2021
Աստծո զավակի անհատական ճամփորդությունը
Մայիս 2021


Աստծո զավակի անհատական ճամփորդությունը

Որպես Աստծո ուխտի զավակներ, մենք սիրում, պատվում, դաստիարակում, պաշտպանում և ողջունում ենք այն հոգիներին, ովքեր գալիս են նախաերկրային աշխարհից:

Համավարակն ազդել է մեզանից յուրաքանչյուրի վրա, քանի որ անսպասելիորեն մահացել են ընտանիքի անդամներ ու ընկերներ: Թույլ տվեք նշել նրանցից երեքին, ովքեր ներկայացնում են մեր սիրելի մարդկանց:

Նկար
Եղբայր և Քույր Նսոդիները

Սա եղբայր Ֆիլիպն ու քույր Ջերմեն Նսոնդիներն են: Եղբայր Նսոնդին ծառայում էր որպես Կոնգոյի հանրապետության Բրազավիլ ցցի հայրապետ, երբ հեռացավ կյանքից: Նա բժիշկ էր, ով իր տաղանդները շռայլորեն կիսում էր ուրիշների հետ:1

Նկար
Կլարա Ռուանո դե Վիլյառեալ

Սա քույր Կլարա Էլիզա Ռուանո դե Վիլյառեալն է՝ Էկվադորի Տուլկան քաղաքից: 34 տարեկան հասակում նա ուրախությամբ միացավ Եկեղեցուն և սիրված ղեկավար էր: Նրա ընտանիքը հրաժեշտ տվեց նրան՝ երգելով նրա սիրած օրհներգը՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ»:2

Նկար
Ռեյ Թուինոն և նրա ընտանիքը

Սա եղբայր Ռեյ Թուինոն է Յուտայից՝ իր գեղեցիկ ընտանիքի հետ միասին: Նրա կինը՝ Ջուլիետան, ասաց. «Ես ցանկանում եմ, որ [իմ տղաները] [հիշեն, որ իրենց հայրը] միշտ փորձում էր Աստծուն դնել առաջին տեղում»:3

Տերն ասել է. «Ապրեք միասին սիրով, այնպես որ սգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են»:4

Մինչ արտասվում ենք, մենք նաև ուրախանում ենք մեր Փրկիչի հրաշափառ Հարությամբ: Նրա շնորհիվ մեր սիրելիներն ու ընկերները կշարունակեն իրենց հավերժական ճամփորդությունը: Ինչպես բացատրել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը. «Մենք չենք կարող մոռանալ նրանց, մենք չենք դադարում սիրել նրանց: Նրանք առաջ են անցել, մենք առաջ ենք գնում, մենք աճում ենք, քանի որ նրանք աճել են»:5 Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Վշտի մեր արցունքները … դառնում են սպասման արցունքներ»:6

Մենք գիտենք նախամահկանացու կյանքի մասին

Մեր հավերժական հեռանկարը ոչ միայն ընդլայնում է մեր ընկալումը նրանց մասին, ովքեր շարունակում են իրենց ճանապարհը մահկանացության սահմաններից դուրս, այլև բացում է մեր հասկացողությունը նրանց մասին, ովքեր գտնվում են իրենց ճամփորդության սկզբում, և նոր են մտնում մահկանացու կյանք:

Յուրաքանչյուր մարդ, ով գալիս է երկիր, Աստծո յուրօրինակ որդին է կամ դուստրը:7 Մեր անձնական ճանապարհը ծննդյան օրվանից չի սկսվել: Նախքան մեր ծնվելը՝ մենք միասին էինք նախապատրաստական աշխարհում, որտեղ մենք «ստացել էին[ք մեր] առաջին դասերը հոգիների աշխարհում»:8 Եհովան ասաց Երեմիային. «Քեզ որովայնում չստեղծած` ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի»:9

Ոմանք կարող են հարցականի տակ դնել՝ արդյո՞ք կյանքը սկսվում է սաղմի ձևավորմամբ, երբ սիրտը սկսում է բաբախել, կամ երբ երեխան կարող է ապրել արգանդից դուրս, բայց մեզ համար կասկած չկա, որ Աստծո հոգևոր դուստրերն ու որդիները իրենց անհատական ճամփորդության ընթացքում գալիս են երկիր՝ մարմին ստանալու և մահկանացու կյանք ունենալու համար:

Որպես Աստծո ուխտի զավակներ, մենք սիրում, պատվում, դաստիարակում, պաշտպանում և ողջունում ենք այն հոգիներին, ովքեր գալիս են նախաերկրային աշխարհից:

Կանանց զարմանալի ներդրումը

Կնոջ համար երեխա ունենալը կարող է լինել ֆիզիկական, հուզական և տնտեսական մեծ զոհաբերություն: Մենք սիրում և պատվում ենք այս Եկեղեցու զարմանալի կանանց: Խելքով և իմաստությամբ դուք կրում եք ձեր ընտանիքի բեռը: Դուք սիրում եք ուրիշներին: Դուք ծառայում եք: Դուք զոհաբերում եք: Դուք զորացնում եք հավատքը, սպասավորում եք կարիքավորներին և մեծ ներդրում եք կատարում հասարակության մեջ:

Կյանքը պահպանելու սուրբ պատասխանատվությունը

Տարիներ առաջ խորը մտահոգվելով աշխարհում կատարվող արհեստական վիժումների քանակով, նախագահ Գորդոն Բ. Հինքլին դիմեց Եկեղեցու կանանց հետևյալ խոսքերով, որոնք արդիական են այսօր մեզ համար: Նա ասաց. «Դուք կին եք, մայր եք և ընտանիքի խարիսխն եք: Դուք երեխաներ եք ծնում: Ինչ ահռելի և սուրբ պատասխանատվություն է դա: … Ի՞նչ է տեղի ունենում մարդկային կյանքը որպես սրբություն գնահատելու մեր գիտակցության հետ: Արհեստական վիժեցումը կոպիտ, իրական և նողկալի չարիք է, որը տարածվում է երկրի վրա: Ես խնդրում եմ այս Եկեղեցու կանանց զգուշանալ դրանից, խուսափել դրանից, հեռու մնալ այն փոխզիջումային իրավիճակներից, որոնք այն ցանկալի են դարձնում: Գուցե կան եզակի հանգամանքներ, որոնց դեպքում դա կարող է տեղի ունենալ, բայց դրանք շատ սահմանափակ են10 … Դուք մայրերն եք Աստծո որդիների և դուստրերի, որոնց կյանքը սուրբ է: Նրանց պահպանումը աստվածայնորեն տրված պարտականություն է, որը հնարավոր չէ թեթևամտորեն անտեսել»:1112

Երեց Մարկուս Բ. Նեշը ինձ պատմել է 84-ամյա մի հաճելի կնոջ պատմություն, ով իր մկրտության հարցազրույցի ժամանակ «ընդունել էր, որ արհեստական վիժեցում էր կատարել [շատ տարիներ առաջ]»: Խորապես հուզված, այդ կինն ասել է. «Իմ 46 տարվա կյանքի ամեն օրը ես կրել եմ երեխային վիժեցնելու մեղքի բեռը: … Իմ կատարած ոչ մի քայլը չէր մեղմացնում այդ ցավն ու մեղքը: Ես հուսահատ էի մինչև այն պահը, երբ ինձ ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը: Ես սովորեցի՝ ինչպես ապաշխարել … և հանկարծ ես հույսով լցվեցի: Վերջապես իմացա, որ ես կարող եմ ներվել, եթե իսկապես ապաշխարեմ իմ մեղքերի համար»:12

Որքան երախտապարտ ենք մենք ապաշխարության և ներման աստվածային պարգևների համար:

Մենք ի՞նչ կարող ենք անել

Ո՞րն է մեր պատասխանատվությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի խաղաղասեր աշակերտներ: Եկեք ապրենք Աստծո պատվիրաններով, ուսուցանենք դրանք մեր զավակներին և կիսվենք նրանց հետ, ովքեր պատրաստ են լսելու:13 Եկեք կիսենք կյանքի սրբության վերաբերյալ մեր խորը զգացմունքները հասարակության մեջ որոշումներ կայացողների հետ: Գուցե նրանք լիովին չեն գնահատում այն, ինչին մենք հավատում ենք, բայց մենք աղոթում ենք, որ նրանք լիովին հասկանան, թե մեզ համար ինչու են այդ որոշումները գերազանցում այն ամենը, ինչ մարդը ցանկանում է իր կյանքի համար:

Եթե սպասվում է չնախատեսված երեխա, եկեք օգնության ձեռք մեկնենք սիրով, քաջալերանքով և, անհրաժեշտության դեպքում, ֆինանսական օգնությամբ՝ զորացնելով մորը, թույլ տալով, որ նրա երեխան ծնվի և իր ճանապարհը շարունակի մահկանացու կյանքում:14

Որդեգրման գեղեցկությունը

Մեր ընտանիքում մենք մեծապես օրհնվեցինք, երբ երկու տասնամյակ առաջ 16-ամյա մի երիտասարդ կին իմացավ, որ երեխա է սպասում: Նա և երեխայի հայրը ամուսնացած չէին, և չէին տեսնում միասին առաջ գնալու ճանապարհը: Երիտասարդ կինը հավատում էր, որ այն կյանքը, որը կրում էր իր մեջ, անգին է: Նա լույս աշխարհ բերեց մի աղջնակի և թույլ տվեց, որ մի արդար ընտանիք որդեգրի նրան: Բրայսի և Ջոլինայի համար աղջիկը պատասխան էր նրանց աղոթքներին: Նրանք աղջկան կոչեցին Էմիլի և սովորեցրին նրան վստահել իր Երկնային Հորն ու Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Նկար
Էմիլին և Քրիստիանը

Էմիլին մեծացավ: Որքան երախտապարտ ենք, որ Էմիլին և մեր թոռը՝ Քրիստիանը, սիրահարվեցին և ամուսնացան Տիրոջ տանը: Էմիլին և Քրիստիանն այժմ ունեն իրենց փոքրիկ դուստրը:

Նկար
Էմիլին դստեր հետ

Էմիլին վերջերս գրել է. «Հղիության այս վերջին ինը ամսվա ընթացքում ես ժամանակ ունեի անդրադառնալու իմ [ծննդյան] իրադարձություններին: Ես մտածեցի ինձ ծնող մայրիկի մասին, ով ընդամենը 16 տարեկան էր: Երբ ես զգացի ցավերն ու փոփոխությունները, որ բերում է հղիությունը, չէի կարող չպատկերացնել, թե որքան դժվար է եղել 16-ամյա երիտասարդ կնոջ համար: Արցունքները հոսում են նույնիսկ հիմա, երբ մտածում եմ ինձ ծնող մոր մասին, ով գիտեր, որ չի կարող ինձ տալ այն կյանքը, [որը ինքը կկամենար, և անշահախնդրորեն] ինձ որդեգրման տվեց: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչերի միջով է անցել այդ ինը ամսվա ընթացքում, երբ նրան նայում էին դատապարտող աչքերով, մինչ դեռահասի նրա մարմինը փոխվում էր, իսկ նա բաց էր թողնում իր պատանեկան փորձառությունները, իմանալով, որ մայրական սիրո այս ջանքերի ավարտին նա իր երեխային կհանձնի ուրիշին: Ես այնքան շնորհակալ եմ նրա անձնուրաց ընտրության համար, որ նա չընտրեց օգտագործել իր ազատ կամքն այնպես, որ խլեր իմ սեփականը»: Էմիլին եզրափակում է. «Ես այնքան երախտապարտ եմ Երկնային Հոր աստվածային ծրագրի, իմ անհավանական ծնողների համար, ովքեր [սիրում և հոգ էին տանում] իմ մասին, և տաճարների համար, որտեղ մենք կարող ենք կնքվել մեր ընտանիքների հետ հավերժության համար:15

Նկար
Ֆոտո կոլաժ

Փրկիչը «մի երեխայ առաւ, կանգնեցրեց նորան նորանց միջումը. Եւ նորան գրկելով ասեց նորանց. Ով որ այսպիսի երեխաներից մէկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում»։16

Երբ արդար ցանկությունները դեռ չեն իրագործվում

Ես արտահայտում եմ իմ սերն ու կարեկցանքը արդար զույգերի հանդեպ, ովքեր ամուսնանում են և չեն կարողանում ունենալ այն երեխաներին, որոնց այդքան անհամբերությամբ սպասում են, և այն կանանց և տղամարդկանց, ովքեր Աստծո օրենքի համաձայն ամուսնանալու հնարավորություն չեն ունեցել: Կյանքի չիրականացված երազանքները դժվար է հասկանալ, եթե դրանք դիտարկվեն միայն մահկանացության տեսանկյունից: Որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ ձեզ, որ քանի դեռ հավատարիմ եք Հիսուս Քրիստոսին և ձեր ուխտերին, դուք կստանաք փոխհատուցող օրհնություններ այս կյանքում և ձեր արդար ցանկությունները՝ Տիրոջ հավերժական ժամանակացույցի համաձայն:17 Մահկանացու կյանքի ճանապարհին կարող ենք երջանկություն գտնել, նույնիսկ, երբ մեր բոլոր արդար հույսերը չեն իրականանում:18

Ծնվելուց հետո երեխաները շարունակում են ունենալ մեր օգնության կարիքը: Ոմանք դրա կարիքը շատ ունեն: Ամեն տարի հոգատար եպիսկոպոսների և ծոմի նվիրատվությունների ու մարդասիրական ֆոնդերի ձեր առատաձեռն ներդրման միջոցով օրհնվում են միլիոնավոր երեխաների կյանքեր: Առաջին Նախագահությունը վերջերս հայտարարեց լրացուցիչ 20 միլիոն դոլարի մասին, որը կօգնի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երկու միլիարդ պատվաստանյութեր ներմուծելու իրենց համաշխարհային ջանքերում:19 Աստված սիրում է երեխաներին։

Երեխա ունենալու սուրբ որոշումը

Մտահոգիչ է, որ նույնիսկ աշխարհի որոշ բարեկեցիկ երկրներում ավելի քիչ երեխաներ են ծնվում:20 «Դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված՝ շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը»:21 Երբ պետք է երեխա ունենալ և քանի երեխա ունենալ. սրանք անձնական որոշումներ են, որոնք պետք է կայացվեն ամուսնու, կնոջ ու Տիրոջ միջև: Հավատքի և աղոթքի միջոցով այս սուրբ որոշումը կարող է լինել գեղեցիկ, բացահայտող փորձառություն:22

Ես կկիսվեմ Հարավային Կալիֆորնիայից Լեինգ ընտանիքի պատմությամբ: Քույր Ռեբեկկա Լեինգը գրում է.

Նկար
Լեինգների ընտանիքը

«2011-ի ամռանը մեր ընտանիքի կյանքը կարծես թե կատարյալ էր: Մենք երջանիկ ամուսիններ էինք և ունեինք չորս երեխա՝ 9, 7, 5 և 3 տարեկան:

Իմ հղիություններն ու ծննդաբերությունները [շատ] վտանգավոր էին … [և] մենք [շատ] օրհնված զգացինք, որ չորս երեխա ունեցանք, [մտածելով], որ մեր ընտանիքն արդեն ամբողջական է: Հոկտեմբերի գերագույն համաժողովը լսելիս ես անսխալական զգացողություն ունեցա, որ մենք պետք է ևս մեկ երեխա ունենանք: Երբ ես և Լեգրանդը խորհում և աղոթում էինք, … մենք զգացինք, որ Աստված մեզ համար այլ ծրագիր ուներ, որը տարբերվում էր մեր ծրագրից:

Հերթական դժվար հղիությունից և ծննդաբերությունից հետո մենք օրհնվեցինք մի գեղեցիկ աղջիկ զավակով: Մենք նրան անվանեցինք Բրիել: Նա հրաշք էր։ Նրա ծնվելուց մի քանի վայրկյան անց, երբ դեռ [ծննդաբերական սենյակում] էի, ես լսեցի Հոգու անսխալ ձայնը. «Կա ևս մեկը»:

«Երեք տարի անց, մեկ այլ հրաշք ծնվեց՝ Միան: Բրիելն ու Միան մեծ ուրախություն են մեր ընտանիքի համար»: Նա եզրափակում է. «Բաց լինելով Տիրոջ առաջնորդության համար և հետևելով մեզ համար Նրա ծրագրին՝ միշտ ավելի մեծ երջանկություն կունենանք, քան … ապավինելով մեր սեփական հասկացողությանը»:23

Նկար
Բրիել և Միա Լաինգերը

Փրկիչը սիրում է յուրաքանչյուր թանկագին երեխայի:

«Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, …

Եվ … նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և … նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին. և [հրեշտակները] իջան վար և օղակեցին այն փոքրիկների շուրջը, և … հրեշտակները սպասավորում էին նրանց»:24

Ես վկայում եմ, որ լինելովԱստծո զավակներ ձեր անձնական ճամփորդությունը չի սկսվել այն ժամանակ, երբ երկրային օդի առաջին հոսքը ներխուժել է ձեր թոքերը, և չի ավարտվի, երբ դուք ներշնչեք ձեր մահկանացության վերջին շունչը:

Միշտ հիշենք, որ Աստծո յուրաքանչյուր հոգևոր զավակ գալիս է երկիր՝ իր անհատական ճամփորդության ընթացքում:25 Թող որ մենք ողջունենք նրանց, պաշտպանենք նրանց և միշտ սիրենք նրանց: Երբ դուք այս թանկագին երեխաներին ընդունեք Փրկիչի անունով և օգնեք նրանց իրենց հավերժական ճամփորդության մեջ, ես խոստանում եմ ձեզ, որ Տերը կօրհնի ձեզ և Իր սերն ու հավանությունը կհեղի ձեզ վրա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Անձնական նամակագրություն:

  2. Անձնական նամակագրություն: Տես «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ, հ. 38:

  3. Անձնական նամակագրություն:

  4. Վարդապետություն և Ուխտեր 42․45։

  5. Joseph F. Smith, in Conference Report, Apr. 1916, 3.

  6. In Trent Toone, “‘A Fulness of Joy’: President Nelson Shares Message of Eternal Life at His Daughter’s Funeral,” Church News, Jan. 19, 2019, thechurchnews.com.

  7. Տես «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org։

  8. Վարդապետություն և Ուխտեր 138․56:

  9. Երեմիա 1.5: Նոր Կտակարանը պատմում է չծնված Հովհաննես Մկրտիչի մասին, որը «որովայնումը խաղաց», երբ Եղիսաբեթը հանդիպեց Մարիամին, ով սպասում էր մանուկ Հիսուսին (տես Ղուկաս 1.41):

  10. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը.

    «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հավատում է մարդկային կյանքի սրբությանը: Հետևաբար, Եկեղեցին դեմ է ընտրովի վիժեցմանը՝ անձնական կամ սոցիալական հարմարության համար, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները չպետք է կատարեն, խրախուսեն և կազմակերպեն վիժեցում կամ վճարեն դրա համար:

    Եկեղեցին իր անդամների համար հնարավոր բացառություններ է թույլ տալիս, երբ.

    Հղիությունը բռնաբարության կամ արյունապղծության արդյունք է:

    Իրավասու բժիշկը որոշում է, որ մոր կյանքը կամ առողջությունը լուրջ վտանգի տակ է:

    Իրավասու բժիշկը որոշում է, որ պտուղը ունի լուրջ արատներ, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծնունդից հետո:

    Եկեղեցին իր անդամներին սովորեցնում է, որ նույնիսկ այս եզակի բացառությունները չեն արդարացնում հղիության արհեստական ընդհատումը: Արհեստական վիժեցումը ամենալուրջ խնդիրն է, և այն պետք է քննարկվի միայն այն բանից հետո, երբ ներգրավված անձիք խորհրդակցեն իրենց եկեղեցու տեղական առաջնորդների հետ, և անձնական աղոթքի միջոցով զգան, որ իրենց որոշումը ճիշտ է:

    Եկեղեցին հավանություն չի տվել կամ դեմ չի եղել արհեստական վիժեցմանը վերաբերող օրենսդրական առաջարկներին կամ հանրային ցույցերին» (“Abortion,” Newsroom, newsroom.ChurchofJesusChrist.org, տես նաև Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.6.1, ChurchofJesusChrist.org):

  11. Gordon B. Hinckley, “Walking in the Light of the Lord,” Ensign, Nov. 1998, 99; Liahona, Jan. 1999, 117.

    Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

    «Արհեստական վիժեցումը տգեղ, ստորացուցիչ բան է, և անխուսափելիորեն բերում է զղջում, վիշտ և ափսոսանք:

    Չնայած մենք դա դատապարտում ենք, սակայն թույլտվություն ենք տրամադրում այնպիսի պայմաններում, երբ հղիությունը արյունապղծության կամ բռնաբարության արդյունք է, երբ իրավասու բժշկական հաստատությունը որոշում է, որ մոր կյանքը կամ առողջությունը լուրջ վտանգի տակ է, կամ երբ իրավասու բժիշկը որոշում է, որ պտուղը ունի լուրջ արատներ, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծնունդից հետո:

    Բայց նման դեպքերը հազվադեպ են, և դրանց առաջացման հավանականությունը շատ փոքր է: Այս պայմաններում այդ խնդրին բախվող մարդկանց խնդրվում է խորհրդակցել իրենց տեղական եկեղեցական առաջնորդների հետ և աղոթել մեծ ջանասիրությամբ՝ նախքան գործի հաստատումը» (“What Are People Asking about Us?,” Ensign, Nov. 1998, 71; Liahona, Jan. 1999, 83–84)։

  12. Տես Նիլ Լ. Անդերսեն, Ներման աստվածային պարգևը (2019), 25:

    Մի առիթով Ֆրանսիայում, մկրտության հարցազրույցի ժամանակ, մի կին խոսեց ինձ հետ տարիներ առաջ կատարված արհեստական վիժեցման մասին: Ես շնորհակալ էի նրա բարության համար: Նա մկրտվեց: Մեկ տարի անց ես զանգ ստացա: Իր մկրտությունից հետո մեկ տարվա ընթացքում այս հրաշալի կինը ուսուցանվել էր Սուրբ Հոգու կողմից: Նա հեկեկալով ասաց. «Հիշու՞մ եք, … ես տարիներ առաջ ձեզ պատմել էի արհեստական վիժեցման մասին: Ես զղջում էի իմ արածի համար: Բայց [այս] անցնող տարին փոխեց ինձ: Իմ սիրտը դարձավ դեպի Տերը: … Ինձ այնքան ցավ է պատճառել իմ մեղքի լրջությունը, որ վերականգնման ոչ մի հնարավորություն չունեմ»:

    Ես զգացի Տիրոջ անսահման սերը այս կնոջ հանդեպ: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Վերականգնել այն, ինչը դուք չեք կարող վերականգնել, բուժել վերքը, որը դուք չեք կարող բուժել, նորոգել այն, ինչը դուք կոտրել եք, և դուք չեք կարող նորոգել. Ահա սա է Քրիստոսի քավության հիմնական նպատակը: Երբ ձեր ցանկությունը հաստատուն է, և դուք ցանկանում եք վճարել «վերջին նաքարակիտը» [ Մատթեոս 5․25–26], հատուցման օրենքը կասեցվում է։ Ձեր պարտավորությունը փոխանցվում է Տիրոջը։ Նա կվճարի ձեր պարտքերը» («Ներման պայծառ առավոտը», Ensign,Nov. 1995, 19–20)։ Ես հավաստիացրի, որ Փրկիչը սիրում է նրան: Տերը ոչ միայն վերցրեց մեղքը նրանից, այլև ամրացրեց և զտեց նրա հոգին: (Տես Նիլ Լ. Անդերսեն, Ներման աստվածային պարգևը, 154-56:)

  13. Տես Դալլին Հ. Օուքս, «Պաշտպանել երեխաներին», Լիահոնա, նոյեմբեր 2012, 43–46:

  14. Աստծո դստեր կամ որդու կյանքի պաշտպանությունը նույնպես հոր պարտականությունն է: Յուրաքանչյուր հայր ունի հուզական, հոգևոր և ֆինանսական պատասխանատվություն՝ ողջունելու, սիրելու և հոգալու երեխայի լույս աշխարհ գալը:

  15. Անձնական նամակագրություն:

  16. Մարկոս 9.36-37:

  17. Տես Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» (Brigham Young University devotional, Aug. 18, 2015), speeches.byu.edu:

  18. Տես Դալլին Հ. Օուքս, «Երջանկության մեծ ծրագիրը», Ensign, Nov. 1993, 75; տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Ընտրություններ», Ensign, Nov. 1990, 75:

  19. Տես “Bishop Caussé Thanks UNICEF and Church Members for COVID-19 Relief,” Newsroom, Mar. 5, 2021, newsroom.ChurchofJesusChrist.org:

  20. Օրինակ, եթե ԱՄՆ-ը պահպաներ ծնելիության մակարդակը 2008-ին՝ ընդամենը 13 տարի առաջ, այսօր կենդանի կլիներ 5,8 միլիոնից ավել երեխա (see “5.8 Million Fewer Babies: America’s Lost Decade in Fertility,” Institute for Family Studies, Feb. 3, 2021, ifstudies.org/blog/5–8-million-fewer-babies-americas-lost-decade-in-fertility):

  21. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org: Սուրբ գրություններն ասում են. «որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են» (Սաղմոս 127.3): Տես Ռասսել Մ. Նելսոն, «Որքան ամուր է մեր հիմքը», Լիահոնա, հուլիս 2002, 83–84, տես նաև Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 27:

  22. Տես Նիլ Լ. Անդերսեն, «Երեխաներ», Լիահոնա, նոյեմբեր 2011, 28:

  23. Անձնական նամակագրություն, մարտի 10, 2021:

  24. 3 Նեփի 17.21, 24։

  25. «Իրականում, մենք բոլորս ճամփորդներ ենք, նույնիսկ մահականացության հետազոտողներ: Մենք չունենք նախնական անձնական փորձառություն: Մենք պետք է անցնենք զառիվեր անդունդների և անհանգիստ ջրերի վրայով՝ երկրի վրա մեր սեփական ճամփորդության ընթացքում» (Թոմաս Ս. Մոնսոն, «Կամուրջ կառուցողը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 67):