2021
Խեղճ փոքրիկներ
Մայիս 2021


Խեղճ փոքրիկներ

Յուրաքանչյուր ծխում և ճյուղում մեր բոլորի կարիքը զգացվում է՝ թե՛ նրանց, ովքեր ուժեղ են և թե՛ նրանց, ովքեր գուցե մաքառում են: Բոլորը կարևոր են:

Հիշում եմ, թե պատանեկության տարիներին ինչպես էի մեքենա վարում և ճանապարհի եզրին տեսնում մարդկանց, ովքեր հայտնվել էին դժվարին պայմաններում կամ օգնության կարիք ունեին: Հայրս միշտ ասում էր Pobrecito, որը նշանակում է «խեղճ փոքրիկ»:

Ժամանակ առ ժամանակ ես հետաքրքրությամբ ականատես էի լինում, թե ինչպես է հայրս օգնում այս մարդկանցից շատերին, հատկապես, երբ մենք մեկնում էինք Մեքսիկա՝ տեսնելու իմ տատիկ-պապիկներին: Նա սովորաբար գտնում էր կարիքի մեջ գտնվող մեկին, այցելում առանձին և տրամադրում նրանց անհրաժեշտ օգնությունը: Ավելի ուշ ես պարզում էի, որ նա օգնում էր նրանց գրանցվել դպրոցում, սնունդ գնել կամ ինչ-որ կերպ ապահովել նրանց բարեկեցությունը: Նա սպասավորում էր «խեղճ փոքրիկին», ում հանդիպում էր իր ճանապարհին: Իրականում, իմ հասունության տարիներին ես չեմ կարող հիշել մի ժամանակաշրջան, երբ մեր տանը որևէ մեկը չապրեր՝ մինչև որ չդառնար ինքնապահով։ Տեսնելով այդ փորձառությունները՝ ես կարեկցանքի ոգով լցվեցի իմ մերձավոր տղամարդկանց ու կանանց և կարիքավորների հանդեպ:

Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկում ասվում է․ «Դուք շրջապատված եք մարդկանցով։ Դուք նրանց կողքով եք անցնում փողոցում, այցելում եք նրանց տներում և ճամփորդում եք նրանց հետ։ Նրանք բոլորը Աստծո զավակներն են, ձեր եղբայրներն ու քույրերն են։… Այդ մարդկանցից շատերը փնտրում են կյանքի նպատակը։ Նրանք մտահոգված են իրենց ապագայով և իրենց ընտանիքներով» (Քարոզիր Իմ Ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց [2018], 1)։

Եկեղեցում ծառայելու տարիներին ես փորձել եմ փնտրել նրանց, ովքեր իրենց կյանքում օգնության կարիք են ունեցել՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգեպես: Ես հաճախ լսում եմ հայրիկիս ձայնը, որն ասում է. Pobrecito, խեղճ փոքրիկ։

Աստվածաշնչում մենք կարդում ենք խեղճ փոքրիկին հոգ տանելու հիանալի մի օրինակ.

«Պետրոսն եւ Յովհաննէսը գնում էին միասին տաճարը իններորդ ժամի աղօթքին։

Եւ մի մարդ կար իր մօր որովայնիցը կաղ, որին վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար։

Երբոր նա տեսաւ Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։

Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։

Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։

Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։

Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը» (Գործք Առաքելոց 3․1–7, շեշտադրումն ավելացված է)։

Ընթերցելով այս պատմությունը՝ ես հետաքրքրվեցի մտիկ արավ բառի օգտագործմամբ։ Մտիկ անել նշանակում է աչքերը, մտքերը հառել, կամ ուշադիր նայել (տես «fasten» (Մտիկ տալ) Dictionary.com)։ Երբ Պետրոսը նայեց այս մարդուն, նա տեսավ նրան ուրիշ կերպ, քան մյուսները: Նա շրջանցեց այդ մարդու քայլելու անկարողությունը և թուլությունները ու կարողացավ հասկանալ, որ նրա հավատը բավարար էր բժշկվելու և տաճար մտնելու համար՝ ստանալու իր փնտրած օրհնությունները:

Ես նկատեցի, որ նա բռնեց այդ մարդու աջ ձեռքից և բարձրացրեց նրան: Երբ նա օգնում էր մարդուն այս եղանակով, Տերը հրաշքով բուժեց նրան, և «հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը» (Գործք Առաքելոց 3․7)։ Այդ մարդու հանդեպ նրա սերը և նրան օգնելու ցանկությունը թույլ մարդու մեջ առաջ բերեցին ունակությունների և կարողությունների աճ:

Որպես Տարածքային Յոթանասունական ծառայելիս ես ամրագրում էի երեքշաբթի երեկոյան ժամերը, որպեսզի սպասավորման այցեր կատարեմ իմ տարածաշրջանի ցցի նախագահների հետ։ Ես նրանց առաջարկեցի հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում անհրաժեշտ էր Հիսուս Քրիստոսի ավետարանի որևէ արարողություն, կամ ովքեր ներկայումս չէին պահում իրենց կապած ուխտերը: Մեր հետևողական և նպատակասլաց ծառայության միջոցով Տերը բազմապատկեց մեր ջանքերը, և մենք կարողացանք գտնել անհատների և ընտանիքների, ովքեր կարիքի մեջ էին: Դրանք «խեղճ փոքրիկներ» էին, ովքեր ապրում էին տարբեր ցցերում, որտեղ մենք ծառայում էինք:

Մի առիթով ես ուղեկցում էի նախագահ Բիլ Ուիթվորթին՝ «Սենդի Յուտա Քանյոն Վյու» ցցի նախագահին, սպասավորության այցեր կատարելու նպատակով։ Նա աղոթում էր, որ իմանար, թե ում պետք է այցելենք՝ ձգտելով ունենալ Նեփիի նման փորձառություն, ով «առաջնորդվում էր Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է աներ» (1 Նեփի 4․6)։ Նա ցույց տվեց, որ սպասավորելիս մենք պետք է հայտնությամբ առաջնորդվենք առավել կարիքավորի մոտ, ոչ թե պարզապես այցելենք անհատներին՝ ցուցակի հերթականությամբ: Մենք պետք է առաջնորդվենք ոգեշնչման զորությամբ:

Հիշում եմ մի երիտասարդ զույգի տուն իմ այցելությունը․ Ջեֆի և Հիթերի ու նրանց փոքր տղայի՝ Կայի տուն։ Ջեֆը Եկեղեցում ակտիվ էր եղել։ Նա շատ տաղանդավոր մարզիկ էր և խոստումնալից կարիերա ուներ: Պատանեկության տարիներին նա սկսեց հեռանալ Եկեղեցուց: Ավելի ուշ նա ավտովթարի ենթարկվեց, ինչը փոխեց նրա կյանքի ընթացքը: Երբ մենք մտանք նրանց տուն և ծանոթացանք, Ջեֆը մեզ հարցրեց, թե ինչու ենք այցելել իրենց: Մենք պատասխանեցինք, որ կան մոտ 3000 անդամներ, ովքեր ապրում են ցցի սահմաններում: Այնուհետև ես հարցրի նրան. «Ջե՛ֆ, ասա մեզ, թե Տերն ինչո՞ւ է մեզ այստեղ ուղարկել՝ բոլոր տներից ընտրելով քոնը, որոնք մենք կարող էինք այս երեկո այցելել»:

Այդ խոսքերից Ջեֆը հուզվեց և սկսեց մեզ հետ կիսվել իր որոշ հոգսերով և հարցերով, որոնք նրանք ունեին ընտանիքում: Մենք սկսեցինք կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի մի շարք սկզբունքներով: Մենք հրավիրեցինք, որ նրանք մի քանի որոշակի գործողություն կատարեն, որոնք սկզբում կարող են դժվար թվալ, բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ երջանկություն և ուրախություն կպատճառեն: Այնուհետև նախագահ Ուիթվորթը Ջեֆին քահանայության օրհնություն տվեց, որպեսզի օգնի նրան հաղթահարել իր դժվարությունները: Ջեֆը և Հիթերը համաձայնեցին անել այն, ինչ մենք նրանց հրավիրել էինք անել:

Մոտ մեկ տարի անց ինձ բախտ վիճակվեց դիտել, թե ինչպես է Ջեֆը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ մկրտում իր կնոջը՝ Հիթերին: Նրանք այժմ պատրաստվում են մտնել տաճար, որպեսզի ընտանիքով կնքվեն ժամանակի և հավերժության համար: Մեր այցը փոխեց նրանց կյանքի ընթացքը՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգևոր առումով:

Տերը նշել է․

«Ուստի,- պատվիրում է Տերը,- եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները» (Վարդապետություն և Ուխտեր 81․5):

«Եվ անելով այս բաները՝ դու ամենամեծ բարիքը կգործես քո մերձավորների համար և կավելացնես փառքը նրա, ով քո Տերն է» (Վարդապետություն և Ուխտեր 81․4

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Պողոս առաքյալն ուսուցանեց մեր սպասավորության հիմնական տարրի մասին: Նա ուսուցանեց, որ մենք բոլորս «Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ» (Ա Կորնթացիս 12․27), և որ մարմնի յուրաքանչյուր անդամ անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի, որ ամբողջ մարմինը կատարելագործվի: Ապա նա ուսուցանեց մի զորեղ ճշմարտություն, որը խորապես արմատավորվեց իմ սրտում, երբ ես կարդացի այն: Նա ասաց․ «Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են․ Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում» (Ա Կորնթացիս 12․22–23, շեշտադրումն ավելացված է)։

Ուստի, յուրաքանչյուր ծխում և ճյուղում մեր բոլորի կարիքը զգացվում է՝ թե՛ նրանց, ովքեր ուժեղ են և թե՛ նրանց, ովքեր գուցե մաքառում են: Բոլորն անհրաժեշտ և կենսական նշանակություն ունեն ամբողջ «Քրիստոսի մարմնի» կատարելագործման համար: Հաճախ մտածում եմ, թե ով է բացակա մեր տարբեր ժողովներից, որոնք մեզ կզորացնեն և ամբողջական կդարձնեն:

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Եկեղեցում մենք ոչ միայն սովորում ենք աստվածային վարդապետությունը, այլ նաև զգում ենք դրա կիրառությունը: Որպես Քրիստոսի մարմին, Եկեղեցու անդամները ծառայում են մեկը մյուսին առօրյա կյանքի իրականության մեջ: Մենք բոլորս անկատար ենք։ … Հիսուսի մարմնում մենք պիտի վեր կանգնենք գաղափարներից ու բարձրագոչ բառերից և ունենանք իսկական կյանքի փորձ, երբ մենք սովորում ենք «ապրել միասին սիրով» [Վարդապետություն և Ուխտեր 42․45]» («Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 108–9)։

Նկար
Բրիգամ Յանգի երազը

1849 թվականին Բրիգամ Յանգը երազում տեսավ մարգարե Ջոզեֆ Սմիթին, ով քշում էր ոչխարների և այծերի մի մեծ հոտ: Այդ կենդանիներից մի քանիսը մեծ էին և գեղեցիկ, մյուսները փոքր էին ու կեղտոտ: Բրիգամ Յանգը վերհիշում է, որ նայում էր մարգարե Ջոզեֆ Սմիթի աչքերին և ասում. «Ջոզեֆ, դու ունես ամենասարսափելի հոտը, որ երբևէ տեսել եմ իմ կյանքում … ի՞նչ եք պատրաստվում անել նրանց հետ»: Մարգարեն, որը կարծես թե չէր մտածում այս անհնազանդ հոտի մասին, պարզապես պատասխանեց. «[Բրիգամ] նրանք բոլորը լավ են իրենց տեղերում»:

Երբ Նախագահ Յանգը արթնացավ, նա հասկացավ, որ թեպետ Եկեղեցին հավաքելու է տարբեր «ոչխարներ և այծեր», իր պարտականությունն էր ներս բերել բոլորին և թույլ տալ նրանցից յուրաքանչյուրին գիտակցել իրենց ամբողջ ներուժը՝ Եկեղեցում իրենց տեղերը զբաղեցնելիս: (Adapted from Ronald W. Walker, “Brigham Young: Student of the Prophet,” Ensign, Feb. 1998, 56–57.)

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմ ելույթի մտահղացումը առաջացավ, երբ ես շատ էի մտածում մեկի մասին, ով ներկայումս ակտիվ մասնակցություն չունի Հիսուս Քրիստոսի եկեղեցում: Մի պահ կցանկանայի խոսել նրանցից յուրաքանչյուրի հետ: Երեց Նիլ Ա. Մաքսվելը ուսուցանել է, որ «այդպիսի մարդիկ հաճախ մոտ են մնում Եկեղեցուն, բայց լիարժեք չեն մասնակցում: Նրանք հաղորդության սենյակ չեն մտնում, բայց ոչ էլ հեռանում են նրա շքամուտքից: Այդ մարդիկ նրանք են, ովքեր Եկեղեցու կարիքն ունեն, ինչպես նաև Եկեղեցին նրանց կարիքն ունի, բայց նրանք մասամբ «առանց Աստծո են ապրում աշխարհում» [Մոսիա 27․31]» (“Why Not Now?,” Ensign, Nov. 1974, 12)։

Ես կցանկանայի կրկնել մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը, երբ առաջին անգամ նա խոսեց Եկեղեցու անդամների հետ: Նա ասաց․ «Այսօր Եկեղեցու յուրաքանչյուր անդամի ես ասում եմ՝ Մնացեք ուխտի ուղու վրա։ Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։

Ապա նա խնդրեց․ «Եթե դուք դուրս եք եկել այդ ուղուց, թույլ տվեք հրավիրել ձեզ իմ սրտում եղած ամբողջ հույսով, որ հետ վերադառնաք։ Անկախ ձեր մտահոգություններից, անկախ ձեր խնդիրներից, Տիրոջ այս Եկեղեցում ձեզ համար տեղ կա։ Դուք և դեռ չծնված սերունդները կօրհնվեք, եթե դուք այժմ վերադառնաք ուխտի ուղու վրա» («Միասին առաջ ընթանալով» կամ Լիահոնա, ապր. 2018, 7, շեշտադրումն ավելացված է)։

Ես վկայում եմ Նրա, Հիսուս Քրիստոսի՝ մեր բոլորի Վարդապետ սպասավորի և Փրկիչի մասին: Հրավիրում եմ բոլորիս փնտրել pobrecitos մարդկանց՝ մեր մեջ ապրող «խեղճ փոքրիկներին», ովքեր կարիքի մեջ են։ Դա իմ հույսն ու աղոթքն է՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: