրիչով, և ես խոստանում եմ, որ եթե դու փորձես, այն քեզ դուր կգա»։

Ես նայեցի շուրջս, և ի զարմանս ինձ, բոլորը կարծես վայելում էին տորթը։ Ես համաձայնվեցի փորձել: Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ տեղի ունեցավ։ Այն ինձ դուր եկավ Ես առաջին անգամ էի վայելում շոկոլադե տորթ։

Միայն տարիներ անց ես բացահայտեցի Քույր Անտոնիետի շոկոլադե տորթի գաղտնի բաղադրիչը։ Իմ երեխաների հետ ես ամեն շաբաթ այցելում էի մորս։ Այցելություններից մեկի ժամանակ մայրս ու ես վայելում էինք շոկոլադե տորթ, և ես պատմեցի նրան, թե ինչպես սկսեցի սիրել այդ տորթը։ Այդ ժամանակ նա լուսաբանեց ինձ այս պատմության մնացած մասը։

«Գիտես, Քրիս,- ասաց մայրս,- Վիկտորիան և նրա ընտանիքը մեծ միջոցներ չունեին, և ամեն շաբաթ նա պետք է ընտրեր իր և իր չորս երեխաների ավտոբուսի համար վճարելու կամ Երեխաների Միության իր դասարանի համար շոկոլադե տորթ պատրաստելու բաղադրիչներ գնելու միջև։ Նա միշտ ընտրում էր շոկոլադե տորթը, և նա իր երեխաների հետ քայլում էր ավելի քան երկու մղոն [3 կմ] յուրաքանչյուր ուղղությամբ՝ անկախ եղանակից»։

Այդ օրը ես ավելի մեծ երախտագիտություն զգացի նրա շոկոլադե տորթի համար։ Ամենից կարևորն այն է, որ ես իմացա, որ Վիկտորիայի տորթի գաղտնի բաղադրիչը սերն էր, որ նա ուներ նրանց հանդեպ, ում ծառայում էր, և մեզ մատուցված նրա անշահախնդիր ծառայությունը։

Վիկտորիայի տորթի մասին մտածելն օգնում է ինձ հիշել անշահախնդիր զոհաբերության հավերժական դասերի մասին, որ Տերն ուսուցանեց Իր աշակերտներին, երբ Նա անցնում էր տաճարի գանձանակի կողքով։ Դուք գիտեք պատմությունը։ Երեց Ջեյմս Ի․ Թալմիջն ուսուցանել է, որ այնտեղ կային 13 գանձանակներ, «և դրանց մեջ մարդիկ գցում էին իրենց նվիրատվությունները [տարբեր] նպատակներով, որոնք նշված էին արկղերի վրա»։ Հիսուսը նայում էր նվիրատուների հերթերին, որոնք կազմված էին տարբեր մարդկանցից։ Ոմանք նվիրատվություն էին կատարում «անկեղծ նպատակով», մինչ մյուսները գցում էին «մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի», հուսալով, որ իրենց կտեսնեն, կնկատեն և կփառաբանեն իրենց նվիրատվությունների համար։

«Շատերի մեջ կար մի աղքատ որբևայրի, ով … գանձանակներից մեկի մեջ գցեց երկու փոքրիկ բրոնզե մետաղադրամ, որոնք հայտնի էին որպես լումա․ նրա նվիրատվությունը կազմում էր ավելի քիչ, քան ամերիկյան սենթի կեսը։ Տերը կանչեց Իր աշակերտներին, նրանց ուշադրությունը հրավիրեց աղքատ որբևայրու և նրա արարքի վրա և ասաց․ «Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։ Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը» [Մարկոս 12․43–44]»։3

Նկար
Այրի կնոջ լումաները

Որբևայրին կարծես կարևոր դիրք չէր զբաղեցնում իր ժամանակի հասարակության մեջ։ Իրականում նա ուներ ավելի կարևոր մի բան, նրա մտադրությունները մաքուր էին, և նա տվեց ամեն բան, որ ուներ տալու։ Հավանաբար նա տվեց ավելի քիչ, քան ուրիշները, ավելի լուռ, քան ուրիշները, այլ կերպ, քան ուրիշները։ Ոմանց կարծիքով նրա տվածը մեծ բան չէր, սակայն «սրտի խորհուրդներն ու մտադրությունները զանազանող»4 Փրկիչի կարծիքով նա տվեց իր ողջ ունեցածը։

Քույրե՛ր, արդյո՞ք մենք տալիս ենք Տիրոջն ամեն բան առանց հապաղելու։ Արդյո՞ք մենք զոհաբերում ենք մեր ժամանակն ու տաղանդները, որպեսզի աճող սերունդը կարողանա սովորել սիրել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները։ Արդյո՞ք մենք հոգատարությամբ և ջանասիրությամբ ծառայում ենք թե՛ մեր շրջապատին, և թե՛ նրանց, ում հանձնարարել են, զոհաբերելով ժամանակ և ջանքեր, որոնք կարող էին այլ բաների վրա ծախսվել։ Արդյո՞ք մենք պահում ենք երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել Նրա զավակներին։5 Հաճախ այդ սերն արտացոլվում է ծառայության մեջ։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Մեր Փրկիչը նվիրվեց անձնատուր ծառայությանը։ Նա սովորեցնում էր, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հետևի Իրեն, հրաժարվելով իր եսասեր շահերից և ծառայելով ուրիշներին»։

Նա շարունակել է.

«Ուրիշներին ինքնամոռաց ծառայելու ծանոթ օրինակ է ծնողների զոհաբերությունն իրենց երեխաների համար: … Երեխաներ ունենալու և մեծացնելու համար մայրերը կրում են ցավ և անտեսում անձնական առաջնահերթություններն ու հարմարավետությունը։ Հայրերը իրենց կյանքը և առաջնահերթությունները հարմարեցնում են ընտանիք պահելու համար։ …

… Մենք նաև ուրախանում ենք նրանցով, ովքեր հոգ են տանում ընտանիքի հաշմանդամ անդամների և իրենց մեծահասակ ծնողների համար։ Այս ծառայություններից ոչ մեկը չի հարցնում․ «Իսկ ի՞նչ կա ինձ համար»: Այդ ամենը պահանջում է մի կողմ դնել անձնական հարմարությունը և կատարել անձնատուր ծառայություն։ …

Այս ամենը լուսաբանում է հավերժական սկզբունքը, որ մենք ավելի երջանիկ և բավարարված կզգանք մեզ, երբ գործենք և ծառայենք ոչ թե ստանալու, այլ տալու նպատակով։

Մեր Փրկիչը մեզ սովորեցնում է հետևել Իրեն, կատարելով զոհաբերություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մենք մեզ կորցնենք մյուսներին անձնատուր ծառայության մեջ»։6

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը նույնպես ուսուցանել է, որ «թերևս երբ մենք դեմ առ դեմ հանդիպենք մեր Արարչին, մեզ չեն հարցնի՝ «Քանի՞ պաշտոն եք դուք զբաղեցրել», այլ փոխարենը կհարցնեն՝ «Քանի՞ մարդու եք դուք օգնել»։ Իրականում դուք երբեք չենք կարող իսկապես սիրել Տիրոջը, մինչև չծառայենք Նրան ուրիշներին ծառայելու միջոցով»։7

Այլ կերպ ասած, քույրեր, նշանակություն չունի, ժողովի ժամանակ մենք նստել ենք հարմարավետ, թե վերջին շարքում գտնվող ժանգոտած ծալովի անհարմարավետ աթոռի վրա։ Նույնիսկ կարևոր չէ, եթե անհրաժեշտությունից ելնելով մենք դուրս ենք եկել միջանցք՝ լացող մանկանը հանգստացնելու համար։ Կարևորն այն է, որ մենք եկել ենք ծառայելու ցանկությամբ, որ մենք նկատել ենք նրանց, ում ծառայում ենք և ուրախ ողջունել ենք նրանց և որ մենք ներկայացել ենք նրանց, ովքեր մեզ հետ նստած են մեր շարքի ծալովի աթոռներին, ընկերանալով նրանց հետ, չնայած, որ մեզ հանձնարարված չէ ծառայել նրանց։ Եվ անշուշտ կարևոր կլինի, որ մենք ամեն բան անենք ծառայության յուրահատուկ բաղադրիչով՝ զուգորդված սիրով և զոհաբերությամբ։

Ես հասկացել եմ, որ պարտադիր չէ, որ մենք շոկոլադե տորթ պատրաստենք Երեխաների Միության հաջողակ կամ նվիրված ուսուցիչ լինելու համար, քանի որ հարցը քաղցրավենիքի մեջ չէր։ Կարևորը արարքի հետևում գտնվող սերն էր։

Ես վկայում եմ, որ այդ սերը սրբագործվել է զոհաբերության շնորհիվ, ուսուցչի զոհաբերության և նույնիսկ ավելի Աստծո Որդու վերջին և հավերժական զոհաբերության շնորհիվ։ Ես վկայում եմ, որ Նա ապրում է: Ես սիրում եմ նրան և ցանկանում հեռացնել եսասեր ցանկությունները, որպեսզի կարողանամ սիրել և ծառայել Նրա նման։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: