Գլուխ 16
Ամբարիշտները կարծում են, որ ճշմարտությունը խիստ է – Լեքիի որդիներն ամուսնանում են Իսմայելի դուստրերի հետ – Լիահոնան առաջնորդում է նրանց երթուղին անապատում – Ժամանակ առ ժամանակ, Տիրոջ կողմից պատգամները գրվում են Լիահոնայի վրա – Իսմայելը մահանում է. նրա ընտանիքը տրտնջում է չարչարանքների պատճառով: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ արդ, եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, եղբայրներիս հետ իմ խոսելուն վերջ դնելուց հետո, ահա նրանք ասացին ինձ. Դու մեզ խիստ բաներ քարոզեցիր, ավելին, քան մենք ի վիճակի ենք տանել:
2 Եվ եղավ այնպես, որ ես ասացի նրանց, որ գիտեմ, որ խիստ բաներ եմ ասել ամբարիշտների դեմ՝ ճշմարտության համաձայն. իսկ արդարներին ես արդարացրել եմ ու վկայել, որ նրանք պետք է բարձրացվեն վերջին օրը. ուստի, մեղավորները կարծում են՝ ճշմարտությունը խիստ է, քանի որ այն խոցում է նրանց հենց կենտրոնից:
3 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, եթե դուք արդար լինեիք և կամենայիք ականջ դնել ճշմարտությանը և ուշք դարձնել դրան, որպեսզի կարողանայիք ուղիղ քայլել Աստծո առջև, այդ դեպքում դուք չէիք տրտնջա ճշմարտության պատճառով և ասի. Դու խիստ բաներ ես ասում մեր դեմ:
4 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, ողջ ջանասիրությամբ հորդորեցի եղբայրներիս՝ պահել Տիրոջ պատվիրանները:
5 Եվ եղավ այնպես, որ նրանք իրենց խոնարհեցրին Տիրոջ առաջ. այնպես որ ես ուրախություն և մեծ հույսեր ունեցա նրանց համար, որ նրանք կքայլեին արդարության շավիղներում:
6 Արդ, բոլոր այս բաներն ասվեցին և արվեցին, երբ հայրս բնակվում էր վրանում՝ մի հովտում, որը նա կոչեց Լեմուել:
7 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, կնության վերցրի Իսմայելի դուստրերից մեկին. և եղբայրներս նույնպես կնության վերցրին Իսմայելի դուստրերից. և Զորամը ևս Իսմայելի ավագ դստերը վերցրեց կնության:
8 Եվ այսպիսով հայրս կատարում էր Տիրոջ բոլոր պատվիրանները, որոնք տրվել էին նրան: Եվ ես՝ Նեփիս, նույնպես Տիրոջ կողմից չափազանց օրհնված էի:
9 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը խոսեց հորս հետ գիշերով և հրամայեց նրան, որ այգաբացին նա պետք է ճանապարհ ընկնի դեպի անապատ:
10 Եվ եղավ այնպես, որ երբ հայրս առավոտյան վեր կացավ և առաջ գնաց դեպի վրանի դուռը, ի մեծ զարմանս իրեն, նա տեսավ գետնի վրա զարմանալի վարպետության մի կլոր գունդ. և այն ընտիր արույրից էր: Եվ գնդի ներսում կային երկու սլաքներ. և մեկը ցույց էր տալիս ճանապարհը, թե ուր մենք պետք է գնայինք անապատում:
11 Եվ եղավ այնպես, որ մենք ի մի հավաքեցինք այն բոլոր բաները, որ մենք պետք է տանեինք անապատ և ամբողջ մնացած մեր պարենը, որը Տերը տվել էր մեզ. և մենք վերցրեցինք ամեն տեսակի սերմեր, որ կարող էինք տանել անապատ:
12 Եվ եղավ այնպես, որ մենք վերցրեցինք մեր վրանները և հեռացանք անապատ՝ Լաման գետի մյուս կողմը:
13 Եվ եղավ այնպես, որ մենք ճամփորդեցինք, չորս օրվա ընթացքում, մոտավորապես, հարավ-հարավարևելյան ուղղությամբ, և մենք նորից խփեցինք մեր վրանները. և մենք այդ վայրի անունը կոչեցինք Սազեր:
14 Եվ եղավ այնպես, որ մենք վերցրեցինք մեր աղեղներն ու մեր նետերը և առաջ գնացինք անապատում՝ որսալու ուտելու բան մեր ընտանիքների համար. և մեր ընտանիքների համար ուտելու բան որսալուց հետո, մենք նորից վերադարձանք անապատ՝ մեր ընտանիքների մոտ՝ Սազեր վայրը: Եվ մենք նորից առաջացանք անապատով՝ հետևելով նույն ուղղությանը, մնալով անապատի ամենապտղաբեր մասերում, որոնք Կարմիր ծովի մոտակա սահմաններում էին:
15 Եվ եղավ այնպես, որ մենք ճամփորդեցինք շատ օրերի ընթացքում՝ ճանապարհին ուտելու բան որսալով մեր աղեղներով և մեր նետերով և մեր քարերով և մեր պարսատիկներով:
16 Եվ մենք հետևում էինք գնդի ուղղություններին, որոնք մեզ առաջնորդում էին դեպի անապատի ավելի բերրի մասերը:
17 Եվ շատ օրերի ընթացքում ճամփորդելուց հետո, մի որոշ ժամանակով մենք խփեցինք մեր վրանները, որպեսզի կարողանայինք նորից հանգստանալ և ձեռք բերել ուտելիք մեր ընտանիքների համար:
18 Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Նեփիս, առաջ գնացի՝ ուտելու բան սպանելու, ահա, ես կոտրեցի աղեղս, որը պատրաստված էր ընտիր պողպատից. և աղեղս ջարդելուց հետո, ահա, եղբայրներս բարկացան ինձ վրա՝ իմ աղեղի կորստի պատճառով, քանի որ մենք ուտելիք չհայթայթեցինք:
19 Եվ եղավ այնպես, որ մենք վերադարձանք մեր ընտանիքներն առանց ուտելիքի, և շատ հոգնած լինելով՝ իրենց ճամփորդելու պատճառով, նրանք շատ էին տանջվում ուտելիքի բացակայությունից:
20 Եվ եղավ այնպես, որ Լամանը և Լեմուելը և Իսմայելի որդիները սկսեցին չափազանց տրտնջալ՝ անապատում իրենց տառապանքների ու չարչարանքների պատճառով. և հայրս նույնպես սկսեց տրտնջալ Տիրոջ՝ իր Աստծո դեմ. այո, և նրանք բոլորը չափազանց վշտացած էին, այնքան, որ տրտնջացին Տիրոջ դեմ:
21 Արդ, եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, աղեղս կորցնելու պատճառով չարչարված լինելով եղբայրներիս հետ, իսկ նրանց աղեղները կորցրած լինելով իրենց ճկունությունը, սկսեց չափազանց դժվար լինել, այո, այնքան, որ մենք չէինք կարողանում ուտելիք հայթայթել:
22 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, շատ խոսեցի եղբայրներիս հետ, որովհետև նրանք նորից կարծրացրել էին իրենց սրտերը, մինչև իսկ դժգոհելով Տիրոջից՝ իրենց Աստծուց:
23 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, փայտից մի աղեղ սարքեցի և մի ուղիղ փայտաձողից՝ մի նետ. ուստի, զինվեցի աղեղով ու նետով, պարսատիկով ու քարերով: Եվ ես ասացի հորս. Ո՞ւր գնամ ուտելիք հայթայթելու:
24 Եվ եղավ այնպես, որ նա հարցրեց Տիրոջից, քանի որ նրանք խոնարհեցրել էին իրենց՝ իմ խոսքերի պատճառով. քանզի ես շատ բաներ էի ասել նրանց՝ իմ հոգու ողջ կորովով:
25 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ հորս. և նա ճշմարտապես խրատվեց, Տիրոջ դեմ տրտնջալու պատճառով, այնքան, որ ընկավ խորը վշտի մեջ:
26 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնն ասաց նրան. Նայի՛ր գնդի վրա և տե՛ս այն բաները, որ գրված են:
27 Եվ եղավ այնպես, որ երբ հայրս տեսավ այն բաները, որոնք գրված էին գնդի վրա, նա չափազանց վախեցավ ու դողաց, ինչպես և եղբայրներս և Իսմայելի որդիները և մեր կանայք:
28 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա ցուցիչները, որոնք գնդի մեջ էին, որ դրանք աշխատում էին համաձայն այն հավատքի և ջանասիրության և ուշադրության, որ մենք հատկացնում էինք դրանց:
29 Եվ դրանց վրա նաև մի նոր գրություն կար գրված, որը պարզ կարդացվում էր, որը մեզ տալիս էր հասկացողություն Տիրոջ ճանապարհների վերաբերյալ. և այն գրվում էր և փոխվում, ժամանակ առ ժամանակ՝ համաձայն այն հավատքի ու ջանասիրության, որ մենք հատկացնում էինք դրան: Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ:
30 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, առաջ գնացի վեր՝ դեպի լեռան գագաթը, ըստ այն ուղղությունների, որոնք տրված էին գնդի վրա:
31 Եվ եղավ այնպես, որ ես սպանեցի վայրի կենդանիներ, այնպես որ ձեռք բերեցի ուտելիք մեր ընտանիքների համար:
32 Եվ եղավ այնպես, որ ես վերադարձա մեր վրանները՝ բերելով կենդանիներ, որոնց ես սպանել էի. և արդ, երբ նրանք տեսան, որ ես ուտելիք էի հայթայթել, որքա՜ն մեծ եղավ նրանց ուրախությունը: Եվ եղավ այնպես, որ նրանք իրենց խոնարհեցրին Տիրոջ առջև և գոհություն հայտնեցին նրան:
33 Եվ եղավ այնպես, որ մենք կրկին ճանապարհ ընկանք՝ ճամփորդելով գրեթե նույն ուղղությամբ, ինչպես սկզբում. և շատ օրերի ընթացքում ճամփորդելուց հետո, մենք կրկին խփեցինք մեր վրանները՝ մի որոշ ժամանակի ընթացքում մնալու համար:
34 Եվ եղավ այնպես, որ Իսմայելը մահացավ և թաղվեց մի վայրում, որը կոչվում էր Նաոմ:
35 Եվ եղավ այնպես, որ Իսմայելի դուստրերը խորապես ողբացին իրենց հոր կորստյան համար, և անապատում իրենց չարչարանքների համար, և նրանք տրտնջացին հորս դեմ, քանի որ նա դուրս էր բերել նրանց Երուսաղեմի հողից՝ ասելով. Մեր հայրը մահացավ. այո, և մենք շատ ենք թափառել անապատում և տարել ենք շատ չարչարանքներ, քաղց, ծարավ, և հոգնածություն. և այս բոլոր տառապանքներից հետո մենք պետք է սովից մահանանք անապատում:
36 Եվ այսպես նրանք տրտնջացին հորս դեմ և նաև իմ դեմ. և նրանք ցանկանում էին նորից վերադառնալ Երուսաղեմ:
37 Եվ Լամանն ասաց Լեմուելին և նաև Իսմայելի որդիներին. Ահա, եկեք սպանենք մեր հորը և նաև մեր եղբայր Նեփիին, որն իր վրա է վերցրել մեզ կառավարիչ ու ուսուցիչ լինելը, մեզ, որ իր ավագ եղբայրներն ենք:
38 Արդ, նա ասում է, որ Տերը խոսել է իր հետ և նաև, որ հրեշտակներ են սպասավորել իրեն: Բայց, ահա, մենք գիտենք, որ նա մեզ ստում է. և նա ասում է այս բաները և գործում է շատ բաներ՝ իր նենգ խորամանկություններով, որ կարողանա մեր աչքը խաբել՝ մտածելով, որ միգուցե կարողանա տանել մեզ հեռու մի օտար անապատ. և մեզ հեռուն տանելուց հետո, նա մտածել է իրեն թագավոր ու կառավարիչ դարձնել մեզ վրա, որպեսզի կարողանա վարվել մեզ հետ՝ ըստ իր կամքի ու հաճույքի: Եվ այս ձևով իմ եղբայր Լամանը նրանց սրտերը դրդեց բարկության:
39 Եվ եղավ այնպես, որ Տերը մեզ հետ էր, այո, իսկապես Տիրոջ ձայնը եկավ և շատ խոսքեր ասաց նրանց և խիստ խրատեց նրանց. և Տիրոջ ձայնից խրատվելուց հետո, նրանք ետ դարձրեցին իրենց բարկությունը և ապաշխարեցին իրենց մեղքերից, այնպես որ Տերը կրկին օրհնեց մեզ ուտելիքով, որպեսզի մենք չմահանանք: