2018
Մի խռովվեք
Նոյեմբեր 2018


Մի խռովվեք

Լավատես եղեք, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Այո, մենք ապրում ենք «չար ժամանակներում», բայց երբ կանգնում ենք ուխտի արահետին, մենք չպիտի վախենանք:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը Նախագահ Նելսոնի և Երեց Քուքի ուղերձներին Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի խորհրդի ներդաշնակության և համաձայնության մասին: Ես գիտեմ, որ այս բացահայտող հայտարարությունները Տիրոջ մտքի ու կամքի համաձայն են և կօրհնեն ու կզորացնեն անհատներին, ընտանիքներին և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գալիք շատ սերունդների համար:

Մի քանի տարի առաջ մեր նորապսակ դուստրը և նրա ամուսինը ինձ և Քույր Ռասբանդին մի շատ կարևոր հարց տվեցին. «Մի՞թե դեռևս ապահով և խելամիտ է երեխաներ ունենալ այս ամբարիշտ և վախեցնող աշխարհում, որտեղ մենք ապրում ենք»:

Այժմ, մոր և հոր համար կարևոր էր քննարկել այդ հարցը իրենց սիրելի ամուսնացած զավակների հետ: Մենք վախ զգացինք նրանց ձայնի մեջ, վախ զգացինք նաև նրանց սրտերում: Նրանց տրված մեր պատասխանը վճռական «Այո, ավելի քան այո» էր, մինչ մենք կիսվում էինք ավետարանի հիմնարար ուսմունքներով, մեր անկեղծ տպավորություններով և կյանքի փորձառություններով:

Վախը նոր երևույթ չէ։ Հիսուս Քրիստոսի աշակերտները Գալիլեայի ծովում նույնպես վախենում էին «քամու[ց] եւ ալիքներ[ից]»:1 Որպես նրա աշակերտներ, մենք նույնպես վախեր ունենք: Մեր չափահաս ամուրիները վախենում են պարտավորություններ ստանձնելուց, ինչպես օրինակ՝ ամուսնությունից: Մեր զավակների նման, նորապսակները կարող են վախենալ երեխաներ ունենալուց հարաճուն չարացող աշխարհում: Միսիոներները վախենում են շատ բաներից, հատկապես, անծանոթների հետ խոսելուց: Այրիները վախենում են միայնակ ապրելուց: Դեռահասները վախենում են իրենց հասակակիցների կողմից ընդունված չլինելուց, տարրական դասարանի աշակերտները վախենում են դպրոցի առաջին օրվանից, համալսարանի ուսանողները վախենում են թեստի արդյունքները ստանալուց: Մենք վախենում ենք ձախողումից, մերժումից, հիասթափությունից և անհայտությունից: Մենք վախենում ենք փոթորիկներից, երկրաշարժերից, հրդեհներից, որոնք կործանում են երկիրն ու մեր կյանքը: Մենք վախենում ենք, երբ մեզ չեն ընտրում, մեկ այլ իրավիճակում վախենում ենք, որ մեզ կընտրեն: Վախենում ենք, որ բավականաչափ լավը չենք լինի, վախենում ենք, որ Տերը մեզ համար օրհնություններ չունի: Մենք վախենում ենք փոփոխությունից և մեր վախերը կարող են վերածվել խուճապի: Արդյո՞ք ես ընդգրկեցի բոլորին:

Հին ժամանակներից սկսած, վախը սահմանափակել է Աստծո զավակների հեռանկարը: Ես միշտ սիրել եմ Եղիսեի պատմությունը Բ Թագավորաց գրքում։ Ասորիների թագավորը բանակ էր ուղարկել, որոնք «գիշերը եկան ու քաղաքը պաշարեցին»2 Նրանց նպատակն էր գերեվարել և սպանել Եղիսե մարգարեին: Մենք կարդում ենք.

«Եւ Աստուծոյ մարդի ծառան առաւօտանց կանուխ վեր կացաւ եւ դուրսը եկաւ, եւ ահա զօրքը պատել էր քաղաքը՝ նաեւ ձիերն ու կառքերը: Եւ նորա ծառան ասեց նորան. Վա՜յ, տէր իմ, ի՞նչ անենք»:3

Նա վախեցած էր խոսում:

«Եվ [Եղիսեն] ասեց. Մի վախենար. Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»:4

Բայց նա այդտեղ կանգ չառավ:

«Բայց Եղիսէն աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ով Տէր, սորանց աչքերը բաց որ տեսնեն։ Եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ, եւ ահա սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով Եղիսէի շուրջը»:5

Մենք կարող ենք չունենալ հրեղեն կառքեր, որ ուղարկված են թեթևացնելու մեր վախերը և հաղթելու մեր դևերին, բայց դասը պարզ է: Տերը մեզ հետ է, մտածում է մեր մասին և օրհնում է մեզ այնպիսի եղանակներով, որ միայն Նա կարող է անել: Աղոթքը կարող է օժտել զորությամբ և հասանելի դարձնել հայտնությունը, որն անհրաժեշտ է մեզ մեր մտքերը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության վրա կենտրոնացնելու համար: Տերը գիտե, որ մենք երբեմն վախեր ենք ունենում: Ես նույնպես վախեցել եմ որոշակի իրավիճակներում, և դուք նույնպես, ահա ինչու սուրբ գրությունները լի են Տիրոջ խորհուրդներով.

«Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք»:6

«Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:7

«Մի վախեցիր փոքր հոտ»:8 Սիրում եմ այս քնքուշ արտահայտությունը՝ «փոքր հոտ»: Հնարավոր է մենք թվով շատ չենք, որպեսզի մեր ազդեցությունը նշանակալից լինի այս աշխարհում, բայց երբ մենք բացում ենք մեր հոգևոր աչքերը, ապա «մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»։9 Մեր սիրառատ Հովիվը՝ Հիսուս Քրիստոսը, այնուհետև շարունակում է. «Թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել»:10

Ինչպե՞ս ցրել վախը: Երիտասարդ տղայի համար այսպես էր՝ նա կանգնած էր Եղիսեի կողքին, ով Աստծո մարգարեն էր: Մենք ունենք այս նույն խոստումը: Երբ մենք լսում ենք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, երբ մենք ականջ ենք դնում նրա խորհրդին, մենք կանգնում ենք Աստծո մարգարեի հետ: Հիշեք Ջոզեֆ Սմիթի խոսքերը. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ նա ապրո՛ւմ է»:11 Հիսուս Քրիստոսն ապրում է: Նրա ու Նրա ավետարանի հանդեպ մեր սերը ցրում է վախը:

«Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենալու» մեր ցանկությունը12 կհեռացնի վախը մահկանացու կյանքի ավելի մեծ հավերժական տեսադաշտի համար: Նախագահ Նելսոնը նախազգուշացրել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:13

Խարազանների վերաբերյալ, որոնք կպատեն երկիրը ու կկարծրացնեն շատերի սրտերը, Տերն ասել է «Իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»:14

Իսկ հետո տրվում է այս աստվածային խորհուրդը՝ «Եվ ես ասացի նրանց. Մի՛ խռովվեք, քանզի, երբ բոլոր այս բաները տեղի ունենան, դուք կարող եք իմանալ, որ խոստումները, որոնք տրվել էին ձեզ, կկատարվեն»:15

Կանգնեք սուրբ տեղերում, մի խռովվեք, և խոստումները կկատարվեն: Եկեք դիտարկենք սրանցից յուրաքանչյուրը՝ ձեր վախերի հետ կապված։

Նախ, կանգնեք սուրբ տեղերում: Երբ մենք կանգնում ենք սուրբ տեղերում մեր արդար տներում, մեր նվիրագործված ժողովատներում, մեր սրբագործված տաճարներում, մենք զգում ենք Տիրոջ Հոգին մեզ հետ: Մենք գտնում ենք հարցերի պատասխանները, որոնք անհանգստացնում են մեզ, կամ գտնում ենք խաղաղություն՝ պարզապես դադարելով անհանգստանալ դրանց համար: Դա Հոգին է գործողության մեջ։ Այս սուրբ տեղերը երկրի վրա Աստծո արքայության մեջ պահանջում են մեր ակնածանքը, մեր հարգանքը ուրիշների հանդեպ, ավետարանով ապրող մեր լավագույն եսը և մեր հույսերը, որպեսզի անտեսենք մեր վախերը և փնտրենք Հիսուս Քրիստոսի բժշկող զորությունը Նրա Քավության միջոցով:

Աստծո այս սուրբ տեղերում և Նրա զավակների սրտերում տեղ չկա վախի համար: Ինչո՞ւ: Սիրո շնորհիվ: Աստված միշտ սիրում է մեզ և մենք սիրում ենք նրան: Մեր սերը Աստծո հանդեպ ժխտում է բոլոր վախերը, իսկ Նրա սերը առատությամբ է լցնում սուրբ տեղերը: Մտածեք այդ մասին: Երբ մենք անվստահ ենք Տիրոջ հանդեպ մեր հանձնառություններում, երբ շեղվում ենք դեպի հավերժական կյանք տանող Նրա ճանապարհից, երբ կասկածի տակ ենք դնում մեր նշանակությունը Նրա աստվածային ծրագրում, երբ թույլ ենք տալիս, որ վախը բացի բոլոր դռները հուսահատության, բարկության, ձախորդության ու հիասթափության առջև, այդժամ Հոգին լքում է մեզ, և մենք մնում ենք առանց Տիրոջ աջակցության: Եթե դուք գիտեք, թե դա ինչպես է լինում, ուրեմն գիտեք, որ դա լավ տեղ չէ գտնվելու համար: Փոխարենը, երբ մենք կանգնում ենք սուրբ տեղերում, կարող ենք զգալ Աստծո սերը, «քանզի կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ»:16

Հաջորդ խոստումն է՝ «Մի՛ խռովվեք»:17 Անկախ այն բանից, թե որքան շատ են ամբարշտությունն ու քաոսն աշխարհում, մեզ խոստացվել է «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է», եթե մենք հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսին:18 Եվ երբ Քրիստոսը գա իր ողջ զորությամբ ու փառքով, չարը, խռովությունը և անարդարությունը կվերանան:

Շատ վաղուց Պողոս Առաքյալը մարգարեացել է մեր ժամանակների մասին՝ ասելով երիտասարդ Տիմոթեոսին.

«Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։

Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհընազանդ, ապերախտ, անսուրբ,

… աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր»:19

Հիշեք, որ վարագույրի երկու կողմերում «մեզ հետ եղողները», ովքեր սիրում են Տիրոջը իրենց ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, ավելի «շատ են քան թէ նորանց հետ եղողները»:20 Եթե մենք վստահում ենք Տիրոջը և նրա ուղիներին, եթե մենք եռանդունորեն ընդգրկված ենք Նրա աշխատանքում, մենք չենք վախենա աշխարհի փոփոխություններից և չենք մտահոգվի դրանցով: Ես խնդրում եմ ձեզ անտեսել աշխարհիկ ազդեցություններն ու մտահոգությունները և հոգևորություն փնտրել ձեր առօրյա կյանքում: Սիրեք այն, ինչ Տերն է սիրում, որը ներառում է՝ Նրա պատվիրանները, Նրա սուրբ տները, Նրա հետ կապած մեր սուրբ ուխտերը, հաղորդությունը ամեն Հանգստության օրը, մեր հաղորդակցությունը աղոթքի միջոցով, և դուք երբեք չեք անհանգստանա:

Վերջին խորհուրդը. Վստահեք Տիրոջը և Նրա խոստումներին: Ես գիտեմ, որ Նրա խոստումները կիրականանան: Ես գիտեմ դա այնքան հաստատ, որքանով որ կանգնած եմ ձեր առջև այս սուրբ ժողովին:

Տերը հայտնությամբ ասել է. «Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը»:21

Ահա թե ինչու մեզ չպիտի անհանգստացնի այս օրերի խառնաշփոթը, որը ստեղծվում է մեծ ու ընդարձակ շենքում գտնվողների կողմից, նրանց կողմից, ովքեր ծաղրում են ազնիվ ջանքերը և Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված ծառայությունը: Լավատեսությունը, քաջությունը, նույնիսկ գթությունը գալիս են այն սրտից, որը ծանրաբեռնված չէ անհանգստություններով ու խառնաշփոթով: Նախագահ Նելսոնը, ով «լավատես է ապագայի վերաբերյալ», հիշեցրել է մեզ. «Եթե պիտի որևէ հույս ունենանք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղել ճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ»:22

Անձնական հայտնություն ստանալու համար մենք պետք է առաջնահերթությունը տանք ավետարանով ապրելուն և խրախուսենք հավատարմությունն ու հոգևորությունը՝ թե՛ մեր, թե՛ ուրիշների մեջ:

Սպենսեր Վ. Քիմբալն իմ պատանեկության տարիների մարգարեներից մեկն էր: Առաքյալ կանչվելուց հետո վերջին մի քանի տարիների ընթացքում ես խաղաղություն գտա նրա առաջին ելույթի մեջ, որը նա տվել էր 1943թ. գերագույն համաժողովին: Նա ամբողջովին տոգորված էր իր կոչումով, և ես գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Երեց Քիմբալն ասել է. «Ես շատ մտածեցի, աղոթեցի, ծոմ պահեցի և աղոթեցի: Կային հակասական մտքեր, որոնց մասին ես չէի կարող չմտածել, թվում էր՝ ձայներն ասում էին. «Դու չես կարող կատարել այդ աշխատանքը: Դու արժանավոր չես: Դու չունես այդ կարողությունը», բայց վերջում միշտ գալիս էր հաղթական միտքը. «Դու պետք է կատարես հանձնարարված աշխատանքը, պետք է դառնաս կարողունակ, արժանավոր և կատարելագործված»: Եվ պայքարը թեժանում էր»:23

Ես քաջալերվեցի այս Առաքյլալի անկեղծ վկայությունից, ով այնուհետև դարձավ այս հզոր Եկեղեցու 12-րդ նախագահը: Նա հասկացավ, որ պետք է հետևում թողնի իր վախերը «որպեսզի կատարի հանձնարարված աշխատանքը» և զորության համար պետք է ապավինի Տիրոջը, որպեսզի դառնա «կարողունակ, արժանավոր և կատարելագործված»: Մենք նույնպես կարող եք: Պայքարը դեռ կշարունակվի, բայց մենք կբախվենք դրանց Տիրոջ Հոգով: Մենք «չենք խռովվի», քանի որ երբ կանգնում ենք Տիրոջ կողքին, և պաշտպանում ենք Նրա հավերժական ծրագիրը, մենք կանգնում ենք սուրբ հողին:

Այժմ, ինչ եղավ այդ դստեր և նրա ամուսնու հետ, ովքեր տվեցին այդ անկեղծ, մանրամասն ու վախկոտ հարցը տարիներ առաջ: Նրանք լրջորեն քննարկեցին մեր հարցազրույցը այդ երեկո, աղոթեցին, ծոմ պահեցին և հանգեցին իրենց սեփական եզրակացությանը: Ի երջանկություն և ուրախություն իրենց և մեզ, հիմա նրանք օրհնված են յոթ հրաշալի զավակներով և առաջ են ընթանում հավատով ու սիրով:

Նկար
Երեց և Քույր Ռասբանդների յոթ թոռները

Լավատես եղեք, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Այո, մենք ապրում ենք «չար ժամանակներում», բայց երբ կանգնում ենք ուխտի արահետին, մենք չպիտի վախենանք: Ես օրհնում եմ ձեզ, որ երբ դուք այդպես վարվեք, ձեզ չեն անհանգստացնի այն իրադարձությունները, որոնք կատարվում են ձեր շուրջը կամ դժվարությունները, որոնք հանդիպում են ձեր ճանապարհին: Ես օրհնում եմ ձեզ, որ դուք ընտրեք կանգնել սուրբ տեղերում և «չշարժվեք»: Ես օրհնում եմ ձեզ, որ դուք հավատաք Հիսուս Քրիստոսի խոստումներին, որ Նա ապրում է, Նա հսկում է մեզ, հոգ է տանում մեր մասին և կանգնած է մեր կողքին: Մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: