2010
Ֆիջի` հավատքի պտուղները
Ապրիլ 2010


Ֆիջի՝ հավատքի պտուղները

Մի ընտանիք հայտնագործում է ճշմարտությունը, մյուսը մեծացնում է սիրո շրջանակը, իսկ մի երիտասարդ կին ցուցաբերում է վստահող հավատք:

Ֆիջին ժամանակին համարվում էր բավականին հեռու և աշխարհից անջատված՝ արագընթաց խնդիրներից, ավելի քաղաքային կյանքից մեկուսացած մի վայր: Սակայն այլևս այդպես չէ: Օդանավերը, արբանյակային կապը, գլոբալ առևտուրը այժմ Ֆիջիի ափերի մոտ է բերել աշխարհի այլ վայրերում առկա ժամանակակից կյանքի բոլոր դժվարությունները: Ինչպեսև աշխարհի ցանկացած այլ վայրում, Ֆիջիում Եկեղեցու անդամները այդ դժվարությունները հաջողությամբ են հաղթահարում ավետարանի սկզբունքներին հավատարմորեն հնազանդվելով:

Ֆիջիից այս երեք օրինակները ուսուցանում են, թե ինչպես են այդ սկզբունքները կյանքեր կերտում:

Կումարների ընտանիքը

Ջորջ Կումարը պարզապես մի ուղի էր փնտրում, որպեսզի իր ավագ որդին, Ռայանը, ապրեր արդյունավետ, բարոյական կյանքով: Կումարների ընտանիքը շատ ավելին գտավ՝ ավետարանի հավերժական ճշմարտությունները, որը նրանց պարգևեց նոր, երջանիկ կյանք:

Ավետարանը վերակենդանացրեց մեր ընտանիքը, ասում է Եղբայր Կումարը: «Մենք միասին ավելի շատ ժամանակ ենք անցկացնում՝ ավելի շատ արդյունավետ ժամանակ ավելի բաց հարաբերություններով»: Նրանք ամեն օր ընտանիքով աղոթում են, և «պարտադիր» է կանոնավոր ընտանեկան երեկո անցկացնելը, ասում է Ռայանը:

Ռայանն էր, որ ճանապարհ բացեց դեպի Եկեղեցի:

Երբ Ռայանը իր դեռահաս տարիքում էր, Ջորջ Կումարը անհանգստացավ իր որդու համար, որը ոչ ճիշտ ուղի էր ընտրել կյանքում: Անհանգստանալով, որ Ռայանը և իր ընկերները իրենց ժամանակը արդյունավետ չէին անցկացնում, Ջորջը միջոց գտավ իր որդուն շրջապատելու լիովին այլ վարքի տեր երիտասարդներով: Ջորջը տեղեկացավ Սուվայում Ֆիջի ՎՕՍ Եկեղեցու Քոլեջում աշխատող իր բարեկամից, որ Ռայանը կարող է ընդունվել այդ ուսումնական հաստատություն: (Եկեղեցու Քոլեջը միջնակարգ դպրոց է, որը համարժեք է այլ վայրերում գործող ավագ դպրոցին:)

Եկեղեցու քոլեջն ընդունվելուց հետո Ռայանի վարքը սկսեց բարելավել: «Դա մյուս ուսանողների օրինակն էր», - ասում է նա: Նախկինում նա շատ ժամանակ էր անցկացնում իր ընկերների հետ, ովքեր անբովանդակ էին անցկացնում իրենց օրը: Սակայն տեսնելով Եկեղեցու դպրոցի ուսանողների կյանքում տարբերությունը, «ես նման բաների հանդեպ կորցրեցի հետաքրքրությունը», - բացատրում է նա:

Ռայանը ավետարանի մասին վկայություն ձեռք բերեց, իսկ նրա ծնողները այնքան ուրախ էին նրա կյանքում տեղ գտած փոփոխություններով, որ երբ նա նրանց թույլվությունը խնդրեց մկրտվելու և հաստատվելու, նրանք պատրաստակամորեն ասացին՝ այո: Ռայանը հեռացավ իր հին ընկերների խմբից: Նա նոր ընկերներ ձեռք բերեց:

Երբ նա խնդրեց իր ծնողներին լսել միսիոներներին, ինչևէ, «մենք դիմադրում էինք», հիշում է Ջորջը: Սակայն, նրանք տեսնում էին փոփոխությունները, որ ավետարանը բերել էր Ռայանի կյանք, այնպես որ նրանք գիտեին, որ Եկեղեցին պետք է որ լավը լիներ: Ռայանի վարքում շրջադարձը այնքան ակնհայտ էր, որ Եկեղեցու Քոլեջում երրորդ և ավարտական տարում նրան շնորհվեց գլխավոր տղա կոչումը, մի պարգև, որը տրվում է այն ուսանողին, որը լիարժեքորեն է իր ուսումնական տարիներն անցկացրել դպրոցում:

Ռայանի վարքում որոշ փոփոխությունները սկզբում իր ծնողների համար տարօրինակ թվացին: Ինչո՞ւ, օրինակ, նրանք չէին կարողանում համոզել նրան ուտել ամսվա առաջին Կիրակին: Սակայն երբ Ռայանը բացատրեց ծոմապահության նպատակը, նրա ծնողները հասկացան, որ նրա կյանքի այդ փոփոխությունները ավելի էին խորացել, քան իրենք կարող էին տեսնել:

Ռայանի փոքր եղբայրը, Մայքլը, նույնպես նկատեց իր եղբոր մոտ փոփոխություններ, և Մայքլը լսեց ավետարանը: «Ռայանը սկսեց գնալ Եկեղեցու միջոցառումներին, և ես նկատում էի, որ նա ամեն անգամ ուրախ էր վերադառնում»,- ասում է Մայքլը: «Ես իրականում ինքս մոտեցա միսիոներներին: Ես ցանկանում էի անցնել դասերը: Ես ցանկանում էի մկրտվել և հաստատվել»:

Երբ միսիոներները նոր անդամների դասերն էին ներկայացնում Մայքլին նրա մկրտությունից հետո, մայրը, Ալիտիանան ունկնդիր դարձավ: Դա ազդեց նրա ամուսնու վրա, և շուտով Ջորջն ու իր կինը ունեին իրենց վկայությունները:

Ռայանը արտոնություն ունեցավ մկրտելու իր ծնողներին Եկեղեցում 2006թ., նախքան կմեկներ ծառայելու Նոր Զելանդիայի Վիլինգտոն Միսիայում: Ավելի ուշ, նախքան Մայքլը կմեկներ միսիայի, նա արտոնություն ունեցավ ընկերակցելու իր ծնողներին տաճար գնալիս: Երեց Մայքլ Կումարը սկսեց իր ծառայությունը Յուտայի Սոլթ Լեյք Սիթիի Հարավային Միսիայում 2008թ. օգոստոսին, Նոր Զելանդիայից Ռայանի վերադարձից շատ չանցած:

Տասանորդ վճարելը և ապա միսիայում որդուն ֆինանսապես աջակցելը դժվար էր Կումարների համար: Եղբայր Կումարի եկամուտը լիովին ծախսվում էր իրենց վարկի և այլ վճարումների վրա: Սակայն նրանք անհրաժեշտ զոհաբերություններ կատարեցին, և ողջ ընտանիքը հասկանում էր դրա կարիքը: Օրինակ, երբ Եղբայր Կումարն ուրախ ասում էր, որ այդ օրը պետք է «սովորական» սննդակարգով սնվեն, ամբողջ ընտանիքը հասկանում էր, որ այդ օրը ճաշին միս չի լինելու: «Լինում էին օրեր, երբ մենք միայն հաց ու կակաո էինք ունենում»,- հիշում է Մայքլը:

Ռայանն ասում է, որ նա երախտապարտ է իր ծնողների զոհաբերության համար: «Ես իմացա, որ նրանք իսկապես նվիրված են իրենց կապած ուխտերին»:

Ռայանի փոքր եղբայրը ասում է, որ իրենց դարձի գալուց ի վեր, «մենք փորձությունների միջով դուրս եկանք որպես ավելի լավ ընտանիք: Երկնային Հայրը օգնեց մեզ դուրս գալ»:

Ընտանիքի դարձի գալը արագ դիպչեց ուրիշների կյանքին ևս: Ռայանի և Մայքլի մորաքրոջ տղաները, որ եկել էին ապրելու Կումարների հետ, նույնպես որոշեցին ունկնդրել միսիոներական դասերը և միանալ Եկեղեցուն:

Կումարների զոհաբերությունների օրհնությունները և նյութական են և հոգևոր, ասում է Եղբայր Կումարը: Նրանք կարողացան իրենց գումարը ձգել և բավարարել իրենց կարիքները: Եվ երբ Մայքլը մեկնեց միսիա, Եղբայր Կումարը նոր աշխատանքի անցավ, որպեսզի կարողանա ավելի արագ վճարել իր վարկը:

Սակայն հոգևոր օրհնությունները, որ Կումարները ստացան, ավելի կարևոր էին նրանց կյանքում: Ջորջն ու Ալիտիանան աճում են իրենց կոչումներում՝ նա որպես երեցների քվորումի նախագահ Լամի Երկրորդ Ծխում, Սուվա Ֆիջի Հյուսիսային Ցցում, իսկ կինը որպես ծխի Երեխաների Միության երկրորդ խորհրդական:

Ռայանը նկատում է, որ կյանքի հանդեպ իր անձնական տեսակետը լիովին տարբերվում է իր հասակակիցների տեսակետից. «Ես միշտ ինչ-որ բան ունեմ անելու արքայությունը կառուցելու գործում»: Ապագայի համար ծրագրերի առումով, նա ասում է, ավետարանը հավատացյալներին օգնում է «իրերին նայել հավերժական տեսակետից»:

Ջորջը և Ալիտիանա Կումարները ուսուցանվել էին Քրիստոնեական վարդապետությունները, նախքան ավետարանի մասին լսելը: Սակայն նրանք սփոփանք չէին գտնում այն ամենում, ինչ իրենք սովորել էին: «Այլ կրոններում,-ասում է Եղբայր Կումարը,- սովորեցնում են վախենալ Աստծո ցասումից և սոսկալ: Իսկ Հիսուս Քրիստոսի Քավությունը մեկ այլ հնարավորություն է ընձեռում»:

Կումարները փորձում են այդ երկրորդ հնարավորությունից առավելագույնը քաղել:

Նաիվալուվու ընտանիքը

Պենի և Ջինի Նաիվալուվուները իրենց ընտանիքը կրկնակի մեծացրեցին, երբ իրենց ընտանիք վերցրեցին չորս աղջիկների Վանուատուից, որոնք հաճախում էին Ֆիջի ՎՕՍ Եկեղեցու Քոլեջը: Սակայն Նաիվալուվուները դա չեն նայում որպես զոհաբերություն: Նրանք զգում են, որ դա առատորեն օրհնում է: Նրանց համոզմամբ այդ օրհնություններից մեկը իրենց ընտանիքում նոր մանկան, Հագոթի, ծնունդն էր 2009թ. հունվարին:

2008թ.-ի սկզբում Եպիսկոպոս և Քույր Նաիվալուվուները Թամավուա Ծխից, Սուվա Ֆիջի Հյուսիսային Ցցից, լսեցին, որ Վանուատուից երկու ուսանողներ ապրելու տեղ են փնտրում, և Նաիվալուվուները քննեցին իրենց պայմանները: Նրանց որդինները՝ Սոանը, 18, և Ռոսը, 16, տնից հեռու էին գտնվում, նրանք հաճախում էին Եկեղեցու դպրոցը Թոնգայում, որտեղ իրենց հոր նախնիներն էին ապրել: Վանուատուից երկու աղջիկներ Սուվայում բարձր տան վարձով ապրում էին ոչ-ՎՕՍ ընտանիքում: Այդ երկու աղջիկները լավ ընկերներ կարող էին լինել 13-ամյա Անդրեա Նաիվալուվույի համար. Անդրեան նույնպես հաճախում էր Եկեղեցու Քոլեջը և տուն էր գալիս կեսօրին, երբ ծնողները դեռևս չէին վերադարձել աշխատանքից: Այսպիսով, Եղբայր և Քույր Նաիվալուվուները որոշեցին Վանուատուից այդ երկու աղջիկներին հրավիրել անվճար ապրելու իրենց տանը:

Աղջիկները համառորեն պահանջեցին, որ որոշակի վճարումներ կատարեն, սակայն ի օրհնություն իրենց ծնողների այժմ նրանց ծախսերը կրկնակի անգամ քիչ էին այն վճարներից, որ կատարում էին նախկինում:

Ապրիլին երկու այլ Վանուատուացի աղջիկներ եկան նրանց այցելության և հիացան Նաիվալուվուների տան մթնոլորտով: Որոշ ժամանակ հետո այդ երկու աղջիկները հարցրեցին, թե արդյոք իրենք էլ կարող են այդտեղ ապրել: Նաիվալուվուները նրանց ևս ուրախությամբ ընդունեցին իրենց տուն:

Ինչպե՞ս էր հնարավոր, որ տանը չորս երիտասարդներ էլ են ապրում: «Մենք այնպես ենք ընտելացել միմյանց, որ նրանք ասես մեր դուստրերը լինեին»,- ասում է Եպիսկոպոս Նաիվալուվուն: Նաիվալուվուները հենց սկզբից այնպես դրեցին հիմքը, որ աղջիկները իրենց զգան ընտանիքի անդամ: Վանուատուից չորս աղջիկները միմյանց ճանաչում էին, սակայն Նաիվալուվուների տանը միմյանց վերաբերվում էին ինչպես նույն ծնողներից ծնված քույրեր: Անդրեա Նաիվալուվուն նույնպես ընդունեց նրանց «որպես իր քույրեր», ավագ աղջիկները հետևում էին նրան և անհրաժեշտության դեպքում նույնիսկ օգնում տնային աշխատանքներում: Չորս աղջիկները սկսեցին Եպիսկոպոս և Քույր Նաիվալուվուներին կոչել Տա և Նա, որ ֆիջիերեն նշանակում է «հայրիկ» և «մայրիկ»:

Սա գուցե առաջին անգամ է, ասում է Քույր Նաիվալուվուն, որ Վանուատուից Եկեղեցու Քոլեջ հաճախող աղջիկներն ապրում են անդամների ընտանիքում: Աղջիկներից մեկի հայրը, գալով այցելության, իր խորը երախտագիտությունը հայտնեց Նաիվալուվուներին իր դստեր հանդեպ ցուցաբերած նրանց սիրո համար:

Քույր Նաիվալուվուն նշում է, որ աղջիկներից մեկը, որը Վանուատուի շրջանի նախագահի դուստրն է, իր հավատով մեծ օրինակ է ծառայել իրենց ընտանիքին: Եպիսկոպոս Նաիվալուվուն ասում է, որ նրա օրինակն օգնեց իր ընտանիքին ավելի հետևողական լինել սուրբ գրությունները ուսումնասիրելիս և ընտանեկան աղոթք ասելիս:

Նաիվալուվուներն ասում են, որ իրենք օրհնվել են նյութապես, որովհետև նրանք կիսվել են մյուսների հետ: Նրանց միջոցները ավելացան: Եվ քույր Նաիվալուվուն հավատում է, որ 13 տարի անց կրկին հղիանալու օրհնությունը կապված է ուրիշների հետ կիսվելու իրենց պատրաստակամության հետ:

Երբ Նաիվալուվուների երկու որդիները ուսումնական տարին ավարտելուց հետո Թոնգայից տուն վերադարձան, նրանք ևս երիտասարդ աղջիկներին ընդունեցին որպես ընտանիքի անդամներ: Սակայն գուցե Սոանը արդարանա, որ աղջիկներին չընդունեց որպես հարազատ քույրեր, համակրելով երիտասարդ աղջիկներից մեկին: Նա իրեն որպես բարեկիրթ երիտասարդ դրսևորեց:

Երբ չորս աղջիկները ավարտեցին իրենց ուսումնական տարին և 2008թ . վերջին վերադարձան Վանուատու, հրաժեշտի պահը շատ հուզիչ էր, հիշում է Եպիսկոպոս Նաիվալուվուն: Կարծես նա և կինը ցտեսություն էին ասում իրենց չորս դուստրերին: Իսկ երբ սկսվեց 2009թ. նոր ուսումնական տարին, Նաիվալուվուները ուրախ էին կրկին ընդունելու իրենց չորս «դուստրերին», և երկուսին ևս:

Տանը ունենալով չորս ննջասենյակ, ոմանք հնարավոր է զարմանան, թե ինչպես է հնարավոր իրենց դստեր և նորածնի հետ տեղավորել նաև վեց երիտասարդ աղջիկների: Սակայն Նաիվալուվուների ընտանիքը արագ դասավորեց դա առանց որևէ խնդրի:

Ի վերջո, դա ոչ թե անձնական տարածքի, այլ իրենց սիրո շրջանակը ընդլայնելու խնդիր էր:

Ասենակա Ռամասիմա

2008թ. ընթացքում Ֆիջի ՎՕՍ Եկեղեցու Քոլեջում Ասենակա Ռամասինան նվաճեց ուսանողների համար երկու ամենահեղինակավոր պարգևները: Նախ, նա ընտրվեց որպես դպրոցի լավագույն ուսանող: Այդ պարգևի հետ նաև տրվում է կրթաթոշակ: Բայց նա նաև ստացավ Տիրոջ Առյուծ պարգևը, որը տրվում է սեմինարիայի օրինակելի ուսանողին: Նրա համար երկրորդ պարգևն ինչ որ տեղ ավելի թանկ է, քան առաջինը, որովհետև այն հիշեցնում է իրեն, թե ինչպես է ձգտել հավատ գործադրել իր Երկնային Հոր հանդեպ իր ամենօրյա կյանքում:

Կյանքն արդեն դժվարությունների իր մեծ բաժինն է հասցրել Ասենակային, թեպետ նա ընդամենը 19 տարեկան է: Չնայած դրան, նա կարծես ուրախություն է ճառագում՝ ուրախություն այն գիտելիքի համար, որ նա հավերժական ընտանիք ունի, որովհետև նրանք կնքվել են Սուվա Ֆիջի տաճարում 2001թ., և ուրախություն այն գիտելիքի համար, որ իր Երկնային Հայրը ճանաչում և սիրում է իրեն:

Ասենական հինգ երեխաներից ամենակրտսերն է՝ չորս եղբայրներից հետո: Երբ հայրս մահացավ, հիշում է նա, նրանց ավագ եղբայրը, որն այդ ժամանակ ծառայում էր միսիայում, նրանց բոլորին հորդորեց հիշել, որ իրենց հայրը կորած չէ իրենց համար, որ նա միշտ մոտ կլինի:

Նրա եղբայրները դարձան ընտանիքի հաց վաստակողները, մինչ մայրը հանդիսանում էր հոգևոր կապ ստեղծողը և նրանց միասին պահողը: Երեխաները մեծապես շահեցին, հետևելով իրենց ծնողների օրինակին:

«Հայրս ինձ համար ոգեշնչում է եղել: Նա միշտ ուսուցանում էր մեզ. «Տքնաջան աշխատեք»», - ասում է մեղմախոս Ասենական: Դպրոցում տքնաջան աշխատանքը իր հորը պատվելու և մորը օգնելու նրա եղանակն է: Կրթաթոշակը, որը տրվում է պարգևի հետ, արժեքավոր օգնություն էր և Ասենակայի կրթական ծախսերը բավականչափ կրճատվեցին:

Ծնողական օրինակը նաև նրան հիմք եղավ հոգևոր կրթության համար: «Մենք ամեն օր ուսուցանվել ենք ընտանիքով սուրբ գրությունները կարդալով և մեր ծնողների խրատներով», - ասում է Ասենական: Նրա մայրը, շարունակում է կառուցել իրենց ընտանիքն այդ հիմքի վրա:

Ասենական կանոնավոր սուրբ գրություններ ուսումնասիրելով պահպանում և ամրապնդում է առ Հիսուս Քրիստոս իր հավատքը: Անկախ նրանից ինչպիսին կլինի նրա դասացուցակը, նա ժամանակ է գտնում սուրբ գրություններն ուսումնասիրելու համար:

Առ Հիսուս Քրիստոս հավատքը իր հերթին օգնում է նրան մոտ մնալ իր Երկնային Հորը, այնպես որ նա կարող է Նրա առաջնորդությունը խնդրել: «Ես գիտեմ, որ Նա միշտ այնտեղ է, - ասում է նա, - Եթե ես Նրա կամքով եմ գործում, Նա ինձ մոտ է գտնվում և Նրա Հոգին հաստատում է, թե որն է ճիշտ»:

Առաջնորդությունը կարևոր է, երբ իր հասակակից որոշ երիտասարդ աղջիկներ փորձում են նրան համոզել իրենց պես «զվարճանալ»՝ խմելով, ծխելով, անտեսելով առաքինությունը: Բայց «նման բաներն իմ խղճի դեմ են»,- ասում է Ասենական, և Երկնային Հոր առաջնորդության հանդեպ ունեցած իր հավատքի և դրանում գտած ապահովության շնորհիվ, «ես կարողանում եմ ասել՝ ոչ»:

Եկեղեցում ծառայությունը, ասում է նա, օգնել է իրեն վստահություն ձեռք բերել, որը նա այլապես չէր կարող ունենալ: Կարևոր է, որ նա ավարտի իր ուսումը Եկեղեցու Քոլեջում, որովհետև այդ ժամանակ նա կկարողանա կրթությունը շարունակել, հաշվապահություն սովորելով Բրիգամ Յանգ Համալսարանում, Պրովո, Յուտա, կամ Հավայան կղզիների ԲՅՀ-ում:

Այդ վայրերը շատ հեռու են Սուվայի արվարձանների գեղջկական վայրերում գտնվող իր հայրական տնից: Արդյո՞ք մի փոքր սարսափելի չի լինի տնից այդքան հեռու գնալը: Ասենական մի պահ մտածում է այդ հարցի շուրջ, ապա լայն ժպտում: Այո, պատասխանում է նա, սակայն նա դա կանի, որպեսզի հասնի իր նպատակներին:

Լուսանկարները՝ Դոն Լ. Սերլի

Ջորջ, Ալիտիանա և Ռայան Կումարները:

Երեց Մայքլ Կումարը Յուտայի Սոլթ Լեյքի Հարավային Միսիայում ծառայելիս:

Առջևում՝ Պենի, Ջիենի և Անդրեա Նաիվալուվուները: Ետևում՝ Սոան և Ռոս Նաիվալուվունները:

Սուվա Ֆիջի Տաճար