Բաժին 3
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1828թ. հուլիսին, Մորմոնի Գրքի առաջին մասից թարգմանված 116 ձեռագիր էջերը կորցնելու վերաբերյալ, որը կոչվում էր Լեքիի գիրքը: Մարգարեն դժկամորեն թույլ էր տվել, որ այդ էջերն իր հսկողությունից անցնեն Մարտին Հարրիսին, որը Մորմոնի Գրքի թարգմանության ընթացքում, մի կարճ ժամանակ, ծառայել էր որպես դպիր: Հայտնությունը տրվել էր Ուրիմի ու Թումիմի միջոցով: (History of the Church, 1.21–23: Տե՛ս բաժին 10):
1–4՝ Տիրոջ ընթացքը մեկ հավերժական շրջան է. 5–15՝ Ջոզեֆ Սմիթը պետք է ապաշխարի, այլապես կկորցնի թարգմանելու պարգևը. 16–20՝ Մորմոնի Գիրքն ի հայտ է գալիս՝ փրկելու Լեքիի սերունդը:
1 Աստծո գործերը և ծրագրերը և նպատակները չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ:
2 Քանզի Աստված չի քայլում ծուռ շավիղներով, նա չի թեքվում ո՛չ աջ կամ ձախ, ո՛չ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է, ուստի նրա շավիղներն ուղիղ են, և նրա ընթացքը մեկ հավերժական շրջան է:
3 Հիշիր, հիշիր, որ Աստծո գործը չէ, որ խափանվում է, այլ մարդկանց գործը.
4 Քանզի, թեև մարդ կարող է ունենալ շատ հայտնություններ, և ունենալ շատ զորավոր գործեր անելու զորություն, այդուհանդերձ, եթե նա պարծենում է իր սեփական ուժով, և ոչինչ է համարում Աստծո խորհուրդներն ու հետևում է իր իսկ կամքի ու մարմնական ցանկությունների թելադրանքին, նա պետք է ընկնի և իր վրա հրավիրի արդար Աստծո վրեժխնդրությունը:
5 Ահա՛, քեզ վստահվել էին այս բաները, բայց որքա՜ն խիստ էին քո պատվիրանները. և հիշիր նաև խոստումները, որոնք տրվել էին քեզ, եթե դու չզանցառեիր դրանք:
6 Եվ ահա, որքա՜ն հաճախ ես դու զանցառել Աստծո պատվիրաններն ու օրենքները և հետևել մարդկանց համոզմունքներին:
7 Քանզի ահա, դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց: Չնայած մարդիկ ոչինչ են համարում Աստծո խորհուրդները, և արհամարհում են նրա խոսքերը,
8 Այնուամենայնիվ, դու պետք է հավատարիմ լինեիր. և նա կմեկներ իր ձեռքը և կաջակցեր քեզ՝ հակառակորդի բոլոր կրակոտ նետերի դեմ. և նա քեզ հետ կլիներ բոլոր փորձանքների ժամանակ:
9 Ահա, դու Ջոզեֆն ես, և դու ընտրվել ես Տիրոջ գործը կատարելու, սակայն, օրինազանցության պատճառով, եթե դու աչալուրջ չլինես, ապա կընկնես:
10 Սակայն հիշիր, Աստված ողորմած է. ուստի, ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես, ինչը դեմ է այն պատվիրանին, որը ես տվել էի քեզ, և դու դեռևս ընտրված ես և կրկին կանչված այս գործին.
11 Եթե դու չանես այն, դու կհանձնվես ու կդառնաս ուրիշ մարդկանց պես և այլևս պարգև չես ունենա:
12 Եվ երբ դու հանձնեցիր այն, ինչը թարգմանելու համար Աստված քեզ տեսություն և զորություն էր տվել, դու հանձնեցիր այն, ինչը սրբազան է, ամբարիշտ մարդու ձեռքը,
13 Որը ոչինչ է համարել Աստծո խորհուրդները, և դրժել է Աստծո առաջ տրված ամենասրբազան խոստումները, և հիմնվել է իր սեփական դատողության վրա ու պարծեցել իր սեփական իմաստությամբ:
14 Եվ այդ է պատճառը, որ դու որոշ ժամանակ կորցրել ես քո առանձնաշնորհները,
15 Քանզի դու հանդուրժել ես, որ ղեկավարիդ խորհուրդն ի սկզբանե ոտնահարվի:
16 Չնայած դրան, իմ գործն առաջ է ընթանալու, քանզի, ինչպես որ Փրկչի մասին գիտելիքը եկել է աշխարհ՝ հրեաների վկայության միջոցով, ճիշտ այդպես էլ Փրկչի մասին գիտելիքը պիտի հասնի իմ ժողովրդին,–
17 Ե՛վ Նեփիացիներին, և՛ Հակոբացիներին, և՛ Հովսեփացիներին, և՛ Զորամացիներին՝ իրենց հայրերի վկայության միջոցով,–
18 Եվ այս վկայությունը պիտի հասնի Լամանացիների, Լեմուելացիների և Իսմայելացիների իմացությանը, որոնք իրենց հայրերի անօրինության պատճառով անհավատության մեջ ընկան, որոնց՝ Տերը թույլ տվեց կործանել իրենց եղբայրներին՝ Նեփիացիներին, նրանց անօրինությունների ու նրանց պղծությունների պատճառով:
19 Եվ հենց այս նպատակի համար են այդ թիթեղները պահպանվել, որոնք պարունակում են այդ հիշատակարանները,– որպեսզի իրականանան Տիրոջ խոստումները, որոնք նա տվել է իր ժողովրդին.
20 Եվ որ Լամանացիները կարողանան գալ իրենց հայրերի գիտությանը, և որ նրանք կարողանան իմանալ Տիրոջ խոստումները, և որ նրանք հավատան ավետարանին և վստահեն Հիսուս Քրիստոսի արժանիքներին, և փառավորվեն հավատքի միջոցով առ նրա անունը, և որ իրենց ապաշխարության միջոցով նրանք կարողանան փրկվել: Ամեն: