2010
Տաճար Կոնայի համար
Ապրիլ 2010


Տաճար Կոնայի համար

Երբ Լեռոյ և Ռոուզ Ալիպները որոշեցին զոհաբերություն անել ամիսը մեկ անգամ տաճար հաճախելու համար, Տերն օրհնեց նրանց, տալով ավելին քան ունեին, որ գնային տաճար և ուրիշներին տանեին իրենց հետ:

Լեռոյ Ալիպը ուշադիր լսում էր, երբ ձեռնադրվում էր Հավայան Բիգ կղզում ծառայելու ցցի բարձրագույն խորհրդում: Օրհնության մեջ Եղբայր Ալիպին ասվեց, որ նա կղզու վրա կլինի, երբ այդտեղ տաճար կառուցվի և որ նա կծառայի տաճարում: Դա 1984 թիվն էր և Հավայան կղզիներում միակ տաճարը Օահու կղզու վրա էր, շատ մղոններ հեռու, ուր կարելի էր հասնել նավով կամ օդանավով:

Քահանայության օրհնությունը լիցք հաղորդեց Եղբայր Ալիպին: «Ես հավատում եմ, որ երբ օրհնություն ես ստանում, պատասխանատվություն ես ունենում անելու հնարավորին ամեն-ինչ այդ օրհնությունն իրականացնելու համար», - ասում է նա: Այսպիսով նա և նրա կինը, Ռոուզը, որոշեցին մի ամիս այցելել Օահու տաճարը:

Դա հեշտ չէր անել: Ճանապարհորդությունը արժեր 300 ԱՄՆ դոլլար, որը մեծ գումար էր մի զույգի համար, որը հազիվ էր ապրում Եղբայր Ալիպի աշխատավարձով, որը նա ստանում էր պետական գրասենյակում, որտեղ աշխատում էր: Այցը կատարելու միակ եղանակը խնայողություններից օգտվելն էր: Նրանք ուրախությամբ դա արեցին:

Մի տարի անց, սակայն, նրանք այլևս փող չունեին: «Բայց մեր սրտերը տաճարում էին», - ասում է Եղբայր Ալիպը: Նա ցանկացավ շարունակել այցելել տաճար: «Եվ մենք աղոթեցինք օգնության համար»:

Ոչ շատ ժամանակ անց, Եղբայր Ալիպը անսպասելի առաջարկ ստացավ՝ լրացուցիչ եկամուտ վաստակել տեղական բիզնեսի համար, թերթեր առաքելով: Վաղ առավոտյան առաքումների համար նրան վճարում էին ամսական մոտ 700 դոլլար: Ունենալով ավելի շատ, քան պահանջվում էր տաճար գնալու համար, Եղբայր և Քույր Ալիպները հուշում ստացան, որ ավելցուկը պետք է կուտակեին իրենց հատուկ տաճարային ֆոնդում:

1986թ. հունիսին այդ հուշման պատճառը պարզ դարձավ. այժմ, ապրելով Կոնա Հավայի Ցցում, նրանք կարող են ցցից մի քանի կանանց տաճար տանել, որոնք արժանի էին, սակայն հնարավորություն չունեին ստանալու իրենց օժտումները: Այսպիսով, ամեն ամիս Ալիպները մեկ քույր էին տանում իրենց հետ Օահու: Ամեն անգամ վերադարձած քույրը վկայություն էր բերում այն հոգևոր զորության և ուրախության մասին, որը զգացել էր տաճարում իր և ուրիշների համար տաճարային աշխատանք կատարելու արդյունքում: Շուտով տաճարային աշխատանքի ոգին տարածվեց ցցով մեկ և ավելի շատ անդամներ սկսեցին եղանակներ փնտրել տաճար այցելելու համար:

Ճանապարհորդության ոլորտում ունեցած իր կապերի միջոցով Եղբայր Ալիպը կարողացավ կազմակերպել զեղչված ավիատոմսեր, տրանսպորտային և հյուրանոցային այլ զեղչեր ցցում բոլորի համար, ով ցանկանում էր գնալ: 1994թ. Կոնա ցցի ավելի քան 100 անդամներ ամսական այցելություններ էին կատարում Լայի Հավայի Տաճար: Եղբայր Ալիպը ծիծաղում է: Նա հիշում է. «Տաճարի նախագահն կատակում էր, որ Կոնայի Սրբերը այնքան բազմաքանակ էին տաճարում, որ գորգերը արագ մաշվում էին»:

1997թ. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) հայտարարեց տաճարային շինարարության նոր ուղղության մասին: Ավելի փոքր տաճարների կառուցումը հնարավորություն կտար թվով ավելի շատ տաճարներ կառուցել: Բիգ կղզու Սրբերի հավատքը վարձատրվեց վեց ամիս անց, երբ Նախագահ Հինքլին հայտարարեց Կոնայում տաճար կառուցելու մասին: 2000թ. տաճարի նվիրագործումից հետո Եղբայր Ալիպը կանչվեց որպես երկրորդ խորհրդական տաճարի նախագահությունում: Այսօր, իր աշխատանքից ամբողջությամբ թոշակի անցնելով, նա լիովին նվիրվել է Տիրոջ աշխատանքին, ղեկավարելով աշխատողներին, որոնք պահպանում են Կոնա Հավայի Տաճարի տարածքի գեղեցկությունը:

Եղբայր և Քույր Ալիպները շնորհակալ են Երկնային Հոր օրհնության համար, որը տվեց այն, ինչ իրենց անհրաժեշտ էր շարունակելու համար ծառայել ուրիշներին: Եղբայր Ալիպը պատմում է, որ երբ նրանք առաջին անգամ եկան Կոնա, «մենք տեղ չունեինք մնալու, բացի մի փոքր խրճիթից, որը բլրի վրա կոռւցել էր սուրճի դաշտերում աշխատող մի բանվոր»: Նրանք ամիսներ շարունակ այնտեղ ապրեցին, մինչև որ կարողացան փոքր տնակ վարձել:

Մի քանի տարի անց, նրանք բավական խնայողություն և եկամուտ ունեին ավելի լավ տուն ձեռք բերելու համար, սակայն ոչինչ նրանց դուրը չէր գալիս: Մի օր, երբ Եղբայր Ալիպը աշխատում էր Կոնա տաճարի տարածքում, մի մեծահասակ քույր անցավ: Նա լաց էր լինում: Եղբայր Ալիպը շարժում է գլուխը: «Նրան հանել էին իր տնից և նա տեղ չուներ գնալու: Ինչ-որ պատճառով, ես նրան խորհուրդ տվեցի այցելել իր թոռներին, իսկ երբ վերադառնար, կարող էր մեզ մոտ տեղափոխվել»: Խնդիրն այն էր, որ Ալիպների տունը այնքան մեծ չէր և միայն Եղբայր և Քույր Ալիպները կարող էին տեղավորվել: Նրանք սկսեցին աղոթել և ժրաջան ուղիներ փնտրել՝ ստանալու համար այն օրհնությունը, որն անհրաժեշտ էր:

Քիչ անց, անշարժ գույքի մի գործակալ հրավիրեց նրանց նայելու վեց ննջասենյակ ունեցող երկհարկանի մի առանձնատուն: Այն նրանց դուր եկավ, սակայն նրանք հասկացան, որ տունն արժեր ավելին, քան իրենք կարող էին թույլ տալ: Զղջալով, նրանք հրաժարվեցին առաջարկից:

Սակայն ճանապարհը բացվեց: Մի քանի շաբաթների ընթացքում տան գինն ընկավ, և Աիպները իմացան, որ բավական վարկ ունեին տունը գնելու համար: Արդյունքում, կարիքի մեջ գտնվող կինը տեղ ուներ Եղբայր և Քույր Ալիպների տանը, երբ վերադարձավ Կոնա, որտեղ նաև իրենց ընտանիքներով բնակվեցին Ալիպների երեք զավակները, որոնք նույնպես կարիքի մեջ էին:

«Տերը լավ հոգ է տանում մեզ համար», - ասում է Եղբայր Ալիպը: «Երբ մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք զոհաբերելու մեր ժամանակը, տաղանդները և միջոցները Նրան, Նա մեզ վրա թափում է Իր ջերմ ողորմությունը»:

Նկարները՝ Սթիվ Կրոփի; լուսանկարները՝ Ռ. Վալ Ջոնսոնի