2010
Երբ բադերը չեն լողում
Ապրիլ 2010


Երբ բադերը չեն լողում

Մենք ենթադրում էինք, որ մեր բադիկները ջրի վրա կլողային: Մենք անակնկալի առաջ կանգնեցինք:

Ամեն ինչ սկսեց անակնկալ նվերից, որը հայրիկը բերեց տուն իր երեք դուստրերի համար: Ուշադիր զննելով ստվարաթղթե տուփի մեջ, որտեղից ծլվլոց էր գալիս, մենք աղջիկներով ուրախությունից ճչացինք: Բադի ճուտիկներ: Մենք անհամբերությամբ սպասում էինք, թե երբ էինք վերցնելու դրանց մեր ձեռքը: Մենք այնպես էինք հրում հայրիկին, որ նա քիչ էր մնում ձեռքից վար գցեր արկղը:

«Հանգիստ, աղջիկներ, - մեղմորեն ծիծաղեց նա,- Ամեն մեկիդ կհասնի»:

Ես զարմացած էի, թե որքան փոքր էր այդ ճստիկ բադիկը իմ ձեռքի մեջ: Քնքշորեն պահելով նրան իմ ձեռքերի մեջ, նրա տաք մարմինը իմ ձեռքի մեկ քառորդի չափով էր և մոտավորապես այդքան էլ կշռում էր:

«Օ, որքան թեթև է, - բացականչեցի ես,- Զարմանալի չէ, որ բադիկները կարող են լողալ»:

Հայրիկը կրկին ծիծաղեց, հեռանալով դեպի խոհանոց՝ մայրիկի մոտ: Հայրիկը սիրում էր անակնկալներ անել, հատկապես, եթե դրանք ժպիտներ էին պարգևում նրա ընտանիքին: Այդ պահին ես հիշեցի լողավազանի մասին: Դա կատարյալ տուն կլիներ մեր նոր բադիկների համար:

«Նորա, հանիր այն հին արհեստական լողավազանը ավտոտնակից», - կարգադրեցի ես քրոջս:

Ետևի բակում ջրային պոմպով լողավազանի մեջ մաքուր սառը ջուր լցնելով, մենք սկսեցինք ուսումնասիրել մեր բադիկներին և անուններ փնտրել նրանց համար: Իմ բադիկը դարչնագույն փոքրիկ նշան ուներ իր կլորավուն կտուցի վրա և անհամեմատ հսկա ցանցավոր տոտիկներ:

Հանկարծ ես հիշեցի իմ ընկերներին: Նրանք լավ կծիծաղեին, տեսնելով, թե որքան եմ ես ոգևորված այս նոր կենդանիներով: Ապա ես հասկացա, որ իմ ընկերները այստեղ չեն մի քանի օր: Նրանց ծնողները թույլ էին տվել արշավի գնալ մոտակա սարերը: Հեծանիվ վարել հին փոշոտ ճանապարհով, ընտրել ճամբարի համար տարածք, վրան տեղադրել: Նրանք հավանաբար հիանալի զվարճացել են և հաջորդ օրը տուն կվերադառնան, ծիծաղելով և պատմելով իրենց արշավի մասին: Մայրս ինձ թույլ չտվեց գնալ: Նա ասաց, որ ես դեռ շատ փոքր եմ:

Երբ լողավազանը լցվեց, մենք աղջիկներով հավաքվեցինք դրա շուրջը, անհամբեր սպասելով որոշիչ պահին: Մեր խլվլացող, կռկռացող բադիկներին մենք դրեցինք ջրի վրա և, ԶՈՒՈՒՄ, ուղիղ հատակ: Բոլոր երեքը սուզվեցին:

Մենք ձեռքերը մեկնեցինք ջրի մեջ և փրկեցինք մեր խեղճ խեղդվող թռչյուններին: Ի՞նչ պատահեց: Մենք չէինք խնդրել նրանց որևէ դժվար բան անել, օրինակ լողալ: Նրանք պարզապես պետք է պահեին իրենց ջրի երեսին: Արդյո՞ք դա հեշտ չպետք է լիներ բադիկի համար:

«Ի՞նչ պատահեց», - զարմանում էր քույրս:

«Մի գուցե դա անակնկալ էր նրանց համար»:

Բոլորս համաձայնեցինք, որ նրանք նման են քայլել սովորող մանուկների: Նրանք երբեմն պետք է վար ընկնեին: Մենք որոշեցինք մեկ անգամ ևս փորձել:

«Մեկ, երկու, երեք, առաջ»:

Թըրըխկ: Թըրըխկ: Թըրըխկ: Ուղիղ ներքև, ինչպես արճիճի գնդակներ:

Բարեբախտաբար բադիկների համար, մեզանից ոչ մեկը ցանկություն չունեցավ շարունակել նրանց պարապացնելու մեր տեսությունը: Երբ Նորան առաջարկեց նրանց փետուրները չորացնել մազերը չորացնելու սարքով, մենք մեզ գցեցինք տուն: Երկու քույրերս զգուշությամբ պահել էին մազ չորացնելու իմ վարդագույն սարքը խեղճ թռչյունների վրա, մինչ ես նայում էի արկղի վրա գրված անվան դիմաց հեռախոսահամարը:

«Բաևր ձեզ, պարոն: Մենք հենց նոր ձեզանից գնել ենք, ավելի շուտ, մեր հայրն է գնել, երեք փոքրիկ բադիկներ: Այո, պարոն: Դե, մենք խնդիր ունենք մեր բադիկների հետ: Գիտեք, մենք ուզում ենք, որ մեր բադիկները ջրի վրա լող տան»:

Այն, ինչ այդ մարդն ասաց, ինձ համար հայտնություն էր: Ես չէի հասկանում, թե որքան շատ բան սովորեցի, մինչև ինքս չբացատրեցի դա Նորային և Սյուզիին. «Հասկանում եք, փափուկ փետուրները չեն վանում ջուրը»: Դրանք անմիջապես թրջվում են: Մենք պետք է մեկ-երկու շաբաթ սպասենք, մինչև նրանց մարմինները յուղ արտադրեն, որը ջրակայուն կդարձնի նրանց փետուրները»:

«Բայց դա ճիշտ չէ, - վիճում էր Նորան,- Ես տեսել եմ, ինչպես են փոքրիկ բադիկները գետի վրա հետևում իրենց մայրիկին: Նրանք միայն մի քանի օրական էին»:

«Մարդը բացատրեց դա ինձ: Երբ բադիկները ծնվում են, մայրը պարուրում է նրանց իր թևերով, որպեսզի նրանց համար տաք լինի: Մոր թևերի յուղը քսվում է ճուտիկներին: Մայրիկի հետ նրանք կարողանում են ջրի վրա մնալ: Բայց ինքնուրույն, նրանք պետք է փոքր-ինչ մեծանան, մինչև որ կկարողանան ապահով մնալ ջրի երեսին»:

Այդ ժամանակ միտքս ուղղվեց դեպի սարերը, որտեղ ընկերներս ճամբարում էին իրենց վրաններում: Մի գուցե մայրիկը պարզապես ուզում էր մի փոքր ավելի երկար ինձ պահել իր թևերի տակ: Ես մի մատով շոյեցի իմ բադիկի փոքրիկ մեջքը:

«Մենք քեզ ջրավազանից հեռու կպահենք, փոքրիկ ջան», - խոստացա ես: Ապա, մտածելուց հետո, ավելացրեցի. «Դու կարոտո՞ւմ ես քո մայրիկին»:

Նկարները՝ Ջիմ Մադսենի կողմից: