2021
Գերեզմանը հաղթանակ չունի
Մայիս 2021


Գերեզմանը հաղթանակ չունի

Հիսուս Քրիստոսի փրկագնող Քավության և փառահեղ Հարության շնորհիվ կոտրված սրտերը կարող են բուժվել, տառապանքը կարող է վերափոխվել խաղաղության, իսկ նեղությունը՝ հույսի։

Զատիկի այս փառահեղ կիրակի օրը մեր երեխաներն ուրախ երգում են. «Ոսկե գարնանը, Հիսուս Քրիստոսը արթնացավ և թողեց գերեզմանը, որտեղ պառկած էր, մահվան կապանքները նա կոտրեց»։1

Մենք երախտապարտ ենք Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ մեր գիտելիքի համար։ Սակայն մեր կյանքի ինչ-որ պահի մենք վշտացած կզգանք, երբ կորցնենք մեկին, ում շատ ենք սիրում։ Ներկայիս համավարակի ընթացքում մեզանից շատերը կորցրել են իրենց սիրելիներին՝ ընտանիքի անդամների կամ ընկերների։2 Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր սգում են այդպիսի կորուստը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․

«Անկախ տարիքից՝ մենք սգում ենք սիրելիների կորուստը։ Սուգը մաքուր սիրո ամենախորը դրսևորումներից է։ …

Ավելին, մենք չենք կարող լիովին գնահատել ապագայի ուրախ հանդիպումները` առանց այսօրվա արտասվալից բաժանման։ Մահվան վշտից ազատվելու միակ եղանակը կյանքի սիրուց բաժանվելն է»։3

Նկար
Կին աշակերտները սգում են Հիսուսի մահը։

Մենք կարող ենք պատկերացնել, թե Հիսուսի ընկերները, ովքեր հետևում և ծառայում էին Նրան,4 ինչ զգացին՝ Նրա մահվան ականատեսները լինելով։5 Մենք գիտենք, որ նրանք «սուգ էին անում եւ լաց լինում»։6 Խաչելության օրը, չիմանալով, թե ինչ է տեղի ունենալու կիրակի օրը, նրանց, հավանաբար, համակել էր վիշտը այն մտքից, թե ինչպես են շարունակելու առանց իրենց Տիրոջ։ Այնուամենայնիվ, նրանք շարունակեցին ծառայել Նրան նույնիսկ մահվան ժամին։

Արիմաթացի Հովսէփը Պիղատոսից խնդրեց, որ իրեն տա Հիսուսի մարմինը։ Նա մարմինը իջեցրեց, փաթաթեց կտավով, դրեց իր նոր գերեզմանում և մի մեծ քար գլորեց գերեզմանի դռանը։7

Նիկոդեմոսը բերեց զմուռս և հալվե։ Նա օգնեց Հովսեփին վերցնել մարմինը և փաթաթել այն խնկերով կտավի մեջ։8

Մարիամ Մագդաղենացին և մյուս կանայք հետևեցին Հովսեփին և Նիկոդեմոսին, որ տեսնեն, թե ուր են դնում Հիսուսի մարմինը, և պատրաստեցին անուշահոտ յուղեր, որպեսզի օծեն այն։9 Համաձայն այդ ժամանակաշրջանի խիստ օրենքների, նրանք հետաձգեցին մարմնի օծումը, քանի որ շաբաթ օրը Հանգստության օրն էր։10 Ապա, կիրակի օրը վաղ առավոտյան նրանք գնացին գերեզմանի մոտ։ Երբ հասկացան, որ Փրկիչի մարմինն այնտեղ չէր, նրանք գնացին պատմելու այդ մասին աշակերտներին, որոնք Հիսուսի առաքյալներն էին։ Առաքյալները նրանց հետ եկան գերեզմանի մոտ և տեսան, որ այն դատարկ էր։ Բոլորը, բացի Մարիամ Մագդաղենացուց, ի վերջո գնացին, մտածելով, թե ինչ է պատահել Փրկիչի մարմնի հետ։11

Մարիամ Մագդաղենացին մենակ մնաց գերեզմանի մոտ։ Ընդամենը մի քանի օր առաջ նա տեսել էր իր ընկերոջ և Տիրոջ ողբերգական մահը։ Այժմ Նրա գերեզմանը դատարկ էր, և նա չգիտեր, թե որտեղ էր Տերը։ Այդ վիճակը չափազանց ծանր էր նրա համար, և նա լաց եղավ։ Այդ պահին հարություն առած Փրկիչը մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչու էր լաց լինում և ում էր փնտրում։ Մտածելով, թե իր հետ խոսում էր պարտիզպանը, նա խնդրեց, որ եթե նա էր վերցրել Տիրոջ մարմինը, ասեր իրեն տեղը, որ կարողանար վերցնել։12

Նկար
Մարիամ Մագդաղենացի

Կարծում եմ, Տերը թույլ տվեց, որ Մարիամ Մագդաղենացին արտահայտի իր սուգն ու վիշտը։13 Ապա Նա դիմեց նրան անունով, և նա շրջվեց դեպի Տերը և ճանաչեց Նրան։ Նա տեսավ հարություն առած Քրիստոսին և դարձավ Նրա փառահեղ Հարության վկան։14

Ինչպես դուք, ես ևս զգացել եմ նման տառապանք, որ Մարիամ Մագդաղենացին ու նրա ընկերները զգացին իրենց Տիրոջ մահը սգալիս։ Երբ ես ինը տարեկան էի, կորցրի իմ ավագ եղբորը ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Քանի որ դա տեղի ունեցավ անսպասելի, որոշ ժամանակ պահանջվեց, որ ես կարողանայի ընկալել կատարվածը։ Վիշտը համակել էր ինձ, և ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ պատահեց եղբորս հետ։ Ո՞րտեղ է նա: Ո՞ւր գնաց նա: Ես երբևէ նորից կտեսնե՞մ նրան»։

Այդ ժամանակ ես չգիտեի Աստծո փրկության ծրագրի մասին և ցանկանում էի իմանալ, թե որտեղից ենք մենք գալիս, որն է կյանքի նպատակը, և ինչ է տեղի ունենում մեզ հետ մեր մահից հետո։ Չէ՞ որ բոլորս էլ նույն հարցրերն ենք ունենում, երբ կորցնում ենք սիրելիին կամ կյանքում դժվարություններ ենք ունենում։

Մի քանի տարի անց ես սկսեցի յուրահատուկ ձևով մտածել եղբորս մասին։ Ես պատկերացնում էի, որ նա թակում էր մեր դուռը։ Ես բացում էի դուռը, նա կանգնած էր այնտեղ և ասում էր ինձ․ «Ես չեմ մահացել։ Ես ողջ եմ։ Ես չէի կարողանում գալ քեզ մոտ, բայց այժմ ես կմնամ քեզ մոտ և այլևս երբեք չեմ հեռանա»։ Այդ պատկերացումը, գրեթե երազի նման, օգնեց ինձ հաղթահարել ցավը, որ զգում էի նրան կորցնելուց ի վեր։ Ինձ կրկին ու կրկին համակում էր այն միտքը, որ նա ինձ հետ էր լինելու։ Երբեմն ես նույնիսկ անթարթ նայում էի դռանը, հուսալով, որ նա կթակի, և ես կրկին կտեսնեմ նրան։

Մոտ 40 տարի անց Զատիկի օրերին ես խորհում էի Հիսուս Քրիստոսի Հարության շուրջ և սկսեցի մտածել եղբորս մասին։ Այդ պահին մի բան պարզ դարձավ ինձ համար։ Ես հիշեցի, որ պատկերացնում էի, թե նա գալիս էր ինձ տեսնելու։

Այդ օրը ես հասկացա, որ Հոգին ինձ մխիթարում էր դժվարության պահին։ Ես վկայություն էի ստացել, որ իմ եղբոր հոգին չի մահացել․ նա ողջ է։ Նա շարունակում է զարգանալ իր հավերժական գոյության մեջ։ Այժմ ես գիտեմ, որ «[իմ] եղբայրը յարութիւն կ’առնէ»15 այդ հրաշալի պահին, երբ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք։ Բացի դրանից, Նա հնարավոր է դարձրել, որ բոլորս վերամիավորվենք որպես ընտանիքներ և հավերժական ուրախություն ունենանք Աստծո ներկայության մեջ, եթե մենք ընտրենք սրբազան ուխտեր կապել Նրա հետ ու պահել դրանք։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․

«Մահը մեր հավերժական գոյության անհրաժեշտ բաղադրիչն է։ Ոչ ոք չգիտի, թե երբ այն վրա կհասնի, սակայն այն կարևոր դեր է խաղում Աստծո երջանկության մեծ ծրագրում։ Տիրոջ Քավության շնորհիվ վերջնական հարությունը իրականություն է, և հավերժական կյանքը հնարավոր է ողջ մարդկության համար։ …

… Սիրելիների համար սգալը հետևում թողնելը … թեթևացնում է մահվան խայթը՝ անսասան հավատքով առ Քրիստոս՝ հույսի կատարյալ պայծառությամբ, Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ սիրով և նրանց ծառայելու մեծ ցանկությամբ։ Այդ հավատը, այդ հույսը, այդ սերը կորակեն մեզ լինել Աստծո սուրբ ներկայության մեջ մեր հավերժական զուգընկերների և ընտանիքների հետ՝ հավերժ բնակվելու Նրա հետ»։16

Նկար
Այգու գերեզմանը

Ես վկայում եմ, որ «եթե Քրիստոսը բարձրացած չլիներ մեռելներից կամ ջարդած չլիներ մահվան կապանքները, որպեսզի գերեզմանը չունենար հաղթանակ, և որպեսզի մահը չունենար խայթ, չէր կարող լինել հարություն։

Բայց կա հարություն, հետևաբար գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում։

Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել. այո, և նաև կյանք, որն անվերջ է, այնպես որ այլևս չի կարող լինել մահ»։17

Նկար
Հարություն առած Փրկիչը

Հիսուս Քրիստոսն անձամբ հայտարարել է․ «Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի»։18

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի փրկագնող Քավության և փառահեղ Հարության շնորհիվ կոտրված սրտերը կարող են բուժվել, տառապանքը կարող է վերափոխվել խաղաղության, իսկ նեղությունը՝ հույսի։ Նա կարող է առնել մեզ Իր ողորմության գիրկը՝ մխիթարելով, զորացնելով և բժշկելով մեզանից ուրաքանչյուրին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։