2021
Ճշմարտության և սիրո ավետարանի լույսը
Մայիս 2021


Ճշմարտության և սիրո ավետարանի լույսը

Ես վկայում եմ, որ ճշմարտության և սիրո ավետարանի լույսը պայծառ շողում է այսօր ողջ երկրագնդով մեկ։

Վերջին Օրերի Սրբերի «Լսեք, ազգեր բոլոր» գեղեցիկ օրհներգը անսխալ կերպով փոխանցում է ամբողջ աշխարհում տարածված ավետարանի լրիվության խանդավառությունն ու ուրախությունը։ Այս օրհներգում մենք երգում ենք․

Լսեք, ազգեր բոլոր, Լսեք ձայնը երկնքի

Ողջ աշխարհով մեկ, որ բոլորը կարողանան ուրախանալ։

Փառահեղ հրեշտակների երգչախումբը գոչում է․

Ճշմարտությունը կրկին վերականգնվել է։1

Ցնծությամբ լի այս տեքստի հեղինակը՝ Լուիս Ֆ. Մյոնչը, գերմանացի նորադարձ էր, ով օրհներգի ներշնչված բառերը գրել է Շվեյցարիայում ապրելիս՝ Եվրոպայում իր լիաժամկետ միսիոներական ծառայության ընթացքում։2 Վերականգնման համաշխարհային ազդեցությանը ականատես լինելուց բխող ուրախությունը հստակորեն շարադրվում է օրհներգի հետևյալ խոսքերում․

Խավարում որոնելով՝ ազգերը լաց եղան,

Սպասելով արշալույսին՝ պահեցին զգոնությունը։

Այժմ բոլորն ուրախ են․ երկար գիշերն ավարտվեց։

Ճշմարտությունը կրկին երկրի վրա է։3

Շնորհիվ շուրջ 200 տարի առաջ սկիզբ առած շարունակական Վերականգնման՝ «ճշմարտության և սիրո ավետարանի լույսը»4 այժմ փայլում է ողջ երկրագնդով մեկ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը 1820 թվականին սովորեց, և դրանից հետո ևս միլիոնավորները սովորել են, որ Աստված «ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում»։5

Այս վերջին տնտեսությունում Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո Տերը խոսել է Ջոզեֆ Սմիթի հետ և Իր առատ սերն արտահայտել մեր հանդեպ, երբ Նա ասել է.

«Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի. …

Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի.

Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում»։6

Այս հայտնությունը ստանալուց կարճ ժամանակ անց միսիոներներ սկսեցին կանչվել և ուղարկվել աշխարհի շատ ազգերի մեջ։ Ճիշտ, ինչպես կանխատեսել էր Նեփի մարգարեն, վերականգնված ավետարանի ուղերձը սկսեց քարոզվել «բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների մեջ»։7

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտոնապես կազմավորվել է 1830 թվականին Նյու Յորքի նահանգի հյուսիսում գտնվող մի փոքրիկ գերանից տնակում։

Պահանջվեց 117 տարի՝ մինչև 1947 թվականը, որպեսզի Եկեղեցու անդամների քանակը սկզբնական վեցից դառնար մեկ միլիոն։ Առաջին իսկ օրերից միսիոներները եղել են Եկեղեցու առանձնահատուկ ներկայացուցիչները՝ տարածվելով Ամերիկայի բնիկների երկրներում, Կանադայում, իսկ 1837 թվականին՝ Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքից մինչև Անգլիա։ Շուտով միսիոներները սկսեցին աշխատել ողջ Եվրոպայում և նույնիսկ հեռավոր Հնդկաստանում ու Խաղաղ օվկիանոսյան կղզիներում։

Անդամների թիվը հասավ երկու միլիոնի ընդամենը 16 տարի անց՝ 1963 թվականին, և երեք միլիոնի՝ ևս ութ տարի անց»։8

Ընդգծելով Եկեղեցու արագ աճը՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ասել է. «Այսօր Տիրոջ աշխատանքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում արագ տեմպերով առաջ է ընթանում։ Եկեղեցին կունենա աննախադեպ, անզուգական ապագա»։9

Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը, երկրի վրա կրկին Տիրոջ կենդանի Եկեղեցու կազմավորումը և դրանից հետո նրա ուշագրավ աճը քահանայության օրհնությունները մատչելի են դարձրել ամբողջ աշխարհում։ Սրբազան արարողությունները և ուխտերը, որոնք կապում են մեզ Աստծո հետ և մեզ դնում ուխտի արահետի վրա, հստակ բացահայտում են «աստվածայնության զորությունը»։10 Մինչ մենք մասնակցում ենք այդ սրբազան արարողություններին ողջերի և մահացածների համար, մենք հավաքում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում և պատրաստում երկիրը Տիրոջ Երկրորդ Գալուստին։

1973 թվականի ապրիլին ես և ծնողներս մեր հայրենի Արգենտինայից ուղևորվեցինք տաճար՝ կնքվելու համար։ Քանի որ այդ ժամանակ ամբողջ Լատինական Ամերիկայում տաճար չկար, մենք յուրաքանչյուր ուղղությամբ ավելի քան 6000 մղոն (9,700 կմ) էինք թռչում՝ Սոլթ Լեյքի տաճարում կնքվելու համար։ Չնայած այն ժամանակ ես ընդամենը երկու տարեկան էի և չեմ հիշում այդ հատուկ փորձառությունն ամբողջությամբ, այդ ճամփորդությունից երեք շատ հստակ պատկերներ այդ ժամանակից ի վեր մնացել են իմ հիշողության մեջ։

Նկար
Տեսարան օդանավի պատուհանից

Նախ հիշում եմ, որ ինձ նստեցրին ինքնաթիռի պատուհանի մոտ, որտեղից տեսնում էի ներքևի սպիտակ ամպերը։

Այդ գեղեցիկ, պայծառ ամպերը տպավորվել են իմ մեջ՝ որպես հսկա բամբակյա գնդիկներ։

Մեկ այլ պատկեր, որը մնացել է իմ հիշողության մեջ, մի քանի զվարճալի տեսք ունեցող հերոսների պատկերն է Լոս Անջելեսի տարածքում գտնվող զվարճանքի զբոսայգում։ Դժվար է մոռանալ այդ հերոսներին։

Բայց ամենակարևորն այս պայծառ և անմոռանալի պատկերն է․

Նկար
Սոլթ Լեյքի տաճարի կնքման սենյակ

Ես հստակ հիշում եմ, որ եղել եմ Սոլթ Լեյքի տաճարի սուրբ սենյակում, որտեղ կատարվում են զույգերի և ընտանիքների կնքումները ժամանակի և հավերժության համար։ Ես հիշում եմ տաճարի գեղեցիկ զոհասեղանը և հիշում եմ արևի պայծառ լույսը, որը փայլում էր սենյակի պատուհանից։ Այդ ժամանակ ես զգացի և շարունակում եմ զգալ ճշմարտության և սիրո ավետարանի լույսի ջերմությունը, ապահովությունը և սփոփանքը։

Նմանատիպ զգացողություններ վերահաստատվեցին իմ սրտում 20 տարի անց, երբ ես մտա տաճար՝ ևս մեկ անգամ կնքվելու համար. այս անգամ ես և իմ հարսնացուն կնքվեցինք ժամանակի և հավերժության համար։ Ինչևէ, այս առիթով հարկավոր չէր հազարավոր մղոններ ճամփորդել, քանի որ Բուենոս Այրես Արգենտինա տաճարն արդեն իսկ կառուցվել և նվիրագործվել էր, և մեր տնից ընդամենը մի փոքր հեռավորության վրա էր։

Նկար
Ուոքերների ընտանիքը

Մեր հարսանիքից և կնքումից քսաներկու տարի անց մենք օրհնվեցինք՝ վերադառնալով նույն տաճարը, բայց այս անգամ մեր գեղեցիկ դստեր հետ, և մենք կնքվեցինք որպես ընտանիք՝ ժամանակի և հավերժության համար։

Երբ ես խորհում եմ իմ կյանքի այս շատ սրբազան պահերի մասին, ես լցվում եմ խորը և տևական ուրախությամբ։ Ես զգացել և շարունակում եմ զգալ կարեկցող Երկնային Հոր սերը, ով գիտի մեր անհատական կարիքները և մեր սրտի ցանկությունները։

Իսրայելի վերջին օրերի հավաքման մասին խոսելով՝ Տեր Եհովան ասել է. «Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն»։11 Ես հավերժ երախտապարտ եմ, որ դեռ փոքր տարիքից Տիրոջ օրենքը սկսեց խորությամբ փորագրվել իմ սրտում` Նրա սուրբ տան սրբազան արարողությունների միջոցով։ Որքան կարևոր է իմանալ, որ Նա մեր Աստվածն է, որ մենք Նրա ժողովուրդն ենք, և ինչ հանգամանքներում էլ լինենք, եթե մենք հավատարիմ լինենք և պահենք մեր ուխտերը, մենք կարող ենք լինել «հավերժորեն օղակված Նրա սիրո բազուկների մեջ»։12

2019 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի կանանց նիստին Նախագահ Նելսոնն ասել է. «Միմյանց ծառայելու, ավետարանը հռչակելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու մեր բոլոր ջանքերը կատարվում են տաճարում»։13

Նույն գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է․ «Իհարկե, Վերականգնման լավագույն զարդը սուրբ տաճարն է։ Նրա սրբազան արարողություններն ու ուխտերը առանցքային նշանակություն ունեն՝ նախապատրաստելու ժողովրդին, որը պատրաստ է ողջունել Փրկիչին Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ»։14

Շարունակվող Վերականգնումը նշանավորվեց արագ տեմպերով տաճարների կառուցմամբ և օծմամբ։ Երբ մենք հավաքում ենք Իսրայելը վարագույրի երկու կողմերում, երբ զոհաբերությունների ենք գնում ծառայելու և տաճարը մեր կյանքում առանցքային դարձնելու համար, Տերն իսկապես շենացնում է մեզ. Նա շենացնում է Իր ուխտյալ ժողովրդին։

O՜h, ինչ փառահեղ է երկնային գահից

Փայլում ճշմարտության և սիրո ավետարանի լույսը։

Արևի պես պայծառ այս երկնային շողն այսօր

Լուսավորում է յուրաքանչյուր երկիր։15

Ես վկայում եմ, որ ճշմարտության և սիրո ավետարանի լույսը պայծառ շողում է այսօր ողջ երկրագնդով մեկ։ «Զարմանալիք եւ զարմանք»-ը,16 որի մասին մարգարեացել էր Եսայիա մարգարեն և որը տեսել էր Նեփին,17 տեղի է ունենում արագ տեմպերով՝ նույնիսկ այս դժվարին ժամանակներում։ Ինչպես հայտարարել է Ջոզեֆ Սմիթը որպես մարգարե՝ «Ճմարտության չափանիշը բարձրացվել է․ ոչ մի անմաքուր ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը … մինչև որ Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։18

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք պատրաստ լինենք և որոշենք այսօր ներգրավել մեզ և մեր ընտանիքներին երկնքի՝ մեր Փրկիչի ձայնը լսելու գործին։ Եկեք ուխտեր կապենք և պահենք Աստծո հետ, որոնք ապահով կերպով կպաշտպանեն մեզ այն ճանապարհին, որը վերադարձնում է մեզ դեպի Նրա ներկայությունը, և եկեք ուրախանանք Նրա ավետարանի փառահեղ լույսի և ճշմարտության օրհնություններով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: