2010
Հարության անտարակուսելի իրականությունը
Ապրիլ 2010


Ավետարանի դասականներ

Հարության անտարակուսելի իրականությունը

Նկար
President Spencer W. Kimball

Տարիներ առաջ մի Սուրբ Ծննդյան օր մենք քայլեցինք Հիսուսի անցած ճանապարհներով: Մենք մի քանի թանկագին ժամեր անցկացրեցինք Գեթսեմանի Այգում և փորձեցինք պատկերացնել այն տառապանքները, որոնց միջով Նա անցել էր մինչև Իր Խաչվելն ու Հարությունը: Մենք գտնվում էինք այն վայրերի մոտ, որտեղ Նա աղոթեց, որտեղ Նրան ձերբակալեցին, որտեղ Նրան դատեցին և դատապարտեցին:

Քաղաքի պատերից դուրս մենք մագլցեցինք քարքարոտ բլուրը, ծածկված փոքր քարայրներով, որոնք նրա կլոր վերջնամասին տալիս են գանգի տեսք, և մեզ ասացին, որ դա Գողգոթան է, այն վայրը, որտեղ Նա էր խաչվել: Մենք զիգզագաձև արահետով իջանք բլրի ետևի մասով դեպի թեք քարափնյա մասը և մտանք պատուհանի չափով մուտքից կոպիտ կերպով տաշված մի քարայրի խոռոչ, որտեղ ասում են Նրա մարմինն էր դրվել:

Մի քանի ժամ մենք անցկացրեցինք այդ գերեզմանից դուրս գտնվող փոքր պարտեզում և խորասուզվեցինք այդտեղ տեղի ունեցած Նրա թաղման և Նրա Հարության ավետարանական պատմության մեջ: Մենք խորամիտ ուշադրությամբ և աղոթքով լի կարդացինք գերեզմանի մոտ կանանց գալու, գերեզմանի քարը Տիրոջ հրեշտակի կողմից մի կողմ գլորվելու և վախկոտ պահակների շփոթվածության մասին:

«Նա հարություն առավ»:

Մենք ինչ-որ կերպ կարողացանք պատկերացնել շողացող հանդերձներով երկու հրեշտակների, որոնք խոսեցին Մարիամի հետ ասելով. «Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում:

Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

Տերը կանխատեսեց. «Պետք է Մարդի Որդին մեղավոր մարդկանց ձեռը մատնվի՝ և խաչվի և երրորդ օրը հարություն առնի» (Ղուկաս ԻԴ.5–7):

Մենք հիշեցինք Մարիամի, հրեշտակների և Տիրոջ միջև տեղի ունեցած երկխոսությունը:

«Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. Նրանց ասեց. նրա համար որ իմ Տիրոջը վեր առան, և չգիտեմ՝ թե ուր դրին նրան»:

Նա շրջվեց և «Հիսուսին տեսավ՝ կանգնած. և չգիտեր թե Հիսուսն է:

Հիսուսը նրան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թե պարտիզպանն է, ասեց նրան. Տեր, եթե դու վեր առար նրան, ասիր ինձ՝ ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան:

«Հիսուսը նրան ասեց. Մարիամ. Եվ նա դարձավ և ասեց նրան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ:

Հիսուսը նրան ասեց. Մի դիպչիր ինձ, որովհետև դեռ չեմ վեր ելել իմ Հոր մոտ. բայց դու գնա իմ եղբայրների մոտ, և նրանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հոր մոտև ձեր Հոր մոտ, իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ» (Հովհաննես Ի.13–17): …

Զատկի նշանակությունը

Երբեմն նշանակալի իրադարձությունների տոնակատարությունը կարծես երկրային երանգ է ստանում, և մենք լիովին չենք գիտակցում տոնակատարության նշանակությունը: Դա կարելի է ասել Զատկի մասին, երբ շատ հաճախ մենք նշում ենք տոնը, և ոչ թե Տիրոջ Հարության խորը նշանակությունը: Պետք է որ իսկապես դժբախտ լինեն նրանք, ովքեր չեն ընդունում Քրիստոսի աստվածային լինելը, Վարդապետի որդի լինելը: Մենք իսկապես ցավում ենք նրանց համար, ովքեր Հարության գերագույն հրաշքը կոչում են «ոչ թե պատմական իրական իրադարձություն, այլ աշակերտներին սուբյեկտիվ փորձառություն»:

Մենք իսկապես գիտենք, որ այս ամենը իրական է: Քրիստոսը խոսեց Նիկոդեմոսի հետ:

«Ինչ որ գիտենք՝ խոսում ենք, և ինչ որ տեսանք՝ վկայում ենք» (Հովհաննես Գ.11):

Եվ ապա մենք հիշեցինք, որ Պետրոսը վկայեց.

«Հիմա թող ստույգ գիտենա Իսրայելի բոլոր տունը, որ Աստված նրան Տեր և Օծյալ արավ, սույն այս Հիսուսին, որին դուք խաչեցիք» (Գործք Բ.36):

«Եվ դուք այն Սուրբին և Արդարին ուրացաք …

Եվ կյանքի Առաջնորդին սպանեցիք, որին Աստված մեռելներից հարություն տուավ. որի վկաներն ենք մենք» (Գործք Գ.14–15):

Համարձակ, Պետրոսն ու Հովհաննեսը կանգնեցին խորհրդի առաջ և կրկին ասացին.

«Թող հայտնի լինի ձեզ ամենիդ՝ և բոլոր Իսրայելի ժողովրդիդ, որ Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը՝ որին դուք խաչեցիք, որին Աստված հարություն տվավ մեռելներից, նրանով սա [նախկինում կաղ մարդը] հիմա ձեր առաջին առողջ կանգնած է: …

Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա. որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվիլ» (Գործք Դ.10, 12):

Երբ խորհուրդը նախատեց երկու Առաքյալներին և նրանց կարգադրեց, որ Հիսուսի անունով նման բաներ չխոսեն և չսովորեցնեն, նրանք պատասխանեցին և ասացին. «Եթե արժան է Աստծո առաջին՝ որ ձեզ ավելի ականջ դնենք քան թե Աստուծուն, դուք դատեցեք:

Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք և լսեցինք, չխոսալ» (Գործք Դ.19–20):

«Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար. և մեծ շնորհք կար նորանց ամենի վրա» (Գործք Դ.33):

Պետրոսի վկայությունը

Մենք նաև գիտենք, որ Հարությունն իրական է: Կենդանի Պետրոսը ասաց հալածողների խորհրդին.

«Մեր հայրերի Աստուածը հարություն տուավ Հիսուսին՝ որին դուք փայտից կախած սպանեցիք: …

Եվ մենք նրա վկաներն են այս բաների համար, և Սուրբ Հոգին էլ, որ Աստված իրան հնազանդողներին տուավ» (Գործք Ե.30, 32):

Մենք ակնածանքով գլուխ ենք խոնարհում մեծ Պետրոսի առաջ, որը այնքան լիովին ստացավ իր հավաստիացումը և որը այնքան գթառատորեն հագավ ղեկավարի պատմուճանը, և ոգեշնչված և երաշխավորված իշխանության ու քաջության թիկնոցը: Ինչպիսի ուժ ուներ նա, երբ ղեկավարում էր Սրբերին և դիմակայում աշխարհին իր բոլոր հալածանքներով, անհավատներով և դժվարություններով: Մենք փառաբանում ենք նրա տոկունունությունը, երբ կրկին ու կրկին անգամ կրկնելով իր բացարձակ գիտելիքը, նա միևնույն ժամանակ դիմակայում էր ամբոխներին և հոգևորականներին, պաշտոնյաներին, ովքեր կարող էին նրան կյանքից զրկել, և համարձակորեն հռչակում էր հարություն առած Տիրոջը, Խաղաղության Իշխանին, Սուրբին և Արդարին, Կյանքի Իշխանին, Իշխանին և Փրկչին: Այդ ժամանակ Պետրոսը հաստատապես վստահ էր, աննկուն, և անվարան: Մենք պետք է նման վստահություն քաղենք նրա հաստատակամությունից: …

Պողոսի վկայությունը

Պողոսի վկայությունը կարծես ամենաեզրափակիչն է: Նա լսեց հարություն առած Քրիստոսի ձայնը.

«Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»: Եվ որպեսզի վստահ լինի նրա ով լինելուն, Սավուղն ասեց. «Ո՞վ ես, Տեր», և հավաստիացում ստացավ. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ՝ խթանին քացի տալ» (Գործք Թ.4–5):

Եվ այժմ այդ նույն Պողոսը, որը վերականգնեց իր ուժը, սպասավորվելով քահանայության կողմից և ստանալով իր կորցրած տեսողությունը, շրջեց ժողովարաններով, ապշեցնելով Դամասկոսի Հրեաներին՝ «ապացուցանելով թե սա է Քրիստոսը» (Գործք Թ.22):

Եվ ավելի ուշ Պողոսը եկավ Երուսաղեմ Առաքյալների մոտ, և Բարնաբասը խոսելով Պողոսի փոխարեն «նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհումը Տիրոջը տեսավ, և թե նրա հետ խոսեց, և ինչպես Դամասկոսումը համարձակ քարոզեց Հիսուսի անունը» (Գործք Թ.27):

Ապա Պողոսը շարունակում է.

«Եվ երբոր այն ամենը որ նրա համար գրված էր, կատարեցին, փայտիցը վայր բերին՝ դրին գերեզման:

Բայց Աստուած նրան մեռելներից հարություն տուավ,

որ շատ օրերով երևեցավ նրանց, որ նրա հետ Գալիլեից ելել էին Երուսաղեմ, որոնք նրա համար վկաներ են ժողովրդի առաջին: …

Աստված այն կատարեց մեզանում՝ որ նրանց որդիքն ենք, Հիսուսին հարուցանելով. …

Եվ թե մեռելներից հարություն տուավ նրան, որ էլ չպիտի դառնա ապականության մեջ» (Գործք ԺԳ.29–31, 33–34): …

Ջոզեֆ Սմիթի վկայությունը

Մենք վեհանում ենք ժամանակակից մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությամբ, երբ նա հավաստիացնում է մարդկանց Հարության մասին: Երեց Ջորջ Ա. Սմիթը մեջբերում է Ջոզեֆ Սմիթի վերջին հրապարակային ելույթից, որը նա հղեց 1844թ. հունիսին, իր դաժան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ:

«Ես պատրաստ եմ զոհաբերություն կատարելու այս մարդկանց համար. քանզի ի՞նչ կարող են մեր թշնամիներն անել: Միայն սպանել մարմինը և դրանով վերջանում է իրենց զորությունը: Ամուր կանգնեք իմ ընկերներ: Երբեք մի նահանջեք: Մի ձգտեք փրկել ձեր կյանքը, քանզի նա, ով վախենում է մահանալ ճշմարտության համար, կկորցնի հավերժական կյանքը: Համբերեք մինչև վերջ. և մենք հարություն կառնենք և կդառնանք Աստվածների պես, և կթագավորենք սելեստիալ արքայություններում, իշխանություններում և հավերժական տիրապետություններում»:1

Հոբի հարցն ու պատասխանը

Հոբի կողմից տրված հարցը տվել են միլիոնները, ովքեր կանգնել են սիրեցյալի դագաղի առաջ. «Եթե մարդը մեռավ, մի՞թե կկենդանանա» (Հոբ ԺԴ.14):

Եվ այդ հարցի պատասխանը եկել է նրանցից շատերի համար ընդունելի ձևով որպես հրաշալի, քաղցր խաղաղություն, որ երկնքից իջել է նրանց վրա ցողի պես: Եվ անթիվ անգամներ հոգևարքի տանջանքից մաշված սրտերը զգացել են անըմբռնելի խաղաղության համբույրը:

Իսկ երբ հոգու խորը հանդարտությունը նոր ջերմ հավաստիացում է պարգևել խռովված մտքին և կեղեքված սրտին, այդ անթիվ մարդիկ կարողացել են սիրելի Հոբի հետ կրկնել.

«Ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնէ հողի վրա.

Եվ իմ մորթը այսպես թափուելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:

Որին որ ես ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են մտիկ տալու նորան» (Հոբ ԺԹ.25–27):

Հոբը ցանկություն էր հայտնել, որ իր վկայությունը տպվեր գրքերում և փորագրվեր քարի վրա, որպեսզի իրեն հաջորդած սերունդները կարդային: Նրա ցանկությունը հնարավոր դարձավ, քանզի խաղաղություն եկավ շատերի հոգիներին, ովքեր կարդացին նրա հզոր վկայությունը:

Հովհաննեսի տեսիլքը

Վերջում, թույլ տվեք կարդալ Հովհաննես Հայտնիչի տեսիլքը:

«Եվ տեսա մեռելները մեծ և փոքր կանգնած աթոռի առաջին. և գրքեր բացուեցան, և մի ուրիշ գիրք էլ բացուեցավ, որ է կյանքի գիրքը. և մեռելները դատուեցան այն գրքերում գրվածներից իրանց գործերի համեմատ:

Եվ ծովն իր մեջի մեռելները տուավ, և մահը և դժոխքը իրանց մեջի մեռելները տուին. և ամեն մեկն իրանց գործերի համեմատ դատուեցան» (Հայտնություն Ի.12–13):

Հղումներ

  1. Joseph Smith, in History of the Church, 6:500.

ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ ՆՐԱՆ, «ՄԱՐԻԱՄ», ՎԻԼԻԱՄ ՎԻԹԵՅՔԵՐ, © IRI; ՏԵՍԵՔ ԻՄ ՁԵՌՔԵՐԸ և ՈՏՔԵՐԸ, ՀԱՐԻ ԱԴԵՐՍՈՆ, © IRI

Արածեցրեք իմ ոչխարները, Կամիլ Քորիի, © 1998 IRI