2010
Թեյլորի տաղանդը
Ապրիլ 2010


Թեյլորի տաղանդը

Հիթեր Հալ, Յուտա ԱՄՆ

«Կարո՞ղ եք ինձ ասել՝ ինչպիսի՞ տաղանդեր ունի Թեյլորը, որպեսզի ես պատմեմ դասարանին»,- ինձ հարցրեց իմ ութամյա որդու Երեխաների Միության ուսուցիչը: Նա զանգահարել էր, որովհետև Թեյլորի դասարանը պետք է քննարկեր Երկնային Հորից ստացած իրենց տաղանդները:

Մի պահ ես շվարեցի: Ես ութ տարի ետ գնացի՝ փորձելով պատասխան գտնել: Չորս օրական Թեյլորը կաթված էր տարել, որի հետևանքով ուղեղը մեծապես վնասվել էր և նա կաթվածահար վիճակում էր: Նա չէր կարողանում տեսնել, խոսել կամ հաղորդակցվել: Նա այդպես էլ չէր զարգացել վեց ամսական երեխայի մտավոր մակարդակից ավել: Նա օրվա մեծ մասը անվասայլակի վրա է անցկացնում, որի վրա մենք խնամում ենք նրան և փորձում նրան հարմար դիրքում պահել:

Մենք ուրախանում էինք, երբ նա սովորեց ծիծաղել կամ հատուկ բաժակից խմել, և մենք տոնում էինք, երբ նա կարողացավ կանգնել և մի քանի քայլ անել: Չնայած արտաքուստ մենք ուրախանում և տոնում էինք, ներքուստ արտասվում էինք՝ գիտակցելով, որ այդ փոքր նվաճումները ցանկացած Թեյլոր կարող էր անել: Այնուամենայնիվ, կարծում եմ, դա չէր, որ նրա Երեխաների Միության ուսուցիչը ցանկանում էր լսել:

Ես կոկորդս մաքրեցի և անհարմար զգալով պատասխանեցի. «Թեյլորն իրոք ոչ մի տաղանդ չունի, որի մասին կարող եմ ասել»:

Այդ բարի քույրը իր պատասխանով այդ ժամանակ առհավետ փոխեց որդուս հանդեպ իմ վերաբերմունքը:

«Երբ մտածում էի այս դասի մասին, ես հասկացա, որ Աստծո յուրաքանչյուր զավակ տաղանդ ունի,-ասաց նա: - Ես կարծում եմ Թեյլորի տաղանդն այն է, որ նա սովորեցնում է մյուսներին ծառայել: Եթե դուք համաձայն եք դրան, ես կցանկանայի դասարանի հետ խոսել, թե ինչպես եմ նկատել Թեյլորի տաղանդը այստեղ եկեղեցում: Ես տեսել եմ, ինչպես են Երեխաների Խմբի երեխաները սովորում հրել նրա անվասայլակը, բացում դուռը նրա համար և հաղթահարում իրենց վախը, որպեսզի անհրաժեշտության դեպքում թաշկինակով մաքրեն նրա կզակը: Կարծում եմ, դա մեծ տաղանդ է, որով նա օրհնում է մեր կյանքը»:

Ես ցածր շշնջալով իմ համաձայնությունը հայտնեցի, և մենք հանգիստ ցտեսություն ասացինք միմյանց: Հետաքրքիր է, արդյոք այդ Երեխաների ուսուցիչը տեղյակ է, թե ինչպիսի հզոր ազդեցություն գործեց մեր այդ զրույցը իմ կյանքում: Թեյլորը նույնը մնաց: Նա դեռևս մեծ խնամք է պահանջում: Հիվանդանոցները, բժիշկները և թերապևտները դեռևս զբաղեցնում են իմ կյանքի մեծ մասը: Սակայն իմ վերաբերմունքը փոխվեց, և ես սկսեցի նկատել նրա տաղանդը:

Ես տեսնում էի, ինչպես են մեր շրջապատի մարդիկ փոխում իրենց պահվածքը, երբ ձգտում էին հոգ տանել նրա համար: Ես նաև նկատեցի, թե ինչպես է նա հիշեցնում մեզ դանդաղել, նկատել նրա կարիքները և դառնալ ավելի կարեկցող, ուշադիր և համբերատար:

Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է Աստված թույլ տալիս, որ Թեյլորը կրի նման վհատեցնող դժվարություններ, սակայն ես հավատում եմ, որ նրա Երեխաների Խմբի ուսուցիչը ինձ դրա մի փոքր շողը պարգևեց: Նա այստեղ է, որպեսզի կիսվի մեզ հետ իր տաղանդով: Նա այստեղ է, որպեսզի մեզ հնարավորություն տա սովորել՝ ինչպես ծառայել:

«Ես տեսել եմ, ինչպես են Երեխաների Խմբի երեխաները սովորում հրել նրա անվասայլակը, բացում դուռը նրա համար և հաղթահարում իրենց վախը, որպեսզի անհրաժեշտության դեպքում թաշկինակով մաքրեն նրա կզակը»: