2018
Ճշմարտությունը և ծրագիրը
Նոյեմբեր 2018


Ճշմարտությունը և ծրագիրը

Երբ կրոնի մասին ճշմարտություն ենք փնտրում, պետք է օգտագործենք այդ որոնմանը համապատասխան հոգևոր մեթոդներ:

Ժամանակակից հայտնությունը ճշմարտությունը սահմանում է որպես․ «գիտություն բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (ՎևՈւ 93․24)։ Դա կատարյալ սահմանում է փրկության ծրագրի և «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի համար։

Մենք ապրում ենք մեծ տարածում ունեցող տեղեկատվության դարում։ Բայց այդ տեղեկություններից ոչ բոլորն են ճշմարիտ։ Մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս։ Մենք չպետք է աշխարհիկ հռչակը կամ իշխանությունը համարենք ճշմարտության որակյալ աղբյուրներ։ Մենք պետք է զգույշ լինենք այն տեղեկատվությանը կամ խորհրդին վստահելիս, որոնք առաջարկում են ժամանցային աստղերը, հայտնի մարզիկները կամ համացանցի անանուն աղբյուրները: Մասնագիտական ունակությունը մեկ ոլորտում չի կարելի շփոթել մեկ այլ ոլորտում ճշմարտության մասին մասնագիտական ունակության հետ։

Պետք է նաև զգուշանալ, թե որն է տեղեկությունը տրամադրողի շարժառիթը։ Ահա թե ինչու են սուրբ գրությունները զգուշացնում քահանանենգության մասին (տես 2 Նեփի 26․29)։ Եթե աղբյուրը անանուն կամ անհայտ է, ապա տեղեկատվությունը նույնպես կարող է կասկածելի լինել։

Մեր անձնական որոշումները պետք է հիմնված լինեն այն աղբյուրների տվյալների վրա, որոնք առնչվում են թեմային և զերծ են եսասեր շարժառիթներից:

I.

Երբ կրոնի մասին ճշմարտություն ենք փնտրում, պետք է օգտագործենք այդ որոնմանը համապատասխան հոգևոր մեթոդներ. աղոթք, Սուրբ Հոգու վկայություն, սուրբ գրությունների ուսումնասիրություն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Ես միշտ տխրում եմ, երբ լսում եմ մի մարդու, ով պատմում է, որ աշխարհիկ ուսմունքների պատճառով կորցրել է կրոնական հավատքը: Այն մարդիկ, ովքեր մի անգամ հոգևոր տեսլական են ունեցել, կարող են տառապել իրենք իրենց հասցրած հոգևոր կուրությունից։ Ինչպես Նախագահ Հենրի Բ. Այրինգը ասել է․ «Նրանց խնդիրը նրանում չէ, որ իրենք կարծում են թե տեսնում են, այլ նրանում է, ինչ իրենք դեռ չեն կարող տեսնել»։1

Գիտության մեթոդները մեզ առաջնորդում են դեպի այն, ինչ մենք անվանում են գիտական ճշմարտություն: Սակայն, «գիտական ճշմարտությունը» ողջ կյանքը չէ։ Նրանք, ովքեր չեն սովորում «ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88․118), ճշմարտության մասին իրենց պատկերացումները սահմանափակում են նրանով, ինչը կարող են ստուգել գիտական միջոցներով։ Դա արհեստական սահմանափակումներ է առաջացնում ճշմարտությունը որոնելու նրանց ճանապարհին։

Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն ասել է․ «Նրանք, ովքեր [մկրտվել] են, իրենց հավերժական հոգին վտանգի են ենթարկում, երբ հետևում են միայն աշխարհիկ աղբյուրի ուսուցմանը։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի Քրիստոսի ավետարանի լրիվությունը, որի ավետարանը ճշմարտության և հավերժական գիտելիքի էությունն է»։2

Մենք ճշմարիտ և հարատև ուրախություն ենք գտնում, երբ իմանում և գործում ենք ըստ այն ճշմարտության, թե ովքեր ենք մենք, որն է մահկանացու կյանքի իմաստը և ուր ենք գնալու մահից հետո։ Այդ ճշմարտությունները հնարավոր չէ սովորել գիտական կամ աշխարհիկ մեթոդներով։

II.

Այժմ, ես կխոսեմ վերականգնված ավետարանի ճշմարտությունների մասին, որոնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետության հիմքն են կազմում։ Խնդրում եմ, ուշադիր ուսումնասիրեք հետևյալ ճշմարտությունները։ Դրանք շատ բան են բացատրում մեր վարդապետության և սովորույթների մասին, այդ թվում այնպիսի բաներ, որոնք դեռևս չեն հասկացվում։

Կա մի Աստված, ով սիրառատ Հայրն է բոլորի հոգիների, ովքեր երբևէ ապրել են կամ կապրեն։

Սեռը հավերժական է։ Երկրի վրա ծնվելուց առաջ մենք բոլորս ապրում էինք որպես արական կամ իգական սեռի հոգիներ Աստծո ներկայության մեջ։

Մենք նոր լսեցինք, թե ինչպես է Տաճարային Հրապարակի Թաբերնաքլի երգչախումբը երգում «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» օրհներգը:3 Դա Աստծո հաստատած ծրագիրն է, որ Նրա բոլոր հոգևոր զավակները կարողանան հավերժ զարգանալ։ Այդ ծրագիրը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար:

Համաձայն այդ ծրագրի, Աստված ստեղծել է այս Երկիրը, որտեղ Նրա սիրելի հոգևոր զավակները կարող են ծնվել մահկանացու կյանքում, որպեսզի ստանան ֆիզիկական մարմին և արդար ընտրություններ կատարելով հավերժական առաջընթացի հնարավորություն ունենան:

Որպեսզի այդ ամենում իմաստ լիներ, անհրաժեշտ էր, որ մահկանացու ընտրությունները կատարվեին բարու և չարի հակառակ ուժերի միջև։ Պետք է լիներ ընդդիմություն, այսինքն՝ հակառակորդ, ով ապստամբության պատճառով դուրս էր գցվել, թույլատրվել գայթակղել և փորձել Աստծո ժողովրդին, որպեսզի հակադրվեր Աստծո ծրագրին:

Աստծո ծրագրի նպատակն էր Իր զավակներին հնարավորություն տալ ընտրել հավերժական կյանքը։ Դրան կարելի էր հասնել միայն մահկանացու կյանքի փորձառության, իսկ մահից հետո՝ հոգևոր աշխարհում հետմահկանացու առաջընթացի շնորհիվ։

Մահկանացու կյանքի ընթացքում մենք բոլորս պետք է աղտոտվեինք մեղքի պատճառով, երբ ենթարկվեինք հակառակորդի չար գայթակղություններին և վերջապես մահանայինք։ Մենք ընդունեցինք, որ այդ դժվարությունները կլինեն ծրագրի մի մասը, վստահ լինելով, որ Աստված՝ մեր Հայրը, կուղարկի մի Փրկիչ` Նրա Միածին Որդուն, ով կփրկի մեզ համընդհանուր հարության միջոցով և մահից հետո կշնորհի մարմնավորված կյանք: Նաև, Փրկիչը պետք է քավություն ապահովեր, որպեսզի Իր սահմանած պայմաններով բոլորի համար վճարեր մեղքից մաքրվելու գինը։ Այդ պայմաններն էին՝ հավատք առ Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը և քահանայության իշխանությամբ կատարված այլ արարողությունները։

Աստծո երջանկության մեծ ծրագիրն ապահովում է կատարյալ հավասարակշռություն հավերժական արդարության և ողորմության միջև, որը մենք կարող ենք ձեռք բերել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այն նաև հնարավորություն է տալիս մեզ վերափոխվել և դառնալ նոր արարածներ Քրիստոսում:

Սիրառատ Աստված հասնում է մեզ բոլորիս։ Մենք գիտենք, որ Նրա սիրո և Նրա Միածին Որդու քավության շնորհիվ, «բոլոր մարդիկ կարող են փրկվել՝ հնազանդվելով Իր Ավետարանի օրենքներին և արարողություններին»: (Հավատո Հանգանակ 1․3, շեշտադրումն ավելացված է)։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտնի է որպես ընտանիքակենտրոն Եկեղեցի։ Բայց չի հասկացվում, որ ընտանիքի վրա մեր կենտրոնացումը չի կենտրոնանում պարզապես մահկանացու հարաբերությունների վրա: Հավերժական հարաբերությունները նույնպես հիմնարար են մեր հավատքի համար: «Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից»:4 Մեր սիրառատ Արարիչի մեծ ծրագրի համաձայն, Նրա վերականգնված Եկեղեցու առաքելությունն է՝ օգնել Աստծո զավակներին ձեռք բերել վեհացման գերբնական օրհնությունը սելեստիալ արքայությունում, որին կարելի է հասնել միայն տղամարդու և կնոջ միջև հավերժական ամուսնության շնորհիվ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1–3)։ Մենք հաստատում ենք Տիրոջ այն ուսմունքները, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի» և «տղամարդու և կնոջ ամուսնությունը հիմնական մասն է Նրա հավիտենական ծրագրի»։5

Ի վերջո, Աստծո սերն այնքան մեծ է, որ Նա փառքի ճակատագիր է տվել Իր բոլոր զավակներին, բացառությամբ այն մի քանիսի, ովքեր միտումնավոր դարձան կորուստի որդիներ: «Իր բոլոր զավակների» թվում են նաև բոլոր նրանք, ովքեր մահացել են։ Մենք նրանց համար փոխարինող արարողություններ ենք կատարում մեր տաճարներում։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու նպատակը Աստծո զավակներին փառքի ամենաբարձր աստիճանին արժանի դարձնելն է, որը վեհացումը կամ հավերժական կյանքն է: Նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ արժանի չեն դրան, Աստված տվել է այլ, ավելի փոքր փառքի թագավորություններ:

Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են այս հավերժական ճշմարտությունները, կհասկանան, թե ինչու ենք մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները, նման կերպ մտածում և վարվում։

III.

Այժմ, կնշեմ այդ հավերժական ճշմարտությունների որոշ կիրառումներ, որոնք կարելի հասկանալ միայն Աստծո ծրագրի լույսի ներքո։

Առաջինը, մենք պատվում ենք անհատի ազատ կամքը։ Շատերը տեղյակ են ամբողջ աշխարհում կրոնական ազատության խթանման վերականգնված Եկեղեցու կատարած մեծ ջանքերի մասին: Այդ ջանքերը նպաստում են ոչ միայն մեր սեփական շահերին, այլև, ըստ Նրա ծրագրի, ձգտում են օգնել Աստծո բոլոր զավակներին վայելել ընտրելու ազատությունը։

Երկրորդը, մենք միսիոներ ժողովուրդ ենք։ Երբեմն մեզ հարցնում են, թե ինչու ենք միսիոներներ ուղարկում այդքան շատ երկրներ, նույնիսկ քրիստոնեական բնակչության շրջաններ: Մենք նույն հարցն ենք ստանում, թե ինչու ենք միլիոնավոր դոլարների հասնող մարդասիրական օգնություն տրամադրում Եկեղեցու անդամ չհանդիսացող անձանց և ինչու այդ օգնությունը չենք համախմբում միսիոներական ջանքերի հետ: Մենք դա անում ենք, քանի որ մենք բոլոր մահկանացուներին հարգում ենք որպես Աստծո զավակներ, մեր եղբայրներ և քույրեր, և ցանկանում ենք մեր հոգևոր և աշխարհիկ առատությամբ կիսվել բոլորի հետ:

Երրորդը, մահկանացու կյանքը սուրբ է մեզ համար: Աստծո ծրագրին մեր նվիրվածությունը պահանջում է, որ մենք դեմ լինենք վիժեցմանը և էվթանազիային (գիտակցաբար վերջ դնել հիվանդի կյանքին)։

Չորրորդը, ոմանք անհանգստացած են ամուսնության և երեխաների մասին մեր Եկեղեցու ունեցած դիրքորոշմամբ։ Աստծո հայտնի դարձրած փրկության ծրագրի մասին մեր գիտելիքները պահանջում են, որ մենք հակառակվենք ներկայիս իրավական և սոցիալական ճնշումներին, որոնք վերաբերում են ավանդական ամուսնությունից նահանջելուն և այն փոփոխություններին, որոնք շփոթեցնում կամ վերափոխում են սեռը, կամ հավասարեցնում են տղամարդկանց և կանանց միջև սեռային տարբերությունները։ Մենք գիտենք, որ տղամարդկանց և կանանց հարաբերությունները, ինքնությունը և գործառույթները կարևոր են Աստծո մեծ ծրագիրն իրականացնելու համար:

Հինգերորդը, մենք նաև, առանձնահատուկ հեռանկար ունենք երեխաների համար։ Երեխաների լույս աշխարհ գալն ու դաստիարակությունը մենք համարում ենք Աստծո ծրագրի մասը և որպես հաճելի ու սրբազան պարտականություն նրանց համար, ում տրված է դրան մասնակցելու զորությունը։ Մեր կարծիքով, երկրի և երկնքի ամենամեծ գանձերը մեր երեխաներն ու մեր սերունդներն են: Հետևաբար, մենք պետք է ուսուցանենք և պայքարենք այն սկզբունքների և սովորույթների համար, որոնք լավագույն պայմաններն են ապահովում երեխաների, բոլոր երեխաների, զարգացման և երջանկության համար։

Վերջապես, Մենք Երկնային Հոր սիրելի զավակներն ենք, ով սովորեցրել է մեզ, որ արական ու իգական սեռը, տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը, և երեխաներ ծնելն ու դաստիարակելը կարևոր են Նրա երջանկության մեծ ծրագրում: Այս հիմունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաճախ հակադրվում են Եկեղեցուն: Մենք համարում ենք, որ դա անխուսափելի է։ Ընդդիմությունը ծրագրի մի մասն է, և սատանայի ամենաուժեղ ընդդիմությունն ուղղված է այն ամենին, ինչը կարևոր է Աստծո ծրագրի համար: Նա ձգտում է կործանել Աստծո աշխատանքը։ Նրա հիմնական մեթոդները Փրկիչին և Նրա աստվածային իշխանությունը վարկաբեկելն է, Հիսուս Քրիստոսի Քավության հետևանքները ջնջելն է, ապաշխարությունը խափանելն է, հայտնությունը կեղծելը և անձնական պատասխանատվությունը ժխտելն է: Նա նաև փորձում է խառնել սեռերը, խեղաթյուրել ամուսնությունը և խանգարել ծննդաբերություններին, հատկապես, այն ծնողների մոտ, ովքեր կմեծացնեն երեխաներին ճշմարտության մեջ։

IV.

Տիրոջ աշխատանքն առաջ է գնում, չնայած կազմակերպված և շարունակական ընդդիմությանը, որը դիմադրում է մեզ, երբ փորձում ենք կիրառել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքները։ Նրանց համար, ովքեր վարանում են այդ ընդդիմության ներքո, ես ունեմ այս առաջարկները։

Հիշեք ապաշխարության սկզբունքը, որը հնարավոր եղավ Հիսուս Քրիստոսի Քավության զորության շնորհիվ։ Ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն է հորդորել, մի եղեք նրանց թվում «ովքեր ավելի շուտ կփորձեն փոխել Եկեղեցին, քան իրենք կփոխվեն»։6

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հորդորել է.

«Ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք։

«Այս եկեղեցում այն, ինչ մենք գիտենք, միշտ ավելի կարևոր է նրանից, ինչ մենք չգիտենք»։ 7

Հավատք գործադրենք առ Տեր Հիսուս Քրիստոսը, որը ավետարանի առաջին սկզբունքն է։

Ի վերջո, օգնություն փնտրեք։ Մեր Եկեղեցու ղեկավարները սիրում են ձեզ և հոգևոր առաջնորդություն են փնտրում, որպեսզի օգնեն ձեզ: Մենք բազմաթիվ միջոցներ ենք ներկայացնում, որոնք դուք կգտնեք LDS.org կայքում և տանը կատարած ավետարանի ուսումնասիրությունների արդյունքում։ Մենք նաև ունենք սպասավորող եղբայրներ և քույրեր, որոնք կանչված են սիրալիր օգնություն ցուցաբերելու համար:

Մեր սիրող Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակներն ունենան ուրախություն, որը մեր ստեղծման նպատակն է: Այդ ուրախ ճակատագիրը հավերժական կյանքն է, որը մենք կարող ենք ձեռք բերել առաջ ընթանալով այն ուղիով, որը մեր մարգարե Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հաճախ անվանում է «ուխտի ճանապարհ»: Որպես Եկեղեցու Նախագահ, ահա թե ինչ է ասել նա իր առաջին ուղերձի ժամանակ․ «Մնացեք ուխտի ճանապարհի վրա։ Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»:8

Ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ այն, ինչ ասել եմ, ճշմարիտ են, և դրանք հնարավոր են դարձել Հիսուս Քրիստոսի Քավության և ուսմունքների շնորհիվ, ով այդ ամենը կատարում է Աստծո, մեր Հավերժական Հոր, մեծ ծրագրի ներքո։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Henry B. Eyring, To Draw Closer to God: A Collection of Discourses (1997), 143.

  2. James E. Faust, “The Abundant Life,” Ensign, Nov. 1985, 9.

  3. “I Will Follow God’s Plan,” Children’s Songbook, 164–65.

  4. «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145։

  5. «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին», 145

  6. Neal A. Maxwell, If Thou Endure It Well (1996), 101.

  7. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տեր, ես հավատում եմ», Լիահոնա, մայիս 2013, 94, շեշտադրումն ավելացված է:

  8. Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7։