Բաժին 89
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. փետրվարի 27-ին (History of the Church, 1.327–329): Եկեղեցու վաղ շրջանում, եղբայրների կողմից իրենց ժողովների ժամանակ ծխախոտ օգտագործելը Մարգարեին ստիպել էր խորհել այդ հարցի շուրջ. դրա հետևանքով, նա հարցրեց Տիրոջն այդ բանի վերաբերյալ: Արդյունքում եղավ այս հայտնությունը, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք: Առաջին երեք հատվածներն ի սկզբանե գրվել են Մարգարեի կողմից, որպես ոգեշնչված նախաբան և նկարագրություն:
1–9՝ Գինու, թունդ խմիչքների, ծխախոտի և տաք ըմպելիքների օգտագործումն արգելվում է. 10–17՝ Խոտաբույսերը, մրգերը, միսը և հատիկը սահմանված են մարդու և կենդանիների օգտագործման համար. 18–21՝ Ավետարանի օրենքին հնազանդվելը, ներառյալ Իմաստության Խոսքը, բերում է աշխարհիկ և հոգևոր օրհնություններ:
1 Իմաստության Խոսք՝ Կիրթլենդում հավաքված քահանայապետերի խորհրդի և եկեղեցու և նաև Սիոնի սրբերի օգտի համար,–
2 Ուղարկված ողջույնով. ոչ պատվիրանով կամ ստիպողաբար, այլ հայտնությունով և իմաստության խոսքով, ցույց տալով կարգը և կամքն Աստծու՝ վերջին օրերին բոլոր սրբերի ֆիզիկական փրկության վերաբերյալ,–
3 Տրված՝ որպես խոստումով սկզբունք, թույլերի և ամենաթույլերի կարողությանը հարմարեցված, բոլոր սրբերի համար, ովքեր կոչվում են և հնարավոր է կոչվեն սրբեր:
4 Ահա, ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ. Չարիքների ու դավադրությունների հետևանքով, որոնք կան և վերջին օրերին կլինեն դավադիր մարդկանց սրտերում, ես զգուշացրել եմ ձեզ, և նախազգուշացնում եմ, տալով ձեզ այս իմաստության խոսքը հայտնությամբ,–
5 Որ, որքան որ ձեր մեջ որևէ մեկը խմում է գինի կամ թունդ խմիչք, ահա դա լավ չէ, ոչ էլ հաճելի է ձեր Հոր աչքում, բացառությամբ միասին հավաքվելիս՝ ձեր հաղորդությունները նրա առաջ մատուցելու համար:
6 Եվ, ահա, այն պիտի լինի գինի, այո՛, ձեր պատրաստած՝ խաղողի որդի անարատ գինի,
7 Եվ, բացի այդ, թունդ խմիչքները որովայնի համար չեն, այլ ձեր մարմինները լվանալու համար են:
8 Եվ բացի այդ, ծխախոտը մարմնի համար չէ, ոչ էլ որովայնի համար, և այն օգտակար չէ մարդու համար, բայց դեղաբույս է՝ վնասվածքների և բոլոր հիվանդ անասունների համար, որը պետք է օգտագործվի դատողությամբ և հմտությամբ:
9 Եվ բացի այդ, տաք ըմպելիքները մարմնի կամ որովայնի համար չեն:
10 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ բոլոր առողջարար խոտաբույսերն Աստված սահմանել է մարդու կազմության, բնության և օգտագործման համար,–
11 Ամեն խոտաբույս իր եղանակին, և ամեն միրգ իր եղանակին. և դրանք պետք է օգտագործվեն խելամտորեն ու գոհաբանությամբ:
12 Այո, միսը նույնպես, կենդանիների ու երկնքի թռչունների, ես՝ Տերս, սահմանել եմ, որ մարդ օգտագործի գոհաբանությամբ. սակայն դրանք պետք է օգտագործվեն խնայողաբար.
13 Եվ հաճելի է ինձ, որ դրանք չօգտագործվեն, բացի այն ժամանակներից, երբ ձմեռ է, կա՛մ ցուրտ է, կա՛մ սով է:
14 Բոլոր հատիկները սահմանված են մարդու և կենդանիների օգտագործման համար՝ կյանքին նեցուկ լինելու. ոչ միայն մարդու համար, այլ դաշտի կենդանիների և երկնքի թռչունների և բոլոր վայրի կենդանիների համար, որոնք վազում կամ սողում են երկրի վրա.
15 Եվ դրանք Աստված ստեղծել է մարդու օգտագործման համար, միայն այն ժամանակ, երբ սով և ծայրահեղ քաղց է:
16 Բոլոր հատիկներն օգտակար են մարդու սննդի համար. ինչպես նաև որթի պտուղը. այն, ինչ պտուղ է տալիս՝ թե՛ հողի մեջ, թե՛ հողի վրա,–
17 Այնուամենայնիվ, ցորենը լավ է մարդու համար, եգիպտացորենը՝ եզան, վարսակը՝ ձիու, և աշորան՝ թռչունների ու խոզի և դաշտի բոլոր կենդանիների համար, և գարին՝ բոլոր ընտանի կենդանիների, և թույլ ըմպելիքների համար, ինչպես նաև մյուս հատիկները:
18 Եվ բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, քայլելով պատվիրաններին հնազանդ, կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ՝ իրենց ոսկորներում.
19 Եվ կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր.
20 Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի:
21 Եվ ես՝ Տերս, տալիս եմ նրանց խոստում, որ կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով, ինչպես Իսրայելի զավակների, և չի սպանի նրանց: Ամեն: