Սուրբ դժգոհություն
Սուրբ դժգոհությունը մղում է մեզ գործել հավատքով, հետևել բարի գործեր անելու Փրկիչի հրավերներին և մեր կյանքը խոնարհաբար տալ Իրեն:
Երբ ես տարրական դպրոցի աշակերտուհի էի, մենք տուն էինք վերադառնում մի սալապատ ճանապարհով, որն անցնում էր լեռնալանջով: Կար նաև մի ուրիշ ճանապարհ, որը սալապատ չէր և կոչվում էր «տղաների ճանապարհ»: Տղաների ճանապարհն անցնում էր ցեխերի միջով և ուղիղ բարձրանում էր դեպի բլուրը: Այն ավելի կարճ էր, բայց շատ ավելի զառիթափ: Ես փոքր աղջիկ էի և գիտեի, որ կարող եմ ցանկացած ճանապարհ անցնել, որն անցնում են տղաները: Ավելի կարևոր էր այն, որ ես գիտեի, որ ապրում էի վերջին օրերում և պետք է դժվար բաներ անեի, ինչպես ռահվիրաները, և ցանկանում էի պատրաստ լինել: Այդպիսով, ես երբեմն հետ էի մնում սալապատ ճանապարհով քայլող իմ ընկերների խմբից, հանում էի կոշիկներս և ոտաբոբիկ բարձրանում տղաների ճանապարհով: Ես փորձում էի ուժեղացնել ոտքերս:
Որպես Երեխաների Միություն հաճախող աղջնակ, ես մտածում էի, որ այդպես կարող եմ պատրաստվել: Այժմ ես այլ կերպ եմ մտածում: Ոտաբոբիկ սարն ի վեր տանող ճանապարհով բարձրանալու փոխարեն, ես գիտեմ, որ կարող եմ պատրաստել իմ ոտքերը քայլել ուխտի ճանապարհով, արձագանքելով Սուրբ Հոգու հրավերներին: Տերն Իր մարգարեի միջոցով կոչ է անում յուրաքանչյուրիս ապրել և հոգ տանել մարդկանց մասին «ավելի բարձր և ավելի սուրբ եղանակով» և «մի քայլ վեր անել»:1
Գործողության դրդող այս մարգարեական կոչերը, զուգորդվելով մեր բնածին զգացումով, որ կարող ենք ավելին անել, երբեմն մեր մեջ առաջացնում են Երեց Նիլ Ա. Մաքսվելի ասած «սուրբ դժգոհություն»:2 Սուրբ դժգոհությունն առաջանում է այն ժամանակ, երբ մենք համեմատում ենք, թե «ով ենք մենք և ինչպիսին դառնալու ներուժ ունենք»:3 Յուրաքանչյուրս, եթե ազնիվ ենք, մի անդունդ ենք տեսնում այս մտքերի միջև՝ որտեղ ենք և ով ենք մենք, և որտեղ ու ով ենք ցանկանում դառնալ: Մենք ձգտում ենք ավելի մեծ անձնական ունակության: Մենք ունենք այս զգացումները, քանի որ Աստծո դուստրերն ու որդիներն ենք, ծնված Քրիստոսի Լույսով, թեպետ ապրում ենք ընկած աշխարհում: Այս զգացումները աստվածատուր են և գործելու շտապողականություն են առաջացնում:
Մենք պետք է ողջունենք սուրբ դժգոհության զգացումները, որոնք մեզ կանչում են դեպի ավելի բարձր ուղի, միևնույն ժամանակ ճանաչելով և խուսափելով սատանայի կեղծիքից՝ որն է կաթվածահար անող հուսահատությունը: Սա թանկագին տարածք է, որի մեջ սատանան ձգտում է ցատկել: Մենք կարող ենք ընտրել ավելի բարձր արահետը, որը տանում է մեզ փնտրելու Աստծուն, Նրա խաղաղությունն ու շնորհը, կամ կարող ենք լսել սատանային, ով ռմբակոծում է մեզ ուղերձներով այն մասին, որ մենք երբեք հաջողակ չենք լինի, հարուստ չենք լինի, խելացի չենք լինի, գեղեցիկ չենք լինի և այլն: Մեր դժգոհությունը կարող է լինել կամ սուրբ, կամ կործանող:
Գործեք հավատքով
Սուրբ դժգոհությունը սատանայի կեղծիքից տարբերելու եղականներից մեկն այն է, որ այն դրդում է մեզ հավատքից բխող գործողությունների: Սուրբ դժգոհությունը հրավեր չէ մնալու մեր հարմարավետության գոտում, ոչ էլ այն կտանի մեզ հուսահատության: Ես հասկացել եմ, որ երբ տարվում եմ այն մտքերով, թե ինչ ես չեմ կարող, ապա չեմ առաջադիմում և շատ ավելի դժվար է լինում ինձ համար զգալ և հետևել Հոգուն:4
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը քաջատեղյակ էր իր թերություններից և անհանգստանում էր «մահկանացու [իր] հոգու բարօրության մասին»: Նրա խոսքերն են. «միտքս չափազանց դառնացած էր, քանի որ ես սկսում էի գիտակցել իմ մեղքերը, և … ես վշտացած էի թե՛ իմ մեղքերի համար, և թե՛ աշխարհի մեղքերի համար»:5 Սա մղեց նրան «լուրջ մտախոհության ու մեծ անհանգստության»:6 Ծանո՞թ է հնչում: Արդյո՞ք դուք ծանրության զգացում ունեք կամ մտահոգված եք ձեր թերություններով:
Եվ, Ջոզեֆն ինչ-որ բան արեց: Նա ասել է. «Ես հաճախ ինքս ինձ հարց էի տալիս. Ի՞նչ անել»:7 Ջոզեֆը հավատքով գործեց: Նա բացեց սուրբ գրությունները, կարդաց Հակոբոս 1.5-ում պարունակվող հրավերը և դիմեց Աստծուն օգնության համար: Արդյունքում ստացված տեսիլքը վերածվեց Վերականգնման: Որքան երախտապարտ եմ ես, որ Ջոզեֆի այս սուրբ դժգոհությունը, դժվարության ու շփոթության պահերը, դրդեցին նրան հավատքով գործելու:
Հետևեք հուշումներին՝ բարի գործեր կատարեք
Աշխարհը հաճախ օգտագործում է դժգոհության զգացումը որպես ինքնամփոփության արդարացում, մեր մտքերը հետ ու առաջ մղելու և անհատապես ապրելու այն պահերը, թե ով եմ ես, ով չեմ ես և ինչ եմ ես ուզում: Սուրբ դժգոհությունը մղում է մեզ հետևել Փրկիչի օրինակին, ով «ման եկավ բարի անելով»:8 Քայլելով աշակերտության ճանապարհով, մենք կստանանք հոգևոր հուշումներ, որպեսզի օգնենք ուրիշներին:
Տարիներ առաջ իմ լսած պատմությունն օգնել է ինձ ճանաչել Սուրբ Հոգու հուշումները և ապա գործել ըստ դրանց: Քույր Բոննի Դ. Փարքինը՝ Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, կիսվել էր հետևյալ պատմությամբ.
«Սյուզանը … հրաշալի դերձակ էր: Նախագահ [Սպենսեր Վ․] Քիմբալը ապրում էր նրա հետ նույն ծխում: Մի կիրակի օր Սյուզանը նկատեց, որ նա նոր կոստյում է հագել: Սյուզանի հայրը վերջերս … նրան բերել էր մի նուրբ մետաքսե գործվածք: Սյուզանը մտածեց, որ այդ գործվածքից գեղեցիկ փողկապ կստացվի, որը հարմար կլինի նախագահ Քիմբալի նոր կոստյումին: Այդպես, երկուշաբթի նա կարեց փողկապը: Նա փաթաթեց այն փաթեթավորման թղթով և գնաց Նախագահ Քիմբալի տուն:
Շքամուտքին մոտենալով, նա հանկարծ կանգ առավ ու մտածեց. «Ո՞վ եմ ես, որ մարգարեի համար փողկապ կարեմ: Նա, հավանաբար, մի կույտ փողկապներ ունի»: Որոշելով, որ սխալվել է, Սյուզանը շրջվեց, որ հեռանա:
Հենց այդ պահին Քույր Քիմբալը բացեց դուռը և ողջունեց. «Օհ՜, Սյուզան»:
Շփոթված Սյուզանն ասաց. «Կիրակի օրը ես նախագահ Քիմբալին տեսա նոր կոստյումով: Հայրս մետաքսե կտոր էր բերել Նյու Յորքից … և ես որոշեցի փողկապ կարել նրա համար»:
Մինչ Սյուզանը կշարունակեր, Քույր Քիմբալը կանգնեցրեց նրան, գրկեց նրա ուսերը և ասաց. «Սյուզան, երբեք մի զսպիր մեծահոգի միտքը»:9
Ի՜նչ լավ է ասված: «Երբեք մի զսպիր մեծահոգի միտքը»: Երբեմն, երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անելու ցանկություն եմ ունենում, ես մտածում եմ՝ արդյո՞ք դա հուշում է, թե պարզապես իմ սեփական մտքերն են: Սակայն ինձ հիշեցվում է. «Այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց»:10
Անկախ նրանից՝ դրանք ուղղակի հուշումներ են, թե օգնելու ազդակներ, բարի գործը երբեք անտեղի չէ, քանի որ «գթությունը երբեք չի խափանվում»11, և երբեք սխալ չէ արձագանքելը:
Ժամանակի սղության պատճառով մենք հազվադեպ ենք իմանում, թե ծառայության մեր փոքրիկ գործն ինչ արդյունք ունեցավ: Սակայն երբևիցե մենք կգիտակցենք, որ գործիք ենք եղել Աստծո ձեռքերում և երախտապարտ կլինենք իմանալ, որ երբ Սուրբ Հոգին գործում է մեր միջոցով, դա Աստծո հավանության դրսևորումն է:
Քույրեր, դուք և ես կարող ենք խնդրել, որ Սուրբ Հոգին ցույց տա մեզ «բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք»12, նույնիսկ, երբ մեր անելիքների ցուցակն արդեն լցված է: Երբ հուշում ենք ստանում, կարող ենք թողնել սպասքը լվացարանում կամ հրատապ նամակները էլեկտրոնային փոստում, որպեսզի որևէ բան կարդանք երեխայի համար, այցելենք ընկերներից մեկին, պահենք հարևանի երեխաներին կամ ծառայենք տաճարում: Սխալ չհասկանաք ինձ, ես սիրում եմ ցուցակներ կազմել և նշել դրանցում, երբ գործերը կատարված են: Սակայն խաղաղությունը գալիս է իմանալուց, որ լավ մարդ լինելը պարտադիր չէ, որ հավասար լինի շատ գործեր անելուն: Երբ դժգոհությանն արձագանքում եմ՝ հետևելով հուշումներին, փոխվում է իմ կարծիքը ժամանակիս մասին, և ես մարդկանց նայում եմ ոչ թե որպես գործերս ընդհատողների, այլ որպես կյանքիս նպատակների:
Սուրբ դժգոհությունը տանում է մեզ դեպի Քրիստոսը
Սուրբ դժգոհությունը տանում է խոնարհության, ոչ թե խղճահարության կամ հուսահատության, որոնք գալիս են համեմատություններ անելուց, երբ մենք միշտ պարտվող ենք դուրս գալիս: Ուխտերը պահող կանայք շատ տարբեր են ամեն ինչով, տարբեր են նրանց ընտանիքները, կյանքի փորձը և նրանց հանգամանքները:
Իհարկե, յուրաքանչյուրս կթերանա մեր աստվածային ներուժն իրականացնելիս, և դրա մեջ որոշ ճշմարտություն կա, որ մենակ մենք չենք կարող դա անել: Սակայն ավետարանի լավ նորությունը նրանում է, որ Աստծո շնորհով մենք կկարողանանք: Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք անել բոլոր բաները:13 Սուրբ գրությունները խոստանում են, որ մենք «շնորհք կգտնենք պատշաճ ժամանակին օգնելու»:14
Զարմանալի ճշմարտությունն այն է, որ մեր թերությունները կարող են օրհնություն լինել, երբ խոնարհեցնում են մեզ և շրջում են դեպի Քրիստոսը:15 Դժգոհությունը դառնում է սուրբ, երբ մենք խոնարհաբար մոտենում ենք Հիսուս Քրիստոսին մեր ցանկություններով, այլ ոչ թե հեռանում, ինքներս մեր հանդեպ խղճահարություն զգալով:
Իրականում, Հիսուսի հրաշքները հաճախ սկսվել են այն ժամանակ, երբ հասկացվել է ցանկությունը, կարիքը, ձախողումը կամ անհամապատասխանությունը: Հիշո՞ւմ եք հացի ու ձկների պատմությունը: Ավետարանիչներից յուրաքանչյուրը պատմում է, թե Հիսուսն ինչպես հրաշքով կերակրեց հազարավորներին, ովքեր հետևեցին Նրան:16 Բայց պատմությունը սկսվում է աշակերտների կողմից իրենց անզորության գիտակցմամբ. նրանք գիտակցեցին, որ ունեն ընդամենը «հինգ գարիէ հաց և երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար»:17 Աշակերտները ճիշտ էին՝ նրանք չունեին բավականաչափ ուտելիք, սակայն նրանք տվեցին Հիսուսին այն, ինչ ունեին և ապա Նա հրաշք գործեց:
Դուք ունեցե՞լ եք երբևէ այնպիսի զգացում, որ ձեր տաղանդներն ու պարգևները շատ քիչ են ստացած հանձնարարությունը կատարելու համար: Ես ունեցել եմ: Բայց ես և դուք կարող ենք տալ Քրիստոսին այն, ինչ ունենք, և Նա կբազմապատկի մեր ջանքերը: Այն, ինչ դուք կարող եք տալ, ավելի քան բավարար է, նույնիսկ ձեր մարդկային գործոնով և թույլ կողմերով հանդերձ, եթե ապավինեք Աստծո շնորհին:
Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուրս Աստծո սերունդն ենք, Աստծո զավակը:18 Եվ ինչպես Նա վարվել է մարգարեների կամ սովորական տղամարդկանց ու կանանց հետ դարեր շարունակ, Երկնային Հայրը մտադիր է նույն կերպ փոխակերպել մեզ:
Ք. Ս. Լյուիսը Աստծո փոխակերպող զորությունը բացատրել է այսպես. «Պատկերացրեք, թե դուք մի կենդանի տուն եք: Աստված գալիս է, որպեսզի վերակառուցի այդ տունը: Սկզբում, դուք գուցե հասկանում եք, թե Նա ինչ է անում: Նա վերանորոգում է ջրատար խողովակները, փակում կտուրի ճեղքերը, և այլն. դուք գիտեիք, որ տան այդ գործերը պիտի արվեին, և չեք զարմանում: Սակայն Նա սկսում է հարվածել տան չորս բոլորը և դա խիստ անհանգստացնում է: … [Տեսեք,] Նա կառուցում է մի այլ տուն, այն մեկից, որի մասին դուք մտածում էիք: … Դուք կարծում էիք, թե ձեզ դարձրեցին մի փոքր ամուր տնակ, սակայն Նա պալատ է կառուցում: Նա մտադիր է գալ և անձամբ այդտեղ ապրել»:19
Մեր Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք կատարել մեզ տրվող առաջադրանքները: Մարգարեները սովորեցրել են, որ բարձրանալով աշակերտության ճանապարհով, մենք կարող ենք սրբագործվել Քրիստոսի շնորհով: Սուրբ դժգոհությունը դրդում է մեզ գործել հավատքով, հետևել բարի գործեր անելու Փրկիչի հրավերներին և մեր կյանքը խոնարհաբար տալ Իրեն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: