2010
Նեփիի պատմությունը` իմ պատմությունն է
Ապրիլ 2010


Ավետարանն իմ կյանքում

Նեփիի պատմությունը՝ իմ պատմությունն է

Ջեյքի հեռախոսազանգը սիրտս կոտրեց, սակայն ես հույս գտա հին մարգարեի օրինակում:

Քոլեջն ավարտելուց մի քանի տարի անց մեր ծխի մյուս երիտասարդ ամուրիների հետ միասին ես մասնակցում էի մի ընտանեկան երեկոյի: Մեր ցցի նախագահության խորհրդականը հրավիրել էր մեզ իրենց տուն, և նրա կինն էր դասը վարում:

Մենք կարդում էինք Նեփիի և նրա եղբայրների մասին պատմությունը, երբ նրանք գնացել էին Լաբանից վերցնելու արույրե թիթեղները (տես 1 Նեփի 3–5): Մեր ուսուցիչը խոսեց Նեփիի ցուցաբերած քաջության և հաստատակամության մասին: Ապա նա նայեց մեր փոքր խմբին: Նրա հայացքը խորաթափանց էր:

«Նեփիին և նրա եղբայրներին հատուկ առաջադրանք էր տրվել»,- նշեց նա: «Նրանք մի քանի անգամ փորձեցին և դա հեշտ չէր: Բայց արժեր համառ ջանքեր գործադրել: Սուրբ գրություններն ունենալու դեպքում Նեփին կարող էր կանխել իր ընտանիքի «անհավատության մեջ ընկնելը և ոչնչանալը» (1 Նեփի 4.13):

«Ձեր կյանքում էլ կլինեն «թիթեղներ»»,- շարունակեց նա: «Հնարավոր է, դուք պետք է հաստատակամություն դրսևորեք կրթություն ստանալիս: Մի գուցե դուք կարիք կունենաք քաջություն դրսևորել, երբ ժամադրվում եք: Ինչպիսի զոհաբերություններ էլ լինեն, խոչընդոտներ, արգելքներ, կոտրված սիրտ, ինչ էլ որ պահանջվի ձեր ապագա ընտանիքը պահպանելու և նրանց անհավատության մեջ ընկնելուց ետ պահելու համար, ետ գնացեք և վերցրեք թիթեղները»:

Լավ համանմանություն էր, մտածեցի ես: Ես այն պահեցի իմ մտքում, որպեսզի հետագայում կիրառեի: Այդ պահին ես չեի մտածում, որ իմ կյանքում բազմաթիվ խոչընդոտներ կային: Ես ավարտել էի քոլեջը, ուրախ էի իմ աշխատանքով և հրաշալի տղայի հետ էի ժամադրվում, երկար ժամանակվա ընկեր, որի հետ ընկերությունը լուրջ բնույթ էր ստացել արդեն չորս ամիս: Ես չէի կարող ավելի երջանիկ զգալ ինձ, երբ ամեն ինչ նման ընթացք էր ստացել:

Մի քանի ամիս անց Ջեյքի (անունը փոխված է) հետ իմ հարաբերությունն ավելի խորացավ: Սակայն Ջեյքի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել էին, և նրանց բաժանումը խորը ազդեցություն էր թողել Ջեյքի վրա: Նա վախենում էր, որ եթե մենք ամուսնանայինք, ամեն ինչ կարող էր այնպես ավարտվել, ինչպես իր ծնողների մոտ:

Ես ասացի նրան, որ ցանկանում եմ նրան ժամանակ տալ, եթե նա դրա կարիքն ունի, որպեսզի իր միտքն ու սիրտը կարգավորի: Մենք զրուցեցինք ոչ թե վախի, այլ հավատքի վրա հիմնված որոշումներ կայացնելու մասին: Մենք քննարկեցինք ազատ ընտրության իրավունքը և այն փաստը, որ պետք չէ ենթադրել, որ իր ծնողների ուղին մեխանիկորեն կդառնա իր ճակատագիրը ևս: Եվ մենք խոսեցինք Հիսուս Քրիստոսի Քավության և մեր սիրտը ապաքինելու Փրկչի կարողության մասին:

Մեր զրույցները կարծես թե օգնեցին նրան որոշ չափով փարատել իր անհանգստությունը, և մեր հարաբերությունը կրկին նախկինի պես շարունակվեց: Այնպես որ, ինձ համար անակընկալ էր, երբ նա մի շաբաթ օր զանգահարեց ինձ և հայտնեց, որ մենք պետք է դադարեցնեինք մեր ընկերությունը: Նա ասաց, որ չի կարողանում տեսնել իրեն ամուսնացած իմ կամ մեկ ուրիշի հետ: Նա պարզապես այլևս չէր հավատում ամուսնությանը:

Մեկ ժամ տևած զրույցի ժամանակ մենք կրկնեցինք այն ամենը, ինչ արդեն քննարկել էինք, սակայն ես չկարողացա նրան համոզել: Նա շշնջաց «Ներիր ինձ» և դրեց հեռախոսը: Ես ապշահար լուռ նստել էի անկողնուս վրա, արցունքները հոսում էին դեմքիս վրայով:

Մի փոքր անց նույն տանը համատեղ ապրող աղջիկը թակեց ննջասենյակի դուռը: «Դու գալի՞ս ես ցցի համաժողովին»,- հարցրեց նա: Ես չէի ցանկանում որևէ տեղ գնալ կամ որևէ բան անել, սակայն հագնվեցի և նստեցի նրա մեքենան:

Երբ տեղ հասանք առաջին մարդը, որին ես տեսա, այն կինն էր, որն ամիսներ առաջ ընտանեկան երեկոյի դասն էր վարում: Մեզանից ոչ ոք ոչինչ չասաց, սակայն մեր աչքերը հանդիպեցին և իմ մտքում ես լսեցի մի ձայն, որը, դիմելով ինձ իմ անունով, ասաց. «Ետ գնա և վերցրու թիթեղները»:

Ինչ-որ կերպ ես գիտեի, թե ինչին էր վերաբերվում այդ հուշումը: Դա չէր վերաբում միայն հին մարգարեին, որը պետք է վերադառնար և ձեռք բերեր սուրբ հիշատակարանը: Դա նաև ինձ էր վերաբերվում: Դա նշանակում էր, որ թեպետ Ջեյքը չէր հավատում ամուսնությանը, ես դեռևս կարող էի հավատալ: Ես կարող էի հույս տածել, աղոթել և աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե հուսահատ և տխուր լինելով, այլ հավատալով, ակտիվ լինելով, ամեն օր պատրաստվելով, որովհետև սա Աստծո ծրագիրն է Իր զավակների համար: Դա չէր նշանակում, որ ես պետք է գնայի Ջեյքի մոտ և նրա հետ լինեի, «հոգնեցնելով նրան» ամուսնության մտքերով, և դա նաև չէր նշանակում, որ ես պետք է անմիջապես սկսեի ժամադրվել մեկ ուրիշի հետ: Ինձ համար նորմալ էր որոշ ժամանակ տանջվել և ապաքինվել:

Բայց այդ ընթացքում ես կարող էի խուսափել ինքնախղճահարումից: Ես կարող էի դիմակայել գայթակղությանը, որպեսզի չվատաբանեի Ջեյքին կամ ընդհանրապես տղամարդկանց: Ես կարող էի փնտրել ընկերներ, ովքեր հավատում էին ամուսնությանը և սպասել դրան: Եվ ես կարող էի, ինչպես Նեփին, վստահել սիրելի Երկնային Հորը, որը պատվիրաններ չի տալիս, լինի դա հնագույն սուրբ գրությունների հիշատակարաններ ձեռք բերելը, թե ամուսնանալն ու ընտանիք ստեղծելը, առանց ուղի պատրաստելու մեզ համար, որ դրանք իրականացնենք:

Ես ոչ թե «իրագործած», այլ դեռևս «իրագործելու» փուլում եմ: Ես դեռևս ամուսնացած չեմ, սակայն երախտապարտ եմ ժամադրվելու լավ փորձառությունների համար, որոնք ավելի հարստացան, երբ ավելի լավ հասկացա արդարակյաց նպատակներ հետապնդելիս հաստատակամության դերի մասին:

Ես նաև սփոփվում եմ և ինքնավստահ զգում, իմանալով այն, ինչ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն է ուսուցանել Նեփիի ցուցաբերած հաստատակամության մասին: Նա ասաց.

«Երկու անհաջող փորձերից հետո, Նեփին դեռևս ինքնավստահ էր: Նա գաղտագողի մտավ քաղաք և գնաց Լաբանի տան կողմը չունենալով բոլոր պատասխանները: Նա նկատել է. «Ես առաջնորդվում էի հոգու կողմից, նախօրոք չիմանալով բաները, որոնք ես պետք է անեի», հատկապես ավելացնելով, «Այնուամենայնիվ, ես առաջ գնացի»: (1 Նեփի 4.6–7; շեղագրումն ավելացված է:)

Նեփին ցանկանում էր կրկին ու կրկին փորձել, օգտագործելով իր լավագույն ջանքերը: Նա հավատ էր տածում, որ օգնություն կստանա: Նա չէր ցանկանում հուսահատվել: Բայց քանի որ նա գործում էր Տիրոջ հանդեպ վստահություն ունենալով, հնազանդ էր, և ճիշտ ձևով օգտագործեց իր ընտրելու ազատությունը, նա առաջնորդություն ստացավ: Նա ոգեշնչվեց քայլ առ քայլ հաջողություն ունենալ, և իր մոր խոսքերով «զորություն տրվեց նրան իրագործելու այն, ինչ Տերը պատվիրել էր» (1 Նեփի 5.8; շեշտադրումն ավելացված է)»:1

Հաստատակամության այս սկզբունքը իհարկե չի սահմանափակվում ժամադրությամբ: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր հիվանդություն ունեն և վստահ չեն, որ կարող են ուրախությամբ դիմավորել մեկ այլ ցավով լի օր, դա վերաբերում է նաև այն զույգերին, ովքեր պայքարում են շտկելու իրենց ամուսնական կյանքի խնդիրները, այն ծնողներին, ովքեր տարիներ շարունակ աղոթում են իրենց մոլորված զավակի համար, այն դեռահասին, որը դպրոցում դիմադրության է հանդիպում իր հավատքի համար, այն միսիոներներին, ովքեր օրեր շարունակ աշխատում են առանց մի դաս անգամ ուսուցանելու: Ինչ-որ կերպ մեզ բոլորիս էլ պատվիրվել է ետ գնալ և ձեռք բերել թիթեղները:

Եվ Նեփիի պես մենք կարող ենք անել դա: Քաջությամբ, հաստատակամությամբ և հավատքով մենք կարող ենք իրագործել այն ամենը, ինչ Տերը պատվիրել է մեզ:

Հղում

  1. Richard G. Scott, “Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, Nov. 1989, 32.

Լուսանկարները՝ Մայքլ Փարքերի