2018
Երեց Բրուք Պ. Հեյլս
Նոյեմբեր 2018


Երեց Բրուք Պ. Հեյլս

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երեց Բրուք Պ. Հեյլսը ութ կամ ինը տարեկան էր, երբ մասնակցում էր ծոմի և վկայության մի ժողովի, որտեղ նրա հայրը ղեկավարող եպիսկոպոսն էր: Նրա հայրը հրավիրեց հավաքվածներին բերել իրենց վկայությունները, և գրեթե բոլոր ներկա գտնվողները վկայություն բերեցին: «Թերևս դա առաջին անգամն էր, երբ ես զգացի, որ Հոգին վկայում է ինձ ավետարանի ճշմարտացիության մասին», - հիշում է Երեց Հեյլսը:

Դրանից հետո նա զգացել է այդ վկայությունը բազմաթիվ անգամներ, հատկապես 2008 թվականից ի վեր, երբ ծառայել է որպես Առաջին Նախագահության քարտուղար: Երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաստատվել էր որպես մարգարե և Եկեղեցու Նախագահ, և կրկին, երբ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն էր հաստատվել, նա վկայել է, որ «մարգարեի թիկնոցը այս տղամարդկանցից յուրաքանչյուրի վրա է, և ես անկասկած գիտեմ, որ նրանք ընտրվել և կանչվել են որպես Եկեղեցու Նախագահ իրենց հատուկ ժամանակահատվածի համար»:

Երեց Հեյլսը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է կանչվել 2018թ. մայիսի 17-ին և հաստատվել է՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին: Նա կշարունակի լինել Առաջին Նախագահության քարտուղարը:

Երեց Հեյլսը ծնվել է Օգդենում (Յուտա, ԱՄՆ) 1956թ. ապրիլի 7-ին, Կլի և Գլենն Ֆիլիպ Հեյլսերի ընտանիքում: 1980 թվականին նա ստացել է բանկային և ֆինանսական աստիճան Վեբերի պետական քոլեջում (այժմ` Վեբերի Պետական Համալսարան): Ավարտելուց հետո նա աշխատել է առևտրային բանկերի ոլորտում և Եկեղեցու Ֆինանսների ու գրանցումների բաժնում: 1981թ. նա ամուսնացել է Դենիզ Այմլեյ Հեյլսի հետ և նրանք ունեն չորս զավակներ: Երեց Հեյլսը ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Ֆրանսիայի Փարիզ միսիայում, որպես եպիսկոպոսության խորհրդական, քահանայապետերի խմբի ղեկավար, եպիսկոպոս, ցցի նախագահ, քահանայության երգեհոնահար, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և տաճարում՝ որպես կնքող:

Իր պատանեկության այդ օրը Երեց Հեյլսը չբերեց իր վկայությունը: Սակայն նրա վկայությունն ավելի ամուր է դարձել այդ օրվանից ի վեր: «Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Աստված սիրում է մեզ կատարելապես և ցանկանում է օրհնել մեզ, Հիսուսը մեր Փրկիչն է, և մենք օրհնված ենք, ունենալով Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, երբ արժանի ենք»,- ասում է նա: